Ինչքա՞ն կկազմի Հայաստանում գնաճը Մաքսային միությանն անդամակցելուց հետո:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նաեւ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցության համապատկերում «Սակագնային կանոնակարգման» եւ «Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ երրորդ երկրների միջեւ առեւտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբերի ղեկավարն է, անիմաստ է համարում ներկա փուլում խոսել այն մասին, թե որքան կկազմի գնաճը ՄՄ-ին անդամակցությունից հետո. «Մենք ունենք որոշում, որ լինելու են բացառություններ, բացառվում է, որ բացառություններ չլինեն, որովհետեւ դրույքաչափերի կտրուկ փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասաց նա կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում:
Լրագրողները նկատեցին, որ, այնուամենայնիվ, նախարար Վահրամ Ավանեսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել էր, որ ամեն պարագայում ՄՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում գնաճը 1.5%-ով միայն կարող է ավելանալ: Գարեգին Մելքոնյանը բացատրեց այն տրամաբանությունը, թե ինչու է նախարարը դա ասել: «Նախարարի նշած թիվը հետեւյալ տրամաբանությունն ունի. հաշվարկված է, թե այսօրվա դրույքաչափերով ինչքան գումար է մտնում բյուջե, եւ երրորդ երկրներից ներկրված ապրանքների նկատմամբ ՄՄ-ի դրույքաչափերով հաշվարկելու դեպքում տեսականորեն ինչքան գումար կգանձվեր: Այդ երկու թվերի տարբերությունը 140 մլն դոլար է, սակայն այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի»,- պարզաբանեց փոխնախարարը: Բացի այդ՝ գնաճին ճիշտ կլինի անդրադառնալ բանակցությունների ավարտի փաթեթի հիման վրա:
Այնուամենայնիվ, ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե բացառություններ չլինեն, եթե ՄՄ անդամ երկրները չցանկանան ՀՀ–ին տալ այդ բացառությունները: Փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան խորհուրդ տվեց եթե-ներով չխոսել:
Դիտարկեցի, որ «եթե-ներով հարցերն ինքնանպատակ չեն, որովհետեւ ՌԴ-ն, օրինակ, պետական բյուջեից զատ ունենում է այլընտրանքային բյուջեի մեկ կամ երկու տարբերակ՝ հնարավոր, սպասվող, կամ ենթադրվող անսպասելի զարգացումների գործոնը հաշվի առած: Ճիշտ չի՞ լինի, որ ՀՀ-ն էլ մի քանի տարբերակներ քննարկի»: Ի պատասխան պրն. Մելքոնյանը վստահեցրեց, որ «համապատասխան կետն արդեն մտցված է, եւ պետք է համաձայնության գանք որոշակի ապրանքների շուրջ: Դրա համար էլ եթե-ները բացառված են, եւ բացառություններ անխոս լինելու են»:
Լավ է, որ մերոնք բավականին վստահ են խոսում, բայց չպիտի մոռանան, որ ՄՄ-ն Ռուսաստանն է, իսկ ռուսական կողմը մշտապես կեղտոտ, հանկարծակի, ու ցինիկ է խաղում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հետ:
ՄՄ-ի համապատկերում մի հարց էլ քննարկենք: ՌԴ-ից սովետի հոտ է փչում, այլապես նա չէր ասի՝ ո՛չ ժանեկավոր ներքնազգեստին, մոտավորապես՝ «կեցցե՛ն կարմիր թումբանները» ոճով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՄՄ անդամ երկրներ Ռուսաստանն ու Ղազախստանը արգելել են ժանեկավոր ներքնազգեստի ներկրումը: Հնարավո՞ր է այս արգելքը հետագայում տարածվի նաեւ ՄՄ անդամ այլ երկրների վրա: Գ. Մելքոնյանը պատասխանեց, որ եթե Մաքսային միության մի երկիր արգելում է որոշակի ապրանքի ներմուծումը իր տարածք, ապա դա կիրառելի է միայն իր երկրի դեպքում:
Հետո լրագրողներս թեման փոքր-ինչ կատակի վերածեցինք, բայց իրականում այստեղ մտահոգության առիթ կա: Իմ այն դիտարկմանը, «թե ռուսական ու ղազախական կողմերի քայլերը սովետմիության փակ սահմաններ վերադառնալու ջանքեր չեն, այլ՝ բավականին լուրջ բիզնես շահեր են հետապնդում, եւ պիտի հասկանալ, թե դրանք ինչքանով կառնչվեն Հայաստանին», Գ. Մելքոնյանը պատասխանեց, թե՝ ընդհանուր արգելք ամբողջ ՄՄ տարածքի համար պետք է դրվի ոչ թե մի երկրի կողմից, այլ՝ ՄՄ համապատասխան կառույցի: Եթե Ռուսաստանը արգելում է որոշակի ապրանքի ներմուծում, դա կրող է անել միայն Ռուսաստանի համար (տեղեկացնենք, որ այս թեման ծավալումներ է ստացել. ղազախ կանայք բողոքի ցույց են կազմակերպել, իսկ Բելառուսը չի միացել արգելքին, քանզի համապատասխան արտադրություն ունի):
Բանն այն է, որ ժանեկավոր ներքնազգեստի համար ՄՄ-ն չի տալիս համապատասխան կոդը: Էկոնոմիկայի մյուս փոխնախարար Տիգրան Հարությունյանը նկատեց, որ մի բան ակնհայտ է. Մոսկվան գլամուրային ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, եւ այստեղ մեծ տեղ ունեն բրենդները։ «Օրինակ՝ «Վիկտորիաս սիքրիթը» եւ նման այլ բրենդեր, շատ լավ շարունակում են աշխատել եւ իրենց գործունեությունը չեն դադարեցրել: Փաստն այն է, որ ոչ մի բրենդ իր գործունեությունը չի դադարեցրել, նշանակում է լուծումը գտնվել է»,- ասաց նա: Լրագրողները դիտարկեցին, այդ լուծումը, ինչպես միշտ, խորհրդային տարիներին բնորոշ, կաշառքն է՝ պետական մակարդակով օրինականացված:
Մի բան էլ. Գարեգին Մելքոնյանը ժամանակին ԵՄ հարցերն էր կոորդինացնում պատկան կառույցի շրջանակներում: Ինչպե՞ս է իրեն հիմա զգում ՄՄ-ի «շրջանակներում»: Նա շեշտադրեց, թե Հայաստանը չի դադարում ԵՄ ծրագրերով համագործակցությունը: Մասնավորապես, ԵՄ հետ բանակցություններ են տարվում Հայաստանի գյուղատնտեսությանը հնարավոր բյուջետային աջակցություն ցուցաբերելու հարցի շուրջ: Շարունակվում են նաեւ տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագրերը: «Եթե հիշում եք, ԵՄ հետ Հայաստանի համակարգող ազգային մարմինը հենց մեր նախարարությունն է: Աշխատանքներն ամբողջ ակտիվությամբ շարունակվում են: Մարտին ծրագրում ենք հանդիպել մեր եվրոպացի գործընկերների հետ՝ Twinning-ի շրջանակներում»,- ասաց պրն. Մելքոնյանը:
ՀՀ–ն դեպի ՄՄ է գնում, բայց Վրաստանի եւ Իրանի հետ այլ ռեժիմներ ունի: Մյուս կողմից էլ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Ո՞րն է լինելու լուծումը:
Գ. Մելքոնյանը խնդիր չի տեսնում: Իրանի հետ մենք երկկողմ դաշտում ենք, ՄՄ-ին անդամակցությունից հետո Իրանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացում չի լինի: Վրաստանի հետ էլ Ազատ առեւտրի ռեժիմ ունենք, եւ այն չենք դադարեցնի ՄՄ-ին անդամակցությունից հետո էլ: ՄՄ երկրներն էլ Վրաստանի հետ Ազատ առեւտրի համաձայնագրեր ունեն: Ինչ վերաբերում է ԱՀԿ-ին, ապա այս կառույցի անդամ ենք արդեն 10 տարի, եւ երբ ՄՄ-ի հետ բանակցությունների վերջնական փաթեթը արդեն կունենանք, ապա այդ մասին կծանուցենք ԱՀԿ-ին, եւ շահագրգիռ երկրների հետ էլ բանակցություններ կսկսենք:
Իսկ եթե ԱՀԿ-ն չհամաձայնի ՀՀ-ի փոփոխություններին, ապա կասեցնելու՞ ենք մեր անդամակցությունը ԱՀԿ-ին: Այս հարցի պատասխանը, ըստ Գ. Մելքոնյանի, միանշանակ ոչ է. «Մենք շարունակելու ենք բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ լուծում չենք գտել»:
Հետաքրքիր է, պրն. Մելքոնյանը, որպես տնտեսության փորձառու մասնագետ, հավատու՞մ է, որ ՄՄ–ն ապագա ունի: Հարցիս էկոնոմիկայի փոխնախարարը համառոտեց. «Թույլ տվեք չպատասխանել ձեր հարցին»:
«Շնորհակալություն»,- չպնդեցի ես, որովհետեւ արդեն ստացել էի հարցիս պատասխանը…
Աստղինե Քարամյան
«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



