Գազային խնդրի գազային պայթուցիկները – Վերնախավի աջ ձեռքը չգիտի՞, թե ինչ է անում ձախը… Գազային ներքաղաքական հակամարտությունը շարունակվում է…

Չնայած Մոսկվան իր գործն ավարտված է համարում, սակայն գազային ներքաղաքական հակամարտությունը Հայաստանում շարունակվում է եւ հնարավոր է որոշակիորեն առաջացնի նաեւ արտաքին վեճ: Հնարավոր է, քանի որ անգամ ռուսական կողմն ինքն է դա զգում, ուստի հայտարարել է, թե եթե ՀՀ-ում դժգոհ են այս իրավիճակից, հատկապես՝ «ՀայՌուսգազարդ»-ի 20% հայաստանյան բաժնեմասի «Գազպրոմ»-ին հանձնելու մասին պայմանագրից, ապա կարող են դիմել միջազգային դատարան (եւ պարտադիր ռուսերեն գրագրությամբ): Երբ «ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա», ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, թե մնում է միայն ստեղծել «ՀՀ լուծարային հանձնաժողով», որի նախագահ կդառնա հենց Սերժ Սարգսյանը, եւ այդ հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունը կլուծարի կամ կհանձնի որեւէ երկրի…

Դժգոհ են նաեւ հանրությունն ու քաղաքական այլ ուժեր, եւ այն, թե իբր այս «գործարքը լիովին համապատասխանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն», ինչպես ասում են իշխանավորները, միայն տարակուսանք է առաջացնում: Ռուսական կողմն էլ հետ չի մնացել պերճախոսությամբ եւ հայտնել են, թե ««Գազպրոմ»-ը միշտ եղել է եւ մնում է ՀՀ հուսալի գործընկերը»:

Եթե բնակչությունը արագորեն չտեսնի բարելավում այս համակարգում, ապա «գազային հակամարտությունը» կարող է վերածվել «գազային հեղափոխության», ինչը հաստատ կարժանանա Արեւմուտքի աջակցությանը, եւ Հայաստանը կհայտնվի մի նոր «հեղափոխական գարնան» ծրագրի մեջ:

Երբ կառավարության նիստում հաստատվեց «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20%-ը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու պայմանագիրը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ներկա չէր եւ հարցը ներկայացրեց փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Իսկ էներգետիկայի նախարարն այդ ընթացքում հարցազրույց էր տվել գազի թեմայով, ու մի լավ քննադատել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պաշտպանելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նիստին չմասնակցելն իհարկե չի ազատում նախարարին հետագա պատասխանատվությունից, լավ, թե վատ՝ ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է, որ նախկին նախագահի ժամանակ աշխատած նախարարը քննադատում է մի մարդու, ում օրոք ինքը եւս նախարար լինելով չի ընդվզել երբեք (նույնը կարելի է ասել վարչապետի մասին, ով նույնպես չի ընդվզել նախկին նախագահի օրոք, երբ ԿԲ նախագահն էր): Մի՞թե հաջորդ նախագահի ժամանակ էլ գործողին պետք է քննադատի այս «գազային քաղաքականության» համար…

Նման գործելաոճը եզակի չէ, եւ թեմայի շրջանակներում նշելով էներգետիկայի նախարարին՝ տասնյակ պաշտոնյաների նկատի ունենք: Եթե ուշադիր զննենք, ապա 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք աշխատած եւ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մնացած ու հիմա գործող նախագահ Սերժ Սարգսյանի օրոք «հարատեւող» մի բոլուկ պաշտոնյաներ կան: Սա նման է իշխանություն-ընդդիմություն ներկա վիճակին, երբ գրեթե բոլորն էլ տարբեր ժամանակներում եղել են իշխանավոր ու այսօր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր օղակներում ավելի քան 90%-ով հավաքված են մարդիկ, որ անկողմնակալ ու արդար դատավարության դեպքում կպատժվեն քրեական ու վարչական բազում օրենքներով:

Շատ քննադատներ նշում են, թե Ռուսաստանն ավելացնում է ճնշումը Հայաստանի, Ուկրաինայի, նախկին խորհրդային այլ պետությունների նկատմամբ՝ ստիպելով նրանց խուսափել Եվրամիության հետ առեւտրային համաձայնագրի ստորագրումից՝ հօգուտ Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերությունների, մասնավորապես Մաքսային միությանն անդամագրվելու առումով:

Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր զարմացել ( ՞ ), անդրադառնալով գազային իրադարձություններին: Նա նշել է, որ հայ-ռուսական համաձայնագրերի հարցում կառավարությունը կարող էր ավելի մանրակրկիտ ու թափանցիկ ներկայանալ հանրությանը: Որոշումը ճիշտ է կայացվել, պարզապես այն պետք է ներկայացվեր թե ԱԺ-ին, թե հանրությանը. «Ընդդիմությունն ասում է՝ ինչո՞ւ եք մեզանից գաղտնի պահել: Եվ, իսկապես, ես չեմ էլ պատկերացնում, թե ինչու են գաղտնի պահել, որովհետեւ որեւէ խնդիր չի եղել: Դեռ 2011թ. պետք է կառավարությունն ասեր, որ գազի գինը բարձրացել է, բայց թե ինչքանով կթանկանա՝ չենք կարող դեռեւս ասել, որոհետեւ բանակցում ենք»: Այսպես ԱԺ նախագահն իր աջակցությունը հայտնեց ՀՀ 2-րդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյան – Տիգրան Սարգսյան բանավեճում, բայց նաեւ գործող նախագահին պաշտպանեց՝ նշելով. «նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր՝ գազը կթանկանա, թե չի թանկանա, բնակիչների համար չի թանկանալու»: Թեման շարունակեց նաեւ վարչապետը՝ ասելով, որ «Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը հաջողված պայմանագրեր են, Հայաստանը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ունենալու հնարավորություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները երաշխավորված են այն վտանգներից, որոնք առկա էին Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսիայի համար»:

Բայց հատկապես քաղաքացիներն այս պայմանագրից հետո ավելի անպաշտպան զգացին իրենց: Կարճ ժամանակ անց, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հայտնեց, թե հասարակության 90%-ն այլեւս չի դիմադրում, չի ցանկանում անիմաստ պայքարել, եւ «այս տարի արտագաղթը ռեկորդ խփեց, տարբեր հաշվարկներով՝ 150-200 հազ. մարդ արտագաղթեց, իսկ արտագաղթի տրամադրությունը շարունակվում է, ու դա դարձել է «պայքարի» ամենաարդյունավետ ձեւը» (ինչի հետ մենք միանշանակ համաձայն չենք,- խմբ.)։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերն այսօր էլ շարունակում են բողոքել առկա վիճակի դեմ: «Գազի 300 մլն. պետական պարտքը կուտակվել է հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհով»,- ԱԺ-ում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով պատգամավորների 1/3-ի ներկայացրած «2011թ. պետական պարտքի եւ գազի գների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով» ստեղծելու մասին նախագծին: Այդպես էլ համոզիչ չբացատրվեց, թե ինչու ձեւավորվեց այդ պարտքը եւ թե ինչու կա նման տարբերություն սահմանի եւ վերջնական սպառողին մատուցվող գազի գների միջեւ՝ շուրջ 110% թանկացում.- նշել է պատգամավորը եւ հավելել. «Չի կարելի ունենալ 300 մլն. պետական պարտք, ու որ դա չերեւա պետական բյուջեում: Դուք խախտել եք «Արտաքին պարտքի մասին» օրենքը: Ընդդիմությանը մեղադրում եք, թե շահարկում ենք այս թեման. ես ընդամենն ուզում եմ հասկանալ՝ որտեղից է այդ պարտքը»: Հետո դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ «Ժառանգության» անդամը հայտարարեց, որ ներկաներից, այդ թվում՝ իշխանավոր, շատերին ճանաչում է, ովքեր ընդհանրապես կապ չունեն գազի այս գործարքի հետ, բայց դեմ են գնում իրենց խղճին. «Ուղղակի խոստովանեք, որ այդ փողը գրպանվել է, սա ավելի համոզիչ է, քան այն, թե սա ուղղակի շահարկում է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ անընդունելի համարեց, որ իշխանությունները կարող են սուսուփուս, գաղտագողի անել բաներ, որոնց հետեւանքով բոլորս ենք կանգնում փաստի առաջ: Գազի գնի եւ պետական պարտքի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը նույնպես ողջունեց, իսկ իշխանավորներին մեղադրեց. «Այս կապիտուլյացիոն պայմանագիրն այսօր այդ սուսուփուսի գինն է, որով ամեն գնով ցանկացել եք իշխանություն պահել: Ավելի լավ է նվիրեինք ռուսներին «Հայռուսգազարդ»-ի այդ 20%-ը, դա ավելի արժանապատիվ կլիներ, քան այս պայմանագրով դա լիներ, ինչու ենք ՌԴ-ին մոնոպոլ դարձնում մեր երկրում»: Դաշնակցականները համոզված են, որ գործարքը միայն քաղաքական պատճառներ կարող էր ունենալ, իսկ իրավական առումով խախտվել են սահմանադրական մի շարք հոդվածներ:

«Մենք արյունախումներ չենք, ոչ էլ ռոբեսպիերներ, ուղղակի ուզում ենք հասկանանք, թե ինչպես է այդպես ստացվում, որ աշխարհում ամենաէժան գազ ստացող ժողովուրդը ամենաթանկ գինն է վճարում այդ գազի դիմաց»,- ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, հանձնաժողովի նպատակն է պատասխանել մի շարք հարցերի՝ ինչպես է ձեւավորվում գազի գնի գոյացումը սահմանից մինչեւ սպառող, ինչպես է հնարավոր անկախ վերահսկողություն հաստատել գազի կալորիականության նկատմամբ եւ այլն: Ըստ ՀԱԿ-ի, «ՀՀ իշխանությունները մի շարք օրենքներ են խախտել, կատարվել է գանձագողություն, թալան, եւ հարցը շատ պարզ է, եթե մեր իշխանությունները պատրաստ են կատարված ապօրինությունների համար պատասխանատվության կանչել կառավարությանը, ապա կարող եք հեշտությամբ համաձայնվել այդ հանձնաժողովի ստեղծմանը եւ ժողովրդին ցույց տալ, որ պատրաստ եք այս հարցը լուծել: Մենք պատրաստ ենք ՀՀԿ-ի հետ համագործակցել այս հարցի շուրջ՝ ժողովուրդը սպասում է»:

«Խնդիրը շատ պարզ է. 4 քաղաքական ուժեր ուզում են ստանալ շատ հստակ հարցերի շատ հստակ պատասխաններ, թե ինչու մի քանի տարի շարունակ այս ամբիոնից Էներգետիկայի նախարարը եւ վարչապետը հայտարարում էին, թե գազի գնի փոփոխություն չի լինելու, մինչդեռ տեսանք, թե ինչ եղավ»,- նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը հայտարարել է, որ հանձնաժողովը հիմնականում 3 հարցի պատասխաններ պետք է տա. «Ինչպե՞ս է պատահում, որ սահմանից 660 հազար սպառողի գազը հասնում է ահավոր թանկ գնով՝ այնպիսի թանկ, որ քաղաքացին չի կարող դրա դիմաց վճարել: Նաեւ՝ ինչո՞ւ կնքվեց գազի պայմանագիրը, որը մինչեւ 2018թ. պահպանելու է գազի գնի որոշակի ստատուս-քվո եւ զրկելու է մեր երկիրը այլընտրանքային էներգետիկ ուղիներից օգտվելուց: Ու նաեւ՝ ինչո՞ւ էին խաբում ու թաքցնում գազի գնի բարձրացման ու պարտքի գոյացման մասին: Եթե մեծամասնությունը չի համաձայնում… գուցե նպատակը 300 մլն. դոլար պարտքը «սպիսատ» անելն է: Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել, այլապես վաղը շատ ուշ է լինելու»:

ՀՀԿ խմբակցության դիրքորոշումն արտահայտելով՝ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀԿ-ից առաջ ընկնելով՝ այդ մասին արդեն հայտարարել էր ՕԵԿ-ը:

Սակայն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փորձեց շարունակել թեման՝ դիմելով մեծամասնությանը. «Եկեք բացահայտենք այս ամենը, բացենք խորհրդավորության քողը, ձեզ համար էլ հետաքրքիր կլինի: Եթե կան թերություններ, խախտումներ, ես կողմ եմ դրանց քննարկմանն ու վերականգնմանը, բայց ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքրում. ինչո՞ւ այդ գաղափարը չեք քննարկել 2 խորհրդարանական ուժերի հետ նախօրոք, պատճառն ի՞նչ է եղել, որ չեք քննարկել: Երկու պատճառ կա, մեկը այն է, որ բազմաթիվ անգամ դիմել ենք այս փաստաթղթերը ստանալու համար եւ ես անձամբ բազմակի դիմել եմ ՀՀԿ-ին, բայց երբեք չեմ տեսել ՀՀԿ-ի ցանկությունը բացահայտելու այն գործարքները, որ կատարվել են: Այս ամենի հետ կապված փաստաթղթերն էլ չեմ տեսել: Անցած անգամ էլ դիմեցինք՝ մի քվեարկեք այն գազային պայմանագրերին, որը 40 տարի կաշկանդելու է մեր երկիրը ու կախվածության մեջ դնելու բոլորիս»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքելով այս հարցին՝ խուսափողաբար նշեց, որ ճիշտ կլիներ այդ պահին դիմել: «Այն ժամանակ ակնկալիք կունենայիք, որ կընդունվեր: Իսկ հիմա բերել եք մի նախագիծ, որը չեք համաձայնեցրել երկու ուժերի հետ: Ճիշտ էր ի սկզբանե աշխատելը, քննարկելը երկու խմբակցությունների հետ»:

Կարծում ենք, իսկապես անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի 300 մլն. դոլար պարտքի գոյացումը: Հաջողվել էր ստանալ 49 պատգամավորի ստորագրություն, եւ հարցը դրվեց քննարկման, բայց խորհրդարանական մեծամասնությունը չանսաց փոքրամասնության ձայնին, որը թերեւս ՀՀ բնակչության մեծամասնության ձայնն էր «գազային» այս հարցում:

Ընդդիմադիր տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում. «Եթե մարդիկ չվճարեն ու մասսայական լինի, կհասկանան, որ վճարունակ չէ ՀՀ քաղաքացին։ Հիշեցնեմ, որ Հայաստանը վճարում է եվրոպական ստանդարտներով, սակայն ստանում է եվրոպական ստանդարտներից 30 անգամ պակաս աշխատավարձ»։

Հավելենք նաեւ, որ Ռուսաստանում բնակչությունը 1000 խմ գազի դիմաց վճարում է 126 դոլար, Բելառուսում՝ 84 դոլար է, Ղազախստանում՝ 69 դոլար, իսկ Հայաստանում՝ 380։ Փաստորեն Հայաստանում բնակչությունը 3 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց քան Ռուսաստանում, 4,5 անգամ ավելի շատ՝ քան Բելառուսում, 5,5 անգամ ավելի շատ՝ քան Ղազախստանում։ Ո՞րն է այստեղ հաջողված պայմանագրի այն թվաբանական փաստարկն ու տնտեսական շահը, որ միայն ոմանց աչքերին է երեւում:

Արամ Ավետյան

* * *

«The Economist» պարբերականի վերլուծաբանները հրապարակել են աշխարհի 150 երկրում քաղաքական ու սոցիալական խնդիրների եւ սոցիալական հուզումների ռիսկայնության մասին իրենց ամենամյա զեկույցը: 2014թ. սոցիալական հուզումների առումով Հայաստանն ընդգրկվել է միջին ռիսկայնությամբ երկրների թվում:

Այդ շարքում են հայտնվել նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իսրայելը եւ այլ երկրներ: Բարձր ռիսկային են ճանաչվել Թուրքիան, Իրանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը, Մոլդովան, Թուրքմենստանը, Ղրղզստանը եւն: Շատ ցածր ռիսկայնությամբ երկրների շարքում են Ավստրիան, Դանիան, Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան:

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։