Ներքին խնդիր.- «Կուտակային կենսաթոշակային օրենք»-ը Սահմանադրական դատարանում է… Արտաքին վտանգը՝ առաջնային.- Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել…

Ներքին խնդիր. Համատեղ պայքարելու պահըքաղաքական եւ հասարակական ուժերը համախմբվել են

ԱԺ 4 խմբակցություններ՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», «Կուտակային կենսաթոշակային օրենքի» վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշել են, թե «2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչեւ գործի դատաքննության ավարտը, կասեցրեց օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները: Սա նշանակում է, որ 1974թ. եւ դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչեւ 2014թ հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ: Բացի այդ՝ առնվազն՝ մինչեւ 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել եւ չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որեւէ պատասխանատվություն»:

Ելնելով այս որոշման էությունից, ընդունելով համակարգված պայքարի կարեւորությունը, ընդդիմադիրները շարունակելու են պայքարը եւ կոչ են արել. «1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում եւ փոխանցում մի՛ կատարեք: Այլապես, աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի ու կառավարիչների միջեւ: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն սահմանադրությանը հակասող եւ անվավեր, դուք եւ ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ: 2. 1974թ. եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի՛ կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի ու կառավարիչների միջեւ, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն եւ չփոխանցեն: 3. Գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում: 4. ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը եւ Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա: 5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները: 6. Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող եւ կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները»:

ՍԴ կայացրած որոշումը դեռեւս հաղթանակ չի կարելի համարել, բայց շատերն են կարծում, թե Սահմանադրական դատարանը փորձել է պահել իրավաչափ պետության գաղափարախոսությունը եւ եթե նույն ոգով շարունակի, ապա իրապես ըստ էության կմեկնաբանի սահմանադրական դրույթները:

Կան նախաձեռնող խմբեր, որոնք հանրահավաքներ ու երթեր են կազմակերպում, կոչ անում չկատարել վճարումներ՝ սատարելով միմյանց: Ոմանք էլ կարծիք են հայտնել, թե այն պահն է, որ գործատուները պետք է կանգնեն աշխատակիցների կողքին, որպեսզի պայքարը արդյունավետ լինի եւ օրենքը ճանաչվի հակասահմանադրական:

Նարե Մշեցյան

* * *

Արտաքին վտանգը՝ առաջնայինԵրեւի խաղաղասիրությունն այս աշխարհի համար չէ

Վերջին օրերին, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն անընդհատ լուրեր են տարածում սահմանագծին լարվածության պահպանման ու Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին: Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, նշել է, որ իսկապես, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացված հայտնի հարձակումների ու դիպուկահարների ակտիվության հետեւանքով, լարվածությունը սահմանագծին պահպանվում է:

Դիվերսիոն գործողության դիմակայության ժամանակ Արմեն Հովհաննիսյանի հերոսացումից հետո, օրերս դիպուկահարների գնդակից զոհվել է եւս 1 հայ զինվոր: Իսկ Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել:

«Մենք խաղաղությանը վերաբերում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում մեծ պատասխանատվությամբ»,- նշել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավարը: Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, բայց ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները եւ «հակառակորդի ագրեսիվ գործողություններին պատասխանում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Այսօր, երբ Հայաստանին կանգնեցնում են երկընտրանքի առջեւ՝ Եվրամիություն, թե Եվրասիամիություն, միանգամից մեր ինքնապաշտպանության հարցն է առաջ քաշվում: Եթե Եվրոպան մեր ռազմական դաշնակիցը չէ, ապա արդյո՞ք ՀՀ անվտանգության խնդիրները կդառնան ՀԱՊԿ-ինը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պասիվությունը Արցախյան հակամարտությունում, անգամ Մաքսային միություն մտնելու համապատկերում, ամենեւին հուսադրող չէ: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ, բայց մեզ աջակցություն չկա ՀԱՊԿ-ից, հակառակը, մեր դաշնակիցները նույնքան ջերմ են (եթե ոչ ավելի) Ադրբեջանի հետ, ինչպես Հայաստանի:

Եթե Ադրբեջանը որոշի լուրջ բախումների գնալ, ապա Հայաստանը պետք է վստահ լինի, որ ունի ռազմա-քաղաքական դաշնակիցներ, այլապես անիմաստ զիջումները թե՛ Ռուսաստանին, թե՛ Արեւմուտքին, պետք է դադարեցնել: Պետք է սեփական քաղաքականությունն առաջադրել, այն էլ ոչ պակաս ռազմատենչությամբ, քան ադրբեջանականն է: Երեւիխաղաղասիրություննայսաշխարհիհամարչէ

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։