Հայկական խոհանոց – Կանաչ ոլոռով ապուր… Մուլտֆիլմերը չեն ծառայում երեխաններին… Գարեջրի եւ օղու մասին… Շաբաթվա մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Կանաչ ոլոռով ապուր

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Բաղադրությունը - Կանաչ ոլոռ – 300 գ, գլուխ սոխ – 1 հատ, կարտոֆիլ – 400 գ, գազար – 400 գ, տաքդեղ կամ ծիծակ – 1 հատ, աղ, ծիտրոն:

Պատրաստման եղանակը – Ոլոռը նախապես թրջել, հետո եփել: Առանձին թավայում սոխառած անել, վրան ավելացնել կտրտած կարտոֆիլը, գազարը, տաքդեղը կամ կծու ծիծակը՝ ըստ ցանկության: Այս ամենը սոխառածի մեջ լավ խառնել, հետո հարիչով հարել ու լցնել ոլոռի վրա:

Ապուրը կրակի վրայից վերցնել 10 րոպե եռալուց հետո: Ավելացնել չոր ծիտրոն եւ մատուցել թթվասերով:

Մուլտֆիլմերը չեն ծառայում երեխաններին, նպաստում են սերնդախեղմանը

Այսօր այն կարծիքն է գերակշռում, որ վաղուց է, ինչ ամբողջ աշխարհում մուլտֆիլմերը շեղվել են իրենց բուն նպատակից: Սրա հետ համամիտ են մանկավարժական ու մտավորական շրջանակները, այդպես են խոսել նաեւ Երեւանի 9-րդ մանկապատանեկան միջազգային ֆիլմերի փառատոնի մասնակից ռեժիսորները:

Վրացի ռեժիսոր Գրիգոլ Չիգոգիձեն հայտնել է իր մտահոգությունը. «Ամենուր, ամեն տեղ բռնություն է ու պատերազմ, արյուն եւ ագրեսիա, սրա դեմ ինչ-որ կերպ պայքարել է պետք»: Ուկրաինացի ռեժիսոր Նատալյա Սկրյաբինան հիշում է՝ փոքր տարիքում գրեթե սթրեսի է ենթարկվել ագրեսիվ մուլտֆիլմի պատճառով: Նրա խոսքով՝ տեղի է ունենում արժեքների փոխակերպում. «Միայն առարկայական ենք սկսում մտածել եւ մոռացել ենք զգացմունքայինի ու հոգեւորի մասին»: Ռեժիսորները հիշեցրել են՝ երեխաներին դաստիրակելու խնդիրը հրատապ է բոլոր ժամանակներում եւ բոլոր պետություններում: Այս գործում անփոխարինելի դեր ունեն մուլտֆիլմերը, որոնք ձեւավորում են երեխանների արժեհամակարգը: Իսկ այժմ անիմացիա ստեղծողները մտածում են ոչ թե մանուկների առողջ հոգեբանության, այլ սեփական բիզնեսի մասին: Ռուսական «Երալաշ» հաղորդման ռեժիսոր Բորիս Գրաչեւսկին խորհուրդ է տալիս, որ մտածեն ստեղծագործությունների շուրջ. «Ում եւ ինչի համար եք անում, բարությամբ ավելի հեշտ է հասնել թիրախին, քան չարությամբ, թեեւ բարության ճանապարհը փոքր-ինչ դժվար է»: Աֆրիկացի ռեժիսոր Բենջամին Ֆրանսիզը մուլտֆիլմերը կարեւորում է նաեւ միջմշակութային հաղորդակցության ոլորտում, անգամ հակամարտությունների լուծման հարցում. «Պետք է ստեղծենք այնպիսի կերպարներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ է հանդուրժողականությունը եւ բացահայտել տարբեր մշակույթների առանձնահատկությունները»:

Հայկական մուլտֆիլմերից խոսելիս, նախ եւ առաջ կարելի է առանձնացնել «Սասունցի Դավիթ»-ը, որը եւ՛ գեղարվեստական, եւ՛ քարոզչական ու դաստիարակչական արժեք է ոչ միայ հայ մանուկների համար, այլեւ ներկայանալի նյութ է օտար հանդիսատեսի աչքին: Մեր մանուկներին պիտի մատուցել ինչպես գեղարվեստական, հեքիաթային ու գունագեղ, այնպես էլ պատմական ու մշակութային գիտելիքներ տվող մուլտֆիլմեր:

Գարեջուրը եւ տղամարդկանց հիշելու ունակությունը

Օրական 1 լիտր գարեջուրը նպաստում  է միջին տարիքի տղամարդկանց հիշողության թուլացմանը. այսպիսի եզրահանգման են եկել Լոնդոնի քոլեջի գիտնականները, որոնք 20 տարի շարունակ հետազոտել են 5 հազարից ավելի բրիտանացիների:

Նրանք, ովքեր փոքր քանակությամբ են օգտագործել գարեջուրը, այսինքն՝ օրական ոչ ավելի, քան 0,5 լիտր, որեւէ բացասական ազդեցություն հիշողության վրա չեն ունեցել: Իսկ ահա նրանք, ովքեր շատ մեծ սեր են դրսեւորել ըմպելիքի նկատմամբ, խնդիրներ են ունեցել հիշողության հետ: Նրանց հիշողությունը կարծես 6 տարով ծերացել է ու աշխատել է այնպես, ինչպես 6 տարով մեծ մարդկանց մոտ:

Բացի այս, ժամանակի ընթացքում մեծ քանակությամբ գարեջուր օգտագործողների մոտ նկատվում է խոսակցական խնդիր եւ մաթեմատիկական ունակությունների վատացում: Ուշագրավն այն է, որ հետազոտությանը մասնակցել են նաեւ կանայք ու թեեւ նրանց վրա նույնպես բացասաբար է ազդում գարեջրի մեծ քանակությամբ օգտագործումը, բայց բացասական ազդեցություններն այդչափ ցայտուն չեն:

Օղու ստեղծումն այդ երկրի պատմության մեջ ամենաողբերգական իրադարձությունն է

Ռուսական կինոյի հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը facebook-յան իր էջում անդրադարձել է օղու ստեղծման պատմական փաստին եւ գրառել. «Այսօր, երբ ռուսական օղու ծննդյան օրն է, այն 149 տարեկան է: Կարծում եմ, որ սա մեր երկրի պատմության մեջ ամենաողբերգական իրադարձությունն է, որքան վիշտ է այն բերել: Ոչ թե ուրախություն, այլ հենց վիշտ… Վստահ եմ, որ հասկանում եք ինձ՝ դա ամենադառը իրադարձությունն է եւ՜ ուղիղ, եւ՜ բառի փոխաբերական իմաստով»,- գրառել է դերասանը:

Նշենք, որ այդ օրը հունվարի 31-ն էր, ռուսական օղու ծննդյան օրը:

Գոհար Վանեսյան

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Հայ առաջատար շախմատիստը 14 միավորով առաջադիմել է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է փետրվարյան վարկանիշային աղյուսակը, ըստ որի  Հայաստանի հավաքականի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը՝ հասցնելով 2826-ի: Հունվարին նրա վարկանիշը 2812 էր: Հայ գրոսմայստերը շարունակում է զիջել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացու ցուցանիշը 2872 է:

Տասնյակում են նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ իսրայելցի Բորիս Գելֆանդը:

Լեւոն Արոնյանի 2-րդ եւ 3-րդ տեղերը

Ցյուրիխում ավարտվեց շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում էր Լեւոն Արոնյանը: Արագ շախմատի մրցաշարում մեր գրոսմայստերը 5 հնարավորից վաստակեց 3 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ վաստակեց 3,5 միավոր, սակայն իր անձնական վարկանիշով գրավեց 1-ին տեղը: Ընդհանուր հաշվարկով դասական եւ արագ շախմատի մրցաշարերի գլխավոր մրցանակին տիրեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով 10 միավոր վաստակեց, իսկ Լեւոն Արոնյանը 9 միավորով գրավեց 2-րդ տեղը:

Հայ տաղանդավոր շախմատիստն իր խաղերից մեկը, որն ավարտեց հաղթանակով, նվիրեց հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրին, ով այդ օրն այցելել էր մեր շախմատիստին՝ շվեյցարական Ցյուրիխում ընթացող շախմատի գերմրցաշարում։

Համաշխարհային պարային օլիմպիադան կզարդարեն հայերը

Անսպասելի էր այն լուրը, որ Վայոց Ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձեւավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Նրանք բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազմակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։

Կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշել է, որ բատիկայի դասընթացը բավականին արդյունավետ էր։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցներից մեկն իր աշխատանքները ներկայացրել էր Իրանում կազմակերպված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսին, որտեղ դրանցից մեկը վաճառվել է։ Այսքանով, սակայն, երիտասարդների հաջողությունները չեն սահմանափակվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցներից Սյուզան Մարգարյանը վերջերս, համագործակցելով համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչների հետ, ստացել է ավելի քան 4000 շարֆի, բատիկայով ձեւավորված այլ իրերի պատվեր։ Պարային օլիմպիադան անցկացվելու է ապրիլի 29-ից մայիսի 10-ը Մոսկվայում, եւ կենտրոնի կազմակերպած բատիկայի դասընթացի մյուս մասնակիցներից ձեւավորել է աշխատանքային խումբ՝ պատվերը ժամանակին հասցնելու համար։ Առաջին խմբաքանակն առաջիկա օրերին արդեն կուղարկեն պատվիրատուներին։

Բատիկան դրսում մեծ պահանջարկ ունի եւ շատ ավելի բարձր է գնահատվում։ Դասընթացի մասնակիցները որոշել են լինել հետեւողական ու դիմելու են տարբեր կազմակերպությունների՝ առաջարկելով իրենց աշխատանքը։ ՀԵՀ-ը կարեւորում է արհեստների դասավանդումը ու առաջիկայում ծրագրում է անցկացնել պլաստիկ կավի անվճար դասընթաց սոցիալապես անապահով երիտասարդների համար։ Վերջիններս կսովորեն պատրաստել ականջօղեր, թեւնոցներ, մատանիներ։ Բոլոր դասընթացները լրացուցիչ հմտություններ են փոխանցում երիտասարդներին, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու եւ գումար վաստակելու հարցում։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։