Պարտվում ենք պատմամշակութային պատերազմում՝ հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…

Օրերս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին խոսեց մեր պատմամշակութային եւ բնական ժառանգության մասին, եւ նորից դարակազմիկ այն միտքն արտահայտեց, թե այդ արժեքները «պետք է աշխատեն ի շահ զբոսաշրջության զարգացման»: Իսկ պատմամշակութային մի արժեքի համար, որ միակն է տարածաշրջանում նաեւ իր պատմա-հոգեւոր էությամբ, նախարարը պահպանումը զբոսաշրջության մեջ է տեսնում միայն: Իսկ կարգավորումը տեսնում է սրճարան կառուցելու մեջ: Խոսքը Գառնու հեթանոսական տաճարի մասին է, որի տարածքում փորձում են կառուցել այդ սրճարանը: «Լուսանցք»-ը հարցազրույց արեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ով արդեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու անթույլատրելիության մասին: Ինչպես նամակին, այնպես էլ այլ պատասխաններն այս հոդվածում կարծարծենք նյութի բովանդակության կառուցվածքին համահունչ:

Բայց, նախ նշենք, թե ինչ նոր հիմնավորումներ է տալիս մշակույթի նախարարը, որը նախորդից չի տարբերվում բոլորովին: «Մենք այլ ճանապարհ չունենք: Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա: Հենց այս նպատակով էլ նախարարությունը որոշել է վարձակալության հանձնել Վայոց ձորի մարզի Մագելանի քարանձավը եւ Գառնու տաճարի հարեւանությամբ կառուցել սեզոնային սրճարան»: Իսկ նախապես խոսք կար նաեւ Զվարթնոցի տաճարի եւ այլ հինավուրց վայրերի առումով, սակայն բարձրացված աղմուկի պատճառով երեւի ժամանակավորապես քչացրել են անունների շարքը:

Մի դիտարկում էլ ՀԱՄ առաջնորդի հարցազրույցից ներկայացնենք: Ըստ Արմեն Ավետիսյանի, նախարարի այս մեկնաբանությունը «բացարձակապես ոչ մշակութային է, թերեւս քաղաքական ու տնտեսական ոլորտներին է առնչվում, ինչն այս դեպքում, մեղմ ասած, մի թույլ տեսակետ է՝ կառավարության անդամի մակարդակին ոչ հարիր: Նա ասել է, թե «Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա»: Հետաքրքիր է՝ կառավարության բոլո՞ր անդամներն են այս կարծիքին, թե՞ յուրաքանչյուր նախարար վստահ է, որ Հայաստանի զարգացումն իր ղեկավարած նախարարությանն է առնչվում: Գուցե բացառապես սպորտի զարգացմա՞մբ իրականացվի հայության առաջընթացի երազանքը, ի՞նչ կասի սպորտի նախարար Յուրի Վարդանյանն այս մասին: Կամ էլ… Իհարկե բոլոր նախարարություններն էլ կարեւոր են, եւ բոլորի գործառույթների բացարձակ իրականացմամբ է, որ պետությունը շնչում եւ առաջընթաց է ունենում, այդպիսով՝ այդ պետությունը ապահովում է իր բնակչության կարիքները (ինչը մեր կառավարության դեպքում շա՛տ հեռու է բացարձակ իրականացնելու առումով): Բայց, որ պետությունը «մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա», առնվազն տարակուսելի է: Սա կառավարության անդամի պետական մտածողություն չի կարող լինել, սա սեփական շահերն ու նպատակները հետապնդելու մարմաջ է: Երբ ամեն մեկը պետության անունից իր անձի համար է սկսում խոսել, այդ պետության վարկանիշը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ այլոց աչքին է մանրանում ու անլուրջ դառնում: Անգամ տարրական կրթություն չունեցեղ մարդն է հասկանում, որ պետության եւ բնակչության զարգացման հույսը մեծապես պետք է դնել տնտեսության արդյունաբերության եւ տարաբնույթ արտադրությունների (գյուղատնտեսականը եւս) զարգացման վրա (այստեղ է, որ  աշխատանքն ու աշխատատեղերը ավելանալու միտում ունեն միշտ): Բայց չէ՛, մեր երկիրը դարձել է առավելապես օտարին սպասարկող կազմակերպություն՝ «Հայաստան» ՍՊԸ, իսկ վարչապետը նախարարների ու այլոց հետ՝ այդ սահմանափակ (այս դեպքում՝ խիստ սահմանափակ) պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմինը: Իրական տերերը՝ ՍՊԸ բաժնետերերը, դրսից են: Ու քանի որ ներդրումները նրանք են կատարում ու իրենց ձեռնտու է միայն սպասարկող «Հայաստան»-ը (ինչը եւ իրականացնում են հայաստանյան աշխատակիցները), ապա մեր՝ այսպես կոչված նախարարների  հայտարարությունները սպասարկում են պատվիրատուի նպատակները… (եթե այսպես չէ, ուրեմն վարչապետը պետք է պատժի մշակույթի նախարարին) Այլապես ոչ մի լուրջ պետական գործիչ Հայաստանի ապագան չի կարող տեսնել սպասարկման մեջ: Դա է պատճառը, որ միջազգային հիմնական ներդրումները ՀՀ-ում հյուրանոցներ ու հանգստյան վայրեր, խաղատներ ու վայելքների տեղեր՝ «մամառոզաներով» կարգավորվող անտես բոզանոցներ, քաղաքների փողոցներն ու այգիները «սեփականաշնորհած» անբարոյականներ, աղանդավորականներ…ու նման «զարգացումներ» են պարտադրում: Անգամ ճանապարհաշինությունը զարգանում է այս ամենն սպասարկելու համար: Եթե զբոսաշրջության այսպիսի սպասարկումն էլ ավելացվի, «Հայաստան» ՍՊԸ-ի օտար բաժնետերերը դրամաշնորհա-կերական (իբր ձրի տրվող, իրականում՝ բացահայտ կաշառք, որի մի մասն ամեն դեպքում գործի մեջ է դրվում) ծրագրերով կկերցնեն մշակույթի նախարարությանը եւ հասկանալի է՝ էլ ում…»: Մեր անկախության առաջին տարիներին էլ երկիրը նման էր սովետական մեծ ԺԵԿ-ի (տնային կառավարչության), մենք էլ ԺԵԿ-ի պետ էինք ընտրում՝ որպես նախագահ:

Ինչեւէ, մշակույթի նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Մագելանի քարանձավը վարձակալության տալու մրցութային փաթեթները դեռ չեն բացվել. «Բնապահպանները մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ ծանոթացել են ներկայացված փաթեթներին: Ըստ նախարարի, համաձայնվել են, որ մրցութային փաթեթներում բոլոր պահանջները պահպանված են: Փաթեթները երբ բացվեն, բնապահպաններն էլի հրավիրվելու են: Խոստանում եմ, պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե տեսնենք՝ լուրջ խոչընդոտներ են առաջանում, մենք այդ գործընթացը չենք իրականացնի»: Գառնու տաճարի մոտ կառուցվելիք սրճարանի հետ կապված էլ, եթե խնդիրներ առաջանա, նախարարը վստահեցրեց, որ այդ նախագիծն էլ չի իրականացվի. «Եթե խաթարվի հնագիտական շերտը, մենք այդ նախագիծը չենք իրականացնի: Հսկայական տարածք է, մի ջուր խմելու հնարավորություն չկա»: Նաեւ նշել է, որ աշխարհի բոլոր հուշարձանների հարեւանությամբ կան հուշանվերների կրպակներ, սրճարաններ, անգամ հյուրանոցային համալիրներ: «Երկու դեպքում էլ իմ ուշադրությունը պահում եմ այդ հարցերի վրա: Եթե տեսնենք սխալ է, կասենք ներողություն, սխալ էր այս ամենը»,- հերոսաբար ավարտել է խոսքը նախարարը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե Նորավանքի հարեւանությամբ կառուցված սրճարանի հետեւանքով այն չի ընդգրկվում ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում, նախարարը նշել է. «Եթե ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու խնդիր չլիներ, սարսափելի չէր թվա: Եթե նպատակ կա ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակ մտցնել, ուրեմն պետք չէ ոչինչ անել»: Սա առնվազն ծիծաղելի է, եթե հիշեցնենք, թե մշակույթի նախարարության անգործության հետեւանքով քանի պատմամշակութային արժեքներ ենք «հանձնել» թշնամուն, ապա նախարարը գուցե երկմտի հակա-ՅՈւՆԵՍԿՕ-ական տրամադրությունից: Երբ հայկական խոհանոցը մեջ-մեջ անելով՝ այդ միջազգային կառույցում մեր ավանդական ուտեստները, որ հեռու են քոչվորական արժեք լինելուց, դառնում են թուրքական ու ադրբեջանական, գինին ու կարասը դառնում են վրացական, երբ Աստվածամայր Անահիտի արձանի մասունքները համարվում են պարսկական, իսկ Հայ Աստվածների նեմրության հուշահամալիրը՝ հունական, երբ… ապա նախարարի ՅՈւՆԵՍԿՕ-ից «անկախ» երեւալը հումորային ժանրից է:

ՀԱՄ առաջնորդը հարցազրույցում եւս խոսեց այս մասին. «Պատմա-մշակութային պատերազմը ոմանք դասել են տեղեկատվական պատերազմի ցանկում, որն իր բնույթով անչափ կարեւոր է, բայց ի՛ր տեսակի մեջ: Եվ պատմամշակութային արժեքների ջարդի ու այլոց սեփականացման դեպքերում միայն տեղեկացնում են, թե դրանք հայկական են ու վերջ: Սա անիմաստ  զբաղմունք է: Չկա վեճ, չկա կռիվ, մինչդեռ հայ պատմաբաններն ու հնագետները կարող են փոշիացնել մեր գող ու գռփող հարեւանների «գյուտերն» ու «արժեքները», անգամ հայկականը թողած, միայն միջազգային պատմագրության վրա հենվելով: Բայց ո՞վ է նրանց դիմել, ո՞վ է ՅՈւՆԵՍԿՕ-ի դռները ջարդել…»:

Արմեն Ավետիսյանի խոսքով, տանուլ տալով պատմամշակութային արժեքները, մեր հայրենիքի բաժան-բաժան հատվածներն իսպառ կորցնելու վտանգն են մեծացնում, այսպես՝ Արեւմտյան Հայաստանը դառնում է Անատոլիա, Հայկական լեռնաշխարհը դուրս է մղվում աշխարհագրական բառապաշարից, Հայաստանը հայտնվում է Կովկասում, հայկական պատմությունն ու հուշարձանները թուրքական, ադրբեջանական, պարսկական կամ վրացական են դառնում, Գառնու տաճարը, որ Հայոց արդարադատության Աստված Միհրին է նվիրված՝ հենց մերոնք կոչում են հելենիստական տաճար (մինչդեռ՝ դա համաարիական ճարտարապետական ոճն է, իսկ արիական-արարման բնօրրանը Արարատյան աշխարհն է)… Արցախն ու ազատագրված տարածքներն էլ «ագրեսոր» հայերի ձեռքի գործ են համարվում (հատկապես՝ երբ հայ պաշտոնյաները ցայսօր Ղարաբաղ են արտասանում)… եւ այսպես շարունակ: 

Մենք քանիցս դիմել ենք ՀՀ նախագահին, որ Մարտի 21-ին պաշտոնապես շնորհավորեն (չնայած տոնելն է ճիշտը) նաեւ հայկական Ամանորը, եւ նույն օրը նշվող Վահագն Աստծո երկրային վերածնունդը, ինչպես շնորհավորում են ՀՀ ազգային փոքրամասնությունների նոր տարիներն ու տոները: Այսօր արիական հայը, այսինքն՝ իր արարչածին ծագումին հենված հայը, փոքրամասնություն է իր հայրենիքում (կարիք չկա ամաչել ու չասել հայտնի ճշմարտությունը), ինչպես «փոքրամասնական» են հայեցի օրենքներն ու իրավունքները եւ ամեն բան՝ ՀՀ օրենսդրական ու իրավական դաշտում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ է վառում «Նովրուզի-Նոր տարվա» կրակը Մարտի 21-ին՝ «հիմնավորելով թյուրքական քոչվորի չեղած արիական ծագումն ու  զավթած տարածքների տերը լինելը… Մինչդեռ քրիստոնեական անբարեպաշտությամբ Հայոց բնական գարնանային (վերածնվող կյանքի) Ամանորը մահմեդական տոն են կոչում ոմանք, իբր նսեմացնելով այնԻնչպես Վարդավառի ջրցանությունը, Տրնդեզի կրակի վրայից թռչելը, Զատիկի ձվերը գունագեղ ներկելը ու այլ ավանդույթներ են պախարակումՊատմամշակութային պատերազմը մենք տանուլ ենք տալիս մի մարդատեսակի, որը չունի ծագում, հայրենիք ու սեփական ոչ մի բան: Տխուր է ու հրեշավոր..»:

Գառնո տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու մասին բացասական են արտահայտվել պատմաբաններ ու ճարտարապետներ, քանզի տարածքը դեռ հնագիտական պեղումների կարիք ունի եւ չի կարելի այն վնասել: Իսկ Գառնի համայնքի ղեկավարը իրավացիորեն նշել է, թե բոլորը գիտեն, որ Գառնո տաճարի մոտ վաղուց գործում է հարմար տոնավաճառ, կա խանութ նաեւ, որտեղ ավանդական ուտեստներ ու իրեր, հուշանվերներ կան դրված, որ հետաքրքիր են հենց զբոսաշրջիկների համար, այստեղից կարելի է նաեւ սնունդ գնել, խմելու ջուր եւս կա, ինչի մասին այնքա՛ն մտահոգվել է նախարար Հասմիկ Պողոսյանը:

Իսկ որ Մագելանի քարանձավի կենսաբազմազանությունը վտանգված է, ահազանգում են պատմաբաններն ու ճարտարապետները, նշելով, որ մշակույթի նախարարությունը ոչինչ չի անում քարանձավների պահպանության գործում եւ թող «զարգացման ու զբոսաշրջության նոր հեքիաթներ չպատմեն բոլորին»:

Հեքիաթային թեման շարունակվում է մեկ այլ ուղղությամբ էլ: Խոսք կա, թե մշակույթի եւ սպորտի նախարարությունները վարչապետը ցանկանում է տեղափոխել Գյումրի: Իբր նախարարությունների աշխատանքն արդյունավետ դարձնելու համար: Եթե Գյումրիից Գառնո տաճարն ավելի լավ է երեւում, կարելի էր ողջունել, եթե ավելի լուրջ, ապա նախարարությունների ապակենտրոնացումը մեծատարածք ու մեծաքանակ բնակչությամբ, մեծ դրամա-տնտեսական կարողություններով երկրի գործ է, իսկ ՀՀ-ն հաստատ չի տեղավորվում այդ բնորոշիչների մեջ: Եվ տեղափոխման դեպքում կավելանա մայրաքաղաքից գնալ-գալու ծախսերը, որը բազմաքանակ պաշտոնյաների համար ծառայելու է նաեւ որպես զբոսանքի միջոց: Գուցե սա ե՞ւս զբոսաշրջության զարգացում է, ներքի՛ն զբոսաշրջության… Իսկ արդյունավետ կլինի, երբ հայության ազգային ծրագրերը հիմնվեն մեր արժեքների պահպանման, հայի հայրենիքի վերատիրման եւ այլ հավիտենարժեք նպատակների վրա: Այդ դեպքում մոտ ապագայում կարելի է երկրի վարչապետի նստավայրը Երեւանից Վան տեղափոխել, Հայոց հոգեւոր կենտրոնը՝ Նեմրութի Հայ Աստվածների հուշահամալիրի տարածք, կրոնական-եկեղեցական կենտրոնն էլ՝ Անի, պաշտպանության նախարարությունը՝ Գանձակ, մշակույթինը՝ Ջավախք, սպորտինը՝ Նախիջեւան եւ այսպես շարունակ

Իսկ այժմ, անգամ Հասմիկ Պողոսյանը եւ Յուրի Վարդանյանը իրենց անհամաձայնությունն են հայտնում, իհարկե՝ այլ դրդապատճառներով: Դեռ անցած տարեվերջին Տիգրան Սարգսյանը, այցելելով Գյումրի, վստահեցնում էր, որ առնվազն 3 նախարարություն տեղափոխվելու է 2-րդ մայրաքաղաք (հետաքրքիր է՝ 3-րդը, 4-րդը… որոնք են)՝ քաղաքին կենդանություն հաղորդելու նպատակով: Պարզվում է՝ նրա ենթակա գերատեսչությունների ղեկավարները կարծում են, որ «տեղափոխումն աշխատող տարբերակ չէ»: Եթե մշակույթի նախարարը չի բարձրաձայնել դեռ, ապա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն ասել է, որ «դա ուղղակի օդի մեջ խոսակցություն էր, լուրջ բան չկա»:

Գառնո տաճարի կործանումը կանխելու հարցով «Լուսանցք»-ը հրապարակումներ արել է դեռ անցյալ տարի, եւ ինչպես շաբաթաթերթի խմբագիրը, այնպես էլ լրագրողներս, նույնպես մտահոգվել ենք Գառնու միջնադարյան կամուրջը դիմազրկվեց, հերթը հեթանոսական տաճարի՞նն է» եւ «Մշակույթի նախարարությունը՝ հերթական սրբապիղծ» («Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.)):

Վտանգը շարունակում է մնալ, ինչ հրապարակել էինք, արդիական է դեռ: Ինչպես հոդվածի սկզբում էինք նշել, ՀԱՄ առաջնորդը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, որում հատկապես կարեւորվել է հոգեւոր տաճարի բնույթը չապականելու խնդիրը: Նշել է, որ «հազարամյակներ անցած եւ համաշխարհային քաղաքակրթություններ ստեղծած Հայաստանում չի՛ կարող լինել ընչաքաղցության (իմա՝ ընչաքաղցների) նախարարություն, որն այսօր ծպտվել է մշակույթի նախարարություն անվան տակ: Սա այդպես էլ չի կարողանում պաշտպանել մեր բազմադարյա արժեքները միջազգային ասպարեզում, ինչը բնական է, քանզի մեր արժեքները հենց այս նախարարության կողմից ապականվում են բուն Հայաստանում: Վերջիններից է 1-ին դարի 2-րդ կեսին կառուցված Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու տխմարությունը: Ամեն ինչում փող աշխատելու մոլուցքն այդ սրճարանի ջատագովները կապում են զբոսաշրջության զարգացման հետ, ինչը պարզապես ծիծաղելի է: Եթե մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «սովետական կթվորուհիների» օրինակով որոշել է «5-ամյակը՝ 3 տարում» կատարել ու արժանանալ փոխանցիկ դրոշին, ապա նրան պետք է առողջարարական ցնցումներով հիշեցնել, որ այդ տարիներն անցել են, իսկ ազգային արժեքներն ապականելով չի թույլատրվում «արագ (նույնն է՝ թե անկուշտ) փողեր» աշխատել»: Արմեն Ավետիսյանը նշել է նաեւ, որ «նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էլ իրեն «սովետական բրիգադիրի» օրինակով պահելով նշել է, թե այդ «սրճարանը կլինի բացօթյա եւ սեզոնային» (այսինքն՝ միայն խորը ձմռանը չի աշխատելու) եւ որպես թանգարանի տարածքում գործող սրճարանի օրինակ՝ նա բերել է Հայաստանի պատմության պետական թանգարանի մոտ գործող սրճարանը (դրա իրավունքն էլ թեեւ չունեն): Այս մարդիկ կամ իսկապես չեն հասկանում պատմական թանգարանի ու հոգեւոր մասունք հանդիսացող տաճարի տարբերությունը, կամ իսկապես թքած ունեն ազգային բոլոր սրբությունների վրա: Այս դեպքում բոլորովին այլ վերաբերմունք կպահանջվի նրանց դեմ: Գառնո արիադավան-հեթանոսական  տաճարը հայարորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիները  նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները: Եվ եթե այսպես կոչված մշակույթի նախարարության ընչաքաղց աշխատակիցները չեն հասկանում այս տարբերությունը, ապա մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի եւ դիմացի սրճարանի որեւէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»:

Հստակ հարցադրում կա հայ արիների ղեկավարի նամակում. «Եթե այսպես կոչված մշակույթի նախարարության ընչաքաղցները զբոսաշրջության զարկ տալն են պատճառաբանում, ապա ինչու՞ նաեւ եկեղեցիների բակերում չեն նախաձեռնում սրճարանների կառուցում, ի՞նչ է, զբոսաշրջիկները եկեղեցիներ չե՞ն այցելում եւ փող դուրս չի՞գա նրանց այցից… (չէի ցանկանա մտածել, որ այստեղ նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու մատն է խառը): Պարզվում է՝ Գառնու տաճարի տարածքը ապականելուց բացի, մշակույթի կեղեքիչները որոշել են մխտռել նաեւ Զվարթնոցը, Քարահունջը… եւ այլ արիա-հեթանոսական սրբավայրեր:

Թող սրճարանի կառուցումը Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակից սկսեն ուայդպես հերթով գալով՝ հասնեն Գառնո տաճար»:

Նամակում մտավախություն կա, որ սրճարանն առաջին քայլը կլինի ապականման. «Գուցե սրճարանների փոխարեն ռեստորաններո՞վ ողողեն պատմական տարածքները, ավելի շահութաբեր կլինի, ոմանց լեզվամտածողությամբ ասած՝ «ջհանդամը» թե սրբապղծություն չեն անում: Հետո էլ կազինոներ, բիլիարդանոցներ ու ստրիպտիզ-բարեր կկառուցեն… Բայց ընչաքաղցությունը չի վերանա հաստատ: Դա խրոնիկ հիվանդություն է, նման հիվանդներին էլ մեկուսացնում են»:

Ինչպես հայ արիական առաջնորդը, «Լուսանցք»-ը նույնպես կարեւորել է տաճարի հոգեւոր կենտրոն լինելը: «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանն անցյալ տարեվերջին գրել է. «Սա մի նախարարություն է, որ ընդհանրապես կապ չունի ազգային հավատի, ազգի հոգեւոր զգացմունքների, արժեհամակարգի հետ: Գառնին տաճար է, ուր ես, որպես ազգային հավատի հետեւորդ, գնում եմ մեկուսանալու, տաճարի տարածքում նստելու, խորհելու, խոկալու: Դե արի ու սա բացատրիր ամեն ինչով անմշակույթ նախարարությանը…»: Հայ արիների ղեկավարն ավելի մանրամասն է խոսել այս մասին, որ «Գառնու տարածքում ապականությունը եւ սրբապղծությունը անպատժելիություն են ստանում: Հայաստանի պատմամշակութային հուշարձան համարված (արդեն չկա) Գառնու 11-րդ դարի միջնադարյան կամուրջը այնպես վերանորոգվեց, որ մնաց միայն վերջին 1-ը, իսկ դիմացից ավելացավ 2-ը եւ կամուրջը դարձավ 21-րդ դարի եվրախեղկատակություն: Պատասխան չտվեցին նաեւ Գառնո ձորի «Քարերի սիմֆոնիա» հրաշագեղ անունն ստացած ժայռաքարերը ոչնչացնողները, որ իրենց սեփական տների պատերը կանգնեցրին՝ հայրենիք-տան պատերը թալանելով: Զբոսաշրջությունը շահութաբեր բիզնեսի վերածել չկարողանալով (ինչի համար խելք է պետք, ոչ՝ ընչաքաղցություն)՝ ոմանք ձգտում են ազգային արժեքների հաշվին հարստանալ: Զբոսաշրջիկները շատ հանգիստ ու հաճույքով նստում են տաճարի շրջակայքում դրված նստարանների վրա, շատերը նաեւ քարերին, որոնցից նաեւ պատմական շունչ է զգացվում: Իսկ այն զբոսաշրջիկները, որ սրճարանի աթոռի կարիք ունեն, ապա նմանների հետույքների տեղավորման հարցը չի կարելի Գառնու տաճարի եւ արիադավան-հեթանոսական կենտրոնի հաշվին կարգավորել»:

Նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արվել դադարեցնել տալ վնասարար շինարարությունը, որովհետեւ անթույլատրելի է Գառնո տաճարին եւ հարակից կառույցներին այդքան մոտ ամառային սրճարանի կառուցումը. «1. Քանի որ դա չի համապատասխանում հուշարձանի բնույթին՝ վնասելով հուշարձանի անվթարությունը, նսեմացնելով եւ աղճատելով դրա պատմական, գիտական ու գեղարվեստական արժեքը: Սա ամրագրված է նաեւ ՀՀ օրենքում. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» (գլուխ  VIII, հոդված 38. Հուշարձանների օգտագործման հիմնական նպատակները): 2. Խաթարում է արիադավան-հեթանոս հայերի հոգեւոր կենտրոնի գործունեությունը: Հայ արիները տաճարի տարածքում հիանում են ոչ միայն հրաշակերտ կառույցով, այլեւ իրենց խոկումների վայրն են համարում այն, որտեղ հակամշակութային ու հակատաճարային աղմուկն արդեն իսկ սրբապղծություն կլինի»:

Նշվել է, որ նախարարությունը չի արձագանքել այլ խնդիրների եւս. «1. Բազմիցս հարց ենք բարձրացրել Աստվածամայր Անահիտի ոսկեձույլ արձանից՝ որպես մասունքներ մնացած հրաշագեղ արձանի գլուխն ու ձեռքի հատվածը, պահանջել Անգլիայի Բրիտանական թանգարանից Հայաստան բերելու համար: Անգամ քայլ չի արվել, որ ուղղվի այն պատմական սխալը, որ Մայր Անահիտի «ներկայությունը» այդ թանգարանում պարսկական «գրանցում» է ստացել, որ երբեմն հունական արծարծումներ է ունենում: 2. Այսօրինակ անգործության հետեանք է, որ ցայսօր Հայկական լեռնաշխարհի Նեմրութ լեռան մոտ կառուցված եւ Հայ Աստվածներին նվիրված հուշարձան համալիրը հունական է համարվում: Վստահ եմ, այսպես կոչված մշակույթի նախարարությունը ձայն չի հանի անգամ, եթե Հայկական լեռնաշխարհն էլ հունական կոչեն (լավ է՝ դեռ ոչ թուրքական): 3. Առ այսօր Երեւանի Նժդեհի հրապարակում շարունակում է կանգնած մնալ հայ բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանի արձանը, ինչը եւ շփոթմունք է առաջացնում (մարդիկ կարծում են՝ դա Նժդեհի արձանն է) եւ անպատվում է մեծն հայորդու հիշատակը, քանզի հայ գաղափարախոս, իմաստասեր ու ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը ամբողջ կյանում պայքարել է թուրքական, ադրբեջանական ու բոլշեւիկյան զավթիչների դեմ (որոնց երբեք չի տարբերել), իսկ իր սրբազան կյանքն ավարտել է սովետական բանտերում: Եվ բոլշեւիկի (անկախ նրա մարդկային տեսակից) արձանի ներկայությունը բացի շփոթից, նաեւ անհամատեղելի է մեծանուն հայի անվան հրապարակում: 4. Նաեւ հարց ենք բարձրացրել, որպեսզի ի վերջո Հայաստան հասած Նժդեհի մասունքների վերաթաղված վայրերը պետական հոգածության արժանանան ու ազգային սրբավայրեր դառնան: Միայն 1983թ. փառահեղ հայի մասունքները մի խումբ նվիրյալ հայորդիների կողմից, սովետական ԿԳԲ-ի աչքից հեռու, Ռուսաստանի Վլադիմիրի գերեզմանատնից բերեցին Հայաստան: Բայց Սյունիքի հպարտություն՝ Խուստուփ լեռան լանջին, Եղեգնաձորի Սպիտակավոր վանքի մոտ ու Կապանի Նժդեհի հուշահամալիրում հանգրվանած մասունքները որեւէ պետական տոնակատարությամբ կամ այլ միջոցառումներում չեն հիշատակվում: 5. Բազմիցս ահազանգել ենք, որ միջազգային ասպարեզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի գրանցումներում հայկական խոհանոցը անթույլատրելի պարտություններ է կրում, որի մեղավորը այս դեպքում նույն այսպես կոչված մշակույթի նախարարությունունն է: Հայկական Հարիսան, տոլման կամ… ինչու՞ պիտի թուրքական կամ ադրբեջանական համարվեն, գինու հայրենիքը ինչու՞ պիտի վրացական գրանցում ստանա, երբ գինու ավելի քան 6 հազարամյա կարասները Հայաստանում են հայտնաբերվում: Երբ հայ հեթանոս քրմերը գինոձոներ էին հղում, փառաբանումներ անում բազում հազարամյակներ (եւ հիմա էլ) շարունակ, իսկ «վրացական քուրմ» արտահայտությունն անգամ գերհեքիաթային է հնչում… Եվ այսպես շարունակ»:

Արմեն Ավետիսյանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը անպատճառ կկանխի ոչ միայն հայ արիների, այլեւ համայն հայության դեմ կիրառվող այս սրբապիղծ ընթացքը: Իսկ հայ արիականներն ու ազգայնականները պատրաստվում են քննարկել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ պաշտոնի անհամատեղելիության եւ պաշտոնանկության հարցը:

Արտակ Հայոցյան

Նարե Մշեցյան

CNN-ը «Սոչիի 9 անակնկալները» խորագրով հոդվածում նշել է, որ  այս օլիմպիական խաղերի ընթացքում զբոսաշրջիկներին մատուցվող խոհանոցը առավելապես հայկական է: Ճիշտ է՝ Սոչիի բնակչության 20%-ը հայեր են, բայց օգտվողներն ավելի շատ են: Նման անակնկալներ կարող են միշտ լինել, եթե…

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։