Արցախի վերամիավորումը՝ պահանջատիրական քայլ 1915-ի շեմին… Արցախը հայի հող է «դառնում» նաեւ ՄԱԿ-ի աչքին… Բարեկամության պուրակ՝ Արցախում…

Արցախի վերամիավորումը՝ պահանջատիրական քայլ 1915-ի շեմին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական ամգամ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, նաեւ քննարկել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական եւ նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակնկալում են, որ գալիք տարվա սկզբին տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը, «Թուրան» գործակալությանն ու «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով միջնորդների այս այցը տարածաշրջան ու իրավիճակը հակամարտության կարգավորման շուրջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերին, 2-ամյա դադարից հետո Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, եւ համանախագահներն ամեն ինչ անում են, որ այն շարունակական լինի: Նախատեսվող հանդիպման վայրն ու հստակ ամսաթիվը դեռ հայտնի չեն, սական երկու երկրների ԱԳ նախարարները քննարկումներ են անցկացնում այդ թեմայի շուրջ եւ շուտով կհստակեցվի: Ավստրիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումը նոր բան չի տվել, սակայն երկխոսության վերսկսումը կարեւոր է համարվել երկարատեւ կարգավորման հասնելու տեսակետից, եւ ըստ համանախագահների, արդեն իսկ դրական հետեւանքները տեսանելի են: Մասնավորապես, գտնում են, որ նվազել է միջադեպերի ու մահացու դեպքերի քանակը շփման գծում, մեղմացել է պետությունների ղեկավարների ռազմատենչ եւ կտրուկ հռետորաբանությունը:

Ամերիկացի համանախագահը անդրադարձել է այն հարցին, թե կան արդյոք որեւէ նոր առաջարկներ, որոնք Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների համար խթան կհանդիսանային: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն նոր գաղափարների կողմնակից է, սակայն, ինչպես ու ինչ ձեւով կլուծվի այդ հարցը, կողմերը իրենք պետք է որոշեն, համանախագահների խնդիրն օգնելն է: Իսկ միջնորդները կարգավորման այնպիսի տարբերակ են ցանկանում, որը կբխի բոլոր կողմերի շահերից, քանզի պատերազմը շատ թանկ է նստում երկու կողմերի վրա եւ խոսքը միայն մարդկային կորուստների մասին չէ:

Տեսակետ է հայտնվել նաեւ, թե «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից ձերբազատվելը կնպաստեր միջազգային ներդրումների աճին, կնպաստեր երկու ժողովուրդների նյութական բարգավաճմանը, եւ Երեւանում ու Բաքվում կայացած բանակցություններում համանախագահները զգացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այդպիսի ուղի գտնելու ցանկությունը, որը կապահովեր տեւական խաղաղություն:

Նոր միջնորդական նախաձեռնություններ եթե լինեն էլ, ապա ըստ միջնորդների, «հիմնական առաջնահերթությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է»: Արցախյան հակամարտության կարգավորման մեջ Թուրքիան վաղուց է փորձում դերակատար լինել՝ խաղալով կարգավորման գործընթացի վրա հայթուրքական սահմանի բացման խաղաքարտով, բայց դա Երեւանին չի հետաքրքրել, եւ թե ինչ դեր կարող է ունենալ Անկարան հակամարտության կարգավորման մեջ, համանախագահները եւս չեն կողմնորոշվում: Սակայն, չեն էլ մերժում, որ ինչոր պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել:

Վերջին հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են, չկան տարաձայնություններ, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ԵՄ-ն, որպես գործընկերներ, նույնպես հանդես են գալիս միասնական դիրքերից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պապովն այդ առիթով ասել է, որ իրենց այցին հաջորդել է  Թուրքիայի ԱԳ նախարարի երեւանյան այցը, ու թեեւ Ահմեդ Դավութօղլուն բնավ էլ Հայաստան չէր բերել Արցախի հիմնախնդիրը, այնուամենայնիվ, մտավախությունը թարմացավ։ Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել է այս հիմնախնդրի լուծմամբ։

Հուսանք, որ հաջորդ տարին ավելի նպաստավոր իրավիճակներ կստեղծի մեզ համար, եւ իվերջո ՀՀ իշխանությունները կա՛մ կճանաչեն Արցախի անկախությունը, կա՛մ, որ ավելի ճիշտ կլինի՝ կհաստատեն ՀՀԼՂՀ վերամիավորման փաստը: Այլեւս ակնհայտ է, որ հանուն հայի ազգային շահերի ո՛չ մի ռազմավարական կամ այլատիպ գործընկեր չի՛ անելու այն կարեւոր քայլը, որը կնպաստի մեր միացյալ երկրի գաղափարի ծավալմանը

Չէ որ մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցի 100-ամյակը, եւ 1915-ին Հայաստանը եւ Սփյուռքը պետք է հանդես գան միասնական ու պահանջատիրական դիրքերից եւ միացյալ Հահաստանը (ՀՀ+ԼՂՀ) կարող է դառնալ նպաստավոր գործոն Արեւմտյան Հայաստանի խնդիրն ու ցեղասպանության զոհերի հատուցման հարցերը առաջ քաշելու առումով:

Արամ Ավետյան

Արցախը հայի հող է «դառնում» նաեւ ՄԱԿի աչքին

Բաքուն հետեւողականորեն աղմկում է Արցախի օտարերկրյա այցելուների դեմ, կազմում է «սեւ ցուցակներ», բայց այցելուների քանակը դրանից չի պակասում, ավելին՝ մեծացել է համագործակցելու եկող այցելուների թիվը:

Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա եւս մեծ ուշադրություն կա, այս ամենին նույնպես հետեւում են Բաքվից: Միջազգային հանրությունը եւս ուշադրություն է դարձնում այս հարցին: Երբ իրաքահայերի՝ Արցախում հաստատման օրինակը եղավ, ադրբեջանական կողմը փորձեց դրանից էլ մեծ աղմուկ սարքել: Բայց չստացվեց, ավելին՝ հետեւեց եւ այժմ էլ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման խնդիրը:

Բաղդադում չկա ադրբեջանական դեսպանատուն, բայց Դամասկոսում կա, եւ Բաքուն փորձեց Սիրիային մեղադրել՝ իբրեւ տարանցիկ կետ Արցախի տարածքն օգտագործելու համար: Նույնն արել էր իրաքահայերի դեպքում՝ Իրաքից Երեւան եւ ապա Արցախ ուղեւորվող ու հաստատվող իրաքահայ ընտանիքներին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով:

Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: Բայց ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին. «Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ, եւ հապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոն: Սակայն այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետեւ ՄԱԿ-ը որեւէ առնչություն չունի այս հարցի հետ»: Այդպես է, քանի որ փախստականների տեղավորման հարցը որեւէ կապ չունի Իրաքի կամ Սիրիայի տարածաշրջանային խնդիրների հետ եւ այս անգամ էլ ադրբեջանական մաղձն ու սադրանքը անիմաստ կորան:

Պետք է նկատել, որ եթե կարծիքը հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես արդեն ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի կենտրոն, իսկ այդ կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը՝ որովհետեւ այն ներկայացնողն այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է աշխատանքները համակարգելու: ՄԱԿ-ի միջամտության որեւէ իրավական հիմք գոյություն չունի եւ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքներում միջազգային օրենքի խախտում չեն նկատվում:

Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվել իբրեւ փախստականներ բնութագրող բառակապակցություն: Ասվել է ընդհանրապես «հայ փախստականներ»: Սիրիահայ կամ իրաքահայ շեշտվել է Բաքվի կողմից եւ փորձ էարվել խնդիրը միջազգային հավելյալ ուշադրության արժանացնելու, բայց իրականում ադրբեջանական կողմը բացառապես եւ մեծ լավություն արեց մեզ՝ մեկընդմիշտ հստակացնելով, որ հայազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որեւէ արգելքի չի հանդիպի միջազգային կոչված ընտանիքի կողմից:

Կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնը եւս հայտարարություն է արել Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Բայց խնդիրը հիմնականում վերաբերում է Բաքվի «սեւ ցուցակին», այսինքն՝ բողոքի այն հատվածին, թե օտարերկրյա պաշտոնատարներն ու պետական կամ հասարակական գործիչները ինչու են այցելում Արցախ: Կանադացու բացատրականը հետաքրքրական է եւ ինչ-որ ձեւով առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը: Նա հայտնում է, թե ինքը «սեւ ցուցակի» գոյությունից տեղյակ չէր, որ իր նպատակը որեւէ ձեւով Կանադայի ու Ադրբեջանի միջեւ լարվածություն ստեղծելը չէ: Եկել էր զբաղվելու սիրիահայ փախստականների թղթածրարով, ինչը ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է եւ որեւէ ձեւով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքանը:

Պարզապես Բաքուն գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն կունենան միջազգային հանրության վրա եւ անցել է հերթական քաղաքական շահարկման: Սակայն ի ուրախություն մեզ, հանդիպում է իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների:

Հիշենք նաեւ, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումը, ցավոք, հետաճ ապրեց եւ այստեղ նույնպես զարկ տալու խնդիր կա:

Արման Դավթյան

Բարեկամության պուրակ՝ Արցախում

Արցախի սրտում՝ Շուշիում բացվել է Շուշի եւ Լոս-Անջելես քաղաքների միջեւ բարեկամության պուրակը: ԼՂՀ արտգործնախարարությունը հայտնել է, որ պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշ հրեշտակի արձանը: Ներկա են գտնվել Արցախ ժամանած ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ եւ հյուրեր:

Իրենց ելույթներում Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանը կարեւորել են ինչպես ներկա, այնպես էլ հետագա համագործակցությունը: Լոս-Անջելես եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին դեռ 2012թ. մայիսի 9-ին է հռչակագիր ընդունվել Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից եւ բարեկամության պուրակի բացումը հաջորդիվ քայլերից է, նաեւ երախտագիտության նշան է Լոս-Անջելեսի բնակիչների ու իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանին է հանձնվել Շուշիի քաղաքային խորհրդի հայտարարությունը, որով Շուշի քաղաքի իշխանությունները ողջունում են Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ զարգացնելու բարեկամական կապերը երկու քաղաքների միջեւ: Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու հնարավորությունները:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.