Հայաստանը կարող է դառնալ նավթի տարանցիկ ուղի… Ռուսական ավտոգործարաններին՝ հայկական ուժակուտակիչներ… Մարտի 10-ին՝ էլի մի քննարկում… Կամ՝ գնաճ կլինի, կամ՝ չի լինի…

Հայաստանը կարող է դառնալ նավթի տարանցիկ ուղի

Պաշտոնական Մոսկվան համաձայնել է Իրանում ռուսական ընկերությունների կողմից կառուցվող երկաթուղու շինարարության դիմաց Թեհրանի կողմից նավթով վճարելու պայմանին, եւ մարտի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք կժամանի Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Այդ համաձայնագրով Հայաստանը կարող է իրանական նավթամթերքներ գնել Ռուսաստանից:

Իսկ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել է, որ ներկայումս ընթանում են բանակցություններ՝ Իրանից Ռուսաստան օրական 500 հազար տոննա նավթ առաքելու համար տարանացիկ ուղիների ընտրության հարցով: Ակնհայտ է, որ չի ասվում ուղի, նշվում է՝ ուղիներ: Եվ Հայաստանն այստեղ պետք է իր քայլն անի, առավել եւս, որ երկու երկրներն էլ Հայաստանին բարեկամ ու գործընկեր են համարում: Հիշեցնենք նաեւ, որ դեռ օրակարգում է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մտադրությունը:

Եթե Հայաստանից նույնիսկ նավթամթերքների վերաարտահանման հնարավորություն չլինի, ապա գոնե ներքին շուկայի պահանջները լիովին կբավարարվեն: Չի բացառվում, որ այս հարցում Ռուսաստան-Իրան բանակցություններում քննարկվում է նաեւ Հայաստանի ներքին շուկայի նավթամթերքների պահանջարկը: Սա կարեւոր է, քանզի հաջողված քայլը կարող է վերջինը չլինելեւ այլ երկրներ ու այլ ծրագրեր նույնպես չշրջանցեն Հայաստանը:

Անի Մարության

Ռուսական ավտոգործարաններին՝ հայկական ուժակուտակիչներ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ ռուսական ավտոգործարանները հետաքրքրվում են հայկական արտադրության ուժակուտակիչներով: Փետրվարի 4-5-ին Միասնական տնտեսական հանձնաժողովի տնտեսական բաժնի ղեկավարներն աշխատանքային հանդիպման նպատակով այցելել էին Երեւան: «Մենք մեր արտադրողների հետ նրանց հանդիպումը կազմակերպեցինք, այդ թվում՝«Էլբատ» ուժակուտակիչների գործարանում: Արդեն պայմանավորվածություններ կան ռուսական գործարաններում ուժակուտակիչների օգտագործման մասին: Կան նաեւ այլ ապրանքներ, որոնց համար հեռանկարային շուկա կարող են դառնալ Բելառուսն ու Ղազախստանը»:

Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային քարտեզի ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող  կետերը կատարելու նպատակով աշխատանքային խումբն ուսումնասիրել, նախապատրաստել եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին է արդեն փոխանցել այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի կատարել փոփոխություններ՝ ոչ սակագնային կարգավորման ոլորտում Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով: Նախապատրաստվել են ոչ սակագնային կարգավորմանն առնչվող իրավական ակտերի կոնկրետ կետերում եւ դրույթներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ առաջարկներ: Այժմ կատարվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ երրորդ երկրների մասով ոչ սակագնային կարգավորման միասնական համաձայնագրի համեմատական վերլուծություններ: Ուսումնասիրվել են մի շարք պայմանագրերին ՀՀ-ի միանալու հնարավորություններն ու պայմանները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել այս տարվա մարտի 10-ին Երեւանում աշխատանքային հանդիպում կազմակերպել ոչ սակագնային կարգավորման մասով ԵՏՀ մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները:

Մարտի 10-ին՝ էլի մի քննարկում

Դեղորայքն ու ավտոմեքենաները՝ զգայուն ապրանքներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց մասով ուզում է բացառություններ ստանալ ՄՄ-ին անդամակցությունից հետո: Ցանկում շուրջ 900 անուն ապրանքներ են, զգայուն ապրանքատեսակներ, փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքերով, որոնք մեր երկրում «կամ չեն արտադրվում, կամ՝ ռեսուրս էլ չունեն արտադրվելու»: Այդպիսիներից է, օրինակ, դեղորայքը (որոշ տեսակներ), ավտոմեքենան, բրինձը… Ցանկի հետ կապված, սակայն, դեռ ճշգրտումներ են արվում:

Այդ ապրանքատեսակների մասով կատարած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ նպատակահարմար չէ բարձրացնել դրույքաչափերը: Բանն այն է, որ ՄՄ-ում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է ՀՀ-ում գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաեւ մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր՝ ի տարբերություն Հայաստանի: ՄՄ-ում որոշ ապրանքների համար գործում են սակագնային քվոտաներ:

Ցանկն արդեն ներկայացվել է ԵՏՀ-ին եւ նախատեսվում է, որ մարտի սկզբներին կսկսեն ցուցակի շուրջ բանակցությունները: «Բոլոր հնարավոր զգայուն ապրանքները այդ ցուցակում ներառվել են: Դիմում եմ մասնավոր ընկերություններին, բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի ներգրավվեն քննարկումներում»,- ասաց Գ. Մելքոնյանը՝ հավելելով, թե նախարարության պաշտոնական կայքում հրապարակել են եւ ՀՀ-ի, եւ ՄՄ-ի մաքսատուրքերը:

Պարզապես ուզում ենք Գարեգին Մելքոնյանին հուշել, որ նա շատ լավ կարծիք ունի մեր գործարարների մասին: Հավատացնում ենք, մեր գործարարների մեծ մասը կբացի այդ ցանկն ու բան չի հասկանա. այնտեղ տնտեսական հատուկ ծածկագրերն են, ՀՀ-ում եւ ՌԴ-ում գործող մաքսատուրքերը, ուղղակի գրված չի հաց, յեղ, բրինձ… Նրանք հաստատ չեն դնի-վերլուծի դրույքաչափերը, համեմատականներ չեն անցկացնի, իրենց ավելի ձեռնտու է սպասելն ու հետո տնտեսապես չարդարացված թանկացումներ անելը՝ մեղքն այս անգամ էլ բարդելով Մաքսային միության վրա:

Կամ՝ գնաճ կլինի, կամ՝ չի լինի

Քաղաքաշինության նախարարությունում  խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, նախագահը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ այն բանից, ՀՀ-ն միանալու է ՄՄ-ին, թե ոչ: Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է:

Նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, եւ խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը: Կտրուկ գնաճի մասին ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը նախագահը անթույլատրելի է համարել՝ նշելով, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան:

Աստղինե Քարամյան

«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.