Եղունգ ունես՝ գլուխդ քորի՛ր, Ալիեւ… Բաքուն իր ահից է գոռում… Մոսկվան եւս մտահոգված է – Բրյուսելն ու Վաշինգտոնը «Հարավային հոսք»-ի շուրջ բարդ իրավիճակ են ստեղծում… Կշրջափակվի՞ Ռուսաստանը – Ուկրաինայի ու Հայաստանի որոշիչ դերը…

Եղունգ ունես՝ գլուխդ քորի՛ր, Ալիեւ

Արդեն Եվրոպայում էլ ակնհայտ է, որ Բաքուն եվրոպական էներգետիկ անվտանգությունը ապահովողի կերպար է ստեղծում պարզապես: Դա այդպես է, քանզի անգամ Բաքվի բնակիչները արդեն հաճախակի է, որ գազ չեն ունենում:

«Մինչ Ադրբեջանի իշխանությունները մտածում են ինչ-որ վերացական էներգախողովակների մասին՝ «TAP», «TANAP», «Nabucco» եւ այլն, հավաստիացնում են երկրի բնակչությանը Ադրբեջանի էներգետիկ հզորության մեջ, նաեւ իբր մեծ դերն ունենք Եվրոպայի էնեգետիկ անվտանգության գործում, Ադրբեջանի քաղաքացիները զրկված են առօրյա կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից»,- վերջերս հայտնել էր ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքը:

Հոդվածում ասվում է, որ Բաքվի մի շարք թաղամասեր զրկված են գազից: Նման լուր կարդում ենք նաեւ «Ազերիգազ» ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում: Բաքվի բնակարաններում գազ չլինելու հանգամանքը իշխանությունները ջանում են կրկին բացատրել ինչ-որ վթարով:

«Ավաղ, Բաքվի բնակիչների համար արդեն սովորական է դարձել մի փոքր անձրեւի կամ ձյան պատճառով բոլոր կոմունալ ծառայություններից զրկվելը, իսկ մարզերի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է»,- տեղեկացնում է նշյալ տեղեկատվական կայքը:

Իսկ «Ազերիգազ»-ի մամուլի ծառայության տնօրեն Ազար Ագաեւի խոսքով, մոտակա ժամանակներս Սուրախանի եւ Սաբունչի թաղամասերի գազամատակարարումը կվերականգնվի, սակայն Աբշերոնի եւ Ղարադաղի թաղամասերը գազ չեն ունենա եւս որոշ ժամանակ:

«Դժբախտաբար, Ադրբեջանի ներկան այսպիսին է: Իշխանությունները շարունակաբար խոսում են մի շարք էներգախողովակների մասին՝ հավաստիացնելով երկրի բնակչությանը Ադրբեջանի էներգետիկ հզորության մեջ, սակայն, չգիտես ինչու, նրանք չեն կարողանում Ադրբեջանի քաղաքացիներին ապահովել տարրական պայմաններով: Իսկ ո՞վ կապահովի ադրբեջանցիների էներգետիկ անվտանգությունը: Այս մասին ինչ-որ մեկը մտածու՞մ է, թե ոչ: Ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել այս դաժան ցրտի պայմաններում՝ առանց ջրի եւ գազի»,- գրում են հենց ադրբեջանական կայքերը:

Արման Դավթյան

* * *

Բաքուն իր ահից է գոռում…

Բաքուն ամեն ինչ անում է իր գազանավթային իմիջը չկորցնելու համար, սակայն բոլոր ծախսերը ի չիք են լինում: Հիմա էլ տորագրվեց «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման 2-րդ փուլի ֆինանսավորման նախագիծը: Նախագծում աչքի են զարնում հսկայածավալ ներդրումները, որի առջեւ կանգ չի առնում Բաքուն: Անգամ համաշխարհային նավթագազարդյունահանման ոլորտում, նաեւ շատ եկամտաբեր նախագծի համար, դա ահռելի գումար է:

Նույնիսկ Ազերի-Չիրագ-Գյունեշլիի նավթի հանքավայրերի շահագործման եւ նավթի տեղափոխման ենթակառուցվածքների գումարային ներդրումները զգալիորեն ավելի ցածր են եղել եւ դա այն դեպքում, որ ԱՉԳ-ի նավթից արդյունահանումից սպասվող եկամուտների մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է գնահատվել, քան Շահ Դենիզ 2-ինը:

Եվ այսպես, մեզ հարեւան կոչվածները շարունակում են բարձրագոչ խոսել պատերազմից ու տնտեսական թռիչքից… Բայց գիտենք, որ հայտնի առածն ասում է՝ արջն իր ահից է գոռում…

Մոսկվան եւս մտահոգված է

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել Եվրամիության կողմից առաջադրված պահանջների առնչությամբ, որում ենթադրվում են Ռուսաստանի Դաշնության եւ «Հարավային հոսք» գազատարի մասնակից երկրների միջեւ կնքված միջպետական համաձայնագրերի 3-րդ էներգետիկ փաթեթի հետ համապատասխանեցում: Սա սպասելի էր, «Լուսանցք»-ն այս մասին գրել է, որ Մոսկվայի կարծր ճնշումները Կիեւի եւ Երեւանի վրա, կապված Մաքսային միություն մտնելու հետ, Բրյուսելին ու Վաշինգտոնին կարող են դրդել «Հարավային հոսք»-ի շուրջ վերոնշյալ իրավիճակը ստեղծելուն, ինչն էլ իրականացավ: Եթե ռուսները կարողացան այս նախագծով շարքից հանել «Նաբուկո»-ն, ապա ԱՄՆ-ն ու եվրոպան եւս կարող են մեկ այլ ծրագիր հակադրել «Հարավային հոսք»-ին…

«Մտահոգություն եւ շփոթվածություն են առաջացնում Բրյուսելի հայտարարությունը՝ ռուսական կողմի եւ «Հարավային հոսք»-ի մասնակից երկրների (ներառյալ Սերբիան) միջեւ կնքված միջպետական համաձայնագրերի վերանայման ու դրանք 3-րդ էներգետիկ փաթեթին համապատասխանեցնելու հետ կապված»,- ասել է Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, ԵՄ օրենքները չպիտի հետահայաց կիրառվեն՝ խոչընդոտելով ավելի վաղ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների կատարմանը: Հիշատակված համաձայնագրերը հանդիսանում են միզազգային իրավունքի անբաժանելի մասը եւ չեն կարող միակողմանիորեն վերանայվել:

Մոսկվան Եվրոպական հանձնաժողովի հետ երկխոսություն է վարում եւ առաջարկում ԵՄ-ին՝ կնքել երկկողմ համաձայնագիր, որը կկարգավորի անդրսահմանային էներգետիկ ենթակառուցվածքի գործառնության սկզբունքները: Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել, որ ԵՄ-ի հետ Բելգրադի մերձեցումը չպետք է լինի էներգետիկ եւ ենթակառուցվածքների ոլորտում ի վնաս Մոսկվայի հետ գործակցության: Նշենք, որ «Հարավային հոսք» նախագծի կառուցմանը զուգահեռ փորձագիտական շրջանակներում լայնորեն քննարկվում էր այն հարցը, որ 3-րդ էներգետիկ փաթեթը խոչընդոտ է ստեղծելու նախագծի իրականացման գործում: Խնդիրն այն է, որ գազի տարանցումը ապահովելու համար ՌԴ-ի ու ԵՄ անդամ երկրների՝ Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի ու Ավստրիայի միջեւ կնքված միջպետական համաձայնագրերը հակասում են ԵՄ օրենսդրությանը: Այդ համաձայնագրերը 3-րդ էներգետիկ փաթեթի հետ համապատասխանեցնելու պահանջը «Գազպրոմ»-ի համար նշանակում է, որ վերջինս չի կարողանալու միաժամանակ լինել եւ՛ գազի մատակարար եւ՛ տարանցումը ապահովող երկրների կողմից կառուցված գազատարերի սեփականատեր: Այդ պատճառով էլ Մոսկվան պահանջում է այդ համաձայնագրերը դիտարկել որպես միջազգային իրավունքի բաղկացուցիչ, որի դեպքում վերջիններս գերակայություն կունենան ԵՄ ազգային օրենսդրության նկատմամբ:

Հիշեցնենք, որ տարեկան 63 մլրդ խմ գազ ապահովող «Հարավային հոսք»-ը «Գազպրոմ»-ի նախագիծն է, ըստ որի գազը մատակարարվելու է արտադրողից անմիջապես սպառողին: Նախատեսված է, որ գազատարն ամբողջական հզորությամբ կգործի 2018թ.: Իսկ նախագիծն իրականացվում է ԵՄ էներգետիկ ռեսուրսները զանազանեցնելու ռազմավարության շրջանակներում:

Արտակ Հայոցյան

Ուկրաինայի ու Հայաստանի որոշիչ դերը

Մոսկվայում զգացել են Ռուսաստանի շրջափակման վտանգը, եթե հանկարծ Հայաստանը եւ Ուկրաինան վճռեն շարժվել բացառապես եվրոպական ուղղությամբ: Արեւմտյան հանրության ծրագրերը գործի են դրվել ամբողջ ուժով, եւ Արեւելյան գործընկերության նախագիծն ընդամենը եվրոպական ուղղությամբ Ռուսաստանի շրջափակման փորձ էր կամ՝ դրա 1-ին փուլը: Ուստի՝«վա-բանկ» գնալը, շտապելն ու վրիպելը թուլացնելու է ռուսական կողմին՝ արեւմտյան ուղղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելով: Եվ այստեղ է, որ Հայաստանը չպե՛տք է միակողմանի մտածի՝ կամա թե ակամա շտապելով:

Ռուսաստանին ծանր գործընթացների մեջ ներքաշելու եւ անհամարժեք ծախսերի հարկադրելու խնդիր է դրված: Նոր բան չի լինում, իսկ Արեւմուտքի գլխավոր ուժը այժմ Արեւմտյան Ուկրաինան է, որ կարեւոր դեր ունի խաղալու՝ Ռուսաստանին հակակշիռների համակարգ ձեւավորելու հարցում: Բելառուսի դերը ժամանակի ընթացքում եւս կդառնա կարեւոր ու առանցքային: Հայաստանն էլ նույն դերում է հայտնվել Կովկասում:

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։