Քաղաքական պայքարի բնապահպանական դեմքը.- ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ… Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը… Բնապահպանական ոլորաններում – Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր…

ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ

Փետրվարի 2-ը խոնավ տարածքների միջազգային օրն էր: ՀՀ Ռամսարի կոնվենցիայի ներկայացուցիչներն էլ ունեն իրենց գերխնդիրը, որն այսօր Հայաստանում խոնավ տարածքների պահպանությունն է՝ գետեր, լճեր, ճահճային տարածքներ եւ այլն: Կոնվենցիային Հայաստանը միացել է 1993թ.: Միջազգային մարմիններին ներկայացվել են մեր երկրի պահպանության կարիք ունեցող տարածքները:

ՙԷկոլուր՚ տեղեկատվական ակումբում ՀՀ Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ջենտերեջյանը նշել է, թե պահպանության կարիք մեծապես ունեն Սեւանա լիճը, Արփա լիճը, մի շարք ճահճային տարածքներ ու գետեր: Խոսելով գետերի խնդրից՝ նա հայտնել է, որ «դրանց եւ գետերի ֆաունայի համար հիմնական վտանգ են ներկայացնում օր օրի ավելացող ՀԷԿ-երը»: Նրա խոսքերով՝ ՀԷԿ-երը չունեն ձկնատեսակների համար ապահով անցումներ, որոնք ձկներին կպաշտպանեն այդ ՀԷԿ-երից։ Այս պատճառով էլ որոշ ձկնատեսակներ վերացման վտանգի տակ են:

Մեր բնապահպանները պետք է ոչ թե ՀԷԿ-երի դեմ պայքարեն, այլ դրանց տերերին ստիպեն՝ կառույցը տեխնիկապես ճիշտ շահագործել:

Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը

Բնապահպանության նախարարության 2014թ. գերակա խնդիրներից է լինելու Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի եւ ամառային իշխանի պոպուլյացիայի համալրումը: Նախարար Արամ Հարությունյանի խոսքերով, այս տարի նախատեսվում է աճեցնել մոտ 366.600 հազ. հատ մանրաձուկ եւ բաց թողնել Սեւանա լիճ: Իսկ լճի հետ կապված ծրագրերը կընթանան 3 ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ կավարտվի այս տարվա նախատեսված մանրաձկան համալրումը, կկատարվեն անտառվերականգման եւ լճի պահպանության աշխատանքներ:

Անդրադառնալով բնապահպանների մտահոգությանը, թե Սեւանա լճում արհեստական ձկնատեսակների համալրումով փորձ է արվում մեծ ձկնաբուծարանի վերածել Սեւանը, նախարարը նշել է, որ «մանրաձկան բացթողնման աշխատանքները կապ չունեն ձկնաբուծարանի հետ, սրանք համալրման աշխատանքներ են եւ արվում է պետբյուջեով» (ոչ նախարարի հայերենը հասկացա, ոչ պատասխանը,-Կ.Բ.). «Մեր վերջնական նպատակը բնական վերարտադրման պրոցեսին հասնելն է, այն ապահովելը: Ոչ միայն բնական վերարտադրություն կլինի, այլեւ հնարավորություն կունենանք հետագայում արդյունագործական որսի թույլտվություն տալ, որը երկար ժամանակ է չկա»:

Նախարարը չի անդրադառնում բնապահպանների այն մտահոգությանը, թե, օրինակ, լիճ լցվող իշխանին կերակրելու համար արհեստական կեր են թափելու այնտեղ:

Արհեստական կեր, որը քիմիական բաղադրատարրեր է պարունակելու: Սա նշանակում է, որ մեծ քանակությամբ կերը փոխելու է ջրի բաղադրությունը: Չմոռանանք, որ Սեւանը մեր երկրի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Իսկ նախարարը խոսում է այն մասին, որ դա արվելու է… պետբյուջեի միջոցներով: Ի՞նչ է, եթե բյուջեի միջոցներով է, կարելի՞ է արհեստական կեր լցնել լճի մեջ: Մի քիչ մտածված խոսեք, էլի՛: Լրագրողներս հո ձեր անտեղյակության եւ հայերենի՛ չիմացության կամ էլ «կրուտիտների» պատճառով կրակը չենք ընկել:

Կամ՝ խոսում են որսագողության դեպքերից ու մեղքը բարդում գյուղացիների վրա: Չե՞ն կարողանում համեմատել գյուղացիների արած եւ իրական որսագողների գողության ծավալները: Սեւանը հարկ է փրկել հենց

չմտածված քայլեր ծրագրողներից: Սեւանին պետք է հանգիստ թողնեն, որպեսզի վերականգնվի լճի բնական հավասարակշռությունը: Առանց դրա էնդեմիկ ձկնատեսակները չեն վերականգնվի, մանրաձկներով համալրումն էլ վերջնահաշվարկում ոչինչ չի փոխի: Եվ տարեկան պետբյուջեից հատկացվող 60 կամ 70 մլն դրամն էլ հարց չի լուծի: Սեւանին ազատել է պետք… հենց Սեւանը փրկող իշխանավորների անսրտացավ ծրագրերից:

Կամ՝ Սեւանի ջրի մաքրության մասին են խոսում, բայց լճին հարակից մեծ բնակավայրերի կոյուղու մաքրման կայանների հարցը այդպես էլ արագ լուծում չի ստանում: Պատասխանը կա իհարկե, այն է՝ ներդրումներ են պետք, վարկեր… Թեեւ պատասխանի պատասխանն էլ կա.- որ ձեզ պետք է լինում, միլիոնանոց վարկեր ճարում եք, ասենք՝ ծխախոտի դեմ պայքարի կամ խորհրդատվական այս ու այն ծառայությունների համար: Հենց հերթը հասնում է իրապես խնդիրներին իրական լուծում տալուն, փող չկա: Մի խոսքով, լիճը զերծ պահեք ձեւական՝ չլրացվող համալրումներից:

Կարեն Բալյան

Բնապահպանական ոլորաններում – Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր

Անցյալ տարի բնապահպանները ինչքան էլ համառորեն պայքարեցին, այնուամենայնիվ պետական տնտեսական քաղաքականությունը որոշակի հարվածներ հասցրեց երկրի բնապահպանական համակարգին: «Հանուն կայուն մարդկային զարգացման» կազմակերպությունը եւս վերլուծություններ ներկայացրեց՝ ի դեմս իր նախագահ Կարինե Դանիելյանի: Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր:

Ջրային պաշարների առումով նշյալ կազմակերպությունը հայտնել է, որ նախորդ տարվա ընթացքում Արարատյան արտեզյան ջրային ավազանի գերսպառում էր գնում, հարթավայրը կանգնած էր անապատացման ռիսկերի առջեւ: «Հիմա կարծես, խնդիրն ինչ-որ կերպ լուծվում է, տարվա ընթացքում 25 ապօրինի հորեր են լուծարվել, իսկ այս տարի եւս 20-ն են նախատեսում լուծարել»: Սակայն, դա քիչ է որակվել, քանզի համալիր մոտեցում է պետք, որպեսզի մի կողմից փրկվի արտեզյան ավազանը, մյուս կողմից՝ ձկնաբուծությունն էլ չտուժի դրանից:

Սեւանի ջրի մակարդակը 1900 մ 16 սմ է եւ դրական բալանս կա: Ըստ բնապահպանների, լիճն ակնհայտ գնում է առողջացման: Նախանցյալ տարվա ուսումնասիրություններով, լիճը կենտրոնական մասերում էր բարելավվում, իսկ ծայրամասերում ճահճացում էր գնում: Հիմա ծայրամասերի շատ հատվածներում ջուրը մաքուր է: Դեռ մաքրման կայաններ չկան, ձուկը չի վերականգնվել, բայց միայն ջրի բարձրացումը, մոտեցումը իր բնական վիճակին, դրական արդյունքներ տվել է: Նշենք, որ բոլորն են կարեւորում այս աշխատանքների շարունակականությունը: Կառավարությունն առաջարկել է, որ Սեւանա լճի մասին օրենքը փոխվի եւ ջրառը սահմանվածից ավելի շատ լինի, ինչին շատ բնապահպաններ դեմ են: Կարինե Դանիելյանը հայտնել է, որ պետականորեն առաջարկում են ոռոգման համար Սեւանից շատ ջուր բաց թողնել, ինչը ճիշտ մոտեցում չէ. «Սխալը սխալով ուղղելն այնքան էլ արդյունավետ չէ: Եթե ոչ ջրառատ տարիներ լինեն, Սեւանում բացասական բալանս կունենանք: Լիճն ավելի արագ է բարձրացել, ափերը չենք կարողացել կարգի բերել, լուրջ խնդիրներ դեռ կան»:

Անհանգստացնող է նաեւ հանքարդյունաբերության ոլորտը: Ամենալուրջ խնդիրը, ըստ բնապահպանների, հանքարդյունաբերությունն է, որի հարցում նախկինում ձեռքբերումներ չեն եղել: Հրազդանի արվարձանում պետք է շահագործվեր բազմամետաղային հանք, բայց համապատասխան աշխատանքներ չեն իրականացվում, իսկ դադարեցնելու որոշում չկա: Մինչդեռ Հրազդանի օդն աղտոտված է փոշով: Երեւանի տարածքում մոտ 29 հանքավայր կա. դրանք հիմնականում ծայրամասերում են, իսկ կենտրոնում՝ Երիտասարդական պալատի տեղում, առկա հանքավայրը շատ է աղտոտում օդը: Որեւէ առաջընթաց չեղավ նաեւ Թեղուտի հարցում, ինչը մտահոգում է ոչ միայն բնապահպաններին: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան հայտնել է, որ «միջազգային ուսումնասիրությունների տվյալները ցույց են տալիս, թե ինչքան վնասակար է հանքարդյունաբերության բաց, անվերահսկելի պոչամբարների առկայությունը շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա»: Խնդիրը հատկապես Սյունիքի մարզին է վերաբերում, որը տարածք է, որտեղ կենսաբազմազանությունը, բնական ու պատմական հուշարձանները փոքրիկ տարածքում իրար հետ շատ ներդաշնակ են, եւ այդ տարածքում «հանքը հանքի հետեւից է հայտնվում, պոչամբարը՝ պոչամբարի հետեւից»:

Բնապահպանությունը մայրաքաղաք Երեւանում որոշակի բարելավվել է: Բնապահպանական կազմակերպությունների բնորոշմամբ, դրական քայլեր կան՝ կանաչապատում եւ ծաղկապատում, «բայց քաղաքապետարանում բնապահպանությունը միայն որպես կանաչ տարածքներ ու ծաղիկներ է ընկալվում»: Իսկ կարեւոր խնդիրը առաջին հերթին քաղաքաշինությունն է, որից դժգոհ են բնապահպանները. «Մոնումենտից Սարի թաղ ընկած անտառահատվածը տրվել է օլիգարխներին, այնտեղ չինական պատեր են կառուցվում, առանձնատներ: Դա տիպիկ ֆեոդալական կառուցապատում է: Չկա այնպիսի քաղաք, որտեղ կենտրոնը միաժամանակ 3 գործառույթներ իրականացնի՝ պատմական, վարչական-ադմինիստրատիվ եւ առեւտրային-բիզնեսի»: Հիմա այդ բիզնեսը եկել ու ոչնչացնում է եւ՛ պատմականը, եւ՛ վարչականը:

Մեզ մոտ հանքարդյունաբերության եւ քաղաքաշինության օրենսդրությունն այնպիսին է, որ գերշահույթներ ստանան եւ մասնագիտական գնահատականներով այդ ոլորտները խիստ վնասներ են տալիս: «Այնպես են կառուցում, որ վերջին միլիմետրն էլ վերցնեն՝ հաշվի չառնելով էկոլոգիական ու սեյսմիկ ռիսկերը»: Ամեն դեպքում նշվել են նաեւ դրական երեւույթներ: Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից Խոսրովի անտառ պետական արգելոցին եվրոպական դիպլոմ է շնորհվել: Մեր արգելոցների կենսաբազմազանությունը հետաքրքրել է Եվրոպային: Այս դիպլոմը նաեւ կօգնի, որ ավելի խիստ պահպանվի ռեժիմը: Իսկ առհասարակ բնապահպանները կարեւորում են երիտասարդների շարժումները, որոնք պայքարում են ամեն ծառի, թփի, կենդանու համար:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։