Հետահայաց նոր տարուն.- Տարվա տանուտերը Կույսն է, ոչ թե Ձին – Պետք է առաջնորդվել Կույսի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք ու… ետ դառնան պատասխանով…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին»: Մեզանում այս ոլորտն էլ մնաց օտարի թելադրանքի տակ, եւ այս անգամ հայերը «դարձան» չինական ձիու հետեւորդներ…

Հայերս, ինչպես մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան… Այն, որ տարին իրապես փոխվում է գարնանը եւ դա է իրական ու բնական տարեփոխությունը, հայտնի է: Բայց մեզանում արմատավորված կրոնական տարեփոխությունը շարունակում է հաղթարշավը, եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Նոր Տարին՝ Ամանորը:

Բնական՝ գարնանային տարեփոխությունը, դարձյալ մնում է հայության մի հատվածի տոնը, երբ հայ արիները մարտի 21-ին տոնում են Հայոց Ամանորը, որն համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Վերածննդին: Ինչպես արի հայերն են ասում, այդ օրը նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, ում Երկրային (Վերամարմնավորումը) Վերածնունդը՝ Երկնի ու երկրի երկունքից, եւս տոնվում է մարտի 21-ին:

Այդ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:

Ինչեւէ, քրիստոնեական տոներն ու ծեսերը, եկեղեցիներն ու վանքերը հիմնվեցին ու կառուցվեցին հայ հեթանոս-արիադավան հավատի տոնացույցի, ծիսակարգի եւ տաճարների վրա, բայց առ այսօր փորձում են հերքել դա եւ ապականել հին հայկականը՝ ավանդականն ու ազգայինը: Այսօր կրոնական տարեփոխությամբ, ձմռան ընթացքում, որ բնության մեջ հարաբերական մահ է նախանշում, երբ սառում եւ կանգ է առնում պտղաբերումը, շարունակվում է տոնվել Ամանոր, ինչը բնածին հայության դեպքում վերածվում է անխորհուրդ եւ անազդակ տոնախմբության, առավելապես՝ ուտուշ-խմուշի:

Անգամ կրոնական ու տարեփոխական կարգն է անհասկանալի մնացել: Այսպես՝ եթե կաթոլիկների մոտ Հիսուսը (դեկտեմբերի 26-ին) ծնվում է եւ ապա օրեր անց փոխվում է Նոր Տարին, ապա հայ առաքելականների մոտ տարեփոխությունից հետո է ծնվում Հիսուսը (հունվարի 6-ին)… Չնայած, ըստ աստվածաշնչյան տվյալների, Հիսուսի ծննդյան օրը աշնանն է. այդ է հուշում Բիբլիայում այդ օրը բնության եւ մարդկանց առօրյա գործերի նկարագրությունը (օրինակ՝ հոտաղների առկայությունը, եւ «Լուսանցք»-ը գրել է այս մասին):

Հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս նորօրյա 2014-ի խոհրդանիշը այժմ էլ չինական ձին է: Եվ հայերից շատերն ամեն բան անում են, որ այդ  չինական ձին իրենց համար «մուրազ դառնա»…

Հիշեցնենք, որ ի տարբերություն չինականի՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է… Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունը նշեցինք՝ վերեւում 12 աստղատներով:

Այժմ 2014թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Կույսն է (2014-4=2010:12=167 եւ մնացորդ՝ 6), ոչ թե չինական Ձին…

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ տարբերություններ կան անգամ բնության տարրերի պատկերացումների մեջ: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը):

Հերթական անգամ առաջարկում ենք վերականգնել հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում՝ առաջնորդվելով 2014թ.-ն Կույսի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի ինչպես վերը նշեցինք՝ հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք եւ այնտեղից ետ բերեն մեր ցանկությունների պատասխաններն ու ազդակները իրական ու դրական լիցքերով…

Եվ ինչպես կենդանաշրջանի մեկնությունը, այնպես էլ հորոսկոպների կազմումը պետք է ունենան ոչ միայն տրամաբանական, այլեւ՝ բնական շաղկապվածություն: Եվ դա պետք է զերծ մնա եսակենտրոն դրսեւորումներից ու հատկապես կրոնազեղումներից:

Վահագն Նանյան (խորհրդակցությամբ՝ ՀԱՄ քրմերի)

* * *

Ըստ աստղաբան Ալինա Դերձյանի, 2014թ. կլինի բավականին բարդ տարի, փետրվարին «ինչ-որ վատ բաներ տեղի կունենան, որոնք ժողովրդին կստիպեն անհանգստանալ. տարին կսկսվի ագրեսիվ տրամադրություններով եւ ամռանը խաղաղություն կսկսի տիրել, կարեւոր կլինի աշունը, որի ընթացքում էլ այդ տարին կամփոփենք»:

Այս տարին, աստղաբանի խոսքերով, բարենպաստ կլինի առյուծների, կարիճների եւ խոյերի համար, որոնք համարվում են ուժեղ կենդանակերպեր: Փառքի տարի կլինի կույսերի, աղեղնավորների, կշեռքների, ձկների համար։ Ցուլերը եւ խեցգետինները միայնության ձգտում կունենան այս տարում։ 2014թ. այծեղջյուրները եւ երկվորյակները հաշվի չեն առնի ուրիշի կարծիքը, իսկ ջրհոսները կփորձեն հարթել բարդ իրավիճակները։

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։