Քաղաքական գումարելիներ, որ տնտեսական գումարային օգուտ չեն բերում (Ռոբերտ Քոչարյան – Տիգրան Սարգսյան եւ մյուսներ հեռահարվածները)… «Հայռուսգազարդ»-ը մեռավ, չ-կեցցե՛ «Գազպրոմ Արմենիա»-ն…

Քաղաքական գումարելիներ, որ տնտեսական գումարային օգուտ չեն բերում

Ամեն ինչ սկսվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի նախորդ տարեվերջին ասուլիսում հնչեցրած մտքերից՝ մասնավորապես շինարարական փուչիկին վերաբերող: Սրան հետեւեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը: Սրան կրկին հետեւեց Տիգրան Սարգսյանի պատասխանը եւ… չշարունակեմ: ԶԼՄ-ներին հետեւող հանրությունը քաջատեղյակ է ով՝ ում եւ ինչ ասաց:

Անձամբ ես նորմալ եմ վերաբերում այն բանին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական դիտարկումներով  հանդես եկավ առ այն, որ իրականում եղել է շինարարության աճ:  Նույնքան նորմալ եմ  վերաբերում, որ 2-րդ նախագահին հակադարձեց  վարչապետը՝ մեջբերելով զանազան աղյուսակներ, տարատեսակ միջազգային մտքեր: Բնական եմ համարում այն, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի հուշեր Տիգրան Սարգսյանին՝ մարդկանց հասկանալի լեզվով խոսել եւ աղյուսակներ հրապարակելու փոխարեն խոստովանել, որ այս կառավարության տարիներին երկրի տնտեսական վիճակը վատթարացել է: Նույնքան բնական եմ համարում այն, որ երկուսի ընդդիմախոսն էլ լինելով՝ նրանց քննադատում է նախկին վարչապետերից Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը եւ թե՛ Տիգրան Սարգսյանը հսկայական ռեսուրսներ են վատնել: Ըմբռնումով եմ վերաբերում այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանին «Հայռոսգազարդ»-ի եւ կենսաթոշակային կուտակային համակարգի հետ կապված հարցերում պիտի սատարեին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն… Մի խոսքով, այս ամենն այն է, ինչ արդի աշխարհում կոչվում է քաղաքականխաղերում միավորների վաստակում: Արդի աշխարհում սրանով իշխանություններ ու ընդդիմություններ են փոխվում եւ, ըստ այդմ, քաղաքա-տնտեսական ուղղություններ, ծրագրերի իրագործման ձեւեր…

Սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում ո՛չ հասկանալ, ո՛չ ըմբռնել մեր քաղաքական խաղերում մի բան, որին հայերեն շատ բնորոշ գզվռտոց անունն են տալիս: Իսկ գզվռտոց է, որովհետեւ բանավիճելու մշակույթ չկա:

Կփորձեմ ասելիքս պարզ բացատրել, որպեսզի ընթերցողս հասկանա, թե ուր եմ տանում խոսքս:

Անկեղծ ասած, հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի զայրույթը, երբ իր կառավարման տարիներին տնտեսական աճի առյուծի բաժին շինարարությունը փուչիկ են անվանում: Եթե այդպես է, ապա ինչու այդ տարիների Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որ դրամավարկային քաղաքականության պատասխանատուն էր, չէր բարձրաձայնում այդ մասին: Տիգրան Սարգսյանին էլ եմ հասկանում. հանրությունը նրան մեղադրում է տնտեսական հետընթացի, արտագաղթը խթանելու, գործադիր իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերջնականապես տապալելու, դեռ չպարզաբանված օֆշորային սկանդալի մեջ: Եվ վարչապետը «պաշտպանվելու» համար մեղքը բարդեց քոչարյանական տարիների վրա: Արդյունքում՝ Տիգրան Սարգսյանը ի պատասխան «շինարարական փուչիկի», Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացավ «բանականության ու բարոյականության դեգրադացիա» ապրողի բնորոշումը: Ու հետո սկսվեց այն, ինչ կանխատեսելի էր մեր իրականությունում. նախարարները՝ մեծ ու փոքր, ՀՀԿ-ականները՝ թարմ ու նորօրյա, լծվեցին Ռոբերտ Քոչարյանին պատասխանելու գործին:

Ազնիվ լինելու համար ասեմ, որ ինձ չզարմացրեց ոչ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բարոյախրատական ճառը, ոչ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի «գրասենյակի» պատասխանը… Նրանք ընդհանրապես, ջահելներին բնորոշ, մշտապես խոսում են ու շատ են խոսում: Բավական է հրահանգը եւ… կշպրտվեն բառերը: Կջղայնանա՞ր Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե: Չէ՞ որ իր իշխանության տարիներին ՀՀԿ-ական ջահել թիմը երազել է իրեն ծառայելու հնարավորություն ստանալ, ու դրա համար ոչ մի ջանք չի խնայել: Իսկ հիմա մեծ-մեծ բրդում են: Բայց զարմացած եմ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանից, թե «Հայռուսգազարդ»-ի հետ կապված գործարքը «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրից լավն է: Եվ սա այն դեպքում, երբ «Գույք՝ պարտքի դիմաց»-ում էներգետիկ ակտիվների մասով բանակցությունների ամբողջ ընթացքում Արմեն Մովսիսյանը առանցքային մասնակից է եղել: Ինչու՞ նա չպարզաբանված պատասխանեց Քոչարյանին: Չէ՞ որ Քոչարյանը մտահոգություն էր հայտել «Հայռուսգազարդ»-ի գործարքի հեռանկարի հետ կապված, անհասկանալի համարել կուտակված պարտքի գործոնը: Ճիշտ կլիներ, որ նախարար Մովսիսյանը պարզ հայերենով համոզեր, որ հեռանկարը պայծառ է, եւ մեզ ամենեւին էլ գազային ոլորտում ռուսական սապոգը չի սպառնում: Չարեց: Եվ մարդիկ անկախ այն հանգամանքից, թե ինչպես են վերաբերում Քոչարյանին, սկսեցին համոզվել, որ էներգետիկ անվտանգության առումով իսկապես լրջագույն խնդիր ունենք: Առանց այդ էլ կասկածում էին, որ «Հայռուսգազարդ»-ի գործարքը մութ է: Ու սրա մասին, ի դեպ, արտահայտվել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի՞նչ է, ԱԺ-ն է՞լ էր անտեղյակ կառավարության «մթությունից»:

Եթե ենթադրեմ, որ Ռոբերտ Քոչարյանին պատասխանելու հրահանգը Արմեն Մովսիսյանին գործող նախագահ Սերժ Սարգսյանն է տվել, ճշմարտանման չի լինի: Որովհետեւ այդ դեպքում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Արմեն Մովսիսյանի գործելակերպը ոչ պրոֆեսիոնալ չէր գնահատի: Երբ Վահրամ Ավանեսյանից լրագրողներս հետաքրքրվեցինք, թե որ գործարքն է ավելի լավ պայմաններում եղել, ավելի դրական գնահատվում՝ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքը ռուսական «Գազպրոմ»-ին, թե՞ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, նախարարը ի պատասխան համառոտեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ի՞նչ է նշանակում՝ ավելի լավ, չգիտեմ»: Վահրամ Ավանեսյանը միաժամանակ հավելեց, թե որպեսզի կարողանա այդ հարցին պատասխանել, ապա պետք է պայմաները, գները նայի. «Բայց չեմ կարծում, որ նման գնահատական ընդհանրապես հնարավոր է տալ պրոֆեսիոնալ մակարդակով, քանի որ դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են, թե որն է տվյալ դեպքում առավել լավ» (մեջբերումը բառացի է): Մտածել, թե Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել ու Վահրամ Ավանեսյանը այդ հրահանգից իրեն դուրս է դրել, միամիտ կլինի:

Այս ամբողջ պատմությունում ուշագրավ մի բան էլ կա. Ռոբերտ Քոչարյանին պատասխանում են նոր ՀՀԿ-ականները: Հին թեւը կամ լուռ է, կամ շատ զուսպ իր արտահայտություններում: Օրինակ՝ Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը «հայրենասեր նախագահ է եղել, բավականին լուրջ կենսագրություն ունի եւ մտահոգ է իր երկրի, իր պետության համար»:

Ի՞նչ է ստացվում՝ Սերժ Սարգսյանը միայն որոշ նախարարների ու նոր ՀՀԿ-ականների՞ է հրահանգ տվել: Որոշ եմ ասում, որովհետեւ այդ օրերին շատ նախարարներ, խուսափելով Ռոբերտ Քոչարյանին պատասխանելու «շնորհից», հիվանդացան, հազացին, ասուլիսների չեկան… Իսկ օրերս ՀՀ նախագահը հայտարարություն արեց, որից կարելի է հասկանալ, որ այսօրինակ բանավեճերը ըմբռնելի ու ընկալելի են, երկրի ապագայով մտահոգվածություն կա, բայց չպետք է զգացական մակարդակի հասնեն, ինչն իր կարծիքով պահպանել են ՀՀ կառավարության վարչապետն ու մի շարք նախարարները…

Իսկ գուցե սա այն դեպքն է, երբ չարժե խորը քաղաքական կամ տնտեսական վերլուծության ենթարկել, ռուսական գործակալների հետք փնտրել, ամերիկյան լրտեսների ականջները տեսնել: Իսկ ինչու՞ ոչ: Դրա համար էլ սա կոչում եմ ոչ թե քաղաքական խաղ, այլ՝ գզվռտոց:

Որովհետեւ ինձ, շարքային քաղաքացուս համար, բոլոր կողմերից մեջբերվող «փաստերը» պարզունակ գումարելիներ են ընդամենը, որոնց տեղափոխությունից գումարը չի փոխվում: Որովհետեւ տնտեսական գումարային օգուտը չկա, որ մի քիչ լիքը կդարձնի իմ գրպանը:  Որովհետեւ ինձ, շարքային քաղաքացուս համար, եւս մեկ հարկ տալը չափազանց ծանր է, եթե նույնիսկ ես ընդունեմ, որ կուտակայինի զուտ գաղափարը լավն է: Ինձ համար ծանր է գիտակցել, որ ես իմ ու իմ երեխայի բերանից կտրելով ու գազի դիմաց պարտաճանաչորեն վճարելով, գազային պարտքի տակ եմ մտել երեխայիս հետ միասին:

Այ սրա մասին պետք է մտածեն «բանավիճող» կողմերը: Մտածեն պարզ, սովորական մարդու նման: Այլապես ինձ, շարքային քաղաքացուս համար, ավելի լավ կլինի, որ բոլոր «սրբերը» իրե՛նց պահեն լավ ու հանճարեղ գաղափարները՝ փոխարենը գոնե մի քիչ բարակեցնելով սեփական գրպանները՝ ի շահ պետության:

Աստղինե Քարամյան

«Հայռուսգազարդ»-ը մեռավ, չ-կեցցե՛ «Գազպրոմ Արմենիա»-ն

Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՌԴ «Գազպրոմ» ընկերության միջեւ կնքվող «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին: Տեղեկացնենք, որ 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ այդ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն՝ մինչեւ 2014թ. հունվարի 17-ը կառավարությունը պետք է ապահովեր նշված պայմանագրի կնքումը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, համաձայնագրի եւ պայմանագրի համաձայն՝ «Հայռուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը համարվող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12,600,000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ»-ին: ՀՀ կառավարության եւ ՌԴ «Գազպրոմ»-ի միջեւ կնքված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու մասին» համաձայնագրի համաձայն՝ նախատեսվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո «Գազպրոմ»-ից ստացված դրամական միջոցների հաշվին ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում կտրվի «Հայռուսգազարդ»-ին: Դա կարվի «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ձեռք բերված բնական գազի գնման փաստացի գնի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների հաշվարկում դրված մեծության տարբերության փոխհատուցումը հատկացնելու համար:

Ըստ պայմանագրի, մենք կարող ենք հետ ստանալ մեր 20 տոկոսը: Եթե գնորդը (ռուսական կողմը) որեւէ պատճառով, բացառությամբ իր կամքից կամ ՌԴ պետական մարմինների որոշումից կախված դեպքերից, չստանա այդ բաժնետոմսերը կամ չկարողանա որպես միակ բաժնետեր իրականացնել ընկերության գործունեության կառավարումը, ապա վաճառողը (հայկական կողմը) պարտավորվում է հետ գնել «Գազպրոմ»-ին նախկին հանձնված բոլոր բաժնետոմսերը ԱՄՆ դոլարով, որը համարժեք է 63 մլրդ 333 մլն 900 հազ դրամ գումարին: Վաճառողը պարտավորվում է նաեւ փոխհատուցել «Գազպրոմ»-ին բոլոր վնասները, որոնք ծագել են կամ կարող են նրա մոտ ծագել դրա հետ կապված գործոններով:

Նաեւ՝ պայմանագրից բխող, դրան կամ դրա խախտմանը, դադարեցմանը կամ էլ անվավերությանը վերաբերող վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները ենթակա են 3 արբիտրներից բաղկացած (յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար նշանակված) արբիտրաժի (երրորդ կողմի դատարանի) լուծմանը: Սահմանվում է, որ արբիտրաժային դատավարության լեզուն ռուսերենն է: Արբիտրաժային դատարանի նիստը կգումարվի Ստոկհոլմում եւ կվարվի ռուսերեն լեզվով: Արբիտրաժային վեճի վերաբերյալ դատարանի որոշումը կհամարվի վերջնական ու պարտադիր երկու կողմերի համար էլ:

Կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ կամ մասնակի զիջել պայմանագրով նախատեսված իր իրավունքները առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։