Շաբաթվա մարզական հեւքից – Ավարտվեցին 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը… Մեկնարկեցին Համահայկական 1-ին ձմեռային խաղերը… Շախմատային գերմրցաշար Երեւանում… Հայ մարզիկների մեդալները…

Մեկնարկեցին Համահայկական 1-ին ձմեռային խաղերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ծաղկաձորի ճոպանուղուն հարող տարածքում սկսված 1-ին համահայկական ձմեռային խաղերի բացմանը: Ողջունելով այսօրինակ խաղերի կազմակերպումն ու մասնակիցներին՝ նախագահը նշեց. «Իր 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը եւ ավելացնելով մասնակիցների քանակը, Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում. այս խաղերը պահանջված են, մեզ համար կարեւոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը, որ հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում այս հանգամանքը շատ կարեւոր է: Հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային 1-ին խաղերի մասնակիցներին, ցանկանում արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություն»:

Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վերհիշեց 1-ին Համահայկական խաղերը, որը մեծ դեր ունեցավ նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Նա զարմացած էր խաղերի մասնակիցների քանակից՝ շուրջ 400 մասնակից 11 պետություններից, 22 քաղաքներից: Սա անակնկալ էր, քանզի Հայաստանն ու Սփյուռքը դեռ այնքան լավ ավադույթներ չունեն ձմեռային մարզաձեւերում:

Համահայկական ձմեռային 1-ին խաղերի կրակը վառեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը: Իսկ մարզիկների անունից Օլիմպիական երդում տվեց Սոչիի ձմեռային խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը:

Խաղերի ընթացքում կխաղարկվի 39 մեդալ, 1 գավաթ: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից 3-ը՝ դահուկ, լեռնադահուկ, եւ սնոուբորդ, կանցկացվեն Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը՝ Երեւանում:

Ռուսաստանը՝ առաջատար մեդալների քանակով

Սոչիի ՙՖիշտ՚ օլիմպիական մարզադաշտում փետրվարի 23-ին կայացավ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի դրոշակակիրն այս անգամ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանն էր (բացման արարողության ժամանակ՝ Սերգեյ Միքայելյանն էր): Մեր պատվիրակությունը Սոչի էր մեկնել 4 մարզիկներով՝ Կատյա Գալստյան, Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան եւ Արման Սերեբրակյան եւ, ցավոք, այս անգամ էլ հայ մարզիկներին չհաջողվեց ձմեռային օլիմպիական խաղերում մեդալ նվաճել: Փետրվարի 6-ին մեկնարկած խաղերը փակված հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ով շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին եւ բոլոր օլիմպիականներին: Գեղեցիկ բեմական համարների ժամանակ հնչեց նաեւ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը: Վիճարկվեցին մեդալների բոլոր՝ 98 հավաքածուներ: Ընդհանուր հաշվարկում հաղթեցին ռուսները, ովքեր խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով՝ գրանցելով երկրի պատմության լավագույն արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում: Ռուսաստանն առաջատար է նաեւ ընդհանուր մեդալների քանակով՝ 33 մեդալ: 2-րդ տեղը գրավեցին նորվեգացիները՝ 11 ոսկե, 5 արծաթե եւ 10 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակեցին 10 ոսկե, 10 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ նվաճած կանադացիները, իսկ ամերիկացիները գրավեցին 4-րդ տեղը՝ 9 ոսկե, 7 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ: Առաջին տասնյակում հաստատվեցին նաեւ Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Բելառուսը, Ավստրիան, Ֆրանսիան: Սոչիում մեդալների արժանացան 26 երկրներ:

Հիշեցնենք, որ 2010թ. կանադական Վանկուվերում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում 14 ոսկե մեդալով հաղթել էին տանտերերը, իսկ ռուսները չէին ընդգրկվել նույնիսկ լավագույն տասնյակում:

Ռուսաստանում դեռ ապրում են 70-80-ականների գաղափարներով

Ռուսաստանում հոկեյն այնքան է սիրված, ինչքան Բրազիլիայում ֆուտբոլը եւ ռուսաստանցիները մեծ հույսեր էին փայփայում, որ իրենց հոկեյի ազգային հավաքականը կդառնա խաղերի չեմպիոն: Բայց հաղթանակի հասնելու մեծ հնարավորություններ ունեցող այս թիմը անհաջողության մատնվեց ու անգամ որեւէ մեդալի չարժանացավ: Հանրահայտ հոկեյիստ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոն Վլադիսլավ Տրետյակն այդ առիթով նշել է, թե շատ վհատված է, եւ իր համար Օլիմպիադայի մարդաշատ փակումն անգամ դատարկ թված: TSN-ի եւ NBC-ի փորձագետ Պիեռ Մակգուայրը գնահատել է ռուսաստանյան հոկեյում առկա ճգնաժամը. «Ռուսաստանի հավաքականը բոլոր խաղերում էլ չցուցադրեց իր ներուժը: Կարծում եմ` դա կարելի էր բավական հեշտ կանխատեսել: Ես այդ կինոն չափազանց հաճախ եմ դիտել. ռուս հոկեյիստները տնային սառույցի վրա միշտ ծանր են խաղում: Ճնշումը նրանց վրա սարսափելի ուժեղ է: Չգիտեմ, թե ինչու, բայց մարզչական բոլոր մեթոդներն այստեղ տանում են դեպի Վիկտոր Տիխոնովը: Հոկեյում ժամանակները փոխվել են: Եթե Ռուսաստանի ընտրանին ուզում է առաջընթաց ունենալ, պետք է անի նույնը, ինչ ԱՄՆ-ն է արել: Վերջինս հրաժարվեց նախկին մարզիչների գաղափարներից ու ապավինեց նոր գաղափարախոսության: Կանադացիները նույնպես այդ ուղղությամբ վատ չեն աշխատել: Շվեդները լավ գործ են կատարել, իսկ Ֆինլանդիայի հավաքականը փայլուն առաջընթաց է ապահովել: Մինչդեռ Ռուսաստանում դեռ ապրում են 70-80-ականների գաղափարներով, իսկ այդ ժամանակները վաղուց են անցել»: Փորձագետի խոսքով, այս մրցաշարում իրեն ամենից շատ հիասթափեցրել են սլովակները, հետո նոր՝ ռուսները:

Մեր հավաքականին անչափ դժվարին պայքար է սպասվում

Ֆրանսիական Նիցցայում տեղի ունեցավ Եվրոպայի 2016թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոյին 13 լեգենդար դարպասապահների հետ միասին օգնեցին նաեւ Եվրոպայի առաջնությունների նախկին հաղթողներ Ռուուդ Գուլլիտը եւ Բիշենտե Լիզարազյուն: Վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին 8 խումբ՝ 6-ական թիմով, մեկ խումբ էլ՝ 5 թիմով: Եզրափակիչ փուլ կմտնեն խմբերի լավագույն 2 թիմերը, ինչպես նաեւ 3-րդ տեղում ընտրական մրցաշարը լավագույն ցուցանիշով ավարտած թիմը: 3-րդ տեղեր գրաված մյուս 8 թիմը փլեյ-օֆֆում կվիճարկեն եզրափակչի եւս 4 ուղեգիր: Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին առաջին անգամ կմասնակցի 24 թիմ՝ 16-ի փոխարեն: Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվեց վերջին՝ 9-րդ խմբում՝ Պորտուգալիայի, Սերբիայի, Ալբանիայի եւ Դանիայի ուժեղ ընտրանիների հետ միասին:

Հավաքի նպատակներից մեկը սխալների շտկումն էր

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 10-23-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Անթալիայում: Հավաքի շրջանակներում մրցավարները նաեւ ֆիզիկական թեստ ու քննություններ են հանձնել: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանն անդրադարձել է հավաքի հետ կապված մանրամասներին: «Հավաքին մասնակցում էին Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների հանդիպումներն սպասարկող 24 մրցավարներ,- նշել է նա:- Պարապմունքները վարում եւ համակարգում էինք ես եւ ՀՖՖ տեսուչ Գեւորգ Հովհաննիսյանը: Հավաքի նպատակը նախ և առաջ անցյալ տարի կայացած խաղերի վերլուծությունն էր և սխալների շտկումը: Օրական 2 անգամ անցկացնում էինք տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում մրցավարները ծանոթանում էին խաղի կանոնների հետ կապված փոփոխություններին, բարելավում իրենց ֆիզիկական որակները՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին: Մրցավարները հնարավորություն ստացան սպասարկել նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի բարձրագույն խմբի թիմերի մասնակցությամբ ընկերական 32 հանդիպում: Սպասարկման մակարդակը բավականին լավ, համենայնդեպս մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք: Բոլոր խաղերը տեսագրվում էին, ինչի շնորհիվ մենք յուրաքանչյուր խաղից հետո հնարավորություն ունեինք քննարկել ու վերլուծել վիճելի դրվագները»:

Ինչ վերաբերվում է մեր մրցավարներին, ասեմ, որ 24 հոգուց 22-ը հաջողությամբ հանձնեցին քննությունները: Միայն 2-ը չկարողացան հանձնել, այն էլ` վնասվածքների պատճառով: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ թե բարձրագույն, թե առաջին խմբերի մրցավարները պատրաստ են մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Եվրոպայի առաջնությունը՝ Երեւանում

Մարտի 2-15-ը մայրաքաղաքում կանցկացվի Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին՝ այս տարի լրանում է նրա ծննդյան 85-ամյակը: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 փուլով, մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում՝ շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից: Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10):

Կանոնադրության համաձայն, առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական եւ 15 հատուկ մրցանակներ: 1-ին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան): Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները՝ գրոսմայստեր Գիորգի Գիորգաձեն (Վրաստան) և միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան):

Մեկնարկեց բասկետբոլի միջազգային մրցաշարը

Անցյալի նշանավոր բասկետբոլիստ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմենակ Ալաջաջյանի անվան միջազգային պատանեկան մրցաշարը մեկնարկել է Երեւանում: Մրցանակները կվիճարկեն Երեւանի, Ստեփանակերտի, Արթիկի, Թբիլիսիի եւ Բաթումի պատանեկան լավագույն թիմերը: 2015թ. միջազգային բասկետբոլում մեծ ճանաչում ունեցող մեր հայրենակիցը կդառնա 85 տարեկան:

Լեւոն Աղասյանը Ստամբուլում գրավեց 1-ին տեղը

Ստամբուլ քաղաքում անցկացվեց ատլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որին մասնակցեցին 15 երկրների հավաքական թիմեր։

Մեր տղամարդկանց թիմից՝ 2013թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, կապանցի Լեւոն Աղասյանը եռացատկ մրցաձեւում հաղթեց 16 մ 16 սմ արդյունքով : Նույն մրցաձեւում կանանց թիմից երեւանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմ արդյունքով 3-րդ տեղը գրավեց: Թիմային պայքարում Հայաստանի եւ՜ տղամարդկանց եւ՜ կանանց հավաքականները 15 թիմային պայքարում գրավեցին 6-րդ տեղը:

Ծանրամարտի առաջնության հաղթողները

2014թ. փետրվարի 19-23-ը Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճում կայացավ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությունը: Վերջինիս մասնակցում էին Երեւանից ու մի շարք մարզերից՝ Գյումրի, Արարատ, Արագածոտն, Լոռի, Արմավիր, թվով 135 մարզիկ եւ մարզուհի:

Ըստ քաշային կարգերի առաջնության երկամարտի գումարով տղամարդկանց մենապայքարի հաղթողներն են՝ Լեւոն Մանուկյան 56 կգ, Սմբատ Մարգարյան 62 կգ, Վանիկ Ավետիսյան 69 կգ, Անդրանիկ Կարապետյան 77 կգ, Աղասի Աղասյան 85 կգ, Միքայել Միքայելյան 94 կգ, Սիմոն Մարտիրոսյան 105 կգ, Ռուբեն Ալեքսանյան +105 կգ: Կանանց մենապայքարի հաղթողներ դարձան՝ Էլեն Գրիգորյան 48 կգ, Աննա Գովելյան 53 կգ, Քրիստինե Պետրոսյան 58 կգ, Իզաբելլա Յայլյան 63 կգ, Մելինե Դալուզյան 69 կգ, Սոնա Պողոսյան 75 կգ, Հռիփսիմե Խուրշուդյան + 75 կգ:

Առաջնությունից հետո, ըստ արդյունքների, կկազմավորվեն տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերը, որոնք էլ 2014 թ. ապրիլի 3-13-ը կմեկնեն Իսրայել՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Բուլղարիայից վերադարձան մեդալների առատությամբ

Հայ ըմբիշները մասնակցեցին Բուլղարիայում անցկացված հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի »Գրան Պրի» միջազգային մրցաշարին: Յուրաքանչյուր մրցաձեւում մեր թիմը ներկայացնում էր 8-ական մարզիկ: Մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտում անպարտելի էին Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 2-դ տեղ գրավեց Կարեն Ասլանյանը ( 59 կգ), 3-րդ տեղեր գրավեցին Կարապետ Չալյանը (74 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտից 3-րդ տեղը գրավեց Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկ հաղթանակից հետո վնասվածքի պատճառով չկարողացել շարունակել մրցապայքարը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։