Պատերազմն Ադրբեջանի «հագով» չէ – Պատերազմ սկսողը օրումեջ հայտարարություններ չի անում… Գերշահեր՝ նաեւ հայաստանյան գյուղերում – Ամերիկյան կողմը փորձելու է անցնել ռուսներից…

Պատերազմն Ադրբեջանի «հագով» չէ

Բաքվի ռազմատենչ հայտարարությունները մի քիչ պակասել են, սակայն սահմանամերձ գոտիներում տակավին չի դադարում ադրբեջանական սադրանքը: Հայաստանի նախագահն էլ ձանձրանալով Ադրբեջանի նախագահի տղայական հայտարարություններից, օրերս, փոքր ինչ հեգնելով խոսեց, թե պատերազմ սկսողը օրումեջ հայտարարություններ չի անում՝ պարզապես սկսում է, ինչը Իլհամ Ալիեւի դեպքում չենք տեսնում: Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ հայկական կողմն ամեն բան անում է Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար, եւ չի ցանկանում վերսկսել պատերազմը: Բայց եթե այն սկսի Ադրբեջանը, ապա մենք, մեր պետությունը պատրաստ է դրան եւ այդ հարցում կհամոզվի նաեւ մեր հակառակորդը:

Ըստ երեւույթին՝ նախագահի այս մարտական տրամադրվածությունը եւ քաղաքական ու հանրային ուժերի՝ ՀԱՊԿ հանդեպ անվստահությունը, ստիպեցին մեր երկրի ռազմավարական գործընկերոջը վերջապես խոսել: Հիշեցնենք, որ նախկինում ԱՊՀ պատասխանատուներից ոմանք (ՌԴ պաշտոնյաները եւս) այն հարցին, թե ինչպես կարձագանքի Մոսկվան Արցախի հակամարտության ռազմականացման դեպքում, պատասխանում էին, թե ԱՊՀ կամ ՀԱՊԿ պայմանագրերը միայն ՀՀ հետ են ստորագրված, եւ ԼՂՀ խնդիրը այնտեղ ներառնված չէ: Իհարկե, ասողները եւս լավ հասկանում էին, որ Արցախ-Ադրբեջան հակամարտությունը, առավել եւս պատերազմը հայ-ադրբեջանական է եւ իրականում կռիվը Հայաստանի (հայության) հետ է: Բայց, ինչպես սովետական ռուսներն էին «պախմելիայի» ժամանակ արտահայտվում, «չեղած տեղը կալբասն էլ միրգ է»… Բայց հանկարծ միրգն ու երշիկեղենը տարբերակվում են, եւ այլ խոսք է հնչում. «Նույնիսկ մեկ արկի՝ ՀՀ տարածքում հայտնվելու դեպքում՝ ՀԱՊԿ-ը կգործի»,- «Վեստի.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասում է ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովը:

«Հույս ունեմ, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հավանական չէ: Հնարավոր պատերազմում, եթե նույնիսկ կողմերի բանակներից մեկը մարտավարական առավելություն ստանա, ապա երկու ժողովուրդներն էլ պարտություն կկրեն»,- նշել է ռուս պաշտոնյան, ում խոսքերով, ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի եւ «Աստված չանի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական բախում լինի»:

Հասկանալի է, որ ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամն առանց նախագահ Վլադիմիր Պուտինի նման բան չէր ասի, ինչը նշանակում է՝ Մոսկվա-Բրյուսել հակամարտության մեջ ռուսական կողմն զգում է իր պարտվելու հավանականությունը, եւ փորձում է շտկել վիճակը: Հայաստանի տարածքում մեկ արկ ընկնելու հանգամանքը Մոսկվան որպես «ագրեսիա կդիտի», իսկ այդ դեպքում՝ «ՀԱՊԿ-ն կգործի ըստ սահմանված դրույթների»:

Համենայնդեպս, ռուս պաշտոնյան հույս է հայտնել, որ «իր կյանքում կամ հիշողության մեջ նման բան չի գրանցվի»: Ինչեւէ, առաջին անգամ բացահայտ հնչեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ ստանձնած անմիջական պարտավորություններ ունի նաեւ Մոսկվան (եւ ոչ միայն Ռուսատանը, նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները):

Չնայած վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նորից են խոսել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորումից, որն այլընտրանք չունի, միշտ պետք է զգոն լինել, որովհետեւ տարածաշրջանային մի շարք հակամարտություններ կան, որ կամա թե ակամա շաղկապված են միմյանց՝ միեւնույն երկրների մասնակցությամբ պայմանավորված: Իսկ սա կարող է փոխել իրավիճակը, եթե որեւէ հակամարտություն լրջորեն սրվի: Սա կարող է դառնալ նոր հայտարարություններ տալու առիթ, իսկ դա կարող է նաեւ բոլորովին նոր, անգամ հակադիր տեսակետ արտահայտել եւ գուցեեւ՝ ոչ մեր օգտին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ադրբեջանական զլմ-ների հետ զրույցում խոսել է առաջնագծում տիրող իրավիճակից եւ որերորդ անգամ հայտարարել, թե այդ ամենի համար պատասխանատու են կողմերը, ինչը նշանակում է՝ սադրես-չսադրես՝ հավասարապես մեղավոր ես…

Հայկ Թորգոմյան

Գերշահեր՝ նաեւ հայաստանյան գյուղերում

Վերջերս Հայաստանում ավելի հաճախակի են նկատվում գերտերությունների հակամարտության տարբեր ուղղություններ: Իհարկե, ամենածավալուն եւ հեռահար նպատակներ հետապնդողը՝ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ ընթացող՝ Հայաստանի Մաքսային միությանը միանալու ու Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցն է: Այսինքն՝ Հայաստանին դրդում են դառնալ կա՛մ արեւմտյան Եվրամիության կա՛մ ռուսական Եվրասիամիության անդամ: Բայց կա 3-րդ տարբերակը, որ ամենահարմարն է մեզ համար՝ կա՛մ դառնալ 2 միությունների անդամ կա՛մ չանդամագրվել ոչ մեկին: Սա բարդ իրականացվող տարբերակ է, սակայն տարբերակ է, որ կարող է դառնալ փրկարար օղակ, ուստի ելքերը պիտի որոնվեն:

Ռազմա-քաղաքական հակամարտությունը Հայաստանում դեռ կծավալվի, քանզի տարածաշրջանային խնդիրները չեն լուծվել եւ մշտապես լարված են պահում իրավիճակը:

Նաեւ ներհայաստանյան հարցերն են դառնում այդ հակամարտության բաղադրիչը: Ձեռնարկությունների գերակշիռ մասը իրենով անելով՝ ռուսական կողմը չի նպաստում դրանց գործարկմանը եւ աշխատատեղերի ավելացմանը, ինչն արդեն բացասական ազդեցություն է թողնում: Այս առումով աշխուժացել է ամերիկյան կողմը, եւ փորձելու է թեկուզ փոքր արտադրություններով տիրել նախաձեռնությանը: Արդեն մրցակցությունը գյուղատնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներ է մտնում, այժմ էլ ծավալվում է դեպի ՀՀ մարզեր: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը եւ այլ գործընկերներ ծրագրեր են ներկայացրել հայկական գյուղերը զարգացնելու համար: Գյուղերը կզարգանան 2 նոր ծրագրով՝ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» եւ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնության» պաշտոնական մեկնարկով։ Յուրաքանչյուրի ծրագրի համար նախատեսված է 4 մլն. դոլար, ընդհանուր առմամբ՝ 8 մլն. 4 տարվա ընթացքում։ Հիմնական ուղղվածությունը գյուղի զարգացումն է, նաեւ աշխատուժի զարգացմանը միտված նախաձեռնություններ են լինելու՝ պատրաստելու առավել արդյունավետ գյուղական աշխատուժ:

Մանրամասնելով, թե ինչու են որոշել ֆինանսավորել հատկապես այս ծրագրերը, ԱՄՆ դեսպանը ընդգծել է, որ իրենք սիրում են Երեւանը, բայց մայրաքաղաքում վիճակը լավ է ու ցանկանում են օգնել, որպեսզի զարգացում լինի նաեւ մարզերում:

«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի ղեկավար Անուշ Ասլանյանի խոսքով էլ՝ իրենց այս ծրագրով կբացվեն 1000-ից ավելի աշխատատեղեր գյուղական 100 համայնքներում, որոնք ընտրվում են ըստ իրենց քարտեզագրման։ 1 տարի առաջ են արել այդ քարտեզագրումը, որոնց միջոցով բացահայտել են «առավել պոտենցիալ ունեցող համայնքները, որտեղ կարելի է տնտեսություն զարգացնել»:

Կարեւոր է, որ այս ծրագրերում ներառված են նաեւ ՀՀ սահմանամերձ համայնքներ։ Եթե պաշտոնական Երեւանը կարողանա այս գերմրցամարտում երկկողմանի շահեր հետապնդել, ինչպես փոխլրացնող արտաքին քաղաքականության դեպքում, ապա չի բացառվում, որ այ ծրագրերում (գուցե՝ այլ) ընդգրկվեն նաեւ Արցախի եւ ազատագրված տարածքների գյուղերը, որպես աջակցություն ԼՂՀ գյուղական բնակավայրերին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։