Ներքաղաքական.- Վարչական վարույթ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ (հիմնվեց մի նոր գրասենյակ կամ՝ ՀՀ 3 նախագահների պայքարը շարունակվում է)… Արդյո՞ք ընդդիմադիր է բացառապես շահույթ հետապնդողը (Գագիկ Ծառուկյանը եւ նրա փողերով շնչող ԲՀԿ-ն)…

Վարչական վարույթ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ

ՀՀ 1-ին նախագահի տան նկատմամբ Երեւանի քաղաքապետարանում վարչական վարույթ էր հարուցվել: Դրա համար հիմք էր հանդիսացել նախկին նախագահի դիմումը՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հ.10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տան կիսանկուղային եւ 1-ին հարկերի տարածքների գործառական նշանակությունը փոխելու պահանջով:

Բանն այն է, որ 1-ին նախագահը որոշել է իր տան այդ 2 հարկերում գրասենյակ հիմնել: Վարչական վարույթի ավարտին քաղաքային իշխանությունները պետք է կամ թույլ տային, կամ արգելեին նրան՝ իր սեփական տանը գրասենյակ ունենալ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես եկավ 1-ին նախագահի տան նկատմամբ իրականացված վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանմամբ. «Որոշ զլմ-ների կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երեւանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին եւ, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ՝ դիմումը քննարկելու եւ օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար: Քաղաքացի Տեր-Պետրոսյանի դիմումը եւս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում»:

Այսպես՝ քաղաքապետարանը բավարարել է ՀՀ 1-ին նախագահի դիմումը, եւ նա կհիմնի իր գրասենյակը հենց իր տանը: Ինչը նշանակում է, որ սա, բացի անհատական գրասենյակ ծառայելուց, թույլ կտա, որ ՀԱԿ-ը, որը քաղաքական դաշինքից բացառապես կուսակցություն դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքով, առավելապես գործի ՀՀ 1-ին նախագահի տնից:

Դարձյալ նոր ակտիվություն է նկատվում ՀՀ նախագահների շրջանում, եւ այս գրասենյակի բացումը նաեւ դրանով է պայմանավորված: ՀՀ 1-ին, 2-րդ եւ գործող 3-րդ նախագահների պայքարը չի դադարել երբեք: Երբեմն Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան պայքարի հետեւում պայմանավորվածություններ են նկատվել, բայց այսօր, երբ գործող նախագահը փորձում է երկիրը խորհրդարանական կարգերի տանել եւ «պարալիզացնել» նախագահական աթոռը… նորից զարկ է տվել նախագահական հակամարտությանը:

Անի Մարության

Արդյո՞ք ընդդիմադիր է բացառապես շահույթ հետապնդողը

«Լուսանցք»-ը բազմիցս է անդրադարձել ԲՀԿ-ի՝ «ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն» խաղալու տարբերակին, եւ մեզ համար հստակ է եղել, որ ՀՀ բոլոր նախագահների օրոք էլ ծաղկում ապրած (եւ նրանց հատկապես նյութապես ծառայած) ու այսօր էլ բարգավաճող գործարարը չի կարող լինել ազատ ու անկախ քաղաքական գործիչ, առավել եւս՝ ընդդիմադիր: Իսկ ԲՀԿ-ն նույն գործարար-քաղաքական գործչի փողերով շնչող կազմակերպություն է ու չի՛ կարող լինել ընդդիմադիր: Չնայած միշտ կուսակցության որոշակի գործիչներով հայտնվում է ընդդիմադիրների բողոքների կիզակետում: Իսկ մերթ ընդ մերթ իրականացվող չեզոք ձեւախաղը միայն ժպիտ է առաջ բերում նման դեպքերում:

Վերջերս էլ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը մի անհասկանալի հայտարարություն էր տարածել Zham.am կայքում, ոմանց կարծիքով՝ առնվազն փորձելով թաքցնել իրականությունն ու խեղաթյուրել իրեն ուղղված հարցերի իսկությունը: Անհասկանալի է եղել նաեւ, թե ինչն է փորձում հերքել ԲՀԿ նախագահի խոսնակը: Այս առումով նշենք, որ «Առաջին լրատվական»-ը հրապարակել էր «Գագիկ Ծառուկյանը նոր կազինո է կառուցում Երեւանից քիչ հեռու» հոդվածը, որում նույնպես արտացոլված են անցյալ տարվա վերջին կառավարության որոշման մանրամասները, որոնց ամեն ոք կարող է ծանոթանալ gov.am կայքում, որից հետո գրավոր հարց է ուղղվել ԲՀԿ ղեկավարի խոսնակին: Ըստ լրատվության աղբյուրի, Իվետա Տոնոյանին ուղղված հարցերի մեջ որեւէ կերպ չեն բարձրացրել 150 մլն. դոլար արժողությամբ կազինոյի կառուցման ծրագրով կառավարությանը դիմած «Օնիրա քլաբ»-ի սեփականատիրոջ հարցը, քանի որ դա բացահայտ է, եւ անգամ ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակը չի կարող դա թաքցնել: Դրա համար բավական է այցելել պետռեգիստրի կայք եւ տեսնել, որ «Օնիրա քլաբ»-ի հիմնադիրը հենց ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանն է՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնով հանդերձ: «Օնիրա քլաբ»-ի հիմնադիր է նաեւ ԲՀԿ ղեկավարի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:

Այդ տվյալները պետռեգիստրի կայքի shortcat-ում հստակ նշված են: Բացի այդ՝ 7or.am կայքը, իր «Գագիկ Ծառուկյանի բիզնեսը ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը» հոդվածում նույնպես հավաստել է, որ «Օնիրա քլաբ»-ը ներկայացված է ԲՀԿ ղեկավարին առնչվող բիզնեսների ցանկում: «Առաջին լրատվական»-ը խնդիրը թյուրիմացությունից զերծ պահելու համար հրապարակել է ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակին ուղղված հարցերն ամբողջությամբ:

1. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ընկերությունը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն. դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: Ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը որոշել այդքան գումար ներդնել կազինոների բիզնեսում եւ ոչ թե այլ ձեռնարկատիրությամբ զբաղվել, որը չի վնասի մարդկանց ընտանիքներին:

2. Օրենսդրական հայտնի փոփոխությունից հետո Փարաքարի փակված կազինոների տերերը պնդում են, որ կազինոների բիզնեսի մոնոպոլիան փաստացի անցնում է Գագիկ Ծառուկյանին: Արդյոք դրանո՞վ է պայմանավորված եւս մեկ կազինոյի կառուցման ծրագիրը:

3. Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանն է առարկել «Պետական տուրքի» եւ «Շահումով խաղերի ու խաղատների մասին» օրենքներում վերջերս կատարված փոփոխությունների դեմ, որոնց հեղինակը ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էր, հնարավո՞ր է մենաշնորհային պայմանները կազինոների բիզնեսում Գագիկ Ծառուկյանին տրվում են որոշակի քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Նմանատիպ հարցեր կարելի է ուղղել ընդդիմադիր (նախկին իշխանական) բոլոր ուժերի առաջնորդներին՝ վերից վար:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։