Ո՞վ ետ կտա մեր փողերը – Պարտադիր կամ հակասահմանադրական… Կենսաթոշակային համակարգը պետք է բարեփոխվի, բայց պիտի նաեւ հրապարակային քննարկումներ լինեն…

2014թ. հունվարի 1-ից նախատեսված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի որոշ դրույթներ «սառեցվեցին» Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ մինչեւ քաղաքական ուժերի բողոքի հիման վրա սկսված դատաքննությունն ավարտվի: Իսկ այն կավարտվի մարտի 28-ին, բայց ընդդիմադիրները փորձում են նոր հիմնավորումներ եւս ավելացնել:

Եթե ՍԴ-ի որոշմամբ ամեն ինչ մնա նույնությամբ, ապա հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը՝ իբրեւ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ, լիցենզավորել է 2 ընկերության՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ին եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ին, որոնք մեր քաղաքացիների ամսական 5-10% կենսաթոշակային վճարումները կկառավարեն 3 տեսակի ֆոնդերում։ Ըստ ԿԲ-ի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության բաժնի պետ Կարեն Հակոբյանի, «այն անձինք, որոնք ձգտում են առավելագույն եկամուտի, չեն խուսափում որոշակի ռիսկից, կարող են ընտրել հավասարակշռված ֆոնդը, այն անձինք, որոնք միջին ռիսկի են հակված, կարող են ընտրել պահպանողականը, եւ այն անձինք, որոնք բավարարվում են քիչ եկամուտով եւ քիչ ռիսկով, կարող են ընտրել կայուն եկամտային ֆոնդը»:

Իսկ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանը ոչ միայն չի վստահում կառավարիչներին ու ֆոնդերի կենսագործունեությանը, այլեւ կարծում է, որ անգամ գրանցումը հավելյալ գումար պոկելու առիթ է. «Ես ինքս ձեռք չեմ բերել ու չգիտեմ էլ՝ երբ ձեռք կբերեմ, բայց դա եւս 9000 դրամի ծախս է: Դու պետք է ունենաս այդ ամենը, որ կարողանաս օգտվել այդ համակարգից: Սա եւս մի անտեղի ծախս է քաղաքացու համար»:

Ի պատասխան այն բողոքների, որ Պետական եկամուտների կոմիտեից հարցումներ է արվում ««պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» մասով, ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, թե կուտակային վճարների ներդրման հետ կապված գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում: Մասնավորապես, ԱԺ կողմից 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր մեծածավալ օրենսդրական փաթեթ (այդ թվում՝ «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» ու «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքները), որով նախատեսվում էր ՀՀ-ում եկամտային հարկի ու կուտակային վճարների աստիճանաբար ներդրում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման համապատասխան միջոցառումներ եւ ժամանակացույց»:

Նշվել է նաեւ, որ հաշվի առնելով այն, որ պարտադիր կուտակային վճարները, որպես նշված համակարգի բաղադրիչ, հաշվարկվում են գործատուների կողմից եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների ամփոփ հաշվարկներում նշված աշխատավարձերից, պարտադիր կուտակային վճարների հաշվարկման ծրագրային մոդուլը եւս ապահովում է պարտադիր կուտակային վճարների ավտոմատ հաշվարկումը, ինչպես դա իրականացվում է եկամտային հարկի ու այլ հարկատեսակների համար: Ըստ ՊԵԿ-ի, դա պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հստակ պահանջով, որի համաձայն գործատուները պարտավոր են ամեն ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում է նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ: Ուստի՝ ՊԵԿ-ն իրավասու չէ խախտել գործող օրենքը՝ հաշվետվության ձեւից հանելով պարտադիր կուտակային վճարների դաշտը:

Միաժամանակ պարզաբանվել է, որ անհրաժեշտաբար հաշվի է առնվել, որ, «Կուտակային վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրենց աշխատողների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները՝ որպես հարկային գործակալ: Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ. «Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն, նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչեւ 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր ու չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»:

Ինչեւէ, այս համակարգի դեմ պայքարողները կարծում են, որ «Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին» օրենքով պարտադրվող պարտադիր բաղադրիչի դեմ պետք է օգտագործվեն պայքարի հնարավոր բոլոր միջոցները՝ ընդհուպ մինչեւ համազգային գործադուլ: Այս մասին խոսել է նաեւ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանը. «Եթե շուրջ 80.000 մարդ դուրս գա փողոց, պայքարի այդ օրենքի դեմ, վստահ եղեք, որ ազդեցություն կունենա Սահմանադրական դատարանի վրա»: Ինչ վերաբերում է նույն օրենքի 2 դրույթները կասեցնելու մասին ՍԴ՝ հունվարի 24-ին ընդունած որոշմանը, ապա դա փաստաբանի կարծիքով, իր մեջ քաղաքական տարր է պարունակում եւ այն միտված է հասարակության ակտիվությունը ճնշելուն. «Որեւէ մեկը չի կարող այսօր երաշխիք տալ, որ լավ բարեփոխում կլինի, մինչդեռ նախագահն այլ բան էր ասում»: Ընդդիմադիրներից շատերը եւս մտավախություն ունեն, որ օրենքի որոշ դրույթների կիրարկումը ընդամենը 2 ամսով կասեցնելը ժամանակավոր է, եթե գործադուլներ չլինեն: «Կառավարությունն արդեն լուրջ հաշվարկ ունի այդ գումարների հեռանկարների հետ, նկատի ունի, որ այդպիսի գումարներ լինելու են, հենց դա ինձ հուշում է ասել, որ ՍԴ-ն դժվար թե հակասահմանադրական ճանաչի: Դա նշանակում է, որ ինքը կառավարության ոտքի տակի հողն է տանում»,- ասել է «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը եւ հավելել, որ նախագահը նաեւ իշխող կուսակցության ղեկավարն է ու այդ կառավարության պատասխանատվություն կրողը, հետեւաբար նա կարող է ազդել ՍԴ-ի վրա:

Իսկ ՍԴ-ն ստացել է նոր միջնորդություն՝ օրենքի այլ հոդվածներ եւս կասեցնելու համար: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը միջնորդության մեջ նշել է, որ 2014թ. հունվարի 24-ին ՍԴ աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասը: Բայց չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է ու օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները ու թե նաեւ պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ ու առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր եւ կառավարիչներ: Բազմաթիվ քաղաքացիներ եւ գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով»:

Նկատի առնելով նշանակված դատաքննության անաչառ ընթացքը ապահովելու անհրաժեշտությունն ու ՍԴ աշխատակարգային որոշման էությունը, տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից ու հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով միջնորդություն է ներկայացված եւս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը եւ մինչեւ դատաքննության ավարտը կասեցնել նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ եւ 38-րդ հոդվածների գործողությունները: «Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով ՍԴ կողմից որոշման կայացմանը, կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաեւ նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին, ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների եւ/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման ու փոխանցման գործառույթները, ՍԴ կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները, ովքեր չեն կատարի ֆոնդի եւ ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից եւ դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: ՍԴ կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը, կկատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու եւ վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: «Կատարված վճարների եւ/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ: Բացի այդ, որոշ գործատուներ մտադիր են (որոշ դեպքերում սա արձանագրված փաստ է) 2014 թ. հունվարի 1-ից իրենց աշխատակիցների աշխատավարձերը չնվազեցնելու նպատակով պարտադիր վճարը փոխհատուցելու համար բարձրացնել միայն 1974թ. եւ դրանից հետո ծնված նույն աշխատանքը (պաշտոնական պարտականությունը) կատարող անձանց աշխատավարձերը՝ մյուսներինը թողնելով աշխատավարձի նույն մակարդակը: Սա տարիքային խտրականության դրսեւորում է եւ համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության միջազգային իրավունքի եւ սահմանադրական սկզբունքի խախտում»,- նշել է ՀՅԴ պատգամավորը, ով նաեւ 2014թ. մարտի 28-ին ՍԴ-ում քննվող դիմումով ԱԺ պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է:

Նարե Մշեցյան

* * *

Ընդդիմադիր որոշ գործիչների կարծիքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո կավելանան ստվերային աշխատավարձերը, հաճախակի հարկեր չեն վճարվի, եւ ակնհայտ է, որ սա չարիք է ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդների համար:

Կենսաթոշակային համակարգը պետք է բարեփոխվի, պիտի նաեւ հրապարակային քննարկումներ լինեն, իսկ այսօր անհրաժեշտ է կիրառել կուտակային համակարգի գոնե՛ կամավոր ներդրումը:

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։