Երբ գա՛ հայ վրիժառու բազուկը – Հայ արիականներն ու ազգայնականները ողջունել են ASALA-ի հնարավոր վերածնունդը… ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ-ի) հուշակոթողը՝ սրբազան վրեժի ազդակ…

Երբ գա՛ հայ վրիժառու բազուկը

Ադրբեջանական իշխանություններն իրենց ռազմատենչ հայտարարություններին ավելացրել են նաեւ ահաբեկչական կառույցների ստեղծման քաղաքականությունը, եւ սա կարող է կիրառվել ոչ միայն տեղային բնույթի գործողությունների ժամանակ, այլեւ՝ բուն պատերազմական: Ինչը նշանակում է՝ սադրիչ գործողություններ հակառակորդի թիկունքում, այսինքն՝ Հայաստանում: Այս առումով էլ կարեւոր էր հայ արիականների ու ազգայնականների հայտարարությունը (արված հայկական բանակի օրվա առթիվ), որում ողջունվել են ՀԱՀԳԲ-ASALA-ի աշխուժացման փորձերը, քանզի ահաբեկչության դեմ պետք է պայքարել համարժեքորեն՝ օգտվելով հայ գաղտնի բանակի եւ մյուս վրիժառուների հիանալի փորձից:

Օրերս համացանցում հերթական անգամ արծարծվեց Հունգարիայում՝ ՆԱՏՕ-ական միջոցառումների ընթացքում, գիշերը քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ստահակ Ռամիլ Սաֆարովի թեման, եւ հետաքրքիր է, որ սփռված տեսակետներում կար մի լուր եւս, թե ASALA-ն վճռել է պատժել ադրբեջանցի լամուկին՝ ոչնչացնելով նրան:

Ամեն դեպքում, մերթ ընդ մերթ լսում ենք ադրբեջանցի, այսպես կոչված մոջահեդների հերթական սպանության մասին լուրը Սիրիայից, ինչը հավաստում է, որ Բաքուն փորձելու է ահաբեկչությունը նույնպես իր մարտավարության օրակարգ մտցնել: Այդպես էլ չենթարկվելով դիպուկահարներին սահմանային գոտիներից հեռացնելու եվրապահանջին, այժմ էլ փորձեր են արվելու ահաբեկչական գործողություններով խաթարել Հայաստանի ու Արցախի բնակչության անդորրը:

Երբ Ադրբեջանը համաձայնության եկավ Իսրայելի հետ, ռազմահենակետեր տրամադրել Իրանի դեմ պայքարելու դեպքում, «Հեզբոլահ»-ը հայտարարեց, թե ահաբեկչական գործողություններ է պատրաստում Ադրբեջանում եւ Թուրքիայում: Նրանք հարձակումներ էին պատրաստում մի շարք իսրայելական թիրախների վրա, մասնավորապես՝ Իսրայելի դեսպանատների վրա Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում ու Եգիպտոսում: Բայց իրականում ահաբեկչական այս կազմավորումը վարձկանների է անդամագրում, ովքեր Անկարայում անցնում են նախապատրաստական փուլ, իսկ ամբողջ հակաթուրքական ու հակաադրբեջանական աղմուկը այդ երկրների դեմ, Արեւմուտքի եւ այլոց զայրույթը կանխելու նպատակ ուներ թերեւս: «Հեզբոլահ»-ը աշխուժանալու նշաններ ցույց տվեց նաեւ Եվրոպայում՝ Փարիզում, Ամստերդամում, Լոնդոնում եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: Այս կազմակերպությունը վարձում է եվրոպական, կանադական ու ավստրալիական անձնագրերով մարդկանց, ինչպեսեւ արեւմտյան արտաքինով Լիբանանի քաղաքացիների, որպեսզի ահաբեկիչները կարողանան հեշտությամբ գործել: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները Ռուսաստանում, Աֆղանստանում եւ Սիրիայում նոււյնպես մասնակցություն են ունենում ահաբեկչական ու ծայրահեղական գործողություններում:

Մի շարք ադրբեջանցի ծայրահեղականներ են ձերբակալվել Ռուսաստանում, Սիրիայում ավելի քան 30 ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել: Ըստ ադրբեջանցի վերլուծաբան Արիֆ Յունուսի՝ Սիրիայում, Աֆղանստանում եւ Պակիստանում կռվում են ավելի քան 300 ադրբեջանցի իսլամիստներ, որոնցից շուրջ 100-ը ահաբեկիչների համարում ունեն: Այս ահաբեկիչները համացանցում նաեւ տեսահոլովակներ են տեղադրում, որտեղ «ջիհադի» կոչեր են անում:

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները  հանդես էին եկել հայատարարությամբ, որտեղ նախազգուշացրել էին իրենց քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչության սպառանալիքի առկայության մասին: Ադրբեջանը հայտնվել էր այն 9 երկրների ցուցակում, ուր Իսրայելը իր քաղաքացիներին խորհորդ չի տալիս այցելել, քանի որ այնտեղ ահաբեկչության զոհ դառնալու վտանգ կա: Մի ժամանակ Իսրայելի քաղաքացիական ծառայողներին արգելվել էր ԱՊՀ հարավային հանրապետություններ, այդ թվում՝ Ադրբեջան այցեր կատարելը:

Սրանց կողմից «ջիհադի» կոչերը նպատակ ունեն ահաբեկչությունն ուղղել Հայաստանի դեմ, Արցախի խնդիրը եւս այդ հարթություն տեղափոխեցին մի պահ, երբ «Իսլամական համաժողով»-ում կարողացան իսլամիստներին հայերի դեմ հանել: Դեռեւս դա չի զարգանում, քանզի մեր հարեւան ու բարեկամ իսլամական երկրները՝ Իրանը, Սիրիան եւ այլն, կարողանում են չեզոք պահել թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականությունը մահմեդական աշխարհում: Բայց ահա, կարծես չեչենական հին կապերը փորձում են աշխատեցնել: Որոշ աղբյուրների համաձայն, «Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկու Ումարովը ծրագրավորել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական հիմնարկներից մեկում։ Որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է ասել, բայց պիտի զգոն մնալ:

Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իրավապահ մարմինները տեղեկացված են։ Չեչեն ահաբեկիչը հայտարարել է, որ պիտի ձախողի Սոչիի ձմեռային օլիմպիադան, եւ այդ նպատակով ահաբեկչություն կիրականացնի, իսկ եթե չհաջողի Սոչիում, որտեղ այդ օրերին լուրջ անվտանգության միջոցառումներ են արվում (ռուսներին օգնում են ամերիկացիներն ու անգլիացիները) եւ որտեղ կենտրոնացած է լինելու ռուս եւ օտարերկրյա մի շարք հատուկ ծառայությունների աշխատակիցների մեծ քանակ, ապա չի բացառվում, որ չեչեն ահաբեկիչները ռուսների դեմ գործողություն իրականացնեն այնտեղ, որտեղ հսկողությունը թույլ է։ Հայաստանում են տասնյակ ռուսական օբյեկտներ, որոնց մի մասում անգամ հսկողություն չի իրականացվում։ Իսկ չեչեն ահաբեկիչների համար դրանք կարող են հեշտ ու խոցելի թիրախներ լինել: Եվ չի բացառվում, որ ադրբեջանցիները ցանկություն կհայտնեն օգնել չեչեն ահաբեկչին՝ իրենք էլ իրենց նպատակները հետապնդելով:

Բաքուն նաեւ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ցույց տա, թե պարբերաբար կաջակցի այն երկրներին, որտեղ կօժանդակեն իրենց: Եվ «Հեյդար Ալիեւ հիմնադրամ»-ը որոշել է միջազգային համագործակցության շրջանակներում հումանիտար ծրագիր իրագործել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում (կարծում ենք՝ պաշտոնական Երեւանը պիտի այս անգամ էլ արձագանքի,- խմբ.): Նախատեսված է նոր կենտրոն կառուցել, որը ներառելու է մանկապարտեզ ու կույրերի համար  դպրոց: Ադրբեջանը փորձում է իր համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներ լուծել՝ այդ ճանապարհին ծախսելով միլիարդավոր դոլարներ: Իսկ որ Եվրոպայում «չեն նկատում» Ադրբեջանի «խավիարային քաղաքականությունը», արդեն հասկանալի է, իսկ այսպիսի «ներդրումներն» իրենց բնույթով նույնպես «ոչ կոռուպցիոն» կհամարվեն ու «միջազգային համագործակցության» շրջանակներում պարբերաբար կսղացնեն այսօրինակ հարցերը:

Մի քանի տարի առաջ Հունգարիան դեպի Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկեց Ռամիլ Սաֆարովին, ով հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր ենթարկվել: Բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տված 3 մլրդ. դոլարը ադրբեջանցի հանցագործին Բաքվին հանձնելու հարց առաջացրեց… Ու պտուղները Հունգարիայի ղեկավարությունը դեռ «վայելում» է… չնայած գիտակցում էր, որ գործարքը մեծ հարված է հասցնելու իր հեղինակությանը, գուցե նաեւ որոշակի ճնշումների ենթարկվի, բայց փորձը ցույց տվեց, որ Եվրոպան որքան կաշառատու, այնքան էլ կաշառակեր աշխարհագրական տարածք է:

Եվ հայ արիականների ու ազգայնականների ցանկությունն ու համերաշխությունը, ASALA-ի վերածննդին ուղղված, կարող է իր ծավալումները ստանալ Հայաստանում եւ Սփյուռքում, քանզի միայն պատժիչ գործողություններն են աշխատեցնում եվրոպական բթացած գլուխները, ինչն էլ ցավով ենք արձանագրում:

Բայց հայից ու Հայաստանից վեր չպիտի լինի այլ բան, քանզի մե՛ր առաքելության, մե՛ր հավերժության տերը մենք ենք:

Արամ Ավետյան

ԱՍԱԼԱ-ի հուշակոթողը՝ սրբազան վրեժի ազդակ

Հունվարի 26-ին, Վանաձորի Ղարաքիլիսայի վանքի բակում, 1915թ. Հայոց ցեղասպանության ու Սպիտակի 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հուշարձանների կողքին բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) նահատակներին նվիրված հուշակոթող:

Հուշակոթողի մտահաղացման հեղինակները ազատամարտի բովով անցած եւ հայրենիքին ծառայելու պատրաստ մարդիկ են: Սա ASALA-ի նահատակ հայորդիների հիշատակն ու սխրագործությունները հավերժացնող 2-րդ հուշակոթողն է Հայաստանում: Առաջինը տեղադրվել է 2000թ.՝ Եռաբլուրում:

Բացմանը ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի թվով 40 զինվորներ, Վանաձորի Երկրապահ կամավորական ջոկատի ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, բազմաթիվ վանաձորցիներ, «Հայ ժողովրդական շարժման» գրասենյակի ներկայացուցիչներ, նաեւ ASALA-ի համակիրներ, մարտիկները՝ Մարտիրոս Ժամկոչյանը, «Վան» ջոկատի (եւ գործողության) հրամանատար Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Սիմոն Նայիրին, մտավորականներ եւ այլք:

Բացման խոսքում արքեպիսկոպոս Ոսկան Գալփակյանը հակիրճ ներկայացրել է ASALA-ի պատմությունն ու անցած ուղին, իսկ «Վան» ջոկատի հրամանատար Վազգեն Սիսլյանը նշել է, որ այս օրը նվիրվում է Հակոբ Տարակճյանի հիշատակին, իսկ հուշակոթողը՝ ASALA-ի բոլոր նահատակներին:

Նշենք, որ Հայաստանի մի շարք դպրոցներում բացվել են նահատակ վրիժառու տղաների հիշատակը հավերժացնող անկյուններ, որոնք նպաստում են դպրոցականների՝ ASALA-ի հերոսներին ավելի լավ իմանալու, ճանաչելու գործին, նաեւ՝ ճիշտ հասկանալու գաղտնի բանակի ու հայ վրիժառության դերն ու նշանակությունը մեր պատմութան մեջ:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։