Իլհամ Ալիեւին կենթարկե՞ն քրեական պատասխանատվության – հարցը հնչել է ԵԽԽՎ-ում… Եվրոպան Հայաստանի հարցում հակաընդդիմադի՞ր – ԵԽԽՎ-ում հայ պատվիրակությունը նոր անդամ ունի…

Ալիեւին կենթարկե՞ն քրեական պատասխանատվության

ԵԽԽՎ լիագումար նիստում, հիմք ընդունելով «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի» Եվրոպական կոմիտեի առաջարկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ հայ պատվիրակի, պետք է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները՝ դրանց դեմ արդյունավետ պայքարելու համար:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ իր պահանջի հիմնավորումն է ներկայացրել. «Ահազանգը իրապես պահանջում է հրատապ ու հստակ հակաքայլերի ձեռնարկում, այլապես հեռու չէ այն օրը, երբ մենք ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ: Այո, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ մտնել խորհրդարան: Հունաստանի հայտնի նեոնացիստական կուսակցությունը, ցավոք, այլեւս եզակի դեպք չէ: Համաձայն եմ, որ ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու մեր Վեհաժողովը: Ավելին, ԵԽ տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհրդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները»:

Բայց արդպե՞ս է արդյոք իրականում.- ասել է հայ պատգամավորը եւ հավելել, որ 2 տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժղովի կազմում, ինքը Բաքվում մասնակցել է կառույցի հերթական նիստին եւ «Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ողջ պատվիրակության, այդ թվում՝ հայկական ու Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի եւ անհանդուրժողականության մի կատարյալ շեդեւր ելույթ ունեցավ: Նա մեզ՝ Արդբեջանի խորհրդարանում նստած հայ պատգամավորներիս եւ ողջ հայ ժողովրդին անվանեց ֆաշիստներ, պղծողներ՝ հայ ժողովրդին մեղադրելով ստահոդ եւ անտրամաբանական բոլոր մեղքերի մեջ: Եվ ի՞նչ եղավ: Որեւէ մեկը, բացի հայկական պատվիրակության անդամներից, բացատրե՞ց Ալիեւին, որ ԵԽ անդամ երկրի նախագահին վայլել չէ միջնադարյան ինկվիզիցիայի ոգով ելույթ ունենալը: Իհարկե՝ ոչ»:

Հայտնի է, որ «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի» Եվրոպական կոմիտեն առաջարկում է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները: Հայ պատվիրակության անդամը եւս համաձայնել է այդ առաջարկին ու հավելել. «Հիմա առաջարկում եմ քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին, որի յուրաքանչյուր ելույթ, ուր կա հայի եւ Հայաստանի անուն՝ ռասիզմի, անհանդուրժողականության, հայատյացության բացառիկ դրսեւորում է: Եվ, իվերջո, ինչի՞ ծնունդ էր մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ում իր երկրում համարում են ազգի հերոս: Նա ծնունդ է հակահայ այն խայտառակ մթնոլորտի, որը տիրում է Ադրբեջանում, երբ երեխաներին մանուկ հասակից սովորեցնում են, որ հայն իր թշնամին է: Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն եւ ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան: Առ այս պահը որեւէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից: Մարդը, ում մենք ընտրել ենք նման պատասխանատու պաշտոնում, հարկ չի համարում զբաղվել անմիջական պարտականությունններով, կամ, երեւի վախենում է զայրացնել ադրբեջանցի իր գործընկերներին»:

Նաեւ մեջբերում է արվել ադրբեջանցի Մարյամ Գյունեշլիի նամակից, որտեղ ասվում է, թե ինչպես է հեղինակը «գրեթե ուշագնաց եղել»՝ կարդալով ադրբեջանական որոշ դասագրքեր, ուր «հայրենասիրություն է իբր քարոզվում՝ հային մարդասպան ներկայացնելով»: Իսկ ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, անդրադառնալով ադբեջանական դասագրքերում հայատյացությանը, գրել է՝ «Մենք մի ողջ սերունդ ենք դաստիարակում հայերի հանդեպ ատելությամբ»:

Սա ուղղակի անթույլատրելի է եւ ժամանակն է ընդամենը խոսքերից անցնել իրական քայլերի, քանի որ ներկայացված զեկույցը կոնկրետ քայլեր անելու հրաշալի հնարավորություն է: «Չկորցնենք այն»,- ասել է հայկական պատվիրակության անդամը:

Անի Մարության

* * *

Եվրոպան Հայաստանի հարցում հակաընդդիմադի՞ր

Այդպես էլ անիրական մնացին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության եւ այդ կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Եվրոպայում մեր իշխանություններին պատժելու, անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու պատժիչ հայտարարությունները:

Օրերս Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի է ունեցել պատվիրակների մանդատների հաստատումը եւ ՀՀ պատվիրակության կազմում տեղի է ունեցել փոփոխություն՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի փոխարեն հաստատվել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի մանդատը:

Բայց մինչեւ լիագումար նիստում մանդատների հաստատումը, հարցը քննարկվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ժամանակ, որի ընթացքում միայն Լատվիայի ներկայացուցիչն է անդրադարձել Զարուհի Փոստանջյանի փոփոխության հարցին։

Հիշեցնենք, որ այս պատգամավորը եվրոպական ամբիոնն ավելի շատ գործածում էր երկրիիշխանություններին «խփելու» համար, քան հանուն Հայաստանի ու հայության շահերի: Անգամ թուրք եւ ադրբեջանցի (ինչպես նաեւ այլազգի հակահայ) պատգամավորների ստորագրություններն էր գործածում ՀՀ իշխանությունների դեմ՝ դրանք կամա թե ակամա նաեւ Հայաստանի դեմ ուղղելով: Իսկ մեր թշնամիներն առիթը բաց չէին թողնում՝ իրենց հակահայ քաղաքականությունը այլ դրսեւորումներով շարունակելու համար:

Մեր երկրի պատվիրակության նոր անդամ Մհեր Շահգելդյանը հայտնել է, որ ԵԺԿ-ում քննարկվել է մանդատի փոփոխության հարցը եւ «ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանդատի փոփոխության հետ կապված հիմնավորումներ: Նշվել է, որ այս առումով որեւէ կանոնադրական խախտում չի եղել, քանի որ հայաստանյան պատվիրակության մեջ այս փոփոխությամբ չի փոխվել ընդդիմություն-իշխանություն, կանանց եւ տղամարդկանց անհրաժեշտ հարաբերակցությունը»:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ց բողոքում էր դեռ ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը ողջունեց վերընտրված Սերժ Սարգսյանին:  Նշենք նաեւ, որ այս եվրակազմակերպությունը կարճ ժամանակ առաջ մերժեց ԲՀԿ-ի անդամակցության դիմումը, ինչը անսպասելի էր անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։