Հայկական խոհանոց – Մակարոնով ջեռեփուկ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

- Մակարոնով ջեռեփուկ

Բաղադրությունը - Հորթի միս կամ ապխտած ազդրամիս – 300 գ, սոխ – 2 գլուխ, հալվող պանիր – 250 գ, մակարոն – 0.5 կգ, բուսայուղ – 100 գ, ալյուր – 5 ճաշի գդալ, կաթ – 300 գ, կարագ – 100 գ, ձու – 5 հատ, սպիտակ պղպեղ եւ աղ:

Պատրաստման եղանակը - Կարագը էմալապատ տարայով դնել կրակին, ավելացնել կաթը, աղը, հասցնել եռման աստիճանի, լցնել 5 գդալ ալյուրը: Այնուհետեւ դա վերցնել կրակի վրայից, սառելուց հետո ավելացնել հարած ձուն: Ստացվում է կրեմանման զանգված: Աղացած միսը սոխով բուսայուղի մեջ տապակել, դնել մի կողմ: Մակարոնը խաշել, ջրքամել:

Այս ամենից հետո վերցնել վառարանի տակդիր եւ դրա մեջ որպես առաջին շերտ լցնել մակարոնի կեսը, վրան պատել մի շերտ կրեմով, ավելացնել պանրի մի մասը, հետո լցնել մսի մի շերտ:

Սրա վրա շատ քիչ, տեղ-տեղ կրեմ լցնել եւ ավելացնել մնացած մակարոնը: Հետո մակարոնի վրա լցնել մնացած կրեմը եւ մնացած պանիրն էլ քերել վրան: Դնել ջեռոցը եւ եփել մինչեւ երեսը կարմրելը:

Այս ուտեստը շատ հեշտ է պատրաստվում, եւ շատ տոնական տեսք ունի: Անու՜շ լինի:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհի նորություններ

32 մեդալ՝ տարվա ընթացքում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն հանդիպել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադիայի մասնակիցներին, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած ՀՀ ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմին ու «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին: Հայաստանի անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով եզրափակվել են 2013թ. կրթական հաջողությունները: Նախարարը միջազգային մրցաշարերի մասնակիցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգեւների: Նշենք, որ 2013թ. ՀՀ դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝ ուսանողների ունիվերսիադայում, 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում:

Ձմեռային խաղեր՝ Հայաստանում

Համահայկական ձմեռային 1-ին խաղերը կանցկացվեն 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորում եւ Երեւանում: Խաղերին մասնակցելու համար արդեն ստացվել են նախնական հայտեր 14 երկրներից (Հայաստան, Լիբանան, Ֆրանսիա, Իրան, Կանադա, ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Վրաստան, Կիպրոս, Հունաստան, Թուրքիա, Գերմանիա, Շվեդիա): Դրանց ներկայացման վերջին ժամկետը հունվարի 25-ն է:

Խաղերի ծրագրում ընդգրկվել են 4 մարզաձեւ՝ տափօղակով հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ եւ սնոուբորդ: Դահուկորդները կմրցեն 5 եւ 10 կմ մրցատարածություններում (ազատ եւ դասական ոճ), լեռնադահուկորդները եւ սնոուբորդիստները՝ հսկա եւ հատուկ ոլորավայրէջքում:

Հեծանվուղիներ՝ Երեւանում

Մայրաքաղաքում նոր հեծանվուղիների ստեղծման հեռանկարն է քննարկվել Երեւանի քաղաքապետարանում, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, հեծանվորդներ ու նախաձեռնող խմբի այլ անդամներ: Հաշվի առնելով հեծանվորդների պարբերական աճը Երեւանում, ինչպեսեւ հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործելու հնարավորությունը, քաղաքապետարանը, հետամուտ լինելով առկա պահանջարկի բավարարմանը, առաջիկա տարիներին նոր հեծանվային արահետներ կգործարկի մայրաքաղաքում: Քաղաքականությունը հետեւյալն է. ստեղծել հիմնական երթուղիներ, որոնք հետագայում կճյուղավորվեն:

Դրանցից մեկն արդեն շահագործման է հանձնվել Վարդան Մամիկոնյանի արձանից մինչեւ «Օղակաձեւ» զբոսայգու Մոսկովյան փողոցն ընկած հատվածը: Այս համատեքստում 2014թ. գարնանն արդեն կնշագծվի ու համապատասխան ճանապարհային նշաններով կհագեցվի Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հատվածից մինչեւ Էրեբունի փողոցի «Էրեբունի» թանգարանն ընկած հատվածը: Երթուղին կլինի եւ՛ զբոսաշրջային եւ՛ տրանսպորտային: Մինչ այդ աշխատանքային խումբը 1 տեղում ուսումնասիրություններ կկատարի՝ ճանապարհը հատվածաբար անցնելով ոտքով եւ հեծանիվներով: Այնուհետ ճանապարհային ոստիկանության հետ կհաստատվի նախագիծը՝ գարնանը այն կյանքի կոչելու համար:

ՀԱՕԿ-ը մեծարեց լավագույն մարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կազմակերպեց տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկո: «Լուսանցք»-ն արդեն նշել է, որ մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2013թ մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անվանացանկն այսպիսի տեսք ունի, ըստ հավաքած միավորների.

1. Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ) 220

2. Արթուր Ալեքսանյան (հ/հ ոճի ըմբշամարտ) 187

3. Արսեն Ջուլֆալակյան (հ/հ ոճի ըմբշամարտ) 155

4. Ռոման Ամոյան (հ/հ ոճի ըմբշամարտ) 119

5. Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6. Արթուր Դավթյան (սպ. մարմնամարզություն) 88

7. Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8. Մաքսիմ Մանուկյան (հ/հ ըմբշամարտ) 52

9. – 10. Մուսա Մուրթազալիեւ (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9. -10. Արթուր Շահինյան (հ/հ ոճի ըմբշամարտ) 49

– Դավիթ Սաֆարյանին շնորհվեց բնակարան Երեւանի Կենտրոնում, Արթուր Ալեքսանյանին` «Ջիպ» մեքենա, մյուսներին` «Նիվա»-ներ:

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ – Վարդան Մինասյանը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

Հայաստանի 2013թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա հավաքել է 244 միավոր: 2-րդ տեղում է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վաստակել է 177 միավոր, 3-րդ` Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը` 47 միավոր:

Հայաստանի 2013թ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով հավաքել է 237 միավոր: 2-րդ տեղում է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ Երեւանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը` 115 միավոր, 3-րդ` Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` 77 միավոր:

Վարդան Մինասյանը՝ Ռուսաստանի չեմպիոնի ուշադրության կենտրոնում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շարունակում է մնալ Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբին»-ի ուշադրության կենտրոնում: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են ռուսաստանցիներ Դինյար Բիլյալետդինովը, Անատոլի Բիշովեցը եւ մեր Վարդան Մինասյանը: Մինչ այդ ակումբը նշում էր եւս 6 մասնագետների անուններ, որոնք նույնպես թեկնածուների ցուցակում էին ընդգրկվել, սակայն նրանցից շատերը հրաժարվել են առաջարկից, մասնավորապես «Ամկար»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր Տիտո Վիլանովան, ռումինական «Ստյաուա»-ի մարզիչ Լաուրենցիո Ռեգեկամպֆը: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես» օրաթերթը, ակումբը նոր գլխավոր մարզչի անունը պետք է հրապարակի մինչեւ հունվարի 11-ը, քանի որ այդ օրվանից թիմը սկսելու է պատրաստվել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի խաղերին եւ Ռուսաստանի առաջնության երկրորդ կեսին:

- Վարդան Մինասյանը պատասխանելով ՀՀ լրատվամիջոցներին, ասել է, թե տեղյակ է, որ հայ շատ երկրպագուներ ցանկանում են, որ ինքը վերադառնա ազգային հավաքական, որի համար ոչ մի կերպ չեն կարողանում հարմար մարզիչ գտնել… Բայց որոշումը արդեն կայացրել է: Նշել է, որ հավաքականում անմոռանալի տարիներ է անցկացրել եւ հպարտ է համատեղ կատարած աշխատանքի համար:

- Ֆուտբոլի առաջնությունում ընդմիջում է, բայց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերը սկսել են նախապատրաստվել 2013-14թթ. առաջնության 2-րդ կեսին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի մարտի 1-ին, երբ տեղի կունենան 15-րդ փուլի հանդիպումները:

Բրոնզե մեդալ Մյունխենից

Հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունենում հրաձգության միջազգային մրցաշար`«Internationaler Wettkampf München»: Մասնակցում է 30 երկիր ներկայացնող 429 մազիկ-մարզուհի, այդ թվում` Հայաստանի հրաձգության հավաքականի 3 մարզիկ:

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդների պայքարում հայկական եռագույնի ներքո հանդես են գալիս Հրաչիկ Բաբայանը, նույն վարժության մեծահասակների պայքարում՝ Գերմանիայում բնակվող Քրիստիան Լուերը, իսկ օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց երիտասարդների մրցաձևում` Զավեն Իգիթյանը: Նրանք մրցաշարին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ 2-րդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հանդիսականների նստարանից թիմակիցների մրցելույթներին էր հետևում հավաքականի լավագույն մարզուհիներից Իրինա Լաուերը (Աղաջանյան): «Մյունխենյան միջազգային մրցաշարը» 2 մեկնարկով է: Հունվարի 23-ին երիտասարդների պայքրում մեր մարզիկները գրանցել են հետևյալ արդյունքները՝ Զավեն Իգիթյանը օդամղիչ ատրճանակ մրցաձևում խոցել է 558 միավոր եւ 67 մրցակիցներից գրավել 41-րդ տեղը, Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան մրցաձևում 73 մրցակիցներից 619.9 միավորով գրավել է 14-րդ տեղը, նույն վարժության մեծահասակների պայքարում հանդես եկող Քրիստիան Լաուերը 619.4 միավորով 78 մրցակիցներից գրավել է 55-րդ տեղը: Հունվարի 24-ին մեր մարզիկները բարելավվել են դիրքերը եւ նույնիսկ` հաղթանակ գրանցել: Հրաչիկ Բաբայանը խոցել է 625,1 միավոր եւ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզանականով` անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում խոցել` 182,7 միավոր, կարողացել է պահպանել դիրքերը եւ այդպիսով, նվաճել`«Մյունխենյան միջազգային մրցաշարի» բրոնզե մեդալ: Հրաչի անձնական մարզիչն է Անդրաիկ Այվազյանը: Զավեն Իգիթյանը խոցել է 564 միավոր եւ գրավել 25-րդ տեղը: Քրիստիան Լաուերը կկրակի այսօր` հունվարի 25-ին:

Հավաքական թիմի գլխավոր մազիչ Սեյրան Նիկողոսյանն ընդհանուր առմամբ գոհ է արդյունքերից, քանի որ մարզիկներն արդարացրել են հայրենքիում ցույց տված արդյունքերը միջազգային մրցաշարում և նույնիսկ գերազանցել:

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում հաղթեց ռուսաստանցին

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Այս տարվա հաղթող դարձավ ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմիեւը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց չինացի Վեն Յանգը, որն առաջատարից ետ մնաց կես բալով: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ դանիացի միջազգային վարպետ Մադս Անդերսենը վաստակեցին 5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ստեփանակերտցի շախմատիստը:

Ավանդույթի համաձայն՝ հուշամրցաշարին մասնակցել են 10 շախմատիստ, որոնցից 5-ը գրոսմայստեր են: Հավելենք, որ հուշամրցաշարին զուգահեռ անցկացվել են նաեւ պատանեկան մրցաշարեր` 10-18 տարեկան շախմատիստ-շախմատիստուհիների մասնակցությամբ:

* (ներքեւում նայել – Հ.Գ.-ն,- կայքավար)

Արագ շախմատի առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 1 մլն. դրամ

Հայաստանի արագ շախմատի 2014թ. առաջնությունը մեկնարկել է հունվարի 22-ին: Մրցաշարը տեղի է ունենում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը` 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով, 10 րոպե + 5-ական վայրկյան ժամանակակարգով:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մասնակցության իրավունք ունեն տղամարդկանց եւ կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի եւ ազգային վարպետները, արագ շախմատի 225 եւ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները, ինչպես նաեւ ՀՀ տարածաշրջանային արագ շախմատի առաջնությունից 10 շախմատիստ:

Հայաստանի շախմատի առաջնությունում

Երեւանի շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատի առաջնությունում այսօր կայացան 6-րդ փուլի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Տիգրան Քոթանջյանը սպիտակներով վստահ հաղթեց ետնապահ Հրանտ Մելքումյանին եւ վաստակեց 5 միավոր: Նա արդեն 1 բալով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Արման Փաշիկյանից, 1,5-ով` Ռոբերտ Հովհաննիսյանից եւ Կարեն Գրիգորյանից:

Կանանց առաջնությունում 6 փուլից հետո 1-ին տեղը բաժանում են երեւանցի Մարիա Գեւորգյանը եւ վանաձորցի Նարինե Գասպարյանը, ովքեր հերթական հաղթանակը տարան մրցաշարում եւ վաստակեցին 5-ական միավոր: Նրանց համաքայլ ընթացող Շուշաննա Սարգսյանը այս անգամ ոչ-ոքի խաղաց եւ կես միավորով ետ մնաց 2 առաջատարներից:

Լեւոն Արոնյանը անկասելի է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունամում է հաղթարշավը Հոլանդիայի Վեյք ան Զեե քաղաքում տեղի ունեցող մրցաշարում: 7-րդ փուլից հետո մեր շախմատիստը վաստակել է 5,5 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան հետապնդող Անիշ Գիրին ու Սերգեյ Կարյակինը ետ են մնում 1,5-ական բալով, սակայն նրանք 1 խաղ քիչ են անցկացրել:

Հ.Գ. – …………………………………………….*

Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Վեյք ան Զեեի շախմատի մրցաշարում: 9-րդ փուլում մեր շախմատիստը լարված պայքարում ստիպեց հանձնվել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Այդ հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանը վաստակեց 7 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Նրան հետապնդող շախմատիստները արդեն ետ են մնում 1,5 միավորով: Հունվարի 25-ին կկայանան 10-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի կուբացի Լեյներ Դոմինգեսի հետ:

Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի չեմպիոն

2014թ. արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:

Նա 8 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ վստահ զբաղեցրեց առաջին տեղը: Նրանից մեկական միավոր քիչ վաստակեցին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Լրացուցիչ հաշվարկներով 2-րդ տեղը գրավեց առաջինը, իսկ 3-րդ մրցանակին արժանացավ Հայաստանի այս տարվա փոխչեմպիոնը: Դասական շախմատի նորընծա չեմպիոն Տիգրան Քոթանջյանը վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց ընդամենը 15-րդ տեղը:

Կանանցից բոլորից հաջող հանդես եկավ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, ով 3,5 միավորով հանգրվանեց 31-րդ հորիզոնականում:

Հավելենք, որ արագ շախմատի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 50 հոգի, այդ թվում՝ 18 գրոսմայստեր:

Տիգրան Քոթանջյանը եւ Շուշաննա Սարգսյանը՝ չեմպիոններ

Երեւանի շախմատի տանն այսօր ավարտվեցին Հայաստանի շախմատի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց Տիգրան Քոթանջյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունքով 2-րդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին եռյակը եզրափակեց Արման Փաշիկյանը: Նրանք պարգեւատրվեցին համապատասխան մեդալներով ու պատվոգրերով, ինչպես նաեւ 1,2 մլն, 800 եւ 500 հազարական դրամ պերգեւավճարով:

Կանանց առաջնությունում 7-ական միավոր վաստակեցին 3 շախմատիստուհի: Լրացուցիչ հաշվարկներով 1-ին անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվեց Շուշաննա Սարգսյանը: 2-րդ տեղը գրավեց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, իսկ 3-րդ` միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Նրանք պարգեւատրվեցին համապատախանաբար 300, 200 եւ 150 հազարական դրամով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում:

 

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                  «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                  «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                  «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։