ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ… ՑԵՂԱԿՐՈՆԸ (ՑԵՂԱՄԱՐԴԸ)… ՑԵՂԱԿՐՈՆԸ՝ ՔԱՐՈԶԻՉ…

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ

«Հաղթել՝ ասել է գերազանցել: Գերազանցելու ճիգ է Ցեղակրոնությունը»: Նա ուսուցանում է, թե Ցեղի արտաքին թշնամիներին գերազանցած լինելու համար, պետք է նախ գերազանցել իր նախորդ սերնդին: «Իբրեւ օրենք՝ գերազանցի՛ր նախորդներիդ – խիզախությամբ, նվիրումով, հայրենահոգությամբ», քանզի «ո՛վ չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ»,- պատգամում է Նժդեհը: Դա ասել է՝ որպես հավատամք ընդունել, որ քո սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող սերունդը, եւ որ պարտականության մեջ քո բաժինը՝ առյուծի բաժինն է, ամենամե՛ծը:
Եվ Նժդեհը վստահ է, թե Ցեղի թշնամիների հանդեպ «հայը միայն ցեղակրոնությամբ կարող է գերազանց հանդիսանալ, որովհետեւ… հրաշունչ ցեղայնությունն է նրա էության հիմնական կշռույթը»: Ասել է, թե հայը միայն Ցեղակրոնությամբ կարող է հաղթել:

ՑԵՂԱԿՐՈՆԸ (ՑԵՂԱՄԱՐԴԸ)

Ցեղակրոնությունը ձգտում է ստեղծել հոգեբանական այն մթնոլորտը, որի պայմաններում հնարավոր լինի Ցեղի առաքինությունների ու կարողությունների դրսեւորումը: Այն «ճգնում է աշխարհ բերել ցեղամարդը՝ ամբողջակա՛ն հայ մարդը, որի մեջ եւ միջոցով պիտի արտահայտվեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու հատկությունները»:
Ցեղամարդ հայի գաղափարատիպն է ցեղակրոնը: Ցեղակրոնը չի՛ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտե, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե մենք ապրում ենք ցեղորե՛ն:
Նա ատում է վախկոտությունը: Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախնար» խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ «վախենալ մեկի համար՝ ասել է թշնամանել (անպատվել, անարգել) նրան»:
Պարտվողականությանը նա հակադրում է հաղթական ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությ անը՝ մեռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի անիշխանականությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային եւ հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը: Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշեւիկին ու սրանց հայադավ գործակալներին, որոնց վճռաբար հակադրում է իր զորութենական ցեղապաշտությունը: Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ եղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը:
Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի նա: Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական Եռագույնը, ու գիտե նաեւ, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը: Իր փառահեղ նախնիների մեծությանը հետամուտ՝ նա պատկառում է իր Ցեղից եւ աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել այն:
Ցեղակրոնը գիտակցում է, որ իր ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը, այդ պատճառով ինքնավատնումի (ինքնամսխումի) մեջ նա ազատ չէ ու քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի, առաջնորդվելով «առողջ հոգին առողջ մարմնի մեջ» սկզբունքով: Իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու եւ սերունդ տալու պարտավորությունն ունի ցեղակրոնը, քանզի գիտե, որ սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը:
Իր ցեղի հզորությանը եւ հաղթանակին նախանձախնդիր՝ «նա աշխատում է գիտության զինարանից առնել իր կռվի զենքերը», չմոռանալով հանդերձ, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զենքը»: Նա գիտության, արվեստի կամ արհեստի ընդամենը մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ:
«Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետեւ գործնապաշտ է»… Դատարկախոս չէ՛ ու խոսում է միայն «ուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ ուսուցանում է՝ գործելու համար»: Նա լավատես է եւ խորապես հավատում է իր գործին:
Գիտակից այն ճշմարտությանը, թե ինքը մասնակի կրողն ու անձն ավորումն է Հայ ոգու, հետեւապես՝ նաեւ իր կամքով է պայմանավորված Ցեղի ոգու կատարելագործումը, ցեղակրոնը ձգտում է անձնական կամքի մշակմամբ՝ սատարել Հայ ոգու հզորացմանը:
Ցեղակրոնը հնազանդ է Ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի: Ցեղի կա՛մքը – ահա՛ նրա գերագույն հրամայողը: Դա Ցեղի հաղթանակելու ու հարատեւելու կամքն է, եւ ցեղակրոնը ձգտում է աստվածացնե՛լ այն, ասել է՝ դրա կատարումն իր համար դարձնել օրենք, պարտավորություն: Ու այդ անմեռ կամքին նա ասում է վճռաբար՝ այո՛ եւ եղիցի՛:

ՑԵՂԱԿՐՈՆԸ՝ ՔԱՐՈԶԻՉ

– Նոր ուխտակից գտնել,- սա՛ է ցեղակրոնի քարոզչության հիմնական նպատակը, «մի գործ, որի մեջ ցեղակրոնը հոգնել չգիտե»: Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իր դավանանքի փրկարար ճշմարտության մեջ, նա իր ցեղաշունչ, հոգեփոխիչ խոսքով ստիպում է խորհել: Խոսում է այնպես, «որ իր ձայնի մեջ ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն…, որ իր լսարանը զգա, թե կա գերագույն հեղինակությունը՝ Ցե՛ղը, որ խոսում է ցեղակրոնի շուրթերով»:
Քարոզչության կերպը առանձնահատուկ է, ինքնատիպ. «Կարճ ու կտրուկ նախադասություններ, պատգամի ձգտող շեշտադրություն եւ՝ որ գլխավորն է, ի խորոց սրտի բխած խոսքի հաղորդականություն, որոնք կգրավեն ունկնդրին, կհուզեն անոր սիրտը եւ կխմորեն միտքը»:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։