Թուրքական իշխանությունները (սուլթան Համիդից մինչեւ Երիտթուրքերը) սկսած 1890թ., հայերի կոտորածներին տվեցին զանգվածային բնույթ: Հետագայում արյունարբու «կարմիր» սուլթան Աբդուլ Համիդի ժառանգները հայերի այդ կոտորածներն ավելի սաստկացրին, առավել նպատակային ու սանձարձակ իրականացրեցին: 1990թ. ապրիլի 24-ի՝ Հայոց Մեծ Եղեռնի կապակցությամբ իր ուղերձում («Կոմունիստ» օրաթերթ) ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը նշում է, որ Արեւմտահայաստանում թուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածներին զոհ է գնացել 2 մլն. անմեղ հայ: Սա է ճշմարիտը, ոչ թե 1,5 մլն.-ը (սակայն տվյալներ կան ավելի քան 3 մլն. ցեղասպանվածների մասին, որը հաշվարկվում է 1890-1923թթ. ընկած ժամանակահատվածում, արեւմտահայության եւ արեւելահայության հատվածներում,- խմբ.), որը, չգիտես ինչու, շրջանառության մեջ է դրվել նաեւ մեր իշխանավորների կողմից:
Թուրքերն օգտվելով 1-ին աշխարհամարտի թոհ ու բոհից, հարմար պահ գտան եւ հիմնականում 1914-1916թթ. բնաջնջեցին արեւմտահայության մեծամասնությանը: Նման մի պահն էլ ընտրելով խորհրդայնացվող Հայաստանի ժամանակ, 1918-1920թթ. հարձակվելով բզկտեցին ու արնաքամ լինող Հայաստանի տարածքում ավելի լկտի ու դաժան զանգվածային կոտորածներ կազմակերպեցին: Այն, որ մեր ներկա իշխանությունները, համապատասխան գերատեսչություններն ու այլք մեզ եւ աշխարհին ներկայացնում են միայն Արեւմտյան Հայաստանում եղած ցեղասպանությունը, դատապարտելի է: Կրկնենք՝ նույն դաժանությամբ, աշխարհում չտեսնված լկտիությամբ (նշենք նաեւ աշխարհի «առաջադեմ» երկրների լուռ հայացքների ներքո, երբ բոլորն իրենց քաղաքական շահերն էին հաշվարկում տարածաշրջանում), զանգվածային կոտորածներ են եղել նաեւ Արեւելյան Հայաստանում:
Միայն մի քանի փաստ արեւմտահայության ցեղասպանդին զուգահեռ ներկայացնելով՝ աշխարհը ավելի հստակ կիմանա, թե թուրքերն ինչ եղեռնագործությամբ են կատարել իրենց գազանությունները հայերի նկատմամբ նաեւ Արեւելյան Հայաստանում: (Մտածում էին Արեւմտյան ուղղությամբ ավարտել են իրենց չար գործը եւ Արեւելյան ուղղությունն է մնացել: Հիշեցնենք, որ արնախումները հայտարարել էին, թե ընդամենը 1 հայ են թողնելու, այն էլ պատմության թանգարանում պահելու եւ ցուցադրելու համար,- խմբ.):
1918թ., գրավելով Շարուրը, թուրք ասկյարների մի խումբ մտնում է Շարուրի Խանլուխլար գյուղի հայ գյուղացու բակը: Այդ պահին կանայք ու աղջիկները թոնրատանը լավաշ են թխելիս լինում: Կատարվում են թուրքաբարո բարբարոսություններ՝ բռնաբարություններ, սպանություններ: Այստեղ լինում է նաեւ 8 տարեկան երեխա, թուրք ասկյարները բորենու մոլեգնությամբ այդ մանչուկին գցում են տաք թոնրի մեջ ու խուփը (կափարիչը) դնում վրան՝ երեխային կենդանի խորովում են: Այս նույն գյուղում բոլոր տղամարդկանց հավաքում, օրերով հաց ու ջուր չեն տալիս: Հղի կնոջ արգանդը պատռում, հանում են երեխային ու հորը ստիպում ուտել միսը…
Թուրքերը զենքի, զինամթերքի, նաեւ դրամական ու հոգեւոր համալրում ստանալով՝ խախտում են Հայաստանի հետ զինադադարի համաձայնագիրը, եւ հարձակվելով գրավում Արեւելահայաստանի շատ տարածքներ՝ Կարսի մարզը, Սուրմալու գավառը, Արդահանն ու Արտվինը, Ջավախքն ու Ալեքսանդրապոլը, Լոռի-Փամբակը, Շարուրն ու Նախիջեւանը: Այս տարածքներում ամենուրեք հայերին ոչ միայն սպանում, այլ գազանի պես մեծ ու փոքր մորթում են, մորթում ու մաշկահանում…
1919թ. հունվարին Փարիզի կոնֆերանսում հայ պատվիրակությունը ներկայացնում է Արարատյան դաշտի (նաեւ Շարուրի, Նախիջեւանի) հայ բնակչության թվաքանակը: Նախիջեւանում այն կազմել է 54.709, Շարուրում՝ մոտ 30 հազար: Թուրքական սպանդից մազապուրծ Դարալագյազ (Վայք) են հասնում միայն 8 հազար նախիջեւանցի եւ 5 հազար շարուրցի: Մնացածները նահատակվել էին ոճրագործների սպանդից: Ալեքսանդրապոլի, Լոռի-Փամբակի զավթելուց հետո, այստեղ եւս կատարվում են անօրինակ կոտորածներ՝ ողջ-ողջ թաղում էին հայ մարդկանց, անգամ երեխաներին…
Ըստ ստույգ տվյալների, թուրքերն այս տարածքում մորթոտում են 94 հազար հայերի: Աղջնակների, մանուկների էին գերառում, տանում թրքացնում: Այն վայրագությունները, որ կատարվել էր Արեւելյան Հայաստանում մինչ այդ եւ համոզված ենք՝ հետագայում էլ, վստահաբար ոչ մի երկրում չի կատարվել եւ դժվար էլ կատարվի: Բացի մարդկային կորուստներից, Հայաստանի այս տարածքը կրեց նաեւ ահռելի նյութական վնասներ: Թուրք սպաներն ու ասկյարները կողոպտում, ավերում էին հայ մարդու ստեղծած բարիքները, արժեքները:
1918թ. վերջերին ստեղծված «Հայ ժողովրդի համաշխարհային պատերազմից կրած վնասների քննիչ հանձնաժողով»-ը պարզել է, որ միայն Լոռի-Փամբակում թուրքերի հասցրած նյութական վնասը հասնում է ամենանվազագույն չափով՝ 45 մլն. ռուբլու, որը համարժեք է 15 մլն. դոլարին:
Արեւելյան Հայաստանում թուրքերի կատարած զանգվածային սպանությունների, ոճրագործությունների, կողոպուտի եւ մյուս այլանդակությունների մասին մեր նշանավոր գիտնականներն ու պատմաբանները իրենց աշխատություններում փաստերով ներկայացրել են (Ջ. Կիրակոսյան, Մ. Ներսիսյան, Հր. Սիմոնյան, Ռ. Սահակյան եւ այլք):
1967թ. Հայաստանի իշխանությունները Երեւանում Արեւմտահայաստանում կատարված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ հուշահամալիր են կառուցել, որի ժամանակ եւս նշվել է 1,5 մլն. ցեղասպանված հայի մասին: Թուրքերի կողմից հոշոտված ու սպանդի ենթարկված ավելի քան 1 մլն. արեւելահայեր նույնպես պահանջում են իրենց հիշատակը հավերժացնող հուշարձան ունենալ (կարծում ենք՝ կարելի է նույն հուշահամալիրում, եղածին համահունչ տեսքով մի հուշարձան կառուցել՝ ընդգծելով արեւելահայության եղեռնը նույնպես,- խմբ.): Այսպիսի հուշակոթողը մեկ անգամ էլ աշխարհին ցույց կտա ժամանակի թուրք իշխանության ոճրագործությունների իրական չափն ու նպատակները, հայության հանդեպ կատարված ծանրագույն հանցանքը:
Գուցե մեր իշխանություններն ավելի սթափ ու հեռուն նայեն եւ այսուհետ ամենուր՝ բարձրագույն ատյաններում, թե մասնավոր զրույցներում արեւմտահայության ցեղասպանությանը զուգահեռ հիշատակեն նաեւ արեւելահայության ցեղասպանությունը: (Իրականում երկու ոճիրն էլ մեկ ամբողջական ոճրագործություն – ցեղասպանություն են, որ իրականացրել է մի գազան մարդանմանատեսակ՝ թուրքը, հնագույն մի ազգի՝ հայության հանդեպ: Հենց սա էլ կոչում ենք Հայոց ցեղասպանություն,- խմբ): Պետք է ոչ միայն ասել, հիշեցնել, այլ պետական մակարդակով հարց բարձրացնել միջազգային բոլոր պատկան եւ իրավասու ատյաններում: (Հայ արիները պնդում են, որ ՀՀ իշխանությունները պետք է մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ոչ միայն փաստեր ներկայացնեն միջազգային դատարան, այլեւ պատժող օրենք ընդունեն՝ մեր ազգի հանդեպ կատարված ցեղասպանության փաստը ժխտողների դեմ, նրանց հանցագործներ ճանաչելով: Ըստ Հայ Արիական Միաբանության, նաեւ ցեղասպանության զոհերի թիվը պետք է ճշգրիտ ներկայացվի (շուրջ 3,5 մլն.) եւ պահանջատիրական խնդիր դրվի ինչպես Հայոց տարածքների վերադարձի, այնպես էլ նյութական, բարոյական ու այլ վնասները փոխհատուցելու համար,- խմբ):
Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ այն պետք է նշվի որպես Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններում կատարված հակահայ եւ համամարդկային ոճիր: Արյուրարբու թուրքերը ցեղասպանություն կատարեցին բռնի կերպով բաժան արված հայկական երկու տարածքնեում, եւ այդ փաստերը կան: (Այդ տարածքներն առնչվում են ներկայիս Հայաստանին, Արցախին, Նախիջեւանին ու Ջավախքին եւս, ինչը նույնպես պետք է պատշաճ ներկայացնել սփյուռքահայության պահանջատիրական խնդիրների հետ,- խմբ.):
Սա նաեւ այսօրվա հրամայականն է ու մեր Պահանջատիրության Պահանջը ինչպես թուրքական իշխանություններից ու պետությունից, այնպես էլ քաղաքակիրթ կոչվող Եվրոպայից, Ամերիկայից ու Ռուսաստանից, որոնց աչքի առաջ ու լուռ համաձայնությամբ (եթե չասենք՝ ցուցադրական թողտվությամբ) ցեղասպանվեց աշխարհի հնագույն, քաղաքակրթություններ ստեղծած ազգերից մեկը՝ հայ ազգը: (Այստեղ հավելենք, որ անգամ Հոլոքոսթը չի կարող համեմատվել Հայոց ցեղասպանության հետ, քանի որ հրեական ողջակիզումը եղել է ոչ թե Իսրայելում, այլ Եվրոպայում, իսկ հայկական ցեղասպանությունը կատարվել է բուն Հայաստանում: Հրեաները հայրենիք չեն կորցրել ու փոխհատուցվել են, իսկ հայերը կորցրել են հայրենիքի մեծ մասը եւ ոչ մի փոխհատուցում չեն ստացել,- խմբ):
Չնայած ժամանակը կարճ է, բայց ցանկության դեպքում Ծիծեռնակաբերդի ներկա հուշահամալիրի հարեւանությամբ կարող է եւ պետք է վեր խոյանա Արեւելյան Հայաստանում թուրքերի կողմից ցեղասպանված ավելի քան 1 մլն. հայերի հուշահամալիրը: Դրա հետ մեկտեղ, ճիշտ կլինի Ցեղասպանության թանգարանում առանձին ու ընդարձակ բաժնով ներկայացնել արեւելահայության ողբերգության փաստերը եւս:
Սերգեյ Ավագյան
«Շարուր» հայրենակցական միության հիմնադիր, պատվավոր նախագահ
Հ.Գ. – խմբ. կողմից – Հայ արիականներն ու ազգայնականները տարիներ առաջ համատեղ դիմեցին պետական բարձրաստիճան այրերին ու ատյաններին՝ Հայաստանի Հանրապետությունը Արեւելյան Հայաստանի Հանրապետություն անվանակոչելու համար, որպեսզի Արեւմտյան Հայաստանն ինքնստինքյան դառնա միջազգային քննարկումների թեմա: Այնուհետեւ, այդ քննարկումներում առաջ պիտի քաշվեր Հայկական լեռնաշխարհի հարցը, որպես տարածաշրջանային ինքնուրույն գոտի՝ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ:
Այդուհետ, տարբեր հայ պաշտոնյաներ այս եւ նման այլ թեմաները մերթ ընդ մերթ շահարկում են որպես «սեփական մտահաղացում», սակայն դա այդպես էլ մնում է խոսակցական մակարդակի վրա: Այսպես՝ վերջերս էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ «սեփական մտահաղացմամբ», եւ առաջարկեց քննարկել «մեր պետության վերանվանման հարցը (Արեւելյան Հայաստանի Հանրապետություն), պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության եւ պահանջատիրության դիտանկյունից»:
«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



