Երբ սուտը ո՛չ միայն հացիվ է – Եկեղեցու սպասավորներն ամեն անգամ մի նոր հակահեթանոսական բան են բստրում… Հա՞վն է ավելի շուտ առաջացել, թե՞ ձուն… Մեր ավանդապատումները շարքից – Արարատ…

Երբ սուտը ո՛չ միայն հացիվ է

Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորներն ամեն անգամ յուրաքանչյուր ավանդական տոնից առաջ մի նոր (իրականում՝ հնացած) հակահեթանոսական բան է բստրում: Իհարկե, եվրոպական եկեղեցականներից որոշակի բան են սովորել՝ երկակի ստանդարտներով են հայտարարություններ անում: Մի մասը նշում է, թե քրիստոնեական շատ տոներ ու ծեսեր հիմնված են հեթանոսական այս կամ այն տոնի ու արարողակարգի վրա, իսկ մյուս մասն էլ՝ իրեն չխնայելով փորձում է Հայաստանում ի վերջո հաստատել քրիստոնեությունը, որը 301թ. ցայսօր իր տեղը չի գտնում մեր հայրենիքում: Պետական կրոն է հռչակվել իհարկե, այսօր էլ են հռչակել, բայց այդպես էլ ազգային չի դառնում:

Եվ չի էլ կարող դառնալ, քանզի, ինչպես բազմիցս նշել է «Լուսանցք»-ը, Եհովա հրեական Աստծով եւ նրա հրեա Հիսուս որդով, Հիսուսի հրեա աշակերտ-մարգարեներով ու առաքյալներով, հրեական «Թալմուդ»-ի վրա հիմնված «Հին Կտակարան»-ով եւ էլի այսպիսի բաներով հայկական չեն լինում… Այս ամենով հուդա-քրիստոնեական կրոնը երբեք հայ ազգային հավատ չի դառնա: Երբեք չի կարող գրավել հայ արիադավան (հեթանոսական, այս անունն էլ են մեզ կպցրել քրիստոնյաները՝ հայ հավատի հետեւորդներին հեթանոս-էթնոս-ազգային ասելով՝ իրենց ապազգայնությունը ակամա խոստովանելով) հավատի տեղը: Հիմա էլ չեն կարող, հատկապես՝ երբ կրոնների վախճանն է սկսվել ու գալիս են հավատադարձի ժամանակները…

Եվ Տրնդեզից առաջ «Գրիգոր Լուսավորիչ» (հեթանոս հայերիս համար՝ Խավարիչ) եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը հայտնել է, թե տոնը լավ առիթ է՝ հասկանալու, թե որքանով ենք ընդառաջ գնում Աստծուն, ճշմարտությանը եւ հասկանալու, թե որտեղ ենք թերացել:

Այսպես էլ եկեղեցականները չհասկացան (իրենց խոսքով՝ թերացան), որ Միակ Տերը Արարիչն է, Ամենայնի Արորողը եւ ոչ թե մի Աստված, ով ինքն էլ այդ արարման արդյունք է՝ ինչպես մյուս Աստվածները: Ի վերջո միլիարդավոր մարդիկ կան, որ չեն պաշտում Եհովային կամ Հիսուսին, հավատում են Բուդդային, Կրիշնային, Ալլահին… կամ իրապես Բնածին ու Արարչազարմ Աստվածներին (որ շատերը «Հին Աստվածներ» են կոչում, թե Աստծո հինն ու նորը ո՞րն է): Իսկ մեկ Աստվածը (ասենք՝ Եհովան) չի կարող այլ Աստվածներ էլ արարել՝ իր նման ու իր զորություններով, քանզի մյուս Աստվածների հավատավորներն էլ պակաս զորավոր չեն, այդ Աստվածներն էլ հետեւորդների պակաս չունեն ու պակաս հաջաղություններ չեն արձանագրել առ այսօր:

Եվ Արարչի գործառույթը ընդամենը մի Աստծո «տալով», այն էլ ոչ թե մեր հարազատ (հայ տեսակի համար) Հայր Արային, այլ՝ Եհովային, մենք նսեմանում ենք ոչ միայն Տիեզերքի Տիրոջ, այլեւ մեր Աստվածների առջեւ, ինչն էլ մեզ հոգեսնանկ է դարձրել 301 թվից, եւ առ այսօր ուշքի չենք գալիս Այլի Աստծուն պաշտելով՝ այլի զորությունն ենք ավելացնում, եւ սա շատ հստակ է: Ու այս սպիտակ համապատկերին նորից ոմանք սեւ կետեր են ավելացնում:

Ըստ վերոնշյալ եկեղեցականի, փետրվարի 13-ի երեկոյան կատարվում է ժամերգություն, որից հետո եկեղեցիներում վառված մոմերից հավատացյալները վառում են իրենց ճրագները եւ տանում տուն: Նա  շտապել է հերքել այն տեսակետը, թե «խարույկ վառելը գալիս է հեթանոսական ժամանակաշրջանից… եթե հոգեւոր բովանդակությունը ճիշտ է ընտրված, ուրեմն պետք չէ մտահոգվել»: Տյառնընդառաջը Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից մեկն է.- ասել է նա, ինչը նշանակում է ընդառաջ գնալ Տիրոջը: Դե իհարկե, այս մարդկանց համար տեր ասվածը Քրիստոսն է, եւ Արարիչը շա՛տ հեռու է նմանների պատկերացումից անգամ

Նաեւ հետաքրքիր է, եթե հեթանոսական ժամանակներից չի գալիս կրակի վրայից թռչելը, ապա ո՞ր ժամանակներից է գալիս… Գուցե ա՞յն, երբ որոշ եկեղեցականներ հիմարաբանում են, թե անգամ Հայկ Նահապետն էր քրիստոնյա, քանի որ քրիստոնեությունը էն գլխից հայկական է: Ա՞յդ ժամանակներից: Երեւի Քրիստոսից առաջ ծպտյալ քրիստոնյաներ են եղել (ու հատկապես՝ հայեր), որ հետո՝ 301-ին «հասկացել» են, որ քրիստոնյա են ու «Հին Աստվածներն էլ մեռած են»… Եվ սա ասվում է այնպիսի պաթոսով, որ անգամ հրեական տիեզերաշխարհում են երեւի ցնցվում այս քստմնելի տխմարությունից:

Հայ հեթանոսները կրակի վրայից թռչելիս իրենց նպատակներն են դեպի Տիեզերք հղում, իսկ նորապսակները կամ նշանվածները իրենց զավակատունն են ջերմացնում երկրային արեգակի՝ կրակի ջերմությամբ, եւ գալիք Զատիկի՝ Մայր Անահիտի տոնից առաջ պատրաստվում դիմելու Հայոց մայրոթյան ու պտղաբերության Աստվածուհուն:…

Իսկ սեւեզգեստ եկեղեցականները սարսափեցնում են. <Նշանվածները չպետք է նշեն Տյառնընդառաջը, դա խրախուսելի չէ, արարողությունը պիտի տեղի ունենա ամուսնության պարագայում>: Իսկ ո՞վ է ասել, որ սերն ու միությունը եկեղեցին է որոշում, սերն ազատ է՝ ինչպես բնական արարչածին բոլոր զգացմունքները, եւ Հայոց Աստղիկ Աստվածուհին չի՜ գամում հայ մարդկանց սերն իր քմահաճույքներին:

Տիեզերքը Սիրո Արդյունք է՝ Արարչական Սիրո (առանց ԶԱԳՍ-ի կամ եկեղեցու թղթի ու որոշման)…

Տրամաբանական չէ նշանվածների տոնակատարությունը. ասում է եկեղեցականը: Իսկ տրամաբանակա՞ն է Արարչին ուրանալը, Արարչածին Հայ Աստվածներին մեռած ասելը, հայի հոգեւոր կյանքը օտարացնելն ու ստորացնելը… Անբնական է այս ամենը, ինչպես բնապաշտության դեմ խոսելը, որն առանցքն է Հայոց Հավատի:

Այս օրերին հաճախակի տրվող հարցեր են նաեւ Մեծ պահքն ու Զատիկը հասկանալը, պահքի ժամանակն ու իմաստը, ե՞րբ է Հարության տոնը, բուն Բարեկենդանը եւ այլն: Ե՞րբ է նշվում այս սբ Սարգսի տոնը: Մարդիկ չեն ըմբռնում այս ամենի էությունը, հատկապես, երբ կրակ չսիրող եկեղեցականները հանուն ինչ-որ նպատակների հենց եղեղեցիների բակերում են թույլատրում կրակներ վառել, երբ Զատիկին նախապատրաստվելու համար լսում են, թե ձվերը միայն կարմիր պետք է ներկել (Հիսուսի արյան գույնով), այլ ոչ թե բնության վառվռուն գույներով եւ այլն: Բայց միեւնույնն է, հարյուրամյակներ շարունակ հայ մարդը Տրնդեզին կրակ է վառում ու թռչում վրայից, Զատիկի տոնական ձվերը գույնզգույն է ներկում, Վարդավառին էլ ջրոցի է խաղում, իսկ գինին էլ կենացներով է վայելում ու ոչ որպես Քրիստոսի արյուն

Այս տարի «երիտասարդների արագահաս բարեխոս սբ. Սարգսի տոնը» կնշվի փետրվարի 15-ին: Այս տոնով եկեղեցին փորձում է խոչընդոտել «սբ. Վալենտին» կոչված՝ Հայաստան թափանցած տոնը՝ նշելով, թե վերջինն օտար է մեզ: Կասենք ավելին՝ վերջինն էլ, առաջինն էլ օտար են հային եւ հայկական բուն տոներ չեն: Իսկ փետրվարի 10-ից պահք սկսած քրիստոնյաները նաեւ ավանդական աղի բլիթ ճաշակելուն են դեմ եւ ասում են, որ եկեղեցու հետ դա որեւէ առնչություն չունի. «Այն զուտ ժողովրդական սովորույթ է»: Հենց սա էլ ասում ենք՝ եկեղեցին ոչ մի կապ չունի ո՛չ ժողովրդի, առավե՛լ եւս՝ ազգի հետ: Եվ եբրայական տոներ – ավանդույթներին հետեւող հուդա-քրիստոնյաները թող իրենց եկեղեցիներում տոնեն՝ վերջապես հասկանալով, որ հայ մարդը տոնելու է այն՝ ինչն իր երակներում է հոսում, ինչն իր գենի մեջ է՝ համահունչ սրտի եւ ուղեղի աշխատանքին:

Վահագն Նանյան

(Հայ Արիական Միաբանության Քրմական խորհրդի ներկայացուցիչ քուրմ Արամի խորհրդատվությամբ)

* * *

Հա՞վն է ավելի շուտ առաջացել, թե՞ ձուն. այս հարցը դարեր շարունակ հանգիստ չի տվել փիլիսոփաներին, գիտնականներին եւ պարզապես սովորական մահկանացուներին: Առաջին հայացքից կարծես անլուծելի խնդիր է՝ ցանկացած հավ առաջացել է ձվից, որը, իր հերթին, առաջացել է մեկ այլ հավից: Ի վերջո բրիտանացի մի խումբ գիտնականներ այս հարցին տվել են այսպիսի պատասխան՝ առաջինը հավն է եղել:

Գիտնականները պարզաբանել են, որ հավի ձվարաններում արտադրվում է սպիտակուց, որը անվանում են Ovocleidin-17: Ձվի կեղեւի 90%-ը կազմում են հետեւյալ նյութերը. կալցիումի կարբոնատ, պղինձ, ֆտոր, երկաթ, մոլիբդեն, ֆոսֆոր եւ այլն: Այս ամենը հավը ստանում է սննդի միջոցով, իսկ Ovocleidin-17-ը արտադրվում է հավի օրգանիզմում: Քանի որ առանց դրա անհնար է կեղեւի ձեւավորումը, ստացվում է, որ առաջինը եղել է հավը:

Մեր ավանդապատումներըԱրարատ

Սկիզբը՝ թիվ  39-42-ում  (2013թ.) եւ  1-3-ում  (2014թ.)

Վարդաշենքի աղբյուր - գտնվում է Խարբերդի դաշտի հարավային կողմում: Մի հարուստ աղջիկ եւ աղքատ տղա սիրահարվում են եւ ուխտ անում միասին ապրել, միասին մեռնել: Աղջկա ծնողները գտնում են մի ուրիշ, հարուստ փեսացու: Նշանդրեքից մի քանի օր առաջ աղջիկը մոր եւ տան հարսների հետ գնում է Վարդաշենք կոչված բլրաձեւ բարձունքը՝ դաշտային աշխատանք կատարելու: Այստեղ նա գտնում է իր սիրած տղային եւ առանձնանում է նրա հետ: Մայրը տեսնելով՝ նախատում ու անիծում է նրանց: Տղան ու աղջիկը հուսահատ դիմում են աստծուն եւ խնդրում իրենց վարդի թփեր դարձնել: Անմիջապես կատարվում է նրանց խնդրանքը: Աղջկա մայրը վրեժխնդրությամբ լցված դիմում է չար ոգիներին, որոնց կամքով երկու վարդենիների արանքում մի փուշ է բուսնում՝ խանգարելով նրանց մոտենալ իրար: Սիրահարների արցունքներից Վարդաշենքում աղբյուր է գոյանում, որին բուժիչ հատկություն է վերագրվում:

Ազնավուրների գերեզմաններ - գտնվում են Փոքր Մասիսի գագաթին: Այստեղ կան ազնավուրների՝ հսկաների գերեզմաններ եւ ուղտերի քարացած քարավան:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։