Համակարգ, որ տանում է իշխանատեղափոխության – Արդյո՞ք փոխված իշխանությունն էլ նույն սխալները չի կրկնի… Նոր քաղաքական ուժի սպասումով – Այսպիսի ընդդիմությունը նոր ընդդիմությանը թշնամի է ավելի շատ՝ քան իշխանությունը…

Համակարգ, որ տանում է իշխանատեղափոխության

Ընդդիմադիր քաղաքական ուժերը մշտապես հակադրվում են իշխանական վարչակարգին, անգամ քաղաքական ու համակարգային փոփոխություններ են պահանջում, բայց պարզվում է՝ այնքան էլ չեն շտապում դրանք ներկայացնել: Սա շատ հասկանալի է, առկա համակարգը խորթ չէ նաեւ նրանց, որում այսօրվա ընդդիմության ավելի քան 90%-ը (նախկին) իշխանական է եղել եւ զգացել է ինչպես ձուկը ջրում… ու վատ էլ չի վաստակել նեղանձնական ասպարեզում: Եվ ստացվում է՝ համակարգային փոփոխություններ ասվածը զուտ քաղաքական շահարկում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ընտրազանգվածի ուղեղները լվանալու համար:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դեռեւս ոչ մի առաջարկ չեն ներկայացրել ընդդիմադիրները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 4-ին, նիստերի գումարման 2-րդ տասնյակն է լրացնում: Իսկ ի՞նչ քննարկումներ են ընթանում հանձնաժողովում, արդյո՞ք պատրաստ է «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը» եւ ի՞նչ է առաջարկում այն, մասնավորապես հայեցակարգով նախատեսվո՞ւմ է արդյոք անցում կառավարման խորհրդարանական համակարգին՝ ԱԺ-ն դարձնելով 100% համամասնական: Այս եւ այլ հարցերը Panorama.am-ն ուղղել է հանձնաժողովին՝ կատարված աշխատանքը պատկերացնելու համար: Նաեւ պետք է հասկանալ, թե հայեցակարգի նախնական տարբերակով նախատեսվո՞ւմ է արդյոք կառավարության ու վարչապետի լիազորությունների ընդլայնում՝ ի հաշիվ նախագահի լիազորությունների: Եվ վերջապես՝ ովքե՞ր, ի՞նչ կազմակերպություններ ու քաղաքական ուժեր են առաջարկություններով դիմել մասնագիտական հանձնաժողովին:

Իսկ հանձնաժողովի քարտուղարությունից ուղարկված պատասխանների համաձայն, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը դեռեւս գտնվում է քննարկումների փուլում, հետեւապես, քննարկումների վերջնական արդյունքների ամփոփման հիման վրա միայն հնարավոր կլինի հստակորեն նախանշել նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ կառավարման ձեւի հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ:

Այնուհետեւ տեղեկացրել են, որ քննարկումներն ավարտելուց հետո կնախապատրաստվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը, որն էլ կհրապարակվի ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից: Բացի այդ, փետրվար-մարտ ամիսների ընթացքում հրապարակված հայեցակարգային հիմնահարցերի շրջանակներում կազմակերպվելու են հանրային քննարկումներ: Ինչ վերաբերում է հանձնաժողովին ներկայացված առաջարկություններին: Ցայսօր ներկայացվել են մասնագիտական առաջարկ պարունակող 15 եւ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հայցող 6 գրավոր դիմումներ:

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ իշխանություններին ինչինչ դավադրության մեջ մեղադրող ընդդիմադիրները կա՛մ համաձայն են, որ կատարվեն այդ սահմանադրական փոփոխությունները, բայց առանց իրենց մասնակցության (գոնե այս պահին) եւ «թաքնագիտորեն» են նպաստում դրան, կա՛մ բոլորի համար էլ միեւնույնն է, թե ինչ համակարգ կլինի երկրում, միայն թե իշխանությունն իրենց պատկանի:

Սահմանադրական դատարանը եւս կներկայացնի իր տեսակետը, վստահ ենք, եթե անակնկալներ չլինեն: Բայց մի այլ ուղղությամբ բարձր դատարանը անակնկալ մատուցեց՝ ՍԴ աշխատակիցների հունվարի աշխատավարձերից 5% պահում է արվել՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատակիցների աշխատավարձը վճարել է պարտադիր կուտակային 5%-ի հաշվառումով:

Սա շատերի համար անհասկանալի էր, քանի որ նույն դատարանն ինքը էր «զինադադարի» որոշում կայացրել մինչեւ մարտի վերջը: Եվ տարակուսանքի տեղիք տվեց, թե ի՞նչն է կասեցրել ՍԴ-ն՝ հանրահայտ որոշումով, եւ արդյո՞ք ընդդիմադիրների բողոքարկումն անկախ որոշմամբ վճռի կարժանանա:

Չորս քաղաքական ուժերը, որ պայքարում են սոցիալական ոլորտի իշխանական բարեփոխումների դեմ, հայտարարեցին, որ օրակարգում այլեւս իշխանափոխության հարցն է դրված: «Սոցիալական բնագավառը մեր ժողովրդի համար չափազանց կարեւոր է, բայց չկան հստակ առաջարկներ»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ ընդդիմադիրների քննարկումների օրակարգում նաեւ գազի ոլորտի վերաբերյալ կուտակված հարցերն են, ինչի առումով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե քաղաքական մեծամասնությունը պատրաստ է հանձնաժողով ստեղծել ու քննարկել նաեւ այդ հարցերը

Եվ այժմ այդ ոչ իշխանական ուժերի օրակարգում առկա է իշխանափոխության հարցը, քանի որ, ըստ նրանց, «եթե իշխանությունները պատրաստ չեն ամենատարրական հարցերին լուծումներ տալու, ապա իշխանություններին պետք է փոխել»: Բայց մարդկանց մոտ միակարծություն չկա: Անգամ իշխանափոխության կողմնակիցները չեն կողմնորոշվում ընդդիրների ընտրության հարցում: Ինչպե՞ս գնալ իշխանափոխության, ի՞նչ բովանդակությամբ ու ծրագրերով եւ արդյո՞ք փոխված իշխանությունն էլ նույն սխալները չի կրկնի:

Պարզվում է, որ այս հարցերի շուրջ մտածում եւ աշխատում են նաեւ ընդդիմադիրները, «որպեսզի ժողովրդավարությունը ամուր արմատներ քցի Հայաստանում, քանի որ այսպես երկար շարունակվել չի կարող»: Սակայն, արդեն կարծիքներ են հնչում, որ այսօրվա ընդդիմության մեջ գտնվող նախկին իշխանավորների մեղքը պակաս չէ, քան ներկա իշխանության:

Բանն այն է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների քննարկումներ եղել են դեռ այն ժամանակ, երբ ՀՅԴն ու ԲՀԿն կոալիցիոն կառավարության կազմում էին, իսկ նրանց նախարարները ղեկավարում էին սոցիալական, կրթական, առողջապահական ու այլ ոլորտները (որոնք էլ պակաս քարուքանդ չեն արվել): Նշվել է, որ ՀՀԿն, ՀՅԴն ու ԲՀԿն ժամանակին համաձայնության են եկել պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ, եւ այդ ժամանակ ՀՅԴն ու ԲՀԿն իրենց համաձայնությունն են տվել ոչ թե 5, այլ 10 տոկոս պահումներին: Սա այն է, ինչ նշեցինք վերեւում, չկա՛ իշխանություն-ընդդիմություն արմատական տարբերություն ՀՀ-ում, եւ դա բացակայում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շատ սկզբունքային հարցերում:

ՀՀ 3 նախագահների՝ Լեւոն ՏերՊետրոսյանՌոբերտ ՔոչարյանՍերժ Սարգսյան կապն ու համակարգը գալիս է 1988-ից եւ այդտեղ աշխատակազմի փոփոխություններն անգամ մասնակի են կատարվում, քանզի համակարգից դուրս վախենում են նայել, իսկ ներսում ՀՀ 3 նախագահների «հավերժական» աշխատակիցներն են: Բայց այնքան մեծ մաշվածություն կա՝ ավելի քան 25 տարի անց, որ համակարգային փոփոխության մասին են սկսել մտածել:

Արման Դավթյան

Նոր քաղաքական ուժի սպասումով

Երկրում ամենաշատը քննարկվում է կառավարության հրաժարականի հարցը, բայց ոմանց կարծիքով այն պետք է բարձրացնել ամենաճիշտ պահին: ՀՀ քաղաքական դաշտում վերջին շրջանում հետաքրքիր տեղաշարժեր եղան, որոնք չեն կարող անհետեւանք մնալ: 4 խորհրդարանական քաղաքական ուժեր սերտ համագործակցություն են հաստատել: ԲՀԿի, «Ժառանգության», ՀՅԴի եւ ՀԱԿի համագործակցությունը կարելի է դրական համարել անգամ միայն այն պատճառով, որ զգաստացնում է իշխանություններին: Սա գուցե սթափեցնի նաեւ արտաքին որոշ ուժերի, մեր երկիրը խորը ճգնաժամի եւ այդ երկրների դեմ հակաշարժումների չտանելու առումով:

Արեւմուտքի եւ Ռուսաստանի հերթական բախման կիզակետում, Եվրամիության ու եվրասիամիության սահմանագծին պետք է զգոն գործել, քանի որ իշխանափոխության ինքնանպատակ ծրագրերը կարող են կործանարար լինել բոլորիս համար: Ահա թե ինչու պետք է ճիշտ պահի իշխանափոխության հարց բարձրացնել, հակառակ դեպքում անհաջողության կմատնվեն եւ՛ փորձող ուժերը եւ՛ իշխանավորները, որ կսուզվեն արտաքին խնդիրների մեջ: Այսպես բոլորս կսուզվենք:

ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը խիստ ընդդիմադիր չէր, սակայն ոմանք կարծում են, թե չորս խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու կարող են առաջադրել հենց նրան: Չնայած դեռ սպասումներ կան Լեւոն Տեր-Պետրոսյանից, թե ինչ կասի մարտի 1-ի հանրահավաքում: Կրկին խոսում են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի որոշակի հակասությունների մասին, ինչը պատճառաբանվում է խորհրդարանական համակարգի անցման հետ կապված: Այստեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են հակադրվել նորովի եւ ինչպես նախկինում, ԲՀԿ ղեկավարը կարող է պաշտպանել ՀՀ 2-րդ նախագահին վարչապետական Հայաստանի անցման պարագայում: Արդյո՞ք ընդդիմադիրները կպաշտպանեն այս իրողությունը: ՀՅԴ-ն, անգամ «Ժառանգություն»-ը գուցե, բայց զարմանալի չի լինի, եթե այս դեպքում ՀՀ 1-ին նախագահը սատարի գործող նախագահին: Այսինքն՝ ներկա խորհրդարանական ընդդիմադիրները վերստին կբաժանվեն ու հավանաբար տեղի կունենա ՀՀԿ-ՕԵԿՀԱԿ եւ ԲՀԿՀՅԴԺառանգություն» նոր հակամարտություն:

Այսպես՝ ընդդիմադիրները նորից տանուլ կտան: Իրականում իշխանության մեջ էլ ոչ մի բան էլ  չի փոխվի, եթե անգամ ՀՀԿՕԵԿ կոալիցիան պաշտպանի ՀԱԿին, իսկ ԲՀԿՀՅԴ դաշինքը «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» վերածնված դաշինքին

Իսկապես մարդիկ նոր դեմքեր են փնտրում, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ: Այդ ուժերը, այդ դեմքերը կան, սակայն նրանց չեն թողել եւ միշտ էլ խանգարելու են ջրի երեսին հայտնվելու առումով: Խանգարելու է թե՛ իշխանությունը, թե՛ օրվա ընդդիմությունը, որն ինչպես համոզվում ենք (նրանց անցյալով պայմանավորված), այնքան էլ ընդդիմություն չէ:

Իսկ այսպիսի ընդդիմությունը նոր ընդդիմությանը թշնամի է ավելի շատ՝ քան իշխանությունը:

Իհարկե, արտախորհրդարանական ընդդիմություն կա, բայց կկարողանա՞ ձեռնոց նետել խորհրդարանական ընդդիմությանը: Անչափ կարեւոր կլինի, եթե կարողանա: Բայց երկկողմանի խոչընդոտներն այլ բան են հուշում: Թերեւս մի պայմանով է հնարավոր արտախորհրդարանական ընդդիմադիրների ներխուժումը՝ այն դեպքում, երբ առկա ընդդիմության մեծամասնությունը այլեւս չսպասարկի իշխանությանը, եւ պետք լինի նոր ընդդիմադիր ալիք, թեկուզեւ մի քիչ արմատական:

Արտախորհրդարանական ընդդիմադիրները հանդիպումներ ունենում են ու նպատակներ եւս, ու չի բացառվում դրանք իրականանան մեր նշած հանգամանքներում: Բայց գոնե պետք է այսօր ի հայտ գան ոչ խորհրդարանական ուժերի դաշինքներ, ասենք՝ ազգայնական, ազգայինհայրենասիրական, ժողովրդավարական, սոցիալիստական ու ազատական եւ այլ որոշակիությամբ, ինչն էլ հնարավորություն կտա ըստ պահանջարկի մեծացնել ընտրաբանակները եւ անգամ համագործակցել միմյանց հետ՝ բուն համակարգային փոփոխությունների համար: Սա պետք է գիտակցեն նաեւ օրվա իշխանությունն ու ընդդիմությունը:

Արտակ Հայոցյան

«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.