Կայուն անկայունության հեռանկարները – Պետք է հստակեցնել ներքաղաքական կյանքում հայանպաստ եւ հակահայ խաղացողների ցանկը ու երբեմն լինել կտրուկ… Գենդերը մտավ Կովկաս (սրանց համար էլ Կովկասն ընդհանուր տուն է)…

Կայուն անկայունության հեռանկարները

Երկրների եւ ազգերի ներքին ու արտաքին քաղաքական առանցքները մշտապես հատվում են եւ դառնում փոխազդող պայմաններ: Սա հանրահայտ է: Այդ հատումները առաջացնում են կա՛մ դրական, կա՛մ բացասական հետեւանքներ: Իհարկե, երբեմն նաեւ հնարավոր է լինում խուսափել հետեւանքներից՝ պահպանելով գոնե առկա վիճակը: Սա կարեւոր է լինում, երբ ներքին ու արտաքին քաղաքական հատումների ազդեցությունը թեքվում է դեպի վտանգավոր բացասականը:

Այժմ տարածաշրջանային հին ու նոր խնդիրներին ավելացել է Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում առկա հակամարտությունը, եւ Հայաստանը հայտնվել է Եվրամիության ու Եվրասիամիության հեռագնա նպատակների չկարգավորված խաչմերուկում:

Նման դեպքերում, երբ գերշահերի ակնհայտ բախում կա տարածաշրջանում, աշխարհաքաղաքական վերաձեւումների հնարավորություն է առաջ գալիս: Ինչն էլ ոչ միայն անհանգստացնում է երկրների ներքաղաքկան կյանքը, այլեւ առաջ է բերում վերոնշյալ դրական ու բացասական հետեւանքների շղթան:

Ուկրաինական այսօրվա իրադարձությունները, իշխանական եւ ընդդիմադիր ուժերի զինված բախումները, որը զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ, հիշեցնում է հայաստանյան 2008-ի մարտիմեկյան հեռակառավարվող դեպքերը: Բայց եթե Ուկրաինան միայն եվրոպական ու եվրասիական նպատակների կռիվների մեջ է հայտնվել, ապա Հայաստանը բացի այդ հակասությունների մեջ հայտնվելուց, ունի Արցախի չկարգավորված հարցը եւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հակասությունները, անգամ հայ-վրացական որոշակի խնդիրներ, ինչը առավել զգոնության պետք է մղի հայաստանահայությանն ու սփյուռքահայությանը: Նորօրյա մարտի 1-ը կարող է արդեն ներքին ու արտաքին քաղաքական առանցքների հատումը տանել բացասական ուղղությամբ՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:

Թվում է՝ Հարավային Կովկաս ասված տարածքում գերտերություններին պետք է կայունություն, բայց ինչպես վերլուծաբաններն են հաճախ ասում, իրենց շահերի համար այդ գերտերություններին հիմնականում պետք է կայուն անկայունություն:

Նման մի իրավիճակում, հայերիս համար ցավոտ մի ժամանակահատվածում, որոշվեց Արցախն ու Նախիջեւանը հանձնել Ադրբեջանին, իսկ Ջավախքը՝ Վրաստանին, որպեսզի կայուն անկայունությամբ վերաբաժանեն տարածաշրջանը: Արցախը եւ Նախիջեւանը հանձնվեցին, որպեսզի արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան էլ դառնար խորհրդային ու արեւմուտքում քարոզեր սոցիալիզմ-կոմունիզմ: Ջավախքի հանձնումն էլ Վրաստանին գոհացնելու խնդիր ուներ, որպեսզի սա էլ դառնար խորհրդային:

Մի խոսքով՝ Ռուսաստանը Հայաաստանի հաշվին բոլորին գոհացնում էր ու այսօր էլ շարունակում է այդ «բարեկամական» գիծը: Արեւմուտքն էլ մշտապես պատրաստ է հաշտվել այդ իրողության հետ, եթե Ռուսաստանը պատրաստակամ է լինում այլ տարածաշրջաններում գնալ զիջումների:

Շատ պարզ շուկայական հարաբերություններ են:

Այսօր էլ բացահայտ գործող համաթրքական դաշինքը (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան) դեմ չէ, որ Սյունիք-Զանգեզուրը նվիրվի Ադրբեջանին: Անգամ որոշում են ընդունել իրենց համաժողովներից մեկում (կայացել է Նախիջեւանում), որ Զանգեզուրը, ինչպես Արցախը, «զավթված ադրբեջանական հող է»: Սա հավաստել են նաեւ ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի Հայաստանի գործընկերներ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքմենստանը: Այնպես որ, Ռուսաստանը մենակ չէ իր՝ Հայաստանի հաշվին տարածաշրջանում կայանալու հարցում: Վրաստանն էլ Ջավախքը սեփականը համարելով՝ Հայաստանից պահանջում է նաեւ Լոռին:

Եվ եթե մի պահ պատկերացնենք (ինչը պետք է բացառել հավետ), որ այս բացասական լուծումները հենց այսպես էլ կլինեն, ապա Հայաստանը կհայտնվի թյուրքական աքցանի մեջ, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը (Արեւմտյան Հայաստանով, Նախիջեւանով, Զանգեզուրով, Արցախով ու հարակից տարածքներով) միանում են: Կասպից ծովով այս թյուրքական շղթան Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան տարածքներով հասնում է մինչեւ ռուսաստանյան Ալթայներ եւ Սախա-Յակուտիա, ինչպես եւ չինաստանյան Ույղուրստան… Շղթան փակվում է նաեւ Հայաստանի հյուսիսում՝ Վրաստանով եւ Ադրբեջանով, քանի որ Աջարիան եւ Ջավախքը այսօր էլ թուրքական տնտեսական ազդեցության գոտու են վերածվել, ինչը նորից առաջ է բերել թուրք-մցխեթներին Ջավախք բերելու հարցը, իսկ երկրամասին հարեւան վրացական Մառնեուլի ադրբեջանաբնակ շրջանը (նաեւ ենթադրյալ զավթած Լոռին), որը սահմանակից է Ադրբեջանին, այսօր էլ ինքնավարության փորձեր է անում…

Ռուսաստանը այսօր էլ է խաղում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, անգամ տնտեսական ավելի լուրջ ծրագրեր է այդ երկրների հետ նախատեսում, քան ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ, ուստի՝ մի նոր վտանգ կա եւ ակներեւ է: Երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը եւ հարվածեց Վրաստանին, հասկանալի եղավ, որ Արցախի անկախության ճանաչումը (առավել եւս՝ Հայաստանին վերամիավորվելը) ռուսական ծրագրերում չկա, քանի որ այդ խնդիրը թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին պահում են ռուսական ազդեցության ոլորտում: Իսկ ահա Վրաստանի դեպքում՝ նշյալ ինքնավարությունների ճանաչումն է կախվածության մեջ դրել Թբիլիսիին:

Հաշվի է առնված նաեւ այն, որ եթե Հայաստանը նեղանա Ռուսաստանից, ապա ռուս-թուրքական համագործակցությունը կսաստի Հայաստանին: Այստեղ է, որ Մոսկվան համառորեն փորձում է Հայաստանին հեռացնել Եվրակառույցներից, քանի որ միայն Արեւմուտքը կարող է խաթարել ռուս-թուրքական խաղի ընթացքը: Ավելին՝ կարող է ստիպել Անկարային (ուրեմնեւ՝ Բաքվին) դառնալ հակառուսական գործոն: Եվ Ռուսաստանը ստիպված է լուրջ ճիգեր գործադրել Սիրիայի ու Իրանի վրա իր ազդեցությունը չկորցնելու համար: Սա է Թուրքիային զսպելու ռուսական հնարավորությունը:

Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Արեւմուտքին այսօր ձեռնտու չեն տարածաշրջանային պատերազմները, անգամ տեղային բնույթի, քանի որ դրանք բոլորն էլ ինչ-որ թելերով շաղկապված են: Իզուր չէին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դադարեցնելու ջանքերը: Սա նաեւ Թել Ավիվը հասկացավ: Պատերազմ կարող է սկսվել այն դեպքում, երբ գերտերությունների շահերը խաչվեն՝ չունենալով բանակցային որեւէ հնարավորություն: Ինչը նույնպես չպիտի բացառել մեր ժամանակներում: Արեւմուտքը մեր տարածաշրջանում Վրաստանին ու Ադրբեջանին տիրելով հասկացել է, որ դեռ չի կարողանում վերացնել ռուսական ազդեցությունը, ինչն ավելի պարզորոշ առկա է Հայաստանում: Արեւմուտքն այնպես է գործում, որ տարածաշրջանի երկրներն անընդհատ խուսափեն դեպի Հյուսիս նայելուց ու ձգտեն դեպի Արեւմուտք: Սա էլ արեւմտյան ազդեցության տակ պահելու քայլեր է դեմ տալիս մեզ:

Հիմնականում այս երկու մոտեցումներն են թելադրում քայլերը, բայց երկար ժամանակ է, ինչ Հայաստանը կարողանում է վարել փոխլրացնող քաղաքականություն, ինչն այսօր էլ կարող է շարունակվել: Դա հնարավոր է, քանի որ Ռուսաստանի ու Արեւմուտքի շահերի համընկնումը բացառվում է ներկայումս, իսկ պատերազմի կանխման առումով երկուսի շահերն էլ դեռեւս համընկնում են: Բայց պիտի դիմակայելու ձեւերը ավելի բազմազան դարձնել: Դրանք պետք է ցուցադրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հատվածներում: Բայց նախ պետք է հստակեցնել ներքաղաքական կյանքում հայանպաստ եւ հակահայ խաղացողների ցանկը ու երբեմն լինել կտրուկ, իհարկե՝ օրենքի շրջանակներում:

Դրա համար պետք է ունենալ ազգային սահմանադրական ու օրենսդրական դաշտ:

Հայկ Թորգոմյան

Գենդերը մտավ Կովկաս

Այս կանայք կտրականապես դեմ են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, «քանզի բոլոր ջանքերը, որ ձեռնարկվել են ժողովրդավարության հաստատման ուղղությամբ՝ կզրոյանան»: Այսինքն՝ Ռուսաստանի դեմ բացահայտ ու եվրագրանտներով խոսելով «զրոյացնու՞մ» են պատերազմը…

«Աշխատում ենք, որ Կովկասում խաղաղություն հաստատվի»,- հայտնել է «Դեմոկրատիան այսօր» հ/կ հիմնադիր Գյուլնարա Շահինյանը՝ «Կովկասը մեր ընդհանուր տունն է» (քոչվոր եւ մեր տարածքների զավթիչ թուրք-ադրբեջանցու հետ միասի՞ն…- խմբ) շարժման հայաստանյան համակարգողը: Շարժումը ստեղծվել է 2 տարի առաջ՝  Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներով: Կովկասյան 15 հ/կ-ներ միացել են եւ փետրվարի 6-ը հայտարարել Խաղաղության օր Կովկասում:

Երեւանում նախատեսվում է միջազգային կոնֆերանս. «Կովկասի կանայք խաղաղության համար. Խաղաղությունը սկսվում է քո տանից» կարգախոսով:

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։