Քաղաքական պայքարի տնտեսական դեմքը.- Էներգետիկ հզորությունները տրվել են գերտերություններին… «Նաիրիտ»-ը էլ պետության շահը չի՞ (եւ գրանցված է օֆշորային գոտու՞մ)… Բաց երկնքի բա՞ց թվերը… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…

Էներգետիկ հզորությունները տրվել են գերտերություններին

Վերջերս քաղաքական դաշտի բոլոր հակամարտությունները առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են: Օրերս էլ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը վաճառվեց ամերիկյան «Քոնթուր գլոբալ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերություններին՝ դառնալով քաղաքական ուժերի քննարկումների հերթական թիրախը։

«Այս ներդրումը կլինի ամենամեծ ներդրումը ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում, եւ այն կատարվել է էներգետիկ ոլորտում (180-250 մլն)։ Դեսպանությունում առաջնակարգ խնդիրներից մեկը ՀՀ հետ առավել ամուր ներդրումային եւ առեւտրային կապերի ձեւավորումն է, եւ այս գործարքի ստորագրումը դրա ապացույցներից մեկն է,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ ընդգծել, որ սա իր երկրի առաջին ներդրումն է ՀՀ էներգետիկ ոլորտում ու շատ կարեւոր է թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի համար»:

«Որոտան»-ի վաճառքի հարցում որոշ ընդդիմադիրներ, այնուամենայնիվ, հայտնել են իրենց դժգոհությունը: «ՀՀ կառավարությունը ավելի ու ավելի է խորացնում մասնավորեցման հետ կապված խոշոր գործարքներում «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքը խախտելու եւ ԱԺ-ին շրջանցելու պրակտիկան,- ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ հավելել,- մենք իմանում ենք, որ կառավարությունն ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ, եւ մասնավորեցումը կատարված է այսպես՝ գույքն ուղղակի վաճառվել է այդ ընկերությանը: Քավ լիցի, որեւէ խնդիր չունենք ամերիկյան ընկերությանը ինչ-որ բան վաճառելու հետ, բայց խնդիր ունենք, երբ շրջանցվում է օրենքը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ-ն հստակ լիազորություններ ունի, ըստ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի՝ միայն շարժական գույքը կարող է վաճառվել՝ առանց ծրագիր ընդունելու: Այս դեպքում վաճառվել է ամբողջ սեփականությունը՝ խախտելով օրենքը, ԱԺ-ի բոլոր լիազորությունները» (տեղեկացնում ենք, որ ուղիղ խոսքը հաճախ չենք խմբագրում,- խմբ.):

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի համաձայնել ընդդիմադիր պատգամավորի հետ, միաժամանակ հայտնել, թե այսուհետեւ մասնավոր հարցերը, խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումը չկապեն ԱԺ-ի դերակատարության կամ հեղինակության հետ. «Եթե կարծում եք, որ դա օրենքի խախտում է, եւ կառավարությունը չարաշահել է իր լիազորությունները, ապա ես անպայման կանդրադառնամ այդ հարցին»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Առաջիկա 6 տարիներին ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն. դոլար «Որոտան»-ի արդիականացման եւ վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների ու ծախսերի ծրագրի, որը կքննարկվի, կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Վերջինս հաստատել է սակագնային պլանը, ըստ որի ընկերությունը առաջիկա 25 տարիներին կապահովի համալիրի անխափան շահագործումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ չի հասկանում, թե ինչու են ՀՀ էներգետիկ հզորությունները տրվում ամերիկացիներին կամ ռուսներին. «Թող չվիրավորվեն ամերիկացիք կամ ռուսները, որոնց ամբողջությամբ տվել ենք էներգետիկ հզորությունները, բայց մենք երկիր ենք, մեզ էլ է էներգետիկա պետք: Ճիշտն ասած՝ ես այդ սեփականաշնորհումը (մենք, ցավոք, չենք սեփականաշնորհում, այլ՝ մասնավորեցման ենք տալիս: Սրանք լրիվ հակառակ բաներ են եւ տարբերակել է պետք,- խմբ.) չեմ հասկանում»: Ըստ պատգամավորի, կա մտավախություն, որ մի քանի տարի անց «Որոտան»-ը գնած ընկերությունը այն կարող է վաճառել ասենք՝ թուրքերին կամ ադրբեջանցիներին, որովհետեւ «նրանք ստրատեգիական ինվեստոր չեն» (այս կարծիքին է նաեւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով չի հավատում ամերիկյան կողմի երաշխիքներին):

Ընդդիմադիրները կարծում են, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար, բայց կառավարությունը սրանով երկիրը զրկեց սեփական էներգետիկայից։ Նաեւ կարծիք հայտնվեց, թե կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան։

Անի Մարության

«Նաիրիտ»-ը էլ պետության շահը չի՞ – «Նաիրիտ»-ը գրանցված է օֆշորային գոտու՞մ…

ԱԺ նիստում խորհրդարանական մեծամասնությունը որոշեց 1 տարով հետաձգել ՀՅԴ խմբակցության պատգամավորների առաջարկը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի խնդիրների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Քվեարկությունից հետո դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ հանձնաժողով ստեղծելու նպատակն այն է, որպեսզի գործադիրը կարողանա լիարժեք տեղեկություն տալ գործարանում առաջացած խնդիրների վերաբերյալ: ՀՅԴ-ն ակնկալում էր պատշաճ տեղեկատվություն ստանալ «Նաիրիտ»-ի հետ կապված, բայց կառավարության հաճախակի գործուղումների պատճառով տեղեկատվությունը չի տրամադրվել իրենց։ Դա է պատճառը, որ հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվել է փետրվարի 24-27-ի քառօրյա:

Այս տարին գործարանի աշխատակիցների համար կրկին սկսվել էր աշխատավարձի սպասումներով։ Մարդիկ մեծ հույսեր ունեին, որ գոնե  առաջին կիսամյակում կստանան իրենց մոտ 13-14 ամսվա աշխատավարձը, իսկ գործարանն էլ կսկսի աշխատել։ Տարեվերջին նրանք 1 ամսվա աշխատավարձ էին ստացել։

«Նաիրիտ»-ի մամուլի քարտուղարը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հերքել էր այն լուրերը, թե գործարանի տնօրինությունն ամեն ամիս պարբերաբար բարձր աշխատավարձ է ստանում. «Նրանք ստանում են այն ժամանակ, երբ աշխատողներն են ստանում։

Ավելին՝ վերջին 6 ամսում վարչական անձնակազմը աշխատավարձի 75%-ն է ստանում»։

Ի դեպ, ըստ մամուլի տեղեկությունների՝ «Նաիրիտ»-ի տնօրենը ստանում է 9 մլն., իսկ փոխտնօրենները՝ 3.5 մլն. դրամ աշխատավարձ (9 մլն-ի 75%-ը, ոչի՛նչ, կարելի է ստանալ, ընտանիքը մի՛ կերպ կապրի,-խմբ.)։ Իսկ 2010-ից ՙՆաիրիտ՚-ն արտադրանք չի տալիս եւ աշխատողների մի մասն էլ ստանում է աշխատավարձի միայն 2/3-ը։

Հիշեցնենք, որ գործարանը գնելու ցանկություն է հայտնել ռուսական «Ռոսնեֆտ»-ը, բայց պայմանով, որ բոլոր պարտքերը մարված լինեն: Սակայն դա կորոշվի հետո, քանզի «Նաիրիտ»-ի հարցը միջազգային դատարանում է:

Գոհար Վանեսյան

Հ.Գ. – Գործարանի աշխատակիցներն այսօր էլ պահանջում են իրենց աշխատավարձը։ «Պահանջը խիստ է այնքանով, որ 2010-ից պատասխան չի տրվել, 20 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, վիճակն ավելի է լարվում։ Մինչեւ փետրվարի 10-ը ժամանակ ենք տվել, որ աշխատավարձերը տան»,- ասել է «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը՝ հավելելով, որ 2430 աշխատակիցներ ուզում են հստակ իմանալ՝ երբ է վերագործարկվելու «Նաիրիտ»-ը։ Ըստ շարժման հիմնադրի, «Նաիրիտ»-ը գրանցված է օֆշորային գոտում, իսկ թե ով է գրանցել՝ դժվարանում է ասել:

Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ժամանակին ասում էր, թե «Նաիրիտ»-ի գործարկումը պետության շահերից է բխում…

Բաց երկնքի բա՞ց թվերը

2013թ. հունվար ամսին դեպի «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր չվերթեր անում էին 27 ավիաընկերություններ, իսկ այժմ դրանց թիվը 32 է:

Բացի այդ՝ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը, ըստ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի տեղեկատվության, հանգեցրել է ավիատոմսերի գնանկմանը:

2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 15%-ով:

2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հունվարին 2 օդանավով տեղափոխել է 16.066 ուղեւոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին «Արմավիա»-ն իր 7 օդանավերով տեղափոխել էր 18.224:

Նշենք, որ «Լուսանցք»-ը անդրադառնալով «բաց երկնքի» որոշմանը՝ հավելել էր, որ «բաց երկնքի»-ն նաեւ «փակ դռներ են պետք», ինչը պատկան կառույցները չէին ժխտել: Հայկական ավիացիան անչափ կարեւոր է մեր՝ ռազմա-քաղաքական ներկա վիճակում, եւ առհասարակ:

Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո

«Լուսանցք»-ի խմբագիրը պարբերաբար քաղաքացիներից բողոքներ էր ստանում, որ որոշ բանկեր մերժում են քաղաքացներին վարկեր տրամադրել եւ մերժում են առանց հիմնավոր պատճառների:

«Լուսանցք»-ը որոշեց հետաքննություն անցկացնել: Բայց հենց սկզբից կանգնեց խնդրի առաջ. նույն բողոքող քաղաքացիները չէին ցանկանում ներկայանալ, ձայնագրվել: Սա մեզ համար նորություն չէր. բոլոր բողոքողները միանգամից ցրվում են, հենց հարկ է «վկա լինել» («Ոսկե հորթը» ֆիլմի դրվագը հիշու՞մ եք): Ամեն դեպքում որոշեցինք քաղաքացիների բողոքների հիմամբ ինքներս փորձարկվել:

Ինչպես ասում են՝ հետաքրքիր բաներ բացահայտեցինք՝ արտառոցության իմաստով իհարկե: Բայց քանի որ հետաքննությունը դեռ ընթանում է, մենք հրապարկումը կանենք հաջորդ թողարկումում, եւ այն կներկայացնենք ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ իբրեւ ոլորտի վերահսկող մարմնի ղեկավարի:

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։