Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.)
Հիշեցնենք, որ անցած տարվանից «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսել՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները: Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք, վայր ունի իր պատմությունը, բարքերը, սովորույթները… Սակայն, ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից: Ավանդապատումները, որոնք մենք փորձում ենք վեր հանել, պահպանվել են շնորհիվ պատմիչների աշխատությունների, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունների, սեպագիր ու վիմագիր արձանագրությունների, գիտնականների ուսումնասիրությունների:
Ավանդապատումների շարք ունի քերթողահայր Մովսես Խորենացին: Ավանդապատումների վառ օրինակ է մեր հարուստ մշակույթը: Նաեւ ավանդապատումներով է, որ մինչեւ օրս գոյատեւում ու պետք է գոյատեւենք՝ պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկրի՝ առայժմ այս հատվածը:
«Մեր ավանդապատումները» սկսել էինք Սյունիքի մարզից, որն ամփոփեցինք նախորդ տարում (թիվ 39-42 թողարկումներում): Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների: Սիսական աշխարհը ճանաչված էր իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով: Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ,- խմբ.): Սյունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով, լեռներով, սարերով եւն: Ներկայացվել են որոշ ավանդապատումներ՝ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:
* * *
Վայոց ձոր
Վայոց ձորը պատմական Սյունիք նահանգի մի գավառն էր: Նախախորհրդային շրջանում կոչվում էր Դարագյուղի գավառ:
Ըստ «Դիվան հայ վիմագրության» աշխատության հաղորդած տվյալների, կազմում է Եղեգնաձորի եւ Ազիզբեկովի, այժմ՝ Վայք շրջանները: Այն իր միջնադարյան հուշարձաններով, հայերեն արձանագրություններով Հայաստանի ամենահարուստ շրջաններից է: Թեեւ այս գավառը եւս անմասն չի մնացել պատմական Հայաստանն ավերող արշավանքներից, բայց մի շարք պատճառներով համեմատաբար քիչ է ավերվել: Դրանցից կարեւորները հետեւյալներն են. 1. Չորս կողմից շրջափակված է բարձր լեռնաշղթաներով եւ դրսի աշխարհի հետ կապված է միայն դժվարանցանելի կիրճերով ու լեռնանցքերով, որոնք գավառը դարձնում են անառիկ: 2. Երբեք չի ունեցել հարուստ քաղաքներ, որոնք գրավեին օտար նվաճողների ավազակաբարո ախորժակը: 3. Հեռու է եղել միջին դարերի բանուկ ճանապարհներից, այստեղով անցել են միայն երկրորդական նշանակություն ունեցող քարավանային ուղիները: 4.13-14-րդ դարերում այս գավառին տիրել են Օրբելյան եւ Պռոշյան իշխանական տոհմերը, որոնք կարողացել են լեզու գտնել թուրք-թաթարական նվաճողների հետ ու զերծ պահել իրենց տիրույթներն ավերածություններից: 5.Կարեւոր հուշարձանները կանգնեցված են եղել բնակավայրերից դուրս բարձր լեռների եւ խոր ձորերի մեջ, որով պաշտպանվել են թե՛ օտարներից եւ թե՛ շրջապատի բնակչությունից:
Այսպիսով՝ մեծարժեք հուշարձանների եւ վիմագիր արձանագրությունների քանակն ու որակը վկայում են երկրի խաղաղ վիճակի ու տնտեսական ու մշակութային կյանքի համեմատաբար բարձր աստիճանի վրա գտնվելու մասին:
Վայոց ձոր այցելած տեղագիր գրողներ շատ են եղել եւ բավական շատ արձանագրություններ հրատարակել նախկինում:
Ստորեւ ներկայացնում ենք գավառի անվան հետ կապված ավանդապատումներ՝ ըստ Արամ Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:
1. Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է գավառի արոտները: Ամբողջ ամառ նա լավ կերակրում է հոտերը: Վրա է հասնում խիստ ձմեռը: Իշխանը կարգադրում է անասուններին քշել տաք վայրեր: Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ գիշերով բուք է սկսվում: Անասուններից շատերը խեղդվում են, մնացածները՝ առանց կերի մնում: Իրար հետեւից հիվանդանում ու մեռնում են նաեւ իշխանի տանեցիները: Հովիվներն ու նախրապանները փախչում են: Ձորաբերանին մնում է իշխանն իր կնոջ հետ: Կորցրած փրկվելու ամեն հույս՝ նա գլխին է տալիս եւ նայելով շրջապատի խոր ձորին, աղաղակում. «Ա՛խ, վա՜յ ձոր, ա՛խ, վա՜յ ձոր»: Այդ օրվանից էլ այս գավառի անունը մնում է Վայոց ձոր:
2. Վայոց ձորի Թանահատ գյուղից մի մարդ սիրահարվում է իր սանամոր քրոջը: Ամուսնության համար նա մի քանի անգամ իրավունք է խնդրում տեղի թեմի առաջնորդից, սակայն մերժում է ստանում: Սիրահարները որոշում են սպանել առաջնորդին: Գյուղացին բարձրանում է պատշգամբի առջեւ գտնվող ծառը, որպեսզի այնտեղից իջնի ցած եւ իրականացնի իր մտադրությունը: Բայց տեսնելով, որ առաջնորդը հանգիստ քնած է եւ բերանից լույս է բարձրանում, հետ է դառնում: Երկրորդ անգամ նույն փորձն անում է նրա սիրուհին: Նա պարանով կտուրից ներքեւ է կախվում ու, մոտենալով քնած եպիսկոպոսին, դաշույնը խրում է սիրտը: Նա քնից վեր թռչելով՝ բացականչում է. «Վա՜յ ձոր, վա՜յ ձոր, քար մաղվես դու»: Երկնքից իսկույն քար է թափվում ու ավերում այս գավառի Մոզ քաղաքը: Հուլիսին էլ ձյուն է գալիս, կոտորում բոլոր անասուններին: Այդ օրվանից գավառը կոչվում է Վայաձոր կամ Վայոց ձոր:
* * *
Վայոց ձորը ճանաչված է իր բերդերով, բլուրներով, քարերով, վանքերով… Ներկայացնում ենք դրանցից մի քանիսի ավանդապատումներից:
Քարացած վիշապ – գտնվում է Արենի գյուղից հարավ, Արփա գետի աջ ափին: Քահանայի գեղեցիկ աղջիկը մի օր Արփա գետի ափի մոտ, սարալանջին բանջար հավաքելիս է լինում: Հանկարծ գետից մի վիշապ է դուրս գալիս եւ երախը բացած ուզում է կուլ տալ նրան: Սարի գագաթին գտնվող քահանան, տեսնելով այդ,աղոթում է, եւ վիշապը տեղն ու տեղը քար է դառնում:
Ազատակ – գտնվում է Վայոց ձորի Փոր գյուղից արեւմուտք: Մի հայ իշխան նեղվելով արյունարբու թշնամուց՝ իր մարդկանցով ապաստանել է այս ամրոցում: Երբ թշնամին հեռացել է, իշխանն իր մարդկանց հետ դուրս է եկել բերդից ու լեռան ստորոտին հիմնել այս գյուղը, որը ի նշան իրենց ազատության, կոչվել է Ազատակ:
Սմբատի բերդ – գտնվում է Վայոց ձորի Եղեգիք ավանից դեպի հյուսիս: Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը: Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը:
Կազմեց Գարիկ Ավետիսյան
«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



