Վերջերս ավելացել են արցախյան հակամարտությանն առնչվող ռազմատենչ խոսակցությունները եւ պաշտոնական Բաքվին որոշակի հաջողվել է այն դարձնել միջազգային քննարկումների թեմա: Ադրբեջանում լավ հասկանում են, որ եթե անգամ իրապես պատրաստ լինեն ու ցանկանան վերսկսել պատերազմը, պետք է դրա համար գոնե մեկ շահագրգիռ կողմ գտնեն, որ «իրավասություն» ունենա պատերազմական գործողություններ հրահրելու տարածաշրջանում: Հասկանալի է, որ այդպիսի 2 կողմեր կան՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, որոնք կարող են նման քայլի դիմել: Բայց ռազմա-քաղաքական այդ ուղղությունները ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն են ու նրանց հայտարարությունները, քայլերը գոնե առայժմ հակապատերազմական են:
Հակառակը՝ ավելի կտրուկ է դարձել ռուսական կողմը եւ հայտարարել, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պայմանագրային անմիջական պարտավորություն ունի ստանձնած նաեւ Ռուսաստանը: ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովն ավելի բաց է արտահայտվել. «Եթե նույնիսկ մեկ արկ ընկնի Հայաստանի տարածքում՝ դա որպես ագրեսիա կդիտվի, իսկ այդ դեպքում ՀԱՊԿ-ն կգործի ըստ սահմանված դրույթների»:
Արեւմուտքը թեեւ ավելի հանգիստ տոնով, բայց շատ հստակ հասկացրել է, որ պատերազմը վերսկսողը ճակատում եւ իր հետագա քայլերում կմնա մենակ:
Ինչեւէ, պատերազմին նախապատրաստվել պետք է, քանզի այս խաղաղությունը խաբուսիկ է, իսկ գերտերություններին լիարժեք վստահելը՝ կործանարար (պատմության դասերից գիտենք):
Նշենք, որ Ադրբեջանը 2006-2012թթ. զենքի արտերկրի շուկաներից 23.156 միավոր թեթեւ հրաձգային զենք է գնել, եւ սա ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների մասին ռեգիստրի տվյալներն են, որում գաղտնի գործարքները չեն նկատված: Ըստ աղբյուրի, ձեռքբերված զենքերից 19.420-ն ինքնաձիգներ են, 3.120-ը՝ ատրճանակներ, իսկ մնացածը՝ այլ զենքեր, ընդ որում՝ ինքնաձիգերի մեծ մասը՝ 19.000-ը, ներկրվել է Ուկրաինայից: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռազմական համագործակցությունը մեծացրել է ինչպես իր եղբայրական Թուրքիայի, այնպես էլ մեր բարեկամական Ռուսաստանի ու Բելառուսի հետ: Եվ խաղաղությունից ամեն օր խոսող Ֆրանսիայի ու Իտալիայի հետ են համագործակցության համաձայնագրեր կնքվել եւ… այս ցանկը կարելի է դեռ շարունակել:
Իհարկե, հետ չեն մնում նաեւ Հայաստանում (այդպես էլ պիտի լինի): ՀՀ նախագահն ու վարչապետը դեռ անցյալ տարեվերջին հայտարարեցին մեր զինուժի՝ արդիական զենքերով համալրվելու մասին: Եվ Տիգրան Սարգսյանը նշել է. «2014թ. բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռեւս չենք ունեցել»: Երկրի ղեկավարությունն ավելի հաճախ է այցելում զորամասեր, ծանոթանում զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցում նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Եվ 2014թ. հայկական բանակը նույնպես կստանա ժամանակակից եւ նորագույն զենքեր, «որովհետեւ պարտավոր ենք զինվորներին զինել այնպիսի զինամթերքով, որը կապահովի բանակի մարտունակությունը, միեւնույն ժամանակ, բանակի առջեւ կդնի նոր խնդիրներ ու մարտահրավերներ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Իսկ նախագահն էլ հայտարարեց, թե «Արցախի իշխանություններին այլ բան չի մնում, քան վառոդը չոր պահել»: Ըստ նրա՝ «մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետեւ ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Բառացիորեն օրեր առաջ վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջեւ նոր սերունդը շարունակում է մեր բանակի եւ զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռեւս ձեւավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում»:
2014թ. մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20 տարին, բայց մենք ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում: Սա առանձնահատուկ վիճակ է ցանկացած բանակի ու առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը, ինչը հավաստում են եւ՛ հայ պաշտոնյաներն ու մասնագետները, եւ՛ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի պատասխանատուները: «ՀՀ զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանության բանակը դեռեւս իրենց ձեւավորման պահին ասացին հակառակորդին ու բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Այո՛, բանակը մեր բոլոր կառույցներից ամենակայացածն է եւ սրանում վստահ է նաեւ հայությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Մեր բանակը մեր միակ հուսալի ու վստահելի վահանն է, որի հզորացումը բոլորիս խնդիրն է: Արցախի նախագահ Բակո Սահակյանը վերջերս այդպես էլ հայտարարեց, որ մեր բանակը համայն հայության հպարտությունն է: Նա իր խոսքում, որն ուղղված էր նաեւ արտաքին լսարանին, հայտարարեց, որ հայկական զինուժը պաշտպանում է ոչ միայն ԼՂՀ սահմանները, այլեւ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան: Հստակ նշվեց, որ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, սպառազինության արդիականացումն այսուհետ էլ կլինի պետականաշինության առանցքային ուղղություններից:
Այսօր, երբ նորից ռազմատենչ հայտարարություններ ու կոչեր են հնչում, յուրաքանչյուր հայի անձնական գործն է հաղթանակած հայոց բանակի ոգին ու մարտունակությունը բարձր պահելը:
Այո՛, պետք է խոսել բանակում առկա խնդիրներից, պիտի բացահայտվեն բոլոր հանցագործությունները եւ պատժվեն բոլոր մեղավորները, բայց հակաբանակային, հակաարցախյան ու հակահայկական տրամադրություն սերմանողները, մեր բանակում ծառայությունից խուսափելուն նպաստողները եւս պետք է պատժվեն խստագույնս, քանզի արտաքին թշնամին հենց ներքին թշնամիների միջոցով է այդ ամենը տարածում:
Մարդիկ հաճախ չեն էլ գիտակցում, որ այս կամ այն լուրը նետվել է ասպարեզ հենց «հակա»-մասնիկի բազմազան ձեւերով տարածման համար:
Այժմ տարածաշրջանում ամենամարտունակն ու կազմակերպվածն է մեր բանակը եւ այն սասանելու որեւէ փորձն անգամ դավադիր քայլ է, անկախ կատարողի իշխանական, ընդդիմադիր, օտարասեր, թե առհասարակ չեզոք կարգավիճակից…
Հայ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



