Գազային խարդավանքներ… Հայի շահն ու ծրագրերի ժամանակը… Բրյուսելը Մաքսային միության եւ Ասոցացման պայմանագրի հակամարտությունում հասկացրել է Մոսկվային, թե կարող է «հիշել», որ «Հարավային հոսքը» ԵՄ պահանջների չի համապատասխանում…

Գազային խարդավանքներ – ՀՀ-ին ՌԴ կողմից մատակարարվող գազի հետ կապված պատմությունը մութ գործարքի է նման:

Անկախ բոլոր բացատրություններից՝ այդպես էլ չհասկացանք, թե ինչպես մեր պետությունը կուտակեց այդ 300 մլն դոլար պարտքը, երբ մենք՝ շարքային սպառողներս պարտաճանաչ, մեր կիսասոված օրերի հաշվին, վճարել ենք սպառած կապույտ վառելիքի դիմաց:

Ճիշտ է, նախարարն ասում է, թե բանակցությունները գազի գնի շուրջ ընթացել են դեռ 2010-ից, այդ ժամանակ բազային գինը 180 էր, մինչ օրս գազի գինը բարձրացել է մինչեւ 205, 211, 219, 244, 250 դոլար, ու ահա այդ գնային տարբերությունից էլ առաջացել է 300 մլն դոլարի պարտքը:

Բայց այս բացատրությունը չենք կարող իբրեւ պատասխան ընկալել, որովհետեւ հարց է ծագում՝ հապա ինչու՞ էր կառավարությունը դա գաղտնի պահում եւ ամեն անգամ պնդում, թե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջող ավարտ ունեցան, եւ գազը մեր «ռազմավարական» գործընկերը դարձյալ, «ի սեր» հայի, չթանկացրեց:

Այս ամենից հետո կարո՞ղ ենք մտածել, որ այս՝ գազային պատմությունում ինչ-որ մեծ, շա՛տ մեծ խարդավանք կա:

Միանշանակ՝ այո՛: Բայց թե ով է խարդավանքի հեղինակը կամ հեղինակին խարդավանքի դրդողը, ժամանակը ցույց կտա:

Նաեւ՝ հարկ է պարզել, թե ինչո՞ւ է մեր կառավարությունը իր մասնաբաժինը շատ էժան տվել ռուսական կողմին: Եվ ինչու՞ չեն հրապարակվում ռուսական կողմի հետ կնքված պայմանագրի կետերը:

Հայի շահն ու ծրագրերի ժամանակը

ԱՊՀ եւ ՀԱՊԿ ՀՀ-ին քաղաքական ու ռազմական աջակցության մասին «Լուսանցք»-ը շատ է գրել: Ինչպես ՌԴ-ն ու ԱՊՀ-ն, այնպես էլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն երբեւէ հաստատուն քաղաքական գիծ չեն կիրառում տարածաշրջանային հայցերում, եւ Հայաստանն ու Արցախը պետք է կարողանան շարունակել երկու կողմերի վրա կառուցված՝ փոխլրացումային կոչված խաղը:

Վերջերս հայտարարվել էր, թե ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման նախադուռը բացված է: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը այդ կարծիքն էր հայտնել՝ նկատի ունենալով Երեւանում կայացած «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով ֆորումը եւ դրան հաջորդած հետագա քայլերը: ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության այլ հարցերին ավելացել էր նաեւ կոլեկտիվ օդուժի ստեղծման խնդիրը:

Ինչեւէ, Ռուսաստանի տարաբնույթ խաղերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ղրղզստանի համաթուրքական խաղերը նույն Անկարայի ու Բաքվի հետ, համենայնդեպս, խիստ աչալրջության կոչեր են, եւ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի բարի հայտարարությունները լուրջ երաշխիք չեն: Առավել եւս, որ այդ կառույցը, ինչպես ամեն մի արեւմտյան կառույց՝ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Եվ չի բացառվում, որ մի օր էլ Թուրքիան կարող է հայտնվել Արցախի խնդրի կարգավորման երաշխավորների ցուցակում:

Բայց սա չպետք է խանգարի, որ մենք հանուն մեր շահերի օգտվենք ռուսական զենքի տրամադրումից ու զինական տարբեր օժանդակություններից: Եվ այսպես պետք է գործել նաեւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի դեպքում: Իսկ միջնորդների կամ խաղաղություն թմբկահարող տարբեր երկրների երկակի ստանդարտներն ու քայլերը պիտի խստագույնս դատապարտվեն ու դառնան միջազգային ասպարեզի քննարկումների թեմաներ:

Օրերս Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը քննադատվել է ադրբեջանական կողմի հետ գազային պայմանագիր կնքելու համար: Գործարքը քննադատվել է իրավապաշտպան խմբերի կողմից. հայտնել է անգլիական «The Independent»-ն: «British Petroleum», «Statoil», «Total» եւ այլ կազմակերպություններ մտադիր են 45 մլրդ. դոլարի ներդրում կատարել «Շահդենիզ-2» նախագծի մեջ, որը հաջողության դեպքում կդառնա դեպի Եվրոպա տանող ամենախոշոր 4 գազատարներից մեկը: Քննադատները պնդում են, որ այդ գործարքից կշահի Ադրբեջանի բռնապետական վարչակարգը, ինչը կարող է նաեւ պատերազմի առիթ դառնալ:

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ալան Հոգարտն էլ նշել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը սարսափելի է, եւ այժմ երկիրը առանձնապես ագրեսիվ վերաբերունք է ցուցաբերում խոսքի ազատության նկատմամբ»: Նշվել է, նաեւ որ բացի գազի ու շահի վրա ուշադրություն դարձնելուց, պետք է զգոն լինել այդ ռեժիմին առհասարակ օգնելու հարցում:

Այսպիսի քայլեր Լոնդոնից էլի պետք է սպասել, քանզի անգլո-բրիտանական քաղաքականությունը գրեթե միշտ հակահայկական է եղել, ի տարբերութուն ֆրանսիականի, որ գոնե՛ նաեւ հայանպաստ է եղել:

Բայց չի բացառվում, որ գազա-նավթային խաղերը կարող են հակակշիռ լինել ռուսական ծրագիր «Հարավային հոսք»-ին, ինչն էլ իր հերթին շարքից հանեց Արեւմուտքի «Նաբուկո» ծրագիրը:

Վերջերս պաշտոնական Բրյուսելը Մաքսային միության եւ ԵՄ Ասոցացման պայմանագրի հակամարտության ընթացքում հասկացրել է Մոսկվային, որ Հայաստանին եւ Ուկրաինային նեղելու դեպքում հանկարծ կարող է հիշել, որ «Հարավային հոսքը» ԵՄ որոշ պահանջների չի համապատասխանումԵվ գուցե գազային խաղը Լոնդո՞նն է (ոչ առանց ԱՄՆ-ի գիտության) արդեն նախաձեռնել Բաքվում՝ ի վնաս Մոսկվայի ծրագրի:

Ինչեւէ, այս բոլոր խաղերն առնչվում են եւ՛ Արցախի, եւ՛ Հայաստանի ու հայության շահերին, եւ՛ համահայկական տարածաշրջանային ծրագրերը պետք է դարձնել մեր երկրի արտաքին քաղաքականության մեխը: Այլապես Հայաստանն ու հայերը շարունակելու են մնալ խնդրողի եւ սրան-նրան տարածաշրջանում սպասողի կարգավիճակում, այնինչ՝ Անկարան ու Բաքուն պարբերաբար նախաձեռնություններ են հանդես բերում եւ համառորեն ելքեր փնտրում միջազգային ծրագրերին զուգահեռ:

Ինչպես հայ արիներն են առաջարկել, պիտի առաջ քաշել Հայկական լեռնաշխարհի, որպես Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ անկախ տարածաշրջանի հարցը՝ նպաստավոր ռազմա-քաղաքական ծրագրերով:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։