Հապաղում՝ ի վնաս հայկական հարցի – Այսպես ասած Կովկասում կա 6 պետություն (Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելացել են Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Հեռանկարում՝ Ջավախք, Նախիջեւան…)

Ի դեմս ԱՄՆ-ի ու Ավստրալիայի, նաեւ Կանադայի մի շարք նահանգների, քաղաքների վարչական կամ օրենսդիր մարմինների որոշումների, Արցախի Հանրապետությունը ճանաչվել է անկախ երկիր: Արցախի քաղաքների հետ նաեւ քույր(եղբայր)-քաղաքների որոշումներ են ստորագրվել նշյալ երկրների մի քանի բնակավայրերի հետ: Որոշ նահանգներում էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն է առաջնային տեղ գրավել: Այս ամենը, ցավոք պարբերաբար ու նպատակայնորեն չի արծարծվում ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան զլմ-ներում, ինչը պիտի առաջնային թեմաների շարքում լիներ թերեւս:

Ի վերջո պետք է սկսե՞նք մենք էլ գործել, ասենք՝ առաջիկայում հայտարարել, որ ներկայումս այսպես կոչված Կովկասում Լուսանցք»-ն իր նյութերում նախընտրում է Հայաստանի աշխարհագրական դիրք ներկայացնել Հայկական լեռնաշխարհը, ինչը մեր բնական ու աշխարհագրական տարածքն է, որ նաեւ ռազմա-քաղաքական նշանակություն ունի) այլեւս կա 6 պետություն՝ Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելացել են Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Ու դեռ պետք է նշել, որ ավելանալու հեռանկար կա՝ Ջավախք, Նախիջեւան

Իսկ որ ավելի ճիշտ է՝ հայտարարությանն էլ հավելել, որ այս անկախացման գործընթացները պիտի հանգեցնեն Միացյալ Հայաստանի վերաստեղծմանը Թե չէ Արցախի հարցից բացի՝ Արեւմտյան Հայաստանում վաղուց ոմանք ինչ-որ երբեւէ չեղած Քուրդիստան են մոգոնում… Ու չգիտեմ էլ ինչեր…

Այս համապատկերին մեր ազգային քայլին նպաստող մի լուր էլ ստացանք վերջերս, որը նոր աղմուկների պատճառ է դառնալու Ադրբեջանում: Պաշտոնական Ռիգան Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ երկիր. «Նոր համաշխարհային աշխարհագրություն» լատվիական դասագրքում, որը հրատարակվել է 2013թ., Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսեթիան (Օսիան) ու Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ: Ռիգայի ադրբեջանական սփյուռքը արդեն վայնասուն է բարձրացրել: Դասագիրքը նախատեսված է Լատվիայի միջնակարգ դպրոցների համար:

Սա հրաշալի առիթ է, որպեսզի ադրբեջանական վայնասունին զուգահեռ մենք էլ մեր պատմա-քաղաքական ու իրավական վճիռները միջազգայնացնենք նորից եւ ամենուր:

Իհարկե հեշտ չի լինելու, բայց ամեն բան պետք է փորձել: Վերջերս Շոտլանդիայի անկախության հարցը նորից քննարկումների պատճառ դարձավ Եվրոպայում: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հասկացրել է, որ «Անկախ Շոտլանդիան հազիվ թե կարողանա անդամակցել Եվրամիությանը»: Բացահայտ չմերժելով անդամակցությունը՝ այնուամենայնիվ նշվել է, որ բավականին բարդ կլինի այն, եթե որոշվի դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից ու պետական ինքնիշխանություն հռչակվի: «ԵՄ անդամ պետության կազմից դուրս եկած նոր պետության համար շատ դժվար է լինելու, եթե չասենք անհնար, անդամակցելու Եվրամիությանը: Տեսեք Իսպանիան, չի ճանաչում Կոսովոն, եւ դա այն դեպքում, երբ խոսքը գնում է անգամ ԵՄ նախկին անդամ չհանդիսացող պետության մասին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը: Այս մեկնաբանությունները դժգոհությունների առիթ են հանդիսացել շոտլանդական ազգայնականների շրջանում, ովքեր Եվրահանձնաժողովի նախագահին մեղադրել են Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի վրա արտաքին ճնշումներ բանեցնելու մեջ: Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կայանալու է 2014թ. սեպտեմբերին:

ՀՀ արտաքին գերատեսչությունը չկարողացավ գործածել Կոսովոյի անկախացման պարագան: Չնայած, ինչպես ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն է «Լուսանցք»-ում հրապարակած հոդվածներում («Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» եւ այլ) նշել, «իրականում Կոսովոն Սերբիայի Արցախն է, որ խլեցին ու դարձրեցին անկախ երկիր (ինչպես դա արեց Հայաստանի դեպքում մասոնա-բոլշեւիկյան դաշինքը՝ Արցախն ու Նախիջեւանը նվիրելով ադրբեջանցիներին՝ Ջավախքը՝ վրացիներին): Նպատակները մի քանիսն են՝ հետագայում այդ երկրամասը Բոսնիա-Հերցեգովինային նվիրելու նպատակով, կամ՝ «Մեծ Ալբանիայի» ծրագիրը Եվրոպայում խաղացնելու հեռանկարով, կամ էլ՝ Կոսովոն Բալկաններում հակամարտությունների նոր կենտրոն դարձնելու համար»:

ՀԱՄ առաջնորդը նաեւ նկատել է, որ այսպես ասած քրիստոնեական Եվրոպան, որին Անկարան միայն քրիստոնյաների (հատուկ) միավորված տուն-միություն է համարում՝ նկատի առնելով մահմեդական Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու մերժումները, այնուամենայնիվ իր իսկ քաղաքական խարդավանքների ծուղակն ընկավ: Շուրջ 50 պետություններից միայն Ալբանիան էր մահմեդական երկիր, որը ոչ մի ազդեցություն չունի Եվրոպայում, մինչդեռ արդեն 3-4 մահմեդական պետություն կա՝ Ալբանիային գումարվեցին Բոսնիա-Հերցեգովինան ուԿոսովոն (+1՝ Ադրբեջանը, չնայած Եվրոպա մտած այս պետությանը դեռ ընդգծված իսլամական երկիր չեն համարում):

Վերջին երկուսում (+Ադրբեջանում) ապրում են նաեւ մեծաթիվ թուրքեր, եւ Անկարան Բալկաններում ընձեռնված այս «եվրամուտքը» բաց չի թողնի իր ձեռքից, եթե հատկապես Եվրոպան շարունակի ինքնախաբեությամբ առաջնորդվել՝ ազգերի ինքնորոշման ու տարածքային անձեռնմխելիության իրավունքները երկակի խաղացնելով:

Այս թեմաները, որ շաղկապված են նմանատիպ այլ հարցերի հետ, պետք է դարձնել ՀՀ ԱԳՆ-ի օրակարգային հարցեր: Ի վերջո, բացի անկախական շարժումներից, ըստ հայ արիների առաջնորդի, «ականատես ենք եղել նաեւ վերամիավորման խնդիրների, պետությունների սահմանների ոչ անձեռնմխելիության՝ փոփոխման հարցերի, որ պատճառ են դարձել Գերմանիա-ների (մասնատված Բեռլին-ները եւս) ու ասիական Եմեն-ների վերամիավորման, ինչպեսեւ ԽՍՀՄ-ի, Չեխոսլովակիայի եւ Հարավսլավիայի՝ հետագայում նաեւ Սերբիայի, կամ աֆրիկյան Սուդան-ների մասնատման (տարածքների անձեռնմխելիության չկիրառման) հետ: Սակայն, չգիտես ինչու այդ նույն Եվրոպան ընդվզում է Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի կամ Հյուսիսային Իռլանդիայի, կամ էլ՝ Իսպանիայից, Բելգիայից ու այլ երկրներից (ոչ միայն Եվրոպայում) բազմաթիվ երկրամասերի անկախության խնդրին»: Ըստ Արմեն Ավետիսյանի, այս «կույր» եվրախեղկատակները ընդամենն ամիսների ընթացքում եւ զենքի ուժով մոգոնեցին Կոսովո պետություն, իսկ Արցախը ավելի քան 20 տարի աչքներին լավ չի երեւումԱնգամ մեր բարեկամ հորջորջվող ռուսախառնատեսակ գործընկերները միանգամից նկատեցին Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, բայց Արցախի դեպքում կուրացան նորից

Հետաքրքիր է, որ Մոսկվան իր այդօրինակ քայլը համարում է Կովկասում ամրապնդվելու նպատակ, իսկ ռազմավարական գործընկեր Հայաստանը չի «տեղավորվում» այդ «ամրապնդման՚»գործում, երբ իրականում Հայաստանը միակ «ոտքի տեղն է», որին Ռուսաստանը կարող է հենվել: Սոչի-2014 ձմեռային օլիմպիադայի մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Կրասնոդարի եւ Ստավրոպոլի Երկրամասի տարբեր քաղաքներում տեղակայված 49-րդ բանակի հարվածային եւ արագ արձագանքման ստորաբաժանումները տեղակայվել են Սոչի քաղաքից առավելագույն մոտիկությամբ: Իսկ Նովոռոսիյսկ քաղաքում տեղակայվել է 7-րդ դեսանտային դիվիզիան: 49-րդ բանակի կազմում ներառված 2 լեռնային բրիգադները եւս մոտեցվել են Սոչի-Աբխազիա հատվածին: Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում են ռուսական զլմ-ները, Սոչիի շրջանում եւ հարակից շրջանագծում տեղակայվել են շուրջ 30 հազար զինվորականներ, այդ թվում նաեւ Աբխազիայի ռազմական բազայի զինծառայողները: 30 հազարանոց հարվածային զորախմբի տեղակայումը Սոչիի-Նովոռոսիյսկ-Աբխազիա հատվածում նպատակ ունի կանխարգելել հնարավոր ահաբեկչական գործողութունները, բայց խոսք կա, որ ոչ միայն այդ նպատակով են բերվել:

Օլիմպիադայից հետո այդ զորախումբը մշտապես կմնա տեղակայման վայրերում, ինչը կհամարվի «ապահով թիկունք» Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմական բազայի համար: Այս պարագայում նույնիսկ տեսականորեն Վրաստանը չի կարող որեւէ ռազմական գործողություն նախաձեռնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ուղղությամբ: Մասնագետները նշում են, որ չի կարելի բացառել, որ Հայաստանում գտնվող Գյումրիի ռուսական 102 բազան, Աբխազիայի բազան եւ Սոչիի շրջանում տեղակայված 2 լեռնային բրիգադները նպատակային ընդհանրություն ունենան:

Վրաստանը եւ Ադրբեջանը արդեն մտահոգ են, Հայաստանը եւս մտահոգվելու հարց ունի, մինչեւ հստակ չիմանա Մոսկվայի նպատակները Կովկասում, Հայկական լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում: Իսկ որ նպատակներ դրվել են, պարզ է՝ Ռուսաստան նուժեղացրել է ռազմական ներուժը Սեւծովի առափնյա հատվածում, Կովկասում, խնդիրներ կան նաեւ Կասպից ծովի շրջանում:

Ինչպես նշեցի, հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն իր «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» («Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.) եւ նմանօրինակ վերլուծական հոդվածներում մեծ տեղ է հատկացրել ազգերի ինքնորոշման եւ տարածքների անձեռնմխելիության իրավունքների արհեստական հակադրմանը, սպասվող անկախական շարժումների ծավալմանը, եւ մասնավորապես նշել է, որ անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը, ինչին պետք է պատրաստ լինել ինչպես Արցախի, այնպես էլ հայկական բոլոր բռնազավթված տարածքների ազատագրման հարցերում: Ըստ նրա՝ «նույն Արեւմուտքը լավ գիտի, թե սովետական 15 հանրապետություններից յուրաքանչյուրն ինչպե՛ս է ստեղծվել եւ ինչու՛ մեծ կամ փոքր տարածքներով ու ի՛նչ նպատակներով: Բայց ճանաչում է Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության իրավունքը, երբ նման պետություն չի եղել մինչեւ ԽՍՀՄ ձեւավորումը: Անգամ ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան, 1920-ական թթ. որոշակի սահմաններում արձանագրել է Հայաստանը, Արցախի տարածքը, բայց միայն 1918թ. արհեստականորեն ստեղծված Ադրբեջան կոչվածը չի ընդգրկվել աշխարհի պետությունների ցանկում: Արցախ-ԼՂՀ-ի դեպքում հայկական տարածքն անկախացել է անգամ այսօրվա օրենքների պահանջով, նաեւ ավելի շուտ՝ քան Ադրբեջանը ԽՍՀՄ-ից, եւ դա արել է ինչպես միջազգային, այնպես էլ այդ բռնապետության օրենքների համաձայն, ինչը տարիներ շարունակ ողջունվել եւ պաշտպանվել է «միջազգային հանրություն» կոչված զանգվածի կողմից, քանի դեռ քանդվում էր ԽՍՀՄ-ը: Իսկ Արցախյան պայքարն այն քանդելու շարժիչ ուժն էր: Այնպես որ, Արցախի նոր բռնակցման փորձը անգամ հիշյալ մարդանմանների հնարած օրենքներով չի ընկալվում հօգուտ Ադրբեջանի: Բայց երկակի չափորոշիչների «փրկարար օղակը» կա ու կա, ինչը մարդանմանների մարդակուլ ռազմական ուժով դեռ պահպանվում է»:

Բայց անկախական շարժումները, որ կկլանեն ամբողջ աշխարհը, ոչ թե այսօրվա «զարգացած»-ների եւ «առաջադեմ»-ների՝ ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային անձեռնխելիության սկզբունքներն են խաղացնելու եւ կիրառելու աշխարհում, այլ բնական ազգերի բնիկության իրավունքները իրենց հայրենի տարածքներում՝ բնօրրաններում, ինչը պաշտպանված է նաեւ ՄԱԿ-ի համաձայնագրերով: Եվ գուցե միջազգային այս թե այն կառույցի, այս կամ այն պետության վարչական ու օրենսդրական մարմինների որոշումների օրինակով պետք է հայրենիքի ու սփյուռքի կառույցները եւս ճանաչեն Արցախի անկախությունը, ինչպես տարիներ առաջ արեց Հայ Արիական Միաբանությունը՝ որպես հայ քաղաքական կառույց: Հետո՝ հայ արիականները ճանաչեցին ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ այժմ Արցախը դիտարկում են Հայաստանի կազմում, քայլն էլ համարվեց Միացյալ Հայաստանի վերակերտման առաջին քայլ եւ կոչ արեցին մեր քաղաքական ուժերին հետեւել իրենց ու համազգային արձագանքներով հարցը ներառել միջազգային օրակարգում, բայց

Այժմ նոր փուլ է սկսվում անկախությունների ու մասնատումների, վերամիավորումների ու նոր երկրների առաջացման, եւ մենք իրավունք չունենք կողքից դիտողի կարգավիճակում հայտվելու:

Արամ Ավետյան

«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։