Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – Սովետից ցայսօր բան չի՞ փոխվել (Արմենուհի Մելքոնյան)… Բեռը ծանրանում է, ուսը կդիմանա՞ – 1 տարում ՀՀ պետական արտաքին պարտքն ավելացել է…

Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը…

Սկիզբը՝ թիվ 2-ում

Կոշիկի արտադրությունում մենք առաջնային հումքը՝ կաշին արտահանում ենք, որ հետո ներմուծենք ավելի թանկ, մինչդեռ կաշվի վերամշակման հզորություններ ունենք: Ու սա այն պատճառով, որ ոլորտում միասնական կարգավորման քաղաքականությունն է բացակայում: Իրավիճակը շտկելու համար էլ էկոնոմիկայի նախարարությունը կոշիկի արտադրության զարգացման տեսլականն ունի արդեն՝ հասկանալով, որ տեղական հումքը տեղում մշակելը հայկական կոշիկի արտադրությանը բոլորովին այլ թափով զարկ տալուն զուգահեռ այլ օգուտներ էլ է բերելու:

Օրինակ՝ սկզբնական շրջանում առնվազն 150 նոր, 700 հազարից 1 մլն դոլարի հավելյալ ավելացված արժեք միայն աշխատավարձի եւ շահույթի մասով, վերամշակման ժամանակ տեղական մատակարարներից գնումներ, էժան տեղական հումքի հաշվին կոշիկի արտադրության աճ:

Ի դեպ, փակագծերում շատ կարեւոր մի բան եմ ուզում նշել. տեղական հումքի որակին առնչվող մանրամասներին ես տեղեկացա խորհրդային տարիների մի փաստաթղթից՝ հաճելիորեն զարմանալով, թե ինչքան մանրամասն են վերլուծվել կոշիկի արտադրությանն առնչվող խոչընդոտները:

Փաստաթուղթը կոչվում է «Արտադրական միավորումները որպես սոցիալիստական արդյունաբերության համակենտրոնացման նոր ուղղություն» (Հ. Ա. Տոնոյան), եւ այստեղ խոսվում է կոշիկի արդյունաբերության վիճակի մասին: Ու մենք կարող ենք համեմատել այդ տարիների եւ մեր ներկայիս պատկերը (այսօրվա վիճակը տես նախորդիվ): Ըստ այդմ, մինչեւ 1962թ. ՀՍՍՀ կոշիկի արդյունաբերության՝ ձեռնարկությունների մեծ մասը (ավելի քան 70%-ը) մանր ձեռնարկություններ էին, որոնց տարեկան արտադրական կարողությունները  500 հազար զույգից  չէին անցնում։ Ֆաբրիկաների թողարկման հզորությունը ավելացվել էր հապճեպ վերակառուցումների միջոցով, որոնց  ոչ կատարյալ սխեման տեխնոլոգիական  նորմի խախտման պատճառ էր դառնում:

«Ձեռնարկությունների մեծ մասում իշխում էր ձեռքի աշխատանքը, Միության առաջավոր կոշիկի ձեռնարկությունների համեմատ ցածր էր մեքենազինվածությունը։ Արտադրանքի մեծ մասը թողարկվում էր փոքրաքանակ սերիաներով,  արտադրության կազմակերպման անհատական եւ  երբեմն էլ աշխատանքի բաժանման փոքր խմբային մեթոդով: Մանր ձեռնարկությունների մեծ մասում արտադրանքի ինքնարժեքը խիստ բարձր էր, որի հետեւանքով հանրապետության կոշիկի արդյունաբերությունը աշխատում էր վնասով: Բավական է նշել, որ 1962թ. ժողտնտխորհի թեթեւ արդյունաբերության վարչությունում կոշիկի 1 ռուբլու արտադրանքի վրա կատարվող ծախսերը կազմում էին 107,3 կոպեկ., վատ էր կազմակերպված նյութատեխնիկական մատակարարման գործը։ Խիստ ցածր էր արտադրանքի որակը, անորոշ՝ սպառողի պահանջը կոշկեղենի տեսականու նկատմամբ»:

1963թ. ստեղծվեց Հայաստանի Ժողտընտխորհի ենթակայության ներքո գործող 12 կոշիկի ֆաբրիկաների հայկական «Մասիս» միավորումը։ Չնայած այդ  ձեռնարկությունները գտնվում  էին մեծամասամբ միասնական գերատեսչական   ենթակայության տակ, այդուամենայնիվ, դրանք հստակ ենթարկված չէին առարկայական եւ առավել եւս մասնիկային ու տեխնոլոգիական մասնագիտացման։ Անհրաժեշտ էր, որ համակենտրոնացվի հիմնական արտադրությունը, ստեղծվի հումքի, օժանդակ նյութերի միասնական բազա, վերամշակող արտադրամասերի միջեւ կատարվի աշխատանքի  բաժանում, տեխնոլոգիայի պրոցեսների ստանդարտացում եւ ընդլայնվեն արտադրական կապերը միավորման տարբեր օղակների միջեւ: Միավորումից հետո արդեն 2 տարի անց, 1965թ. 12 ֆաբրիկաները թողարկեցին Հանրապետության կոշիկի արտադրության շուրջ 93%-ը: 1963-69թթ. «Մասիս»-ի արտադրանքը 6 մլն զույգից հասավ 9.3 մլն-ի:

Քննարկվում են այն խնդիրները, որոնք թույլ կտան շտկել վիճակը. բանն այն էր, որ 1968թ. միջին հաշվով 1 ձեռնարկությանը   ընկնող կոշկեղենի արտադրությամբ (1000 զույգ) մեր Հանրապետությունը միութենական միջինից ետ էր մնում 2,2, Վրացական ՍՍՀ-ից՝ 1,8 եւ Ադրբեջանական ՍՍՀ-ից՝ 1,3 անգամ։ Հայկական ՍՍՀ-ն որոշում է մնացած մանր օբյեկտներն էլ միավորել «Մասիս»-ին: Ու հաշվարկում է, որ մնացած մանր օբյեկտների վերացումը եւ դրանց մի մասի միավորումը «Մասիս» ֆիրմայում  հնարավորություն կտան 1975թ. երկրին տալու լրացուցիչ 1 միլիոն 300 հազար զույգ բարձրորակ կոշիկ։

Մեկ այլ փաստաթղթում էլ խոսվում է այն մասին, որ որակյալ տեղական հումք ունենալու համար հարկ է, որ խոշոր եղջերավոր անասուները մաշկային հիվանդություններ չունենան, որ մորթից հետո դրանց կաշին շուտ չվնասվի կամ քերծվածքներ չունենա:

Մի խոսքով, երբ նայում ես այդ փաստաթղթերը, տեսնում ես, որ մինչեւ իր փառքին հասնելը «Մասիս»-ն ունեցել է գրեթե նույն այն խնդիրները, որոնք ներկայում մենք էլ ունենք՝ ոչ սպանդանոցային, անփույթ մորթ, որակյալ հումքի պակաս, հիմնականում մանր-մունր արտադրողներ կամ անհատ վարպետներ, ոլորտի միասնականացման բացակայություն եւ այլն: Ի՞նչ անել:

Սա հասկանալու համար նախ պետք է քննարկենք կոշիկի արդյունաբերության համաշխարհային միտումները, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է մեզ սպասվել:

Մինչ այդ, սակայն, կարեւոր մի բան ասենք. աշխատուժի ծախսի առումով Հայաստանը կարող է ունենալ լուրջ մրցակցային առավելություն միջին եվրոպական արտադրողականություն ապահովելու դեպքում: 

Արեւելյան Եվրոպայի եւ Թուրքիայի հետ համեմատած Հայաստանն ունի լուրջ ծախսային առավելություն աշխատավարձերի մասով: Կոշիկի խոշորագույն արտադրող Չինաստանում աշխատավարձն ավելացել է շուրջ 2 անգամ՝ հավասարվելով որոշ արեւելաեվրոպական երկրների մակարդակին: Հայկական կոշիկ արտադրող ընկերություններում, մեկ աշխատողին ընկնող աշխատանքի արտադրողականությունը միջինում մոտ 8 զույգ է օրական (հոսքագծային արտադրության դեպքում, «Լյուքս» ֆաբրիկայի օրինակով):

Այս ցուցանիշով Հայաստանը մոտ է Արեւելյան Եվրոպայի երկրներին, որտեղ միջին արտադրողականությունը մոտ 10 զույգ է:  Զարգացած կոշիկ արտադրող երկրներում, ինչպիսիք են Իսպանիան եւ Պորտուգալիան, մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունը  օրական 22-24 զույգ է: Նկատենք, սակայն, որ աշխատանքի արտադրողականությունն էականորեն կարող է տարբերվել արտադրվող կոշիկի տեսակից: Օրինակ, կաշվե կոշիկների դեպքում այն համեմատաբար ցածր է: Թե կոշիկի համաշխարհային արդյունաբերությունում ինչ է կատարվում եւ այն ինչքանով կօգնի կամ կվնասի մեզ, հաջորդիվ կխոսենք:

Կարեւոր է չմոռանալ նաեւ, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո շուկաները կարող են փոխվել: Թեեւ մեր պատկան մարմինը վստահեցնում է, որ ՄՄ-ի գործոնը հաշվի է առնված: Հետաքրքիր է, որ մասնագետների մի խումբ համոզված պնդում է, որ ՄՄ մտնելուց հետո կոշիկի շուկան ընդլայնվելու է, մի մասը հակառակն է ապացուցում՝ դարձյալ նույն համոզվածությամբ: Այլ տեսակետ էլ կա՝ շուկան կընդլայնվի, բայց մեր կոշիկի որակը չի լավանա, քանզի ՄՄ շուկան որակ չի պահանջում:

Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Բեռը ծանրանում է, ուսը կդիմանա՞

Ընդամենը 1 տարում ՀՀ պետական արտաքին պարտքն ավելացել է 216 մլն 397 հազար դոլարով: Մեր երկրի պետական պարտքը 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 տրլն 861,2 մլրդ դրամ կամ 4 մլրդ 588.455 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. համեմատ արտաքին պարտքն ավելացել է 96 մլրդ 785 մլն դրամով կամ 216 մլն 397 հազար դոլարով:

Դարձյալ նույն աղբյուրի համաձայն՝ ՀՀ արտաքին պարտքը կազմում է 1 տրլն 583 մլրդ 517.6 մլն դրամ, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմում է 1 տրլն 377 մլրդ 343.5 մլն դրամ, իսկ ներքին պարտքը՝ 277 մլրդ 743.5 մլն դրամ:

Որպեսզի ընթերցող լայն հանրությանը հասկանալի դառնա, թե ինչ է սա նշանակում, ասենք, որ պետական պարտքը գոյանում է ՀՀ անունից եւ ՀՀ ԿԲ-ի անունից (բացառությամբ ռեզիդենտների հանդեպ ՀՀ ԿԲ-ի առկա պարտքային պարտավորությունների) ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարից: Իր հերթին արտաքին պետական պարտքը պետության եւ տվյալ երկրի ԿԲ-ի անունից ոչ ռեզիդենտների եւ օտարերկյա պետությունների հանդեպ ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է, իսկ ներքին պարտքը պետության պարտքն է տնտեսվարող սուբյեկտներին ու նաեւ բնակչությանը, որոնցից ներգրավվել են դրամական միջոցներ պետական ծրագրերի կատարման, շրջանառությունում արժեթղթերի բացթողնման ու շատ այլ նպատակների համար:

ՀՀ քաղաքացին զայրանալու իրավունք ունի, որովհետեւ իր ու իր սերունդների ուսերին բեռը գնալով ծանրանում է, իսկ մենք դասախոսություն ենք կարդում պետական պարտքի մասին: Մեր իշխանավորներից հո լավ բան չե՛նք սովորի:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։