Երբ հեղափոխության դրոշները օտարինն են… Յուրահատուկ հայկական ռեկորդ՝ օլիմպիական 100-ամյա պատմության մեջ… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Երբ հեղափոխության դրոշները օտարինն են

Վարչապետի հրաժարականի հարցը կրկին ընդդիմադիրների առաջնային թեման է: 2013-ի անհաջող փորձերը մի կողմ թողած, Աժ ոչ իշխանական 4 ուժերն արդեն միասնական օրակարգում են տեղավորել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Երեկվա նիստից հետո լրագրողները ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից այս առումով կարծիք հարցրեցին:

«Կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման հիման վրա քայլեր ձեռնարկի ու տրվի ինչ-որ քաղաքական ու տնտեսական հիմքեր չունեցող գործընթացի»,- այսպես երկարաշունչ պատասխանեց նախարարը: Ավելին՝ նշեց, որ նույնիսկ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի դեպքում հաջորդ կառավարությունը նույնպես ձեւավորելու են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Եվ հավելեց, թե որքանով տեղյակ է, դեռ միասնականություն ընդդիմադիր խորհրդարանական ուժերի միջեւ չկա: Հասկանալի չէ, թե ի՞նչ շահեր են հետապնդում՝ «Եթե ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան, եթե այդպես է, ապա ցավալի է, քանի որ ընդհանրապես չունենք ընդդիմություն»: Նա համոզված է, որ «այդ կուսակցությունները այսօր փորձում են սոցիալական խնդիրների միջոցով իրենց շահերն առաջ տանել»:

Ոչ իշխանական 4 ուժերի այդ նախաձեռնությունը ինչպես շատ ՀՀԿ-ականների, այնպես էլ ԿԳ նախարարին մտածելու տեղիք է տվել, եւ նա նշել է մեկ տարբերակ. «Կարող է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, բայց վարչապետի անհատական կերպա՞րն է նրանց խոչընդոտում»:

Անդրադարձ եղավ նաեւ մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ կուսակցության հրավիրած հանրահավաքին. «Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների արյունն ու հիշատակն է…»:

Այս հարցում համամիտ եմ նախարարի հետ, ում ոչ բոլոր մտքերի հետ եւ ոչ միշտ եմ համաձայն: ՀԱԿ-ը՝ երբ կոնգրես էր, ու հիմա երբ կուսակցություն է, քայլ անգամ առաջ չի գնացել քաղաքականապես: Եվ ոչ էլ մարտիմեկյան դեպքերը վերլուծելու հարցերում: Ցավալի է, որ 6 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացան, որ «Լեւոն հեռացիր»-ը ամեն բան արեց, որ իրենից հետո ջրհեղեղը քշի բոլորիս… Երբ Ազատության հրապարակը զինվում էր, իսկ հանրահավաքի դրոշները հայկականից վերածվում էին դաշնակցայինի (Եվրամիության, Ուկրաինայի, Վրաստանի ու Իսրայելի դրոշներով), ապա սա չնկատողը չի կարող առաջ գնալ: Նմանները ետ են գնում եւ երկիրն էլ ետ քաշելով՝ օտարի պատվերն են կատարում: Եթե օրվա իշխանությանը դավաճան են համարում, ապա իրենք վաղուց այդպիսին են ու դեռ չեն հանգստանում…

«Լավ եմ հիշում, թե ՀԱԿ պարագլուխներից մեկը ինչպես էր բանակցում ԲՀԿ ներկայացուցչի հետ եւ սակարկում էր մարտի 1-ը, զոհերի հիշատակը, այդ իրադարձություններն առհասարակ»,- նշել է ԿԳ նախարարը: Նա ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը եւ Սասուն Միքայելյանը որոշել են մարտի 2-ի լուսաբացը դիմավորել Մյասնիկյանի արձանի մոտ, ինչը տարբերվում է Լեւոն Զուրաբյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումներից: Իսկ ինչո՞ւ՝ հարցին պատասխանեց. «Պատկերացնո՞ւմ եք, որ բոլորը Լեւոնի նման այդ գիշերը դիմավորեին՝ մարդա իրա տանը…»:

Աստղինե Քարամյան

Շաբաթվա մարզական հեւքից. –

Սոչի. Օլիմպիական խաղերն ընթացքում են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Նախագահի հետ մեկնել էին նաեւ մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպեսեւ ղեկավար այլ անձինք: Մեր մարզիկներն ու մարզիչներն ավելի շուտ էին ժամանել օլիմպիական մայրաքաղաք, որպեսզի հարմարվեն տեղի եղանակային պայմաններին ու ծանոթանան մրցուղիներին: Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանն էր: Հիշեցնենք, որ Սոչի-2014-ին բացի նրանից մասնակցում են նաեւ դահուկորդներ Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Յուրահատուկ ռեկորդ՝ օլիմպիական 100-ամյա պատմության մեջ.

Հայաստանի դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի մայրը եւս արժանացել է օլիմպիական դրոշակը տանելու պատվին

Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած ձմեռային 22-րդ Օլիպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են 4 մարզիկներ, իսկ ընդհանուր առմամբ Սոչիի Օլիմպիադան 11-րդն է Հայաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ 6-րդ ձմեռայինը: Մեր մարզիկները դեռ երբեք մեդալներ չեն վաստակել ձմեռային Օլիմպիադաներում, բայց շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել:

1998թ. Նագանոյում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում մեր երկրի դրոշակակիրն էր դահուկորդուհի Ալլա Միքայելյանը, ով Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի մայրն է:

Օլիմպիական խաղերի 100-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ մայր ու որդի արժանանում են երկրի դրոշակը տանելու պատվին:

– Մեր դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանն իրենց նորամուտին ուժերը փորձեցին սկիաթլոնում (15 կմ ազատ ոճ+15 կմ դասական ոճ):

Չեմպիոնի կոչումը 1:08,15 արդյունքով նվաճեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան:

Սերգեյ Միքայելյանը առաջատարից ետ մնաց 5,01 րոպեով եւ զբաղեցրեց 46-րդ տեղը: Արթուր Եղոյանը ետ մնաց 9,29 րոպեով եւ մրցավազքն ավարտեց 63-րդ հորիզոնականում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org կամ hayaryan@gmail.com  էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

 

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»     58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։