Մեր ավանդապատումները – Սյունիք (4-րդմաս)… Արեւագալ է եւ Հայոց Միհր Աստծո տոնը (Քուրմ Արեգ – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ)…

Սկիզբը՝ թիվ 39-41-ում

Մեր ավանդապատումներըՍյունիք (4-րդմաս)

Տաթեւ - գտնվում է Գորիսի շրջանում: Սրա կառուցումն ավարտելուց հետո քարագործ Վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները՝ վարպետը համբուրում է դրանք եւ ասում. «Հոգին սուրբ տա թեւ»:

Խոսքը բերանին, նրա ուսերին թեւեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Վարպետի ասած խոսքից՝ «Հոգին սուրբ տա թեւ»-ից վանքը կոչվում է Տաթեւ:

Ծիծեռնավանքգտնվում է Զանգեզուրում: Այստեղի գյուղերից մեկի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային: Մելիքից ազատվելու համար սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու փախչում: Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին եւ ամբողջ հարստությունը: Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու: Անցնելով շատ քաղաքներ, հասնում է Հռոմ եւ իմանում, որ քահանան արդեն վախճանվել է: Հուսահատված մնում է Հռոմի վանքերից մեկում իբրեւ լուսարար ու միշտ աղոթում իր հոգու փրկության համար: Ժամանակ անց, մելիքը կծելով Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը, պահում է բերանում: Դրանից վանքի սրբապատկերները գետին են թափվում: Քահանաները ուզում են հանել մելիքի բերանից մասունքը եւ սպանել նրան: Մի ձայն ասում է. «Մի մերձենաք մելիքին»: Մելիքն անվտանգ գալիս է հայրենի երկիրը: Պաշտամունքի առարկա մի շլորի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, ուր եւ ամփոփում է Պետրոս առաքյալի ծիծեռնը: Դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավանք:

Ագռավախաչ - գտնվում է Տաթեւ գյուղից հյուսիս-արեւելք: Ծիծեռնավանքը կառուցող բանվորներին կերակուր եփելու համար մի մեծ կաթսա են տանում մոտակա գետը եւ ջրով լցնելով դնում կրակին: Ջրի հետ մի օձ է ընկնում կաթսայի մեջ եւ մնում աննկատելի: Երբ գալիս է ճաշելու ժամը, մի ագռավ կռկռալով սկսում է պտտվել կաթսայի շուրջը: Բանվորները ուշադրություն չեն դարձնում եւ նստում են ճաշի: Հանկարծ ագռավը ծղրտալով նետվում է կաթսայի մեջ: Պղծված համարելով կերակուրը, բանվորները թափում են այն: Մեծ է լինում նրանց զարմանքն ու հիացումը, երբ կերակրի մեջ նկատում են օձի մարմնի  մասերը: Նրանք երախտագիտությամբ  պատանքում են ագռավի մարմինը եւ հանդեսով թաղում վանքի արեւմտյան պատի մոտ, վրան էլ խաչի նման մի մեծ քար կանգնեցնում, որը կոչվում է Ագռավախաչ:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

 * * *

Արեւագալ է եւ Հայոց Միհր Աստծո տոնը

2013թ. ձմեռնամուտը կլինի դեկտեմբերի 21-ին եւ իր պտույտը կանի Երեւանի ժամանակով ժամը 21:11-ին: Այդ պահից էլ կսկսի արեւագալը եւ հայ արիական տոնացույցով կնշվի Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը:

Հայ արիներն այս տոնը հաճախ են տոնում Գառնո տաճարում, քանզի, ըստ պատմության՝ տաճարը հենց Միհր Աստծո պաշտամունքի համար է կառուցվել, եւ այսօր էլ կարող է դառնալ գործող տաճար… եթե պետական ու կրոնական քարոզչամեքենաները առավել սիրով մոտենան հայոց անցյալին ու հավատին…

Ձմեռային արեւադարձը Արաքս գետի ափին դիմավորելուց հետո, դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, հայ արիները փառաբանությամբ կնշեն Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը: (Երկրային պատկերացումներով՝ քանզի Արարչածին Աստվածները անմահ են ու չեն լինում հին կամ նոր, ինչպես ծիծաղելիորեն ներկայացնում են կրոնավոր սքեմավորները՝ հաճախ Հայ Աստվածներին կոչելով՝ «մեռած Աստվածներ»: Այսպես՝ քրիստոնեական «մարգարեությամբ» մարդուն կարելի է դարձնել աստված, իսկ Աստվածներին՝ մեռած… Սա նաեւ ասում են իրենց «աստծո» անունից:)

Արեւագալի օրը Տիեզերական եւ դեպի Աստվածները գնացող ազդակների համար նպաստավոր է ու նպաստել է, որ Միհր Աստվածն այս բնական արեւադարձի վերահաստատումից երբեմն պաշտվի՝ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ-Աստված) նաեւ:

Հայ տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձին կփառաբանեն Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական Արդարության եւ Բնականոն Իրավունքի վերահաստատման հավատով, Հայ տեսակի Առաքելության վերաիմաստավորման համար, ինչպես Երկիր մոլորակումայնպես էլ բոլոր Տիեզերաաշխարհներում

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ, արեւագալը դիմավորելուց հետո, Ջավախքում հայ արիական քրմական ծեսով կդիմեն Միհր Աստծուն, որ վասն արդարության իր աստվածային կամքը ներդնի՝ Ջավախքի եւ բոլոր հայկական տարածքների Հայաստանին վերամիավորվելու համար:

Այդ օրը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, հայ արիական քրմերի մասնակցությամբ կայցելեն Գառնո արիադավան-հեթանոսական տաճար եւ կփառաբանեն Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին, օրվա տոնի խորհուրդը կրող Միհր Աստծուն՝ Արարատյան աշխարհը՝ Արարչական տարածքն ու Աստվածների բնակատեղին, վերստին հայացնելու եւ այդ պայքարում հայ արիներին սատարելու համար:

Մայրաքաղաք վերադառնալիս ՀԱՄ առաջնորդը եւ հայ արի քրմի թեկնածուները ծիսական փառաբանություն կկատարեն նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հուշարձանի մոտ, տոնական ձոներ կհնչեցվեն Հայոց արդարադատության Աստծուն ուժով եւ ռազմի արդար օրենքներով աջակցելու համար:

Ձմեռային արեւադարձը եղել է նաեւ տարբեր կրոնական խաղերի ու «աշխարհի կործանումների» օրերի ցանկում: Եվ անգամ 2012թ. դեկտեմբերի 21-ը փորձեցին իբրեւ աշխարհի վերջ հիմնավորել մայաների անունից: Բայց մայաների մշակույթում եւս չի՛ եղել «աշխարհի վերջ» մտածողությունը, ինչպես բոլոր հին քաղաքակրթություններում… Պարզապես դա համարվել է Նոր Դարաշրջանի սկիզբ

Այսօր էլ հայ արիներն են ավետում. եկել է ապազգային ու անբարո քաղաքակրթությունների եւ կրոնների վերջը եւ ա՛յդ «աշխարհի վերջը» արդեն սկսվել է…

Իսկ համաշխարհային մութ ուժերի այն շահարկումները, որով վճռել են մարդկությանը պահել խավարի ու վախի մեջ, շուտով նույնպես տեղ չեն ունենալու մեր կյանքում…

Քուրմ Արեգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի

Քրմական խորհրդի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։