Ցավոտ կետեր.- Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – Եթե, իհարկե, պետությունը քիչ արագ գործի… «Որոտան»-ն էլ տարան (այս անգամ ոչ թե ռուսները, այլ՝ ամերիկացիները)…

Կասեք՝ ի՛նչ կապ ունի պետությունը, չէ՞ որ հիմա ազատական հարաբերություններ են: Կասեմ՝ հենց պետությու՛նը կապ ունի, եւ ոչ միայն այն պատճառով, որ նույնիսկ այս տնտեսահարաբերություններն է պետությունը կարգավորում, այլ… բացատրեմ ստորեւ (այս խնդրին հանգամանալից անդրադարձել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի կարող եմ կրկնվել):

Հայկական կոշիկի համբավը ԽՍՀՄ տարիներին հայտնի էր այդ մեծ – հսկայածավալ երկրի բոլոր անկյուններում՝ առանց չափազանցության: «Նաիրի», «Վան», «Մասիս» ֆիրմաների կոշիկները լավագույն նվեր կարող էին լինել այդ ժամանակներում, ընդորում՝ ներկայիս չափանիշներով՝ «էլիտար» նվեր: Իսկ «Մասիս»-ի կոշիկները հայկական կոշիկի խորհրդանիշն էին դարձել: Դպրոցական էի, երբ մայրս «Մասիս»»-ի երկու զույգ կոշիկներ ձեռք բերեց: Դրանք այնքան դասական ու շքեղ էին, որ երազում էի մեծանալ՝ այդպիսի կոշիկներ ունենալու համար: Մեծացա, դարձա ուսանող ու մեծ հպարտությամբ հագա այդ կոշիկները: 90-ականներն էին, ու դրանք այն ժամանակ էլ շքեղություն էին: ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ անմիջապես, տարիներ անց, երբ շուկան ողողվեց փայլփլուն արաբական, գունագեղ չինական, անորակ թուրքական եւ այլ կոշիկներով, հասկացա, որ «Մասիս»-ը մեր օրերում էլ ճոխություն կլիներ: Ու հատկապես մե՛ր օրերում, երբ այդքան բազմազանության մեջ շատ քիչ կոշիկներ են հարմարվում ոտքիդ այնպես, որ չզգաս կոշիկ կրելու ծանրությունը, ընդհանրապես չզգաս, որ կոշիկ ես կրում: Եթե այդպիսին գտնում ես էլ, ապա բավականին թանկ է, ու ստիպված ընտրում ես էժան ու ցավեցնող տարբերակը:

Ինչեւէ, խորհրդային տարիներին մենք ունենինք կոշիկի արտադրություն, որ պահպանելու դեպքում որակի ու հարմարության տեսակետից մեր օրերում կարող էր մրցել իտալականի հետ:

Դժբախտաբար, հետխորհրդային ժամանակահատվածում ամենածանր հարվածներ կրած ճյուղերից մեկն էլ կոշիկի արտադրությունն էր: Նաեւ՝ ամենամեծ անկումն արձանագրած ճյուղերից մեկը. եթե միայն ասենք, որ Հայաստանում եւ արտերկրում միլիոնների հասնող վաճառքը բառի բուն իմաստով ի չիք դարձավ մի քանի տարում, պատկերն ավելի հստակ կլինի: Մնացին թալանված, քայքայված ձեռնարկություններ, հազարավոր գործազուրկներ: Այժմ ոլորտում կա դրական տեղաշարժ, բայց դա ծավալային առումով եղանակ չի փոխում:

Այսքանով հանդերձ՝ կարո՞ղ ենք վերականգնել հայկական կոշիկի հեղինակությունը, թեկուզ վերադարձնել նախկին սպառման շուկաները կամ գտնել նորերը, կա՞ ճյուղի զարգացման հեռանկար, ի՞նչ շուկա ունենք այսօր, ինչո՞վ են գոյատեւում մանր արտադրողները, կարո՞ղ են ծավալ ապահովել պահանջարկի դեպքում եւ ընդհանրապես, ի՞նչ վիճակ է ոլորտում, ի՞նչ են ցույց տալիս իմ դիտարկումները. այս ամենից կխոսենք հոդվածաշարում՝ փորձելով հասկանալ ապագայի ռիսկերը, հնարավորությունները, տեսլականը:

Էկոնոմիկայի նախարարությունը կազմել է կոշիկի արտադրության ոլորտային ռազմավարությունը: Երբ դեռ քննարկվում էր այս ռազմավարությունը, կոշիկի արտադրության ոլորտը մի մեծ բաց ուներ. մենք հումքը արտահանում էինք Թուրքիա, եւ հետո այնտեղից նույն հումքը ավելի թանկ ներկրում էինք: Այս սխալը շտկվել է հիմա, բայց խոսենք ըստ հերթականության:

Հայաստանը, լինելով ԽՍՀՄ կոշիկի արտադրության կենտրոններից մեկը, ներկայում գործարկում է արտադրական կարողությունների աննշան մասը միայն: 1990թ. Հայաստանում արտադրվել է 18 մլն զույգ կոշիկ՝ 70%-ը բնական կաշվի երեսով: Կոշիկի արտադրությունը հիմնականում կենտրոնացած է եղել Երեւանում (80%): Այս ապրանքի արդյունաբերական արտադրությունը գրեթե դադարել է 1997թ.՝ հասնելով 86 հազ զույգի: Ըստ վիճակագրության ներկայացրած թողարկման արժեքի՝ մեր երկրում 2012թ. արտադրվել է 40 հազ զույգ կոշիկ (1 զույգ կոշիկի 10,000-12,000 դրամ արտադրողի գնի հաշվարկով): Հիմնվելով երկիր ներկրվող կոշիկի հումքի ծավալների վրա՝ ներկայումս Հայաստանում արտադրվող կոշիկի քանակը գնահատվում է 600-700 հազար զույգ: Նկատի ունենանք, որ մեր երկրում կոշիկի գերակշիռ մասն արտադրում են անհատները կամ փոքր արտադրողները, իսկ սա ենթադրում է, որ վիճակագրության կողմից չի հաշվառվում: Մեզ մոտ գերակշռում է կաշվե երեսով կոշիկների արտադրությունը, որը կոշիկների առավել բարձր գնային հատվածն է ներկայացնում: Արտադրվում են կաշվե կոշիկների հիմնական բոլոր տեսակները: Շուկայում առկա է բրենդավորված տեղական արտադրանք, որ հիմնականում վաճառվում է խանութների միջոցով (Armos, Helen, Sali, Rօberto Piraloff, Bebetta, Janet, Tavros եւն) ու մրցակցում են շուկայի առավել բարձր գնային հատվածում՝ արդեն ներմուծված բրենդային ապրանքների հետ: Իսկ տեղական շուկայում, հատկապես տոնավաճառներում եւ ոչ բրենդային խանութներում վաճառվող կաշվե կոշիկների գերակշիռ մասը (հիմնականում՝ տղամարդկանց կոշիկներ) անհատ վարպետների կամ այսպես ասենք, անանուն արտադրողների արտադրանք է: Տեղական արտադրության կաշվե կոշիկները հիմնականում գնային առավելություն ունեն ներմուծված համապատասխան որակի թուրքական ու չինական արտադրանքի նկատմամբ: Տեղական արտադրանքի հիմնական մասը՝ 80%-ը սպառվում է տեղական շուկայում:

Արտադրողների մասով. կան 5-7 միջին չափի արտադրողներ՝ 30-50 աշխատողներով, եւ անհատ վարպետներ: Արտադրությունն իրականացվում է հիմնականում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված արտադրական տեխնիկայով, որոնք հիմնականում արեւմտաեվրոպական (իտալական, գերմանական, անգլիական) արտադրության են եւ ձեռք են բերվել 80-ականների  վերջին: Ձեւավորումը հիմնականում կրկնօրինակվում է իտալական կատալոգներից: Այժմ Հայաստանում առնվազն 1,5-2 մլն զույգ կոշիկի արտադրության արտադրական հզորություններ են առկա:

Հայկական կոշիկի արտահանման մասով էլ ասենք, որ, չնայած արտահանման աճին, կոշիկի արտահանումը չափազանց փոքրածավալ է: Մենք արտահանում ենք հիմնականում կաշվե կոշիկներ (քանակի՝ 80%, արժեքի՝ 97%): Եվ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է՝ շուրջ 90% (սրանք 2012թ. տվյալներն են): Միջին արտահանման գինը մոտ 23 ԱՄՆ դոլար է, որը գերազանցում է թուրքական եւ չինական արտահանման միջին գնին: Բացի պատրաստի կոշիկից, արտահանվում են նաեւ կոշիկի կիսապատրաստուկներ: Չկան խոշոր արտահանող ընկերություններ: Միակ ընկերությունը, որն ունի բրենդային խանութների ցանց արտերկրի շուկաներում՝ «Արմո գրուպ»-ն է: Արտահանումն էլ անում են գլխավորապես միջնորդները եւ, մեծամասամբ, արտադրողները ուղղակի կապ չունեն արտահանման շուկաների հետ: Իսկ տեղական շուկայում էլ վաճառքի գերակշիռ մասը տոնավաճառներում է, իրացվում է իբրեւ «հայկական արտադրանք», արտադրողի անունը չկա:

Կոշիկի հիմնական հումքը՝ կաշին, ներմուծում ենք Բելառուսից, Իրանից, Թուրքիայից, ՌԴ-ից, Իտալիայից: Ամենաորակյալն ու թանկը ներմուծում ենք Իտալիայից, ամենացածրորակն ու էժանը Իրանից: Բանն այն է, որ մենք կաշվի տեղական վերամշակում կարող ենք անել, բայց քանի որ կաշին հիմնականում արտահանում ենք, վերամշակումն էլ չնչին ծավալների է հասել: Ստացվում է եւ՛ առաջնային հումքը ունենք, եւ՛ կարող ենք վերամշակել, բայց մեր հումքը արտահանում ենք, որ հու՞մք ներմուծենք:

Այսինքն՝ ոլորտը ընդհանուր կարգավորում ունենալու պարագայում կարող է շահել նաեւ գնային առումով:

ՀՀ-ն այսօր արտահանում է մոտ 137,000 հատ անմշակ կաշի (2012թ.): Արտահանվող հումքի վերամշակման դեպքում վերամշակումից ստացվող կաշվի ցուցանիշը 30-35 մլն. դմ2 կլինի: Մինչդեռ մեր ներուժը 200-230 հազ. հատ չմշակված կաշի է (Հայաստանում 660 հազ. խոշոր եղջերավոր անասուն, 35% գլխաքանակի տարեկան սպանդ): Առկա հումքի ամբողջական վերամշակման դեպքում վերամշակումից ստացվող կաշվի ցուցանիշը  50-55 մլն. դմ2 կլինի: Վերամշակման հզորություններ էլ ունենք՝ «Կաշի» ԲԲԸ, «Բիզոն» ՍՊԸ, 2-3 փոքր արտադրողներ, մի խոսքով՝ տարեկան առնվազն 100 մլն մլն. դմ2  արտադրական հզորություն: Իսկ ինչքա՞ն կաշվի պահանջարկ կա: Համենայնդեպս, մաքսային վիճակագրության կողմից հաշվառված է 17 մլն դմ2  կաշվի ներմուծում:  Տեղական արտադրության  զարգացմանը զուգահեռ պահանջարկը կավելանա, ու միասնական մոտեցման դեպքում մենք կարող ենք այնպես անել, որ հումքը, կամ գոնե, նախնական փուլում, հումքի գերակշիռ մասը տե ղական լինի:

Հավելենք նաեւ, որ ՀՀ-ից արտահանվող չվերամշակված հումքը տեղում վերամշակելու դեպքում այն շուրջ 2 անգամ կգերազանցեր վերամշակված կաշվի ներկայիս ներքին պահանջարկը: Իսկ կաշվի հավելյալ մասը կարտահանվի մշակման տարբեր մակարդակով, որի պահանջարկը մեծ է կաշվե իրեր արտադրող երկրներում:

Մի հարց էլ նկատի ունենանք. Թուրքիայից կաշի բերելու փոխարեն արտահանել կարող ենք: Կաշվի հումքի Թուրքիա արտահանման արդյունքում 1կգ չմշակված կաշվի գինը հասել է 450-500 դրամի վերջին 2 տարիների ընթացքում: Գնի բարձրացումը հիմնականում իրականացվել է միջնորդների մարժաների բարձրացման հաշվին: Հասկանալի է, որ գյուղացիները կաշվի դիմաց գումար չեն ստանում, այն տնօրինում է մսագործը: Ներկա գնի պայմաններում հայկական վերամշակված կաշվի արտադրանքը կարող է ապահովել Թուրքիայից ներկայումս ներմուծվող կաշվի որակը (միջին է այն), սակայն կունենա գնային առավելություն: Օրինակ՝ ԱԱՀ-ով գինը (85-100 դրամ) մոտ 30-35%-ով ավելի էժան կլինի նմանատիպ որակի թուրքական արտադրանքից (վերջինս վաճառվում է շուկայում առանց հաշվի-ապրանքագրի՝ 100-150 դրամ): Կամ՝ ծախսերի փաստաթղթավորման եւ ԱԱՀ հաշվանցման հնարավորություն կլինի արտադրողների համար: Արդյունքում հնարավոր կլինի մոտ 40%-ով նվազեցնել կոշիկի հիմնական հումքի արժեքը:

Այս իսկ պատճառով, երբ քննարկվում էր ոլորտի զարգացման ռազմավարությունը, շատմասնագետների հետ զրուցելով, որպես խնդրի լուծման մի տարբերակ, արծարծեցի հետեւյալը՝ սահմանափակել առաջնային հումքի արտահանումը՝ կիրառելով պետական տուրք հումքի արտահանման վրա, որը գրեթե ամբողջությամբ արտահանվում է Թուրքիա:

Լուծման նշված տարբերակն առաջարկվեց նաեւ այն պատճառով, որ տեղական հումքը տեղում մշակելը մեզ այլ օգուտներ էլ կբերի: Այս մասին՝ հաջորդիվ կխոսենք: Միայն ասենք, որ երբ ռազմավարությունն ընդունվեց, առաջարկն այնտեղ ներառված էր:

Արմենուհի Մելքոնյան

* * *

«Որոտան»-ն էլ տարան

ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ հունվարի 29-ին ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:

Մենք երբ նախորդ տարեվերջին անդրադարձել էինք այս խնդրին, տարակուսել էինք, թե այդ ինչպես է, որ ՌԴ-ն ձեռք չի գցել «Որոտան»-ը, այն դեպքում, երբ մեր ամբողջ էներգահամակարգը նրա ձեռքում է: Չի՞ ուզել, թե՞ չի կարողացել: Վերջինը՝ հազիվ թե, գուցե իրանական սահմանի գործոնը հաշվի առնելով՝ «Որոտան»-ը ամերիկյան կողմի՞ն է զիջել: Կամ՝ ռուսական կողմը «Որոտան»-ը հենց այնպես, անվճար է ուզել. ինչ-որ հանկարծակի առաջացած պարտքի դիմաց: Իսկ հայկական կողմն էլ խուսափել է հերթական սկանդալից, որովհետեւ հանրությունը «Հայռուսգազարդ»ի 20%-ի հետ կապված հորինվածքը դեռ չի մարսել: Բացի այդ՝ ամերիկյան կողմը մեզ 70 մլն դոլարի ներդրում է առաջարկել: Իսկ ինչու՞ հրաժարվել:

Ի դեպ, մեր այս ամբողջ հարցադրումները չէին լինի, եթե գործարքի մասին հստակ ու մանրամասն տեղեկատվություն տրվեր: Եվ այդպես պիտի լիներ, որովհետեւ «Որոտան»-ը պետական, ասել է թե՝ ազգային սեփականություն էր: Ու քանի որ տեղեկատվությունը չկա, մենք, հնարավոր բոլոր տարբերակները հաշվի առնելով էլ, հնչեցնում ենք հարցադրումները:

Ի դեպ, «Քոնթուր գլոբալ»-ը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում:

Ընկերությունը ավանդական (բացառությամբ միջուկայինի) եւ այլընտրանքային էլեկտրակայանների սեփականատեր ու շահագործող է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.