ՀՀ-ում ադրբեջանական ահաբեկչական վտա՞նգ (չեչեն եւ ադրբեջանցի ահաբեկիչները համագործակցու՞մ են)… Ամերիկյան ՀԴԲ-ի գործակալներն ուղեւորվել են Ռուսաստան…

ՀՀ-ում ադրբեջանական ահաբեկչական վտա՞նգ

Իրանա-ադրբեջանական սահմանին արդեն մի քանի անգամ զինված միջադեպ է գրանցվել, ինչի հետեւանքով սպանվում եւ վիրավորվում են ադրբեջանցի զինծառայողներ: Այդ միջադեպերի հետեւանքով պարբերաբար սրվում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները: Բաքուն վաղուց չի թաքցնում իր հավակնություններն իրանական Արեւմտյան ու Արեւելյան Ադրբեջանների նկատմամբ, եւ անգամ պատրաստ է իր տարածքը տրամադրել իսրայելական կամ ծայրահեղ իսլամիստական ուժերին՝ Իրանին հարվածելու նպատակով:

Եթե իսրայելական ուժերի տեղակայման հարցը հետաձգվեց՝ կապված Իրանի միջուկային ծրագրի դեմ գործող պատժամիջոցների սառեցման հետ, ապա ծայրահեղ իսլամիստական կառույցներ կան, որոնց խնդիրը ահաբեկչության միջոցով իսլամական աշխարհի միավորումն է եւ մյուսներին, այսինքն՝ անհավատներին իրենց ենթարկեցնելը: Ադրբեջանը մերթ ընդ մերթ խաղացնելով իսլամական երկիր լինելու հանգամանքը՝ փորձում է օգուտ քաղել՝ ինքն էլ խորանալով ահաբեկչական խնդիրների մեջ: Անգամ թյուրքական Թուրքիայի ու Ադրբեջանի կրոնական տարբերակումներն են առկա. թուրքերը սունի ճյուղի հետեւորդներ են, ադրբեջանցիները՝ շիա: Եվ սունի ու շիա մահմեդականների հակամարտությունն այնքան խորն է, որ հազիվ թե իսլամական աշխարհը կարողանա միավորման ուղի բռնել: Միջկրոնական հզոր բախումներ կան առ այսօր Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Եմենում, Թունիսում, Լիբիայում, Աֆղանստանում, Սոմալիում եւ արաբական ու մուսուլմանական այլ երկրներում:

Բացի այդ, իսլամական արմատական միջավայրում մեկ այլ երեւույթի ենք հանդիպում այսօր: Ի հայտ են գալիս իսլամական ծայրահեղ արմատական նոր առաջնորդներ, ովքեր օժտված են գաղափարական, մարտավարական, ռազմավարական, իսլամական հիմնադրույթների փայլուն իմացության ունակություններով եւ ընդունակ են ճկուն արձագանքել մահմեդական աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Այսինքն, նոր սերնդի իսլամական ծայրահեղական առաջնորդներ են ի հայտ եկել, ովքեր շատ լավ զգում են իրենց աշխարհում առկա զգայուն եւ ցավոտ կետերը՝ հաջողությամբ խաղալով նորահայտ ծայրահեղականների հետ (ինչպես առանձին իսլամական խմբավորումների, այնպես էլ անհատ մահապարտ ահաբեկիչների)՝ իրենց լոկալ եւ գլոբալ նպատակները կյանքի կոչելու համար: Այստեղ են հայտնվել նաեւ ադրբեջանական ահաբեկիչները, որ նաեւ այլ հեռահար՝ հակահայ նպատակներ են հետապնդում:

Այն, որ Արցախի ու Հայաստանի հետ սահմանային գոտիներում ամենօրյա սադրանքներ ու միջադեպեր են լինում, արդեն հայտնի է, բայց չի բացառվում, որ դրանք այլ ուղղություն էլ ստանան: Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջերս Նախիջեւանում ստուգումներ է իրականացրել: Նախիջեւանում տեղակայված զինուժի մարտական պատրաստության վիճակի վերաբերյալ զեկույց չի հրապարակվել, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով, Նախիջեւանի ինքնավար մարզում տեղակայված ադրբեջանական 5-րդ բանակային կորպուսը ստացել է առանձին համազորային բանակի կարգավիճակ: Պաշտոնապես նշվում է, որ դրա նպատակն է բարձրացնել Նախիջեւանում տեղակայված զինված ուժերի մարտունակությունը:

Չի կարելի բացառել, որ այս ուղղությամբ որոշակի սադրանքները կարող են նպատակ հետապնդել Արցախի բանակցությունները տապալելու եւ Մաքսային միության հետ Հայաստան-Արցախ անմիջական կապը կասեցնելու համար: Հիշեցնենք, որ Մաքսային միության շրջանակներում համաթուրքական դաշինքի անդամ եւ ԱՊՀ-ական մեր գործընկեր Ղազախստանն ամեն կերպ շահարկում է Արցախի հարցը: Ադրբեջանն ամեն միջոցի դիմում է իր նպատակներին հասնելու համար, մինչ այսօր չի կատարում անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը հերթական անգամ քննարկել են ռազմական համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության հետ կապված հարցեր, ինչից հետո Բաքուն վերստին աշխուժացել է հայկական սահմաններին: Անկարան պահանջում է «Արցախը վերադարձնել Ադրբեջանին», մինչդեռ ինքը շարունակում է բռնազավթված պահել Կիպրոսի մի մասը, որը հռչակել է թուրքական պետություն: Շարունակում է թուրքացման քաղաքականություն վարել (թուրք-մցխեթներով բնակեցնել) Վրաստանի սահմանամերձ տարածքներում, հատկապես հայկական Ջավախքում: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար աջակցում է Վրաստանին՝ ընդդեմ Ռուսաստանի, բայց ինքը աչք է տնկել Աջարիայի վրա: Այսօրինակ ավագ եղբայրը գրգռում է նաեւ փոքր եղբոր՝ Ադրբեջանի ախորժակը, եւ սա էլ հայկական ու իրանական հողերի բռնազավթման ծրագրեր է նախաձեռնում:

Այս ամենը համեմվելով ահաբեկչական նախաձեռնություններին, ի վերջո կհանգեցնի պատերազմի, եթե հայկական կողմը (եւ այլ տարածաշրջանային երկրներ) չկարողանա համախմբված դիմակայել ու հակադարձել այս ամենին:

Հիշեցնենք «Wikileaks»–ի գաղտնազերծած նամակագրությունից մի հատված՝ վերնագրված «Ղարաբաղի հայերը աներեւակայելի կատաղի զինվորներ են, թերեւս լավագույնը տարածաշրջանում»: «Wikileaks»-ը հրապարակել է «Stratfor» ամերիկյան հետախուզական-վերլուծական կենտրոնի աշխատակիցների գաղտնի նամակագրությունները, որոնցում հետաքրքիր տեղեկություններ կան նաեւ Հայաստանի ու Արցախի վերաբերյալ: Համացանցում արդեն հասանելի է Եվրասիայի հարցերով «Stratfor»-ի ավագ վերլուծաբան Լոուրեն Գուդրիխի՝ 2011թ. փետրվարի 23-ին թվագրվող էլեկտրոնային նամակը: Հեղինակը ընկերությանն է զեկուցել Լեռնային Ղարաբաղ իր այցի եւ ստացած տպավորությունների մասին: Նա, հավանաբար, շփման ժամանակ շփոթել է արցախցիների բարբառը ցուցանակների վրայի գրությունների հետ, որոնք, իրականում, գրված են թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ պետական լեզվով՝ գրական հայերենով: «Լեռնային Ղարաբաղում ցուցանակները գրված են ինչպես Ղարաբաղի հայերենով, այնպես էլ ռուսերենով: Ղարաբաղի հայերենի եւ սովորական հայերենի միջեւ տարբերություն կա: Ուշադրություն դարձրեք, որ սովորական հայերենով գրված չեն հասարակական ցուցանակները»,- գրել է նա, ապա կատարել մեկ այլ դիտարկում. «Ղարաբաղի հայերը լոյալ են առաջինը Ռուսաստանի, ապա նոր Հայաստանի նկատմամբ»: Ամերիկացի վերլուծաբանն իր հիացմունքն է արտահայտել Արցախի բնաշխարհի եւ ճարտարապետական հուշարձանների նկատմամբ. «Լեռնային Ղարաբաղը իսկապես լավ վայր է այցելելու համար: Այն գեղեցիկ է, բերրի, ճանապարհները եւ հյուրանոցները լավ են կառուցված, գրեթե ամեն քայլափոխի կան եկեղեցիներ, հանցագործությունների մակարդակը ցածր է»: Ապա անդրադառնալով արցախցի զինվորներին՝ վերլուծաբանը պնդել է, որ նրանք տարածաշրջանի լավագույն զինվորներն են: «Ղարաբաղի հայերը աներեւակայելի կատաղի զինվորներ են, թերեւս լավագույնը տարածաշրջանում: Դեռ չեչենական պատերազմի տարիներին Բասաեւը իր մարդկանցից շատերին ուղարկել է Ղարաբաղի հայերի մոտ՝ մարզվելու նպատակով: Ադրբեջանցիները գիտեն այս մասին, նրանք պատրաստ չեն պատերազմել այնպես, ինչպես ռուսները չեչենների դեմ»,- գրել է նա:

Ամերիկացի վերլուծաբանը շփոթել է նաեւ պատմական փաստերը: Հայտնի է, որ 1993թ. Շամիլ Բասաեւը չեչեն գրոհայինների հետ մասնակցել է ԼՂՀ դեմ մղվող պատերազմում՝ Ադրբեջանի կողմից եւ Բաքուն Բասաեւի խմբավորմանը ոչ թե գումարով, այլ զինամթերքով էր վարձահատույց լինում, որոնք եւ տրամադրում էր չեչեն անջատողականներին ՌԴ դաշնային իշխանությունների դեմ պայքարի համար:

Այսօրինակ գնահատականները հայկական զինուժի մասին մեկ անգամ չէ որ լսում ենք: Դա ասում են ինչպես ՀԱՊԿ-ական, այնպես էլ ՆԱՏՕ-ական մասնագետները, ինչը նշանակում է՝ հայկական բանակը ի վիճակի է պատասխան հարված հասցնել ադրբեջանական զինուժին եւ պարտության մատնել պատերազմի դեպքում: Բայց այսօր մեկ այլ խնդիր կա, ինչը պակաս վտանգավոր չէ: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական կառույցներ են ստեղծվում, որոնց դեմ պետք է պայքարել հենց նույն ձեւերով:

Արտակ Հայոցյան

* * *

Ամերիկյան ՀԴԲ-ի գործակալներն ուղեւորվել են Ռուսաստան

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի տասնյակ գործակալ եւ այլ մասնագետներ է գործուղել Ռուսաստան՝ Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչական հնարավոր հարձակումների կանխարգելման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Օլիմպիական խաղերի նախօրեին գրանցվել է այս պետությունների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների միջեւ համագործակցության առավել բարձր մակարդակ: ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրենի հայտարարության համաձայն, չնայած ՀԴԲ-ն պատրաստ է ներդրում կատարել օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման գործում, միջազգային մարզական խոշոր այս միջոցառման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը վերջին հաշվով ընկնում է ՌԴ իշխանությունների վրա: Մոտ 2 տասնյակ ծառայող կտեղակայվեն Մոսկվայում, եւս մոտ 10 գործակալ կուղեւորվեն Սոչի, որտեղ արդեն իսկ գտնվում են ՀԴԲ-ի որոշ գործակալներ:

Իսկ ԱՄՆ-ի օրենսդիրներից մեկի համաձայն, ՌԴ Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին այցելել ծրագրող ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել, եւ օրենսդիրը այս մասին խոսել է ամերիկյան հեռուստատեսությամբ: «Միացյալ Նահանգներն անում է հնարավորին ամեն ինչ, սակայն այս տարածաշրջանը Ռուսաստանի վտանգավոր տարածաշրջան է՝ Հյուսիսային Կովկասին շատ մոտ գտնվող: Այնտեղ ահաբեկչական կազմակերպություններն ակտիվ են գործում»,- ասել է այդ կոնգրեսականը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը եւս հայտարարություն է տարածել, թե ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նախապատրաստվելու համար, անհրաժեշտության դեպքում Սոչիի օլիմպիական խաղերն այցելել ծրագրող ԱՄՆ-ի մոտ 10 հազար քաղաքացու էվակուացման կազմակերպման համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով օլիմպիական խաղերի անցկացման վայրի շուրջ ստեղծված «երկաթե օղակի» մասի, հանգստացրել է մտահոգ բոլոր կողմերին, բայց չի ժխտել, որ իրական խոցելիությունը պահպանվում է օլիմպիադայի անցկացման տարբեր վայրերից դուրս կամ վայրից վայր տեղափոխվելու ժամանակ: Չնայած այս խոստումներին, ԱՄՆ-ի ԱԳՆ-ն մեկ անգամ եւս զգուշություն ցուցաբերելու կոչ է արել ամերիկացի զբոսաշրջիկներին՝ մասնավորապես Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում պայթյունների եւ պատանդներ վերցնելու հնարավորության կապակցությամբ:

ԱՄՆ-ից բացի, Մեծ Բրիտանիան եւս իր օգնությունն է առաջարկել եւ հնարավոր է այլ երկրներ նույնպես կօժանդակեն Ռուսաստանին: Հայտնի է, որ «Էմիրաթ Կովկաս» կազմավորման չեչեն ղեկավար Դոկու Ումարովը ծրագրել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական հիմնարկներից մեկում, եթե Սոչիում չհաջողի։ Անգամ եթե ստույգ չեն այս տեղեկությունները, պետք է զգոն լինել, եւ գուցե Հայաստանը եւս մասնակցի այդ ընդհանուր անվտանգության համակարգի աշխատանքներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։