Ու՞ր է մեր դիվանագիտական դեմքը – Հայաստանը՝ մասնատվող Թուրքիայի եւ նախատեսվող Քրդստանի արանքում… Երբ մեր տարածքները վերադարձնենք մեզ, ապրողներ եւ երկիրը զորացնողներ հաստատ կգտնվեն…

Մերձավոր Արեւելքը Հայկական լեռնաշխարհի (որ միտումնավոր հանված է քաղաքական շրջանառությունից) ու Կովկասի տարածաշրջանի հետ մշտապես գտնվում է գերլարված իրավիճակում, կարծես երբեւէ հանդարտվելու միտում չի նկատվելու այստեղ: Հազարամյակներ շարունակ այս եռակցված տարածքը շարունակ եռում է: Հասկանալի է, չէ որ այստեղ են խաչվում ինչպես ռազմա-քաղաքական (համաշխարհային եզակի խաչմերուկ է, որ խաչվում են Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան, ըստ այդմ նաեւ՝ մյուս աշխարհամասերի շահերը), այնպես էլ ռազմա-տնտեսական (նավթա-գազային պաշարներով հատկապես) առումներով:

Իհարկե, քաղաքականությունը դիվանագիտական գործընթաց է առավելապես, բայց երբ դառնում է ռազմա-քաղաքական կամ քաղաքա-տնտեսական, ապա այլ բնույթ է ստանում նաեւ բուն քաղաքականությունը: Այսօր, մի քանի տարի շարունակվող սիրիական ու իրանական միջազգային խնդիրները բարձրացրել են համաշխարհային աշխարհա-քաղաքական վերաձեւումների հին ու նոր թեմաները: Թուրքիայում եւս խնդիրներ կան, դրանք դեռ ներպետական են, սակայն ծավալվելու եւ միջազգայնանալու միտումներ ունեն: Իզուր չէ, որ կրկին ակտիվացել են քրդերը, ինչպես Սիրիայում (ինքնավարություն են հռչակել անգամ եւ այլն), այնպես էլ Թուրքիայում: Քրդերը նաեւ ցանկություն են հայտնում մասնակցել բանակցային «Ժնեւ-2-»ին: Պետք է հասկանալ, թե ի՞նչ են ուզում քրդերը կամ էլ նրանք, որ քրդերին հասկացրել են, թե կարելի է «Ժնեւ-2»-ի սիրիական խնդրին առնչվող համաժողովին մասնակցել: Ինչը նշանակում է՝ նորից են ցանկություն հայտնում պետություն ստեղծելու առումով: Արդեն տարիներ շարունակ խոսում են այս մասին, ու աշխարհի գաղտնի տերերի որոշ ծրագրերում դեռ կա «Քրդստան» ստեղծելու տարբերակը, որն իհարկե կղեկավարվի «քրդացած» հրեաների, այսինքն՝ Իսրայելի կողմից: Նման արհեստածին պետության ստեղծումով կկազմաքանդվեն Թուրքիան, Իրանը, Սիրիան եւ Իրաքը: Այսինքն՝ այդ երկրների տարածքներում քրդերի անջատողական նոր շարժումներ կլինեն, որոնք կմիանան վերջում, եթե ծրագիրը հաջող ընթանա:

Վաղուց հայտնի է, որ նման ծրագրերը՝ «Մեծ Մերձավոր Սրեւելք» կամ «Նոր Մերձավոր Արեւելք», թե այլ անուններով, առնչվում են նաեւ հայության շահերին, քանի որ Թուրքիայի մասնատում ասվածը, որից հետո պետք է «Քրդստան» հայտնվի աշխարհի քարտեզի վրա, նկատի է առնում Արեւմտյան Հայաստանի տարածքը: Այսպես՝ նոր աշխարհակարգի եւ աշխարհաբաժանման ծրագրերում գծագրվել է քրդական պետության մի քարտեզ: Սակայն, այդ պետությունը մնացել է քարտեզի վրա, ումենք՝ հայերսամեն բան պիտի անենք, որ այդպես էլ մնա՝ որպես քարտեզապետություն:

Քրդերը փորձում են այս խառն իրավիճակում ստեղծել իրենց պետությունը (ինչը հիմնականում աշխարհի գաղտնի կառավարության ծրագիր է), բայց նրանցից շատերը չեն էլ ըմբռնում, որ դա տարածաշրջանային մի խաղ է եւ տասնյակ միլիոնների հասնող քրդերը գործածվում են Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Իրանի ու այլ պետությունների դեմ (հետագայում՝ գուցե նաեւ Իսրայելի):

Ինչեւէ, այսօր այս հարցի բարձրացումն առաջին հերթին սպառնալիք է Սիրիայի համար, մասնատվելու վտանգն արդեն առկա է: Սիրիայից հետո այն սպառնալիք կդառնա Թուրքիայի համար, քանի որ հնարավոր Քրդստանի մեծ մասը հենց Թուրքիայի այժմյան տարածքում է, ինչպես նշեցինք՝ մեր բնական ու պատմական հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում: Թուրքիայից հետո վտանգը տարածվում է նաեւ Իրանի վրա: Իրաքը հայտնվել է Արեւմուտքի ճիրաններում եւ դեռ մասնատման խնդիր չի նկատվում, բայց այսօր արդեն այդ երկում կա կիսաանկախ քրդական ինքնավարություն, որը նաեւ տիրապետում է նավթա-գազային շարժի մի մասին, անգամ շահույթներ է ստանում միջազգային մատակարարումներից:

Նշենք, որ Իրաքի նախագահը ժամանակին իրաքյան քրդերի մի մեծ համայնքի առաջնորդն էր, անգամ խոսվում է նրա՝ քրդացած հրեա լինելու մասին: Ինչեւէ, եթե Սիրիա-Թուրքիա-Իրան-Իրաք սահմանագլխին նորից ցանկանում են ձեւավորել պետություն՝ այն անվանելով Քրդստան, ապա հայկական հարցը պետք է մտնի նոր փուլ: Չի՛ կարելի թույլ տալ, որ բուն հայկական տարածքները վերցնեն թուրքերից ու տան քրդերին: Այդ տարածքների միակ ու բնական, իրավական ու բարոյական տերը հայերն են, որ Հայկական լեռնաշխարհի միակ բնիկներն են:

Նաեւ խոսում են, թե քրդերի մի մասը կգնա արհեստածին Քրդստանում ապրելու, իսկ մի մասն էլ կմնա հարակից շրջաններում՝ մեր թվարկած, արդեն մասնատված երկրներում՝ նպատակ ունենալով հետագայում մեծացնել քրդական պետության սահմանները: Եթե Արեւմուտքը այս հարցը դիտարկում է պանիսլամիզմի, պանարաբիզմի, պանթուրքիզմի կամ պանիրանիզմի դեմ պայքարի միջոց եւ տարածաշրջանի «մինի»-գերտերություններին (Իրան կամ  Թուրքիա, նաեւ արաբական աշխարհ) ոչնչացնելու հանգամանք, ապա նախատեսված Քրդստանը նույնպես կարող է դառնալ ծայրահեղ իսլամական ուղղվածությամբ երկիր կամ պանքուրդիզմի ջատագով մի պետություն, ինչը նոր փորձանքներ կբերի:

ԱՄՆ-ն ստեղծեց Բեն Լադենին եւ «Ալ-Ղաիդա»-ն, որպեսզի պայքարի Ռուսաստանի դեմ, հատկապես Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքում, բայց ի վերջո այդ ծայրահեղական խմբավորումը դուրս եկավ իրեն ստեղծողի ու սնողի՝ Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների դեմ

Պետք է վերջ տանք միայն այլ պետությունների քաղաքականությունների քննարկումների զբաղմունքին եւ ցանկացած հարցում պիտի փնտրենք մեր շահը: Հատկապես, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կարելի է միջազգայնացնել հայկական պահանջատիրությունը եւ որպես փոխհատուցում՝ դրանց ռազմա-քաղաքական ծրագրեր առաջադրել Միացյալ Հայաստանի վերականգնման համար: Քրդական պետության հարցը ասպարեզ է հանում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որից կարելի է լուրջ շահեկան վիճակում հայտնվել, անգամ միջազգային դատական ատյաններում: Սա միջազգային հարթակում կարեւորագույն փաստաթուղթ է, որ պետք է մենք միջազգայնացնենք: Պետք է նպաստել նաեւ քրդերի եւ նշյալ 4 երկրների պայքարի թեժացմանը, քանի որ դա կբարդացնի արհեստական Քրդստանի առաջացումը, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքների մեծ մասը կազատի թուրքերից ու քրդերից, քանի որ կվերածվի բախման գոտու (իզուր չէ, որ քրդերի առաջնորդ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության ղեկավար, Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին՝ խաղաղությամբ հարցերը լուծելու կոչով, ինչն էլ հստակ պատվեր է…):

Իսկ թուրք-քրդական բախումը ձեռնտու է հայերին, որովհետեւ հայկական հարցն առավել արդիական ու առաջնային կդառնա, չի խանգարի Սիրիայի, Իրանի ու Իրաքի ինքնիշխանությանը եւ կփոխարինի թուրք-քրդական հակամարտությունը, երբ Արեւմտյան Հայաստանը վերադարձվի հայությանը: Ավելի հեշտ կլինի վերատիրել անբնակ կամ սակավաբնակ մեր տարածքնեը, քան՝ լավ բնակեցվածը, հատկապես թուրքերով ու քրդերով: Չնայած գիտենք, որ Արեւմտյան Հայաստանի ներկա բնակչության մեծ մասը ծպտյալ հայերեն, եւ դա նույնպես կնպաստի Հայկական լեռնաշխարհի նորովի հայացմանը:

Ցավալի է, բայց մեզանում կան մարդիկ, որ անիմաստ հարց են տալիս, թե «այդ տարածքները վերադարձվելուց հետո ո՞վ է ապրելու այնտեղ»: Հետո էլ օրինակ են բերում Արցախն ու ազատագրված տարածքները: Այո, թերացումներ եղան ու լինում են վերաբնակեցման քաղաքականության մեջ, սակայն հայրենիքը ցանկությամբ կամ կամայականությամբ չի որոշվում, տրվում կամ ետ առնվում: Եթե անգամ 1 հայ չլինի այդ պահին Արեւմտյան Հայաստանում, միեւնույնն է այն ի՛մ, քո՛ նրա՛, հայության հայրենիքն է եւ պետք է վերադարձվի: Այսօր կան հակադիր օրինակներ, Ջավաքխը ճնշող մեծամասնությամբ հայբնակչությամբ մեր տարածքն է, սակայն Վրաստանի կազմում է, իսկ Նախիջեւանում չկա 1 հայ (ծպտյալ հայերը հետո կերեւան), եւ այս հայկական տարածքն էլ Ադրբեջանի կազմում է: Բայց՝թե՛մեկը, թե՛ մյուսը հարազատ են մեզ հավասարապես ու պիտի՛ դառնան մերը

Երբ մեր տարածքները վերադարձնենք մեզ, ապրողներ եւ երկիրը զորացնողներ հաստատ կգտնվեն:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։