Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – «Հայկական կոշիկ» ապրանքանիշը լուրջ հայտ կարող է ներկայացնել… Սոցիալական լարում կառաջանա… Դեռ ինչե՛ր պիդի ըլլան… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…

Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը

Սկիզբը՝ թիվ 2,3-ում

Մեր երկրում կոշիկի արտադրության ոլորտի շարժերը հույս են ներշնչում, որ կարող ենք համաշխարհային շուկայում տեղ զբաղեցնել եւ վերականգնել հայկական կոշիկի համբավը: Հասկանալու համար, թե այդ տեղն ունենալու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել, նախ հարկ է խոսել կոշիկի շուկայի գլոբալ միտումներից:

2011թ. տվյալներով կոշիկի համընդհանուր արտադրությունը գնահատվել է շուրջ 21 մլրդ. զույգ: Ասիան 90% մասնաբաժնով շարունակում է պահպանել իր գերակշիռ դիրքը կոշիկի համաշխարհային արտադրությունում: Միայն Հնդկաստանն ու Չինաստանը միասին կոշիկի արտադրության 70%-ն են ապահովում: Եվրոպական երկրներից միայն Իտալիան է առաջատար տասնյակի կազմում՝ տարեկան մոտ 210 մլն. զույգ կոշիկի արտադրությամբ: Ի դեպ, կոշիկի արտադրությունն այն ոլորտն է, որ խիստ միջազգայնացված է: Յուրաքանչյուր արտադրված 4 զույգ կոշիկից 3-ն արտահանվել է (նշված ժամանակահատվածում): Արժեքային արտահայտությամբ կոշիկի արտահանումը ավելացել է տարեկան մոտ 10%-ով՝ բացառությամբ, իհարկե, 2009թ.-ի: Չնայած բնական կաշվից կոշիկների կշիռը նվազել է արտահանման կառուցվածքում, այդ խմբի արտահանումն աճել է տարեկան 7%-ով: 2011թ. արտահանվել է 2.2 մլրդ զույգ կաշվե կոշիկ:  Կոշիկի արտահանման մեկ զույգի միջին գինը վերջին 10 տարիներին 2,7%-ով թանկացել է: Կաշվե կոշիկների միջին գինն ավելացել է ավելի արագ, քան այլ նյութերից կարված կոշիկներինը՝ կազմելով 23,7 դոլար:

Կոշիկի միջին բարձր գինը բարձր է հիմնականում զարգացած երկրների դեպքում, սակայն որոշ զարգացող երկներ աստիճանաբար անցել են բարձր գնային հատվածների: Մասնավորապես, Վիետնամի արտահանման միջին գինը 2003թ. 11 դոլարից հասել է 31 դոլարի 2011թ.: Նույն միտումն է նկատվել նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանի արտահանման միջին գինը կազմել է 22.8 դոլար 2012թ. եւ գտնվում է միջինից բարձր գնային սեգմենտում:

Խոշոր արտահանողներից Չինաստանը, Հնդկաստանը, Թայլանդը եւ Թուրքիան են առաջարկում առավել ցածր գին: Կոշիկի համաշխարհային վաճառքի 40%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային եւ Եվրոպային: ԱՄՆ եւ եվրոպական զարգացած երկրները կոշիկի խորշորագույն ներմուծողներ են: Կոշիկի ներմուծման քանակով 10 խոշորագույն երկրների թվում են նաեւ Ճապոնիան, Հոնկոնգը եւ Ռուսաստանը:  Կոշիկի ներմուծման աճի տեմպերով աշխարհի բացարձակ առաջատարը ԱՊՀ-ն է՝ 20.8% տարեկան միջին աճի տեմպով: ԱՊՀ-ի  ներմուծման 75%-ից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին: Հաջորդ խոշոր ներմուծողները Ղազախստանն ու Ուկրաինան են, սակայն նրանց ներմուծման ծավալները մոտ 10 անգամ զիջում են Ռուսաստանի ցուցանիշին: Ռուսաստան արտահանման դեպքում հայ արտադրողներն ազատված են 10% վճարումից: Ռուսական որոշ սպառողների շրջանում հայկական կոշիկները վայելում են դեռեւս խորհրդային ժամանակներին ձեւավորված դրական համբավը: Բացի այդ՝ Ռուսաստանի կոշիկի մեծածախ եւ  մանրածախ առեւտրի ոլորտում ներգրավված են հայազգի գործարարներ: 2012թ. դրությամբ Ռուսաստանում կոշիկի տարեկան սպառումը կազմել է ավելի քան 300 մլն. զույգ: Վերջին տարիներին բնակչության եկամուտների աճին զուգընթաց, կոշիկի սպառումը այստեղ կայուն տեմպերով աճել է՝ տարեկան 8-10%: ՌԴ-ում սպառվող կոշիկների միայն մոտավորապես 17%-ն է տեղական արտադրանք: Զանգվածային սպառման կոշիկի արտադրությունը ՌԴ-ում համեմատաբար թույլ է զարգացած: Գործող արտադրողներից ոչ մեկի մասնաբաժինը ներքին շուկայում չի գերազանցում 1%-ը: Ռուսական ընկերությունների արտադրանքի մեծ մասը բաժին է ընկնում պետական ուժային կառույցների կողմից պատվերներին եւ մասնագիտական կոշիկներին (տվյալը ռուսական աղբյուրի է՝ «Ռուսական կոշիկի շուկան», 2011թ.): Վերջին տասնամյակի ընթացքում, Ռուսաստան ներմուծվող կոշիկի ծավալները կայուն տեմպերով աճել են՝ անկում գրանցելով միայն ճգնաժամային տարում՝ 2009թ.: Ներմուծված կոշիկի կառուցվածքի մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ռետինե այլ կոշիկներին (ավելի քան 55% 2012 թ. դրությամբ): Երկրորդ տեղում կաշվե կոշիկներն են, սակայն վերջինիս մասնաբաժինը վերջին 5 տարիներին նվազման միտում ունի (մոտավորապես 26% 2012թ. համեմատած  45% 2007թ.): 2012թ. դրությամբ ՌԴ է ներմուծվել 82 մլն. զույգ կաշվե կոշիկ:

Ռուսաստան կաշվե կոշիկների խոշորագույն արտահանողը Չինաստանն է, որին հետեւում են Իտալիան եւ Թուրքիան: Հայաստանի մասնաբաժինը Ռուսաստանի կաշվե կոշիկների ներմուծման կառուցվածքում կազմել է 0.1% 2012 թ. դրությամբ: Հայաստանից ՌԴ տարված մեկ զույգ կաշվե կոշիկների միջին գինը կազմում է 22.1  ԱՄՆ դոլար: Թեեւ այս գինը ցածր է միջին ներմուծման գնից (23.5 ԱՄՆ դոլար), սակայն գերազանցում է ռուսական շուկայի հիմնական խաղացողների՝ Չինաստանի եւ Թուրքիայի ներմուծման գներին:

Գնային առումով տեղեկացնենք նաեւ, որ հայկական կաշվե կոշիկները Ռուսաստանի շուկայում մրցակցում են միջին գնային հատվածում: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է սա նշանակում, ասենք, որ կոշիկի ոլորտում կա 3 գնային հատված՝ մասսայական (1 զույգի միջին մանրածախ գինը՝ մինչեւ 50 դոլար), միջին (նույն՝ մանրածախ գինը՝ 50-150 դոլար) եւ պրեմիում (150 եւ ավելի դոլար):

Հայկական կոշիկը մրցակցում է միջին գնային հատվածում, բայց, արդեն նախորդիվ ասել ենք, որ կարող է ավելի միցունակ դառնալ, եթե թուրքականի հետ կարողանան մրցել գնային առումով: Իսկ որ կարող է, հաստատ է: Որովհետեւ թուրքական այդքան էժան է Հայաստանից իսկ արտահանած կաշվի հաշվին: Եթե մենք կաշին չարտահանենք եւ այստեղ մշակենք, կշահենք (մանրամասն խոսել ենք այս մասին): Հարկ է նաեւ, որ մանր արտադրողներին ի մի հավաքեն՝ կոշիկի արտադրությունում ծավալ տալու նպատակով: Սակայն այստեղ մի խնդիր կա, որի մասին անպայման ուզում եմ խոսել:

Զրուցել եմ 23 կոշիկ արտադրող անհատների հետ: Նրանցից եւ ոչ մեկը չուզեց մեկ միավորումում աշխատելու մասին մտածել: Նախ՝ հաստատ այնքան աշխատավարձ չեն ստանա, որ ավելի շատ լինի անհատապես աշխատանքի արդյունքից: Իսկ հնարավո՞ր է, որ շատ՝ ասենք արծաթագործների նման անհատապես աշխատեն՝ բայց կոշիկի վրա թողնեն իրենց «դաջվածքը», որպեսզի հստակ ձեւավորվի նաեւ կոշիկի արտադրության անհատ վարպետների շուկան:

Նրանցից եւ ոչ մեկը սա էլ չուզեց, որովհետեւ «մի քանի կոշիկ կարելով փառքի չեն հասնի, բայց փոխարենը հարկայինն իրենց պոչին կնստի»: Հետեւանքը, ըստ կոշկակարների, կլինի այն, որ 8 կոշիկ կարելով 16 կոշիկի հարկ կտան: Հետո ստիպված պիտի թանկացնեն կոշիկները: Սա խնդիր է, որին պատկան մարմինը պետք է ուշադրություն հրավիրի:

Ինչեւէ, այս եւ բոլոր այն խնդիրներով հանդերձ որ քննարկել ենք մեր հոդվածաշարում, արտադրության մրցակցային առավելությունների աղբյուրներ ունենք: 1. Առկա արտադրական հզորություններ, որ հնարավորություն կտան 3-4 անգամ ավելացնել արտադրության ծավալները առանց մեծ կապիտալ ներդրումների: 2. Արտադրական մշակույթ: 3. Կաշվի՝ տեղում վերամշակման դեպքում մատչելի հումք (վերամշակման հզորություններ էլ ունենք): 4. Հայկական կոշիկի պահպանված համբավ ռուսական շուկայում: 5. Մասնագիտացում կաշվե կոշիկների արտադրության հատվածում, որն առավել աշխատատար է (ծախսային առավելություն՝ էժան աշխատուժի շնորհիվ) եւ բարձր գնային սեգմենտում է: 6. Ազատ առեւտրի գոտու առկայություն Հայաստանի եւ հիմնական նպատակային շուկա Ռուսաստանի միջեւ (Թուրքիայի եւ Չինաստանի դեպքում՝ 10% մաքսատուրք): Կոշիկի արտադրության ոլորտի զարգացման նպատակը կլինի այն, որ մոտակա 10 տարիներին հասնենք 2-2.2 մլն. զույգ կաշվե կոշիկի արտահանման (հիմնականում ռուսական շուկա. սա պատկան կառույցի տեսակետն է,-Ա.Մ.) միջին գնային սեգմենտում՝ դիրքավորվելով որպես բարձրորակ կաշվե կոշիկների ավանդական արտադրող:

Սա չի նշանակում, թե չպետք է մտածենք այլ շուկաների մասին: Որովհետեւ հումքը տեղում մշակելով եւ ծավալ ապահովելով կարող ենք մտածել նաեւ այլ շուկաների մասին: Ռուսական շուկան առաջնային դիտարկելը լիովին հասկանալի է կոշիկի արտադրության վերականգնման փուլում: Բայց զարգացման փուլում այլ թիրախներ էլ պետք է ընտրել: Դրա համար զուգահեռ պիտի կարողանանք վերականգնել «Հայկական կոշիկի» ապրանքանիշն ու տարածենք այն: Իսկ սրա համար մենք ունենք ամենակարեւորը՝ ունենք պատմությունը:

Եվ  բրենդը ստեղծելու համար շատ բրենդ ստեղծող ընկերությունների օրինակով, հայթայթել ու գումար ծախսել պետք չէ, բավական է միայն հիշել մեր Արենիի քարանձավից գտնված աշխարհում ամենահին կոշիկը: Չնայած, կարծես այս կարգի հարցերին ուշադրություն չենք դարձնում: Զուր, քանզի արդի աշխարհում մեծամասամբ բրենդն է «կազմակերպում» ապրանքի իրացումը:

Արմենուհի Մելքոնյան

Սոցիալական լարում կառաջանա

Պարտադիր կենսաթոշակային համակարգին անցումը անպայման սոցիալական լարվածության սուր բռնկման է հանգեցնելու: Դա են վկայում վերջին իրադարձությունները: Արդեն ասել ենք, որ գաղափարն ինքնին լավն է, բայց ամենալավ գաղափարներն անգամ տապալվում են, եթե արվում են ոչ ճիշտ ժամանակին: Երկրի ղեկավարի համար սա լավ հնարավորություն է միավորներ հավաքելու.- նա կարող է հայտարարել, որ հիմա պարտադիր կուտակայինի անցնելու «պատմական պահը» չէ, ուստի դա պետք է թողնել հետոյին: Կամ՝ նախագահ Սարգսյանը կարող է փոխել տարիքային շրջանակը այնպես, որ պարտադիր վճարումներ անեն 1974թ. առաջ ծնվածները: Ա՛յ, այդ ժամանակ էլ ցայտուն կերեւակվի «պատմական պահը»:

Դեռ ինչե՛ր պիդի ըլլան

Էկոնոմիկայի նախարարը համաձայն չէ մամուլում «չափազանցված հրապարակումներին» եւ կարծում է, որ ՄՄ ՀՀ-ի մտնելու հետեւանքով սղաճային ճնշումը չի՛ գերազանցի 1,5%-ը. «Մենք հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ ապրանքային մի շարք խմբերի մասով Հայաստանը կխնդրի ազատել Մաքսային միության մաքսատուրքերից»: Նախարարի դիտարկմամբ, ընդհանրապես չի կարող արձանագրվել աննախադեպ սղաճ, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները: Ավելին, նախարարի խոսքերով, աժիոտաժն առաջացել է, որովհետեւ տեղեկատվությունը անընդատ բաց է, եւ «զլմ-ներն այդ տեղեկատվությունն օգտագործում են իրավիճակը սրելու համար»:

Փաստորեն, եթե սղաճային ճնշումը 1,5%-ից բարձր լինի, մեղավորը դարձյալ լրագրողները դուրս կգան…

Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո

Նախորդիվ ասել էինք, թե բանկային ոլորտից մի հետաքննություն ենք անում, որի արդյունքները պետք է հրապարակեինք այս համարում: Ստիպված ենք հետաձգել մեր հրապարակումը՝ պատճառաբանված անհրաժեշտությամբ: Այն, ինչ հայտնաբերել ենք մենք, մեզ թույլ է տալիս, ինչպես ասում են, հեռուն գնացող եզրակացություններ անել:

Ուսումնասիրությունը շարունակում ենք, եւ ավարտի ու եզրակացության մասին անպայման կտեղեկացնենք:

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։