Ապաստաններ բաշխելով՝ մե՛զ ենք վտանգում – Թշնամուն գովաբանող հոդվածները հայաստանահայերը չեն ընդունում… Իսկ մենք ստանու՞մ ենք անվճար զենք…

Մեզ թշնամի պետությունն այսօր ոչ միայն արտաքին աշխարհի հետ է զբաղված ապատեղեկատվական քարոզչությամբ, որպեսզի գոնե ժամանակավոր հաջողություն արձանագրի իր հակահայ քաղաքականության մեջ, այլեւ տոտալ քարոզչության պատվեր է իջեցրել ադրբեջանական զլմ-ներին՝ երկրի բնակչությանը «ազդեցության տակ» պահելու համար. «Ամեն ինչում մեղադրանքի սլաքները պետք է ուղղել Հայաստանի կողմը, ի վերջո, հայերն են մեղավոր, որ ներքին խնդիրներ են ստեղծված Ադրբեջանում»: Հատկապես հակամարտության գոտիներում ադրբեջանական սադրանքներից «ստացած» սեփական զոհերն ու վիրավորները ներկայացվում են որպես կենցաղային պայմաններում սպանվածներ կամ վնասվածներ, եւ միայն չգոյ հաղթական բարբաջանքներն են տեղ գտնում զլմ-ներում:

(Իսկ Հայաստանում՝ հարցման արդյունքներով պարզվել է, որ բնակչության մեծամասնությունը կողմ է, որ բանակի, այնտեղ կատարվող դեպքերի մասին տրվի սպառիչ տեղեկատվություն, ինչը կդադարեցնի նաեւ անհարկի շահարկումները: Բայց կան անձեռնմխելի թեմաներ, որ չպիտի քարոզվեն, դա թշնամիների մասին գովաբանությունները եւ մեր մասով թերարժեքություն սերմանող դրսեւորումներն են: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն օրինակ, պատրաստ չէ լսել ադրբեջանցի ժողովրդի մասին որեւէ դրական խոսք, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին էլ հաճելի չէ հանուն հայաստանցու բարեկեցության «Ղարաբաղն Ադրբեջանին թողնելու» թեման։)

Իհարկե ադրբեջանական ներքին սինաբանություններին կարիք չկա մեծ տեղ հատկացնելու, սակայն միջազգային ասպարեզում պետք է անմիջապես արձագանքել եւ ի դերեւ հանել Բաքվի ստերը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պարբերաբար ներկայացնում է հայկական կողմի պատասխաններն ու տեսակետները: Վերջերս հանդիպել է  ԵԽԽՎ նոր ընտրված նախագահ Անն Բրասերի հետ եւ քննարկել հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ադրբեջանը սադրանքները փորձում է կոծկել Արցախա-ադրբեջանական սահմանագիծը մոլորված լինելու պատճառով  հատած երիտասարդ զինվորական (Ադրբեջանում հայ ռազմագերի համարվող) Հակոբ Ինջիղուլյանի եւ Հայաստանա-ադրբեջանական սահմանն անցած՝ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի (ավելի քան 70-ամյա) «դիվերսանտներ» լինելու շահարկումով: Սակայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ եւ հասկացել է, որ 2 հայ մոլորյալներն էլ ոչ մի կապ չունեն «դիվերսանտության» հետ:

Այս հարցը թեժացավ վերջին իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական մի ընտանիք ապաստան խնդրեց Հայաստանից: Հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ էր դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը՝ իր, կնոջ եւ 3 մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով։ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով։ Մասնավորապես՝ Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ՝ Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո։

Պարզվել է, որ չդիմանալով անմարդկային կեղեքումներին, ադրբեջանցին պարտադրված համաձայնվել է համագործակցել երկրի հատուկ ծառայությունների հետ եւ կնոջ՝ արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի ու սփյուռքի վերաբերյալ։ Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը, ադրբեջանցին անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները։ Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել ՀՀ իշխանություններից։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ միգրացիոն գործակալությունը զբաղվեցին այդ ընտանիքի հետագա ճակատագրով: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնեց, որ ընդունել են ադրբեջանցի ընտանիքին ապաստան տրամադրելու հայցը, կրկնակի հարցազրույց են ունեցել, ինչպես կարգն է պահանջում:

Ապաստան տալու առումով ընդհանուր տվյալներ է հայտնել Գագիկ Եգանյանը՝ նշելով, որ միայն նախորդ տարի 320 օտարերկրյա քաղաքացի է դիմել ապաստան հայցելու նպատակով եւ ադրբեջանցի ընտանիքի դեպքն էլ իրենց ծառայությունում ընկալում են սովորական երեւույթ։ Նրանց մի մասի հայցը ընդունվել է, հնարավորության սահմաններում փորձում են այդ ընթացքում լուծել նաեւ հայցվորի կեցության հետ կապված խնդիրները։ Խնդրով զբաղվում է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Միգրացիոն պետական ծառայությունը մեկամսյա ժամկետում հայցողի դիմումի եւ դրան առնչվող բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմում է առաջարկություն եւ ներկայացնում ՀՀ նախագահին։

Տարիներ առաջ «Լուսանցք»-ը գրել է Հայաստանում ապաստան հայցող աֆրիկացիների, արաբների կամ ասիական երկրների քաղաքացիների մասին, նաեւ մտահոգություն հայտնելով, որ նրանց մի մասը չի կարողանում անցնել երրորդ երկիր (ԱՄՆ կամ եվրոպական երկրներ) եւ ետ չգնալով՝ մնում են Հայաստանում, ինչը վտանգավոր է ինչպես արյունապղծության-սերնդատվության (նրանք ամուսնանում ու մնում են մեր երկրում), այնպես էլ անվտանգության (հայտնի չէ, թե ով իսկապես ինչ նպատակով է եկել, անգամ՝ ամուսնացել ու մնացել) առումներով: Իսկ մտահոգվելու առիթներն ավելանում են, երբ հանկարծ պատահաբար պարզվում է, որ Թուրքիայից «Գորշ գայլեր» ազգայնամոլական ու ահաբեկչական կազմակերպության անդամը եկել է Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետի ու այլ պաշտոնյաների հետ, նաեւ կաթողիկոսի, ու ապա Հանրապետության հրապարակում «Գորշ գայլեր»-ի խորհրդանշանը ձեռքի մատներով ցուցադրած նկարվել, ու հենց Երեւանի կենտրոնից ուղարկել Անկարա… Նա նաեւ զբաղվել է տնտեսական գործունեությամբ եւ Հայաստանն իր համար տարանցիկ երկիր է դիտարկել:

Այսօր մեր երկիր են գալիս զբոսաշրջիկներ նաեւ Թուրքիայից ու Իրանից, սակայն երբեմն հրապարակումներ են լինում, որոնք վտանգավոր ազդակներ են արձակում: Երբեք չի կարելի վստահ ասել, որ թուրք կամ քուրդ զբոսաշրջիկը Անկարայի կողմից չի ուղարկված, կամ պարսիկի անվան տակ Իրանից ժամանած ադրբեջանցին՝ Բաքվի հրահանգով չի ժամանել: Եվ մեր անվտանգությունը լուրջ պետք է վերաբերվի ներքին խժդժությունների ենթատեքստերը հայտնաբերելուն, Հայաստանում ինչ-ինչ օտարահաճ նախաձեռնություններ սկսելուն:

Եթե հայկական բանակը մեր անձնազոհ մարտիկների կյանքի գնով նաեւ պաշտպանում է երկրի սահմաններն ու բնակչության անվտանգությունը, ապա նույնը պիտի լինի երկրի ներսում: Նշենք, որ Անկարան ու Բաքուն առանձնահատուկ համագործակցություն են ծավալել ինչպես Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստման, վարժեցման ոլորտում, որտեղ հիմնական հրահանգիչները թուրքական ժանդարմերիայի ու հատուկ նշանակության ուժերի զինվորականներ են, այնպես էլ հետախուզական ու հակահետախուզական ոլորտներում: Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությունն իրականացվել էր հենց նշյալ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից:

Նշենք նաեւ, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի, «Roketsan» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ղեկավարներին եւ այլ պաշտոնատար անձանց, զրուցել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Մի խոսքով՝ թուրքական ԶՈւ տարբեր պաշտոնյաների մուտքն Ադրբեջան ակտիվացել է:

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել ինչպես արցախա-ադրբեջանական, այնպես էլ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանների տարբեր մասերում, նաեւ Նախիջեւանի ուղղությունից: Սա եւս թուրքական կողմի համաձայնության ու իրազեկության հետեւանք է, հատկապես Նախիջեւանի զորամիավորման հարցում շատ մեծ է Թուրքիայի ԶՈւ ազդեցությունը, իսկ նախիջեւանյան զորամիավորման հետ համագործակցություն ծավալելու պարտականությունն իր վրա է վերցրել Թուրքիայի 3-րդ բանակի հրամանատարությունը: Այդ զորամիավորման արդիականացման ու վերակազմակերպման գործն իրականացվում է թուրքական բանակի հետ համատեղ:

Երեւի թե իզուր չէր ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ այլոց կողմից համացանցում տարածված կոչը («Կոչ համայն հայությանը. Մի օգնեք թշնամուն ձեր տեղեկատվութեամբ»), որում մասնավորաբար ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, հատկապես դիմում ենք ֆ/բ օգտատերերին ու զլմ-ների ներկայացուցիչներին: Հասկանալի է, որ 21-րդ դարն է, ու տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են տալիս, բայց խնդրում ենք, տեղեկատվություն չհրապարակել ու դրանով օգնել թշնամուն: Այն, ինչը կարելի է հրապարակել, ՊՆ-ն հրապարակում է, դրանից ավել որեւէ բան ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ: Հասկանում ենք, որ բոլորը հեռախոսը ձեռքներին զանգում են ծանոթ-անծանոթներին ու հարցնում սահմանում տիրող իրավիճակը: Խնդրում ենք, մի արեք, ՄԻ՛ ԶԱՆԳԵՔ, քանի որ դրանով ակամայից իմացնում եք թշնամուն բաներ, որ գաղտնի են, Եթե անգամ զանգում եք՝ մի տվեք ռազմական բնույթի հարցեր: Պետք է գիտակցել, որ ձեր ամեն հարց ու պատասխանը մի կարեւոր գաղտնի տեղեկատվություն կարող է լինել: Ամեն մի բառն ու նախադասությունը կարեւոր է, ու կյանքի ու մահվան պատճառ կարող է դառնալ: Հարգելի զինվորներ, գոնե դուք հասկացեք իրավիճակի լրջությունը, մի պատասխանեք հարցերին, մի սրեք իրավիճակը… ՄԻ՛ ՕԳՆԵՔ ԹՇՆԱՄՈւՆ»:

Արամ Ավետյան

Տես նաեւ՝ էջ 8 «Արտաքին եւ ներքին բացահայտումներ»-ը

Իսկ մենք ստանու՞մ ենք անվճար զենք

«Բնական է, որ Ռուսաստանն էժան գներով է զենք վաճառում ՀԱՊԿ անդամ Հայաստանին: Զարմանալի է, որ անվճար մատակարարումներ չի իրականացնում, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրների զինումը ՀԱՊԿ ղեկավարության պարտավորություններից է»,- «Վեստի.Ազ» ադրբեջանական կայքի հետ զրույցում նշել է Ռազմավարական զարգացման մոդելավորման փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Վերջինս զարմանքով նշել է, որ չի հասկանում, թե ինչու է Բաքուն մանեւրում երկու ռազմաքաղաքական բլոկների՝ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջեւ, քանի որ եթե ժամանակին ՀԱՊԿ անդամ դառնար, ապա զինամթերք ձեռք կբերեր առավել էժան գներով:

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։