Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ դեպի Տիեզերքի Արարիչը – Հայ Արիները տոնեցին Հայոց Տրնդեզը…

Փետրվարի 14-ի արեւածագին՝ Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:

Արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ներկայացրեց Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը:  Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

Փառաբանվեց Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ գնացին Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Խորհուրդ Երդումի

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք.

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՜մ ես Ձեզ…

– Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ անցկացրեց Արարատի մարզի Ազատավան բնակավայրում:

Մասիսների հայացքի ներքո վառվեց Ծիսական Կրակը՝ Արեգակի խորհրդանիշը Երկրում, եւ հայ արիների քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտը կատարեցին հոգու ծես՝ փառաբանելով Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, նաեւ Հայ Աստվածներին ու Հայոց փառահեղ նախնյաց: Փառաբանեցին նաեւ հեռվից շողացող Մասիսներին ու Հայրենիքը Հայոց, որ պիտի դառնա Միացյալ Հայաստան – Հայք:

Տոնական միջոցառմանը մասնակցեցին նաեւ Կարմիր բլուրից ժամանած ՀԱՄ ղեկավարները, հնչեցին գինեձոներ ու փառաբանումներ, հայ արիականներն ու ազգայնականները բոցաշունչ պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին-պարեցին ու երկրպագեցին Արարչին:

Ձոն Արարչին

- ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
– Կանչը մեր հոգու,
– Զարկերը՝ սրտի,
– Միտքը՝ ուղեղի,
– Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
- Տե՛ր Ամենայնի:

Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր

Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին

Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ

Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝

Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,

Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-

Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,

Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…

Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաե՛ւ
Տիեզերքի հեռաստաններում…

ՀԱՅԱ` որ ՀԱՅ էս  

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ
…………………………………………….
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………..
Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի
………………………………………………………………………

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

(Բոլոր ձոներն առ Արարիչ՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի)

14.02.2014թ. – ԵրեւանԿարմիրբլուրԱզատավան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։