Արտագաղթը՝ արհավիրք… Նաեւ ազգային արժեհամակարգի կորստի հետեւանք… Նոր տրամադրություններ համացանցում… Նախագահը հետեւում է համացանցին…

Արտագաղթը՝ արհավիրք – Արտագաղթի տեմպերը՝ նաեւ ազգային արժեհամակարգի կորստի հետեւանք

Քաղաքական ուժերը եւս իրենց վերլուծություններն են ներկայացնում հանրությանը, որոնցում ներկայացված են ինչպես 2012-2013թթ. ընտրությունների, այնպես էլ վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրությունների քննարկումներն ու արդյունքները, դրանց հետեւանքները: Եզրակացությունը տարաբնույթ է, ինչը հասկանալի է, սակայն գրեթե բոլոր տեսակետներում ամրագրված է այն մտածելակերպը, թե «ժողովրդավարական ճանապարհով ժողովուրդը իշխանություն փոխելու հնարավորություն չունի»: Իհարկե, այս հնարավորության բացառումը չի առնչվում միայն գործող նախագահի ժամանակահատվածին, այլ ինչպես վերը նշվեց՝ ավելիքան 2 տասնամյակի պատմություն ունի: Եվ մի կարեւոր հարց է առաջ քաշվում, ո՞վ կունենա այն համարձակությունը, որ վերջ կտա այս իրողությանը եւ վերջապես իրական ընտրությունները կորոշեն ՀՀ նախագահին ու խորհրդարանի կազմը, տեղական ինքնակառավարման մարմիններին ու այդ ընտրակարգը կփոխանցվի նաեւ քաղաքական, հանրային ու հասարակական ոլորտ, այլ բնագավառների ընտրաբազա:

Ընդդիմադիր որոշ գործիչներ ավելի տխուր են ներկայացնում իրավիճակը… որ թիվ 1 խնդիրը տեսնում են ՀՀ 3 նախագահներին քաղաքականությունից դուրս մղելը, քանի որ «երկրում տիրող գորշ մթնոլորտը պայմանավորված է նրանց գործունեությամբ»:

Քաղաքական ուժերը սա կարեւոր են համարում՝ հատկապես արտագաղթի «արհավիրքային վիճակը» կանխելու համար: Դեմ չեն, որ համատեղ՝ նաեւ իշխանամետ ուժերի հետ, այս խնդիրը բարձրաձայնվի ինչպես հասարակության, այնպես էլ երկրի նախագահի առջեւ: Ընդդիմադիրներից ոմանց մոտ համոզմունք կա, որ այս տեմպերով արտագաղթը վերածվում է պետության համար իսկական արհավիրքի, իսկ «2013թ.-ի աննախադեպ արտագաղթի չափերը ցույց են տալիս, որ մենք այլեւս նահանջելու տեղ չունենք»: Չնայած կառավարությունը ասում է, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում, սակայն, ըստ ընդդիմախոսների, դա այդպես չէ, քանի որ, եթե ամեն ինչ ճիշտ արվեր, արտագաղթը այս մակարդակի չէր հասնի: Արտագաղթի մեկ այլ խնդիր էլ առաջ է եկել, երբ հայկական արժեհամակարգին սպառնացող վտանգները բացահայտ ներխուժում են եւ կենցաղային հոգսերից երկիրը չլքած մարդիկ չեն հանդուրժում անբարո եւ ապազգային իրողությունները: Աղմուկ հանած գենդերային օրենքը այդ վտանգներից մեկն է, որ ապականում է արժեհամակարգը, ուղղված է ազգային մտածելակերպի դեմ: Խտրականության դեմ եւ յուվենալ արդարադատության վերաբերյալ օրենքներն ուղղակի խայտառակություն են մեր ազգի եւ հայընտանիքի համար, ինչն անգամ սոցիալական դժվարություններին դիմացող նորմալ մարդուն է վանում երկրից:

Անձնագրային բաժանմունքների տրամադրած տվյալների հիման վրա միայն հնարավոր չէ արտագաղթողների թվի վերաբերյալ ճշգրիտ պատկեր ստանալ, քանի որ հաճախ մարդիկ հաշվառումից դուրս չեն գալիս ու տարիներ շարունակ ապրում են արտերկրում: Եվ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը միգրացիոն խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ նշեց, որ զանգվածային արտահոսքի առաջին փուլը եղել է 1992-94թթ., երբ ՀՀ-ն լքել են 600 հազ. քաղաքացիներ: Այնուհետ արտագաղթը փոքր-ինչ նվազել է եւ 1995-2001թթ. տարեկան կազմել շուրջ 370 հազ., իսկ 2002-2007թթ.՝ շուրջ 150 հազ.: Հերթական սոցիոլոգիական ուսումնասիրությունը կատարվել է անցած տարի՝ 2013թ., եւ ըստ նախնական տվյալների՝ 2008թ.-ից հետո Հայաստանում նկատվել է արտագաղթի տեմպերի աճ, տարեկան արտերկիր մշտական բնակության են մեկնել 35-36 հազ. մարդ: Ըստ Գագիկ Եգանյանի, հետազոտությունում ամենամտահոգող հանգամանքն այն է, որ եթե 2002-2007թթ. միգրացիոն հոսքի շուրջ 40%-ը ընտանիքով արտագաղթողներն են, ապա վերջին շրջանում այդ թիվը հասել է 60%-ի: Ինչ վերաբերում է արտագաղթի պատճառներին, ապա բնականաբար, առաջին տեղում սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, թեեւ հարցվողները նշել են նաեւ վստահության պակասը կամ ինչպես նշեցինք՝ ազգային արժեհամակարգի բացահայտ անտեսումը:

Այսքանից հետո դեռ պնդողներ կան, թե արտագաղթի պատճառների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները հրապարակման ենթակա չեն: 2013թ. պետական բյուջեով 13 մլն. դրամ էր հատկացվել՝ արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար: ՀՀ ԿԳ նախարարության գիտական պետական կոմիտեն այդ ուսումնասիրությունը կատարելու պատվերը տվել էր Սլավոնական համալսարանին: Արդյունքներն ուղարկել է կառավարություն: Բայց զլմ-ների պնդումներին՝ ստանալ տվյալները, հնչել է պատասխան, թե՝ Հայաստանը պատերազմող երկիր է, եւ ամեն ինչ չէ, որ կարելի է գրել ու հրապարակել:

Իսկ արտագաղթեցնել կարելի՞ է:

Վահագն Նանյան

* * *

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, «պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարեւորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները… եւ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով մեծ նշանակություն ունեն. դրանք ուղղված են հենց նոր սերնդի μարեկեցությանը, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին:

Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար եւ ապագան այստեղ հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն»:

* * *

Նոր տրամադրություններ համացանցում

Համացանցում թե՛ իշխանությունները, թե՛ տարատեսակ ընդդիմություններն ազատ կարողանում են ծավալվել ու բազմաթիվ համախոհ օգտատերեր ունեն, բայց միեւնույնն է, ձեւավորվում է մի անկախ ուղղություն, մի մտածելակերպ, որում մասնավորապես ասվում է. «Եթե, ասենք, հանկարծակի, մոտակա օրերում, Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ո՞վ է ձեւավորելու նոր իշխանական համակարգը: Արդեն վարկաբեկված ընդդիմադիր կուսակցություննե՞րը, բազմապիսի այլ քաղաքական շարժումնե՞րը, թե՞, միգուցե պատմության աղբանոցը նետված տարբեր տրամաչափի առաջնորդները»:

«Վա՛յ հայ ազգին, եթե դրանք են գալու իշխանության,- հայտարարում են մտահոգ ֆ/բ-ականները եւ հավելում,- կարծում ենք, որ հայ ազգը բավականին իմաստուն է, որպեսզի տարբերի՝ ով, ով է, ուստի միայն այն քաղաքական ուժը, որը իսկապես վստահություն կառաջացնի ազգի մեջ, ցույց կտա, որ պատրաստ է, ունակ է ու կարող է իր ձեռքը վերցնելու պատասխանատվություն՝ Հայկական Ազգային Պետության ստեղծման գործում, նա էլ կձեւավորի այդ համակարգը»:

Եթե այս մտածելակերպը դառնա նաեւ պահանջ, ապա Հայաստանում հնարավոր է ակնկալել ազգային հեղափոխություն կամ ազգայնացման տանող նոր քաղաքականության հաստատում…

Նախագահը հետեւում է համացանցին

ՀՀԿ ԳՄ վերջին նիստը «կրքոտ» է եղել, խոսվել է անգամ ԳՄ-ից տեղի ունեցող տեղեկատվական արտահոսքի մասին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ ակտիվ է եղել: Հետաքրքիր է, որ նախագահի օրինակով ակտիվ է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նախորդ անգամ չէր էլ խոսել։ Խիստ խոսակցություններ են եղել ինչպես կառավարութայան անդամների՝ նախարարների մասով, այնպես էլ ԱԺ պատգամավորների: Անգամ հիշեցվել է, որ նախարարը քաղաքական պաշտոն է, եւ իրենք պարտավոր են ոչ թե «փախչել» լրագրողների հետ հանդումներից, այլ բացճակատ կանգնել ու պարզաբանումներ տալ բոլոր հարցերի առնչությամբ։ Ի տարբերություն նախագահի եւ վարչապետի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ է լռել։

Սերժ Սարգսյանն ամփոփել է խոսակցությունը եւ ասել, որ լավ տեղեկացված է. «Ով ինչ է խոսում ու ինչի մասին է լռում (անձամբ է հետեւում համացանցին՝ այփադով)։ Շատ լավ գիտի, թե ում մամլո խոսնակն ում ինչ պատվերներ է իջեցնում, պետք չէ ՀՀԿ-ում բոլորը միասնական՝ նույն միտքը հայտնեն, հո սովետում չե՞նք, բայց պետք է պաշտպանեն ՀՀԿ-ի ու կառավարության ձեռնարկները»: Իր համար կարեւոր չէ խոսողի քաղաքական պաշտոնը, կարեւոր է նրա ասածի կշիռը. «Ես էլ երբեք որեւէ մեկին չեմ ասելու՝ խոսի կամ մի խոսի»:

Գոհար Վանեսյան

«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.