Դարձ ի շրջանս յուր (զարմացնում են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը – մեկնաբանում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը – ի՞նչ կասեն Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսները…) – Քուրմ Արմոգ, ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ… Ազգին վիճակը (Կոմիտաս Վարդապետ)…

Դարձ ի շրջանս յուր

Վերջին ժամանակներս բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման մի քանի հայտարարություններ արեց, որոնք ցնցեցին ոչ միայն կրոնական աշխարհը:

Օրերս էլ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է զարմանալի հայտարարություն արել, թե «դժոխքի կրակ գոյություն չունի, Ադամն ու Եվան իրական չեն»: Ըստ նրա, դժոխքի կրակ գոյություն չունի, եւ Կաթոլիկ եկեղեցին չի ընդունում «դժոխք» հասկացությունը, որտեղ մարդիկ տառապում են։ Այն ընդունում են մարդիկ, ովքեր ունեն մեկուսացած հոգիներ: Ինչպես Ադամի ու Եվայի առասպելը, այնպես էլ դժոխքը մենք ընդունում ենք որպես գրական խորհուրդ: Աստվածը չի ձգտում մարդկանց միայն պատժել կամ դատել, ՆԱ նաեւ սիրում եւ ընդունում է մարդկանց:

Հռոմի Պապը հայտարարել է, որ բոլոր կրոնները ճշմարիտ են, քանի որ մարդիկ դրանց հավատում են ամբողջ հոգով: «Մեր եկեղեցին բավականին մեծ է հետերոսեքսուալների եւ հոմոսեքսուալների համար, պահպանողականների եւ դեմոկրատների, անգամ կոմունիստների համար,- ասել է նա,-Աստված փոխվում է ճիշտ այնպես, ինչպես մարդիկ են փոխվում»:

«Աստվածաշունչ»-ը գեղեցիկ Սուրբ գիրք է, բայց դրա մեջ որոշ դրվագներ հնացած են, որոշները անհանդուրժողականության եւ քննադատության կոչ են անում: Մեր նոր բանականությամբ մենք կարող ենք ունենալ կին հոգեւորականներ: Հույս ունեմ, որ մենք կին Հռոմի Պապ կունենանք մի օր: Թող որ տղամարդու համար բաց դուռը չփակվի կնոջ համար»,- ասել է Պապը:

Հիշեցնենք, որ Դալայ Լամայի վերոնշյալ հայտարարություններում ասվել էր, թե «աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է, սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի… այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ՝ հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն իր հոդվածներում նույնպես նշել է, որ «մարդկանց խաբում են դժոխքի ու դրախտի սինաբանությամբ, եւ դա հատուկ է արվում՝ հավատացյալներին կրոնակախ  եւ կրոնավախ պահելու նպատակով»: Ըստ Հայ արիների առաջնորդի, «մարդու մահից հետո հոգին հայտնվում է Արարչի կողմից ստեղծված հոգե-ոգեղեն տիեզերաաշխարհներից մեկում՝ կախված իր երկրային կյանքում ձեռք բերված հոգեմտավոր պատկերացումներից, Տիեզերքի, Արարչի, Աստվածների ու Տիեզերակարգի մասին ունեցած հավատից ու մտածողությունից»: Այսինքն՝ մարդու հոգին հայտնվում է՝ կա՛մ գիտակից կա՛մ անգիտակից որեւէ տիեզերաաշխարհում, որոնք էլ բնորոշում են այսօրվա պատկերացրած դրախտը եւ դժոխքը… Ի դեպ, հայ արիների առաջնորդը հոդվածներում նույնպես հերքում է Ադամի ու Եվայի իրական լինելը, եւ նշում է, որ ըստ Տիեզերակարգի «հայելային արտացոլանքի», Երկրում արարվել են 7 ազգեր, ինչպես Երկնքում՝ 7 Աստվածային համակարգեր, եւ միայն այդ ազգերն են բնածին՝ հայերը, հնդիկները, հույները, հրեաները, պարսիկները, եգիպտացիները եւ շեղաչյաները:

Այսպես արարվել են մարդիկ, որ ունեցել են ազգային պատկանելություն:

Իսկ տղամարդ եւ կին հարաբերություններում ի սկզբանե բացառվել է անհավասարության խնդիրը.- մեզ հետ զրույցում ասում է Արմեն Ավետիսյանը: Հայ արիական տեսության մեկնությամբ՝ ԱրԷգԱկ-ը ի վերուստ հավասարություն է ազդարարել Արական եւ Է(Ի)գական Ակունքներում՝ իհարկե յուրաքանչյուրին նաեւ յուրօրինակ ինքնատիպ գործառույթների շրջանակներ շնորհելով: Ինչը արարչադիր է եւ անբեկանելի: Հայոց արարչահաս հավատը կառուցված է եւ’ Աստվածների եւ’ Աստվածուհիների պաշտամունքի հենքով եւ Հռոմի Պապի՝ տղամարդ-կին հարաբերությունների մեկնությունը բացառապես կրոնների հետեւորդներին է վերաբերում:

Հետաքրքիր կլիներ լսել Հայ առաքելական եկեղեցու, անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի (նաեւ Կիլիկիո թեմի՝ Արամ Ա կաթողիկոսի) տեսակետը կաթոլիկների առաջնորդի հնչեցրած մտքերի շուրջ (Հայաստանյայց առաքելական եկեղեցու մամլո դիվանն անահասանելի է մշտապես):             

Ըստ ՀԱՄ առաջնորդի, առանց կրոնի հոգեւոր հարցերին լուծում տալն իսկապես դարակազմիկ միտք է, եւ տիեզերաիմաստ գաղտնիքներին փոքրիշատե տիրապետող մարդը պատահաբար չէր ասի նման խոսքեր, եւ Դալայ Լաման բացահայտ խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը՝ որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք: «Այո, դա այդպես է,- նշում է ՀԱՄ ղեկավարը,- եւ չի կարելի չհամաձայնել Դալայ Լամայի հետ, ով նաեւ նշել է, թե մարդկությունն այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել, մարդիկ ուզում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»…

Կրոնների ճգնաժամի մասին վաղուց են խոսում հայ արիները: Իսկ համաշխարհային կրոնների «Հոգեւոր սպառման» կամ հայ պոետի ասած «Ոգու սովի» մասին խոսել են նաեւ Հայ Քրմերը: Ինչպես Դալայ Լաման է նշել կրոնների մասին, «որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք» չհանդիսացող կառույցի, այդպես էլ արիադավան հայերն են ահազանգել կրոնավորների՝ այլեւս բոլոր հարցերում հանդուրժողականության ու ներողամտության աններելի թույլ կեցվածքի մասին: Այսպես, ժամանակին տկարացան նաեւ հեթանոսական-ազգային (այլեւս գլոբալացված) հավատները՝ կտրվելով բնական արմատ-ակունքներից, ինչպեսեւ՝ հաճախակի անհարկի ներողամիտ դրսեւորումներից, եւ 301-311թթ. տեղի ունեցավ համաշխարհային հավատափոխությունը: Ազգապաշտական (ազգի ընտրությամբ պաշտվող) հավատներին եկան փոխարինելու անհատապաշտական (անհատի ընտրությամբ պաշտվող) կրոնները…

Իսկ Հռոմի Պապի մտահոգությունը անբարո երեւույթների ներթափանցման առումով իրական է: Այսօր ավելի ողբալի վիճակ է. հատկապես քրիստոնեական եկեղեցիները Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում «ներողամտորեն» եկեղեցական ծեսեր են կատարում ու համասեռական ամուսնություններ արձանագրում հոգեւոր կառույցներում: Վատիկանում անգամ համասեռական հոգեւորականներ են բացահայտվել: Ըստ ՀԱՄ առաջնորդի, համաշխարհային եկեղեցական ցանցը դարձել է աշխարհաքաղաքական պայմաններ թելադրող մութ ու գաղտնի ուժերի «կարեկցանքների սպասավորը» եւ առավելապես դրամահավաքներ է կազմակերպում այս կամ այն աֆրիկյան, թե ասիական երկրում սովյալներին սնունդ եւ, ըստ այդմ, քաղաքական կողմնորոշում պարտադրելու, քան մարմնական ու հոգեւոր սնունդները համատեղելու եւ մարդուն մարդ պահելու համար: Սա շատ նման է համաշխարհային ծավալումներ ստացած աղանդավորական հոգեւոր-քաղաքական կառույցների՝ այս կամ այն երկրում սնունդ եւ փող բաժանելով իրենց ծեսերին հրավիրելու կամ կազմակերպության անդամ դարձնելու գործելաոճին:

Ցավոք, նաեւ Հայաստանում (սփյուռքահայության մեջ եւս) է կիրառվում այս ձեւը, ինչի դեմ վաղուց են պայքարում հայ արիներն ու բնականոն ընթացքի հետեւորդ հայորդիները: Եվ պայքարը դեռ շարունակվում է…

Քուրմ Արմոգ, – Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

* * *

Ազգին վիճակը

Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներեւոյթ եւ անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական եւ ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ:

Ավերած, սարսափ ու սանձարձակ կէղեքում մեկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն: Փառասիրութիւն, փութկոտութիւն մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն միւս երեսէն: Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգացած է իբր հանդերձ, յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց:

Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կեանքը դիակնացած…:

Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլէ՜ արիւնաքամ հողու տակեն եւ ողբայ խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը:

Մեր նախնիք իրենց պաշտօնին փարած էին անձնահեղձութեամբ, իսկ մենք կը յափշտակենք գործն՝ ընչաքաղցութեամբ:

Սիրտս փլած է:

Կոմիտաս Վարդապետ

* * *

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը 2008թ. դեռեւս կարդինալ եղած ժամանակ այցելել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի դպրոցներից մեկը եւ սեմինար անցկացրել, որտեղ էլ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արժանացել ծափողջույնների. այս մասին հայտնել է թուրքական «Takvim» պարբերականի լրագրող Էրգյուն Դիլերն իր «Հռոմի Պապի Գեզին» հրապարակման մեջ: «Գեզի» այգու իրադարձություններում փորձ էր արվել մեղադրել Թուրքայի ներսում Թուրքիայի «թշնամիներին»՝ հիշատակելով ներկայիս Հռոմի Պապի հետ կապված դեպքը՝ տեղի ունեցած Ստամբուլում տարիներ առաջ։

Լրագրողը գրում է, թե այժմյան «Կարդինալ Խորխե Բերգոլիոն, նայելով թուրք աշակերտների եւ ուսուցիչների աչքերի մեջ, ասաց. ՙԹուրքերը Հայոց ցեղասպանություն են իրականացրել։ Դա պետք է ընդունեք»։ Այս խոսքերից հետո դահլիճը պայթեց ծափերից։ Ահա, հիմա այդ դպրոցի եւ նմանատիպ այլ դպրոցներց շատ են «Գեզի» այգում…»:

Օրերս էլ Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ ավանդական հանդիպմանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատեւ զրույց է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաեւ իր օրհնանքը՝ հայ ժողովրդին:

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։