Համայնքների խոշորացում
Կառավարությունը ճիշտ որոշում ընդունեց՝ խոշորացնել գյուղական համայնքները: Որոշման էությունը հետեւյալն է. մեր երկրում եւ, մասնավորապես անկախությունից հետո, անցած 2 տասնամյակում (թերեւս ավելի քիչ ժամանակահատվածում) գյուղական որոշ համայնքներում բնակչության թվաքանակը խիստ նվազել է: Այդ անչափ բացասական երեւույթի պատճառները սոցիալական, տնտեսական, պետության կողմից վարվող հարկային, օրենսդրական ու այլ պատճառներով է պայմանավորված: Լքում են դարերով իրենց նախնիների ստեղծած, շենացրած բնակավայրերը՝ ընտանիքի համար օրվա մի կտոր հաց ապահովելու, հարկահավաքների եւ անօրեն օրենքների ձեռքից ազատվելու նպատակով: Գնում են մեծամասամբ երիտասարդներ, գնում են ընտանիքներով՝ մեծ ու փոքր… Թող գնան, միեւնույնն է երկրի իշխանավորների աշխատավարձը բնակչության թվից չի կախված, իրենք լի ու լի ապրում են: Իրենք են որոշում, իրենք են կարգադրում, թե քաղաքացին ու գյուղացին ինչպես եւ ինչ միջոցներով աշխատեն, որպեսզի լիուլի հագեցնեն իրենց պահանջները:
Փոքր համայնքները պետք է խոշորացվեն եւ նշեցինք, որ ճիշտ որոշում է ընդունել կառավարությունը, ինչը նշանակում է՝ այն բնակավայրերը, որտեղ բնակչության թիվը պակասել է հենց այդ «իմաստուն» կառավարության «իմաստուն» որոշումներով ու ղեկավարությամբ, բնակչության մեծ մասը հեռացել է հայրենի օջախներից, այժմ պետք է միացվեն դեռեւս խոշոր համայնքներին: Ասել կուզի՝ պատմական մեր բնակավայրերի մի մասը, որոշ ժամանակ հետո այլեւս գոյություն չի ունենա: Ի՞նչ կա որ, ոմանց պետքն էլ չէ, թող բնակավայրերը վերանան մեր հիշողությունից, թող դրանց քանակը պակասի եւ նրանց համար կարեւոր էլ չէ, թե բնակավայրը սահմանամերձ, սահմանապա՞հ է, թե՞ ոչ…
Կառավարությունն ընդունել է չափազանց դյուրին իրականացվող որոշում:
Թող փոքր համայնքի բնակիչը որեւէ հարցով կտրի բավականաչափ ճանապարհ ու հասնի խոշոր համայնք, որի համայնքապետի մոտ իր օրավուր հարցերը լուծի: Թող նրա երեխան (կամ երեխաները) ձյուն-ձմռանը, անձրեւին, թե բուքին ոտքով կտրեն այդ ճանապարհն ու հասնեն խոշոր համայնքում գտնվող դպրոցը…
Գուցե իշխանությունը մտադիր է փոքր համայնքի բնակիչներին ընդհանու՞ր տեղափոխել խոշոր համայնքներ, բնակչության թվով ստվար գյուղեր…
Բայց կարծում եմ, սա ոչ թե բարիք կբերի, այլ տառապանք մանր համայնքների բնակիչներին:
Ճիշտ կլիներ, եթե կառավարությունը ոչ թե ավերեր, փոքր համայնքների բնակիչներին գաղթեցներ ուրիշ տարածքներ (երբեմն էլ նրանց համար խորթ ու անընդունելի), այլ իրականացներ ա՛յդ համայնքների խոշորացումը:
Այո՛ չեմ սխալվում,- եթե կառավարությունը որոշեր փոքր համայնքների խոշորացում, այլ ոչ խոշոր համայնքների ավելի խոշորացում՝ ի հաշիվ փոքր համայնքների, սա՛ կլիներ մեծ հայրենասիրություն:
Որ մեր պատմական բնակավայրերը պատմության էջերից չջնջվեն, անհրաժեշտ է այդ փոքր համայնքներին մի փոքր ուշադրություն դարձնել: Հարկ է երկար ժամանակ դրանց (գյուղին, բնակչին) պետական բոլոր տեսակի հարկերից, եւ ոչ միայն հարկերից ազատել, արտոնություններ տալ կոմունալ-կենցաղային վճարների մասով, առանց վարձատրության (վճարի) տրամադրել հողատարածքներ, գյուղտեխնիկա, վառելիք, տարբեր սարքավորումներ, բարեկարգել ճանապարհները, ենթակառուցվածքները, ապահովել անասնաբուծական-անասնապահական անվճար ծառայություն, բարելավել մշակովի եւ արոտային տարածքները:
Կարճ ասած՝ պետությունը երկար ժամանակով այդ գյուղերի բնակիչների հոգսն ու խնդիրները վերցներ իր վրա:
Այ սա՜ է պետական մոտեցումը, սա՛ է հայրենասիրական նախաձեռնությունը:
Եվ այս պայմաններում ոչ թե փոքր համայնքները սար ու ձոր կընկնեն օրվա հաց վաստակելու, այլ ամուր կկանգնեն, որպեսզի իրենց համայնքը բարգավաճի, հետագայում էլ կկարողանան պետության ու այլ անձանց օրինական ու անօրինական հարկերը վճարել…
Այսպես՝ կարճ ժամանակ անց, այդ փոքր համայնքները կխոշորանան ու պատվար կլինեն երկրին ու հենց կառավարությանը:
Սա է օրվա մեր լինել-չլինելու պահանջը: Պիտի ամրացնել համայնքները, ինչքան հնարավոր է պիտի երկրից կանխել արտահոսքն ու արտագաղթը:
Ունի՞ կառավարությունն այդպիսի միջոցներ ու հնարավորություններ, իհարկե, բայց եթե պաշտոնյաները մտածեն միայն իրենց պաշտոնին մնալու մասին, առանց հոգսերի ու բարձր աշխատավարձով, ապա փոքր համայնքները կտարրալուծվեն, իսկ վաղը խոշորներն ու կառավարությունը կմնան, ինչպես ասում են, առանց ենթակաների, կատարողների:
Այսօր, երբ դրված է Հայաստան պետության, մեր ժողովրդի լինել-չլինելու հարցը, բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները պետք է առաջնային նկատեն երկրի հզորացումը՝ միջոցներ պիտի գտնեն հենց երկրի ներսում:
Որքա՞ն է Հանրապետության 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների աշխատավարձը (ունեցվածքի մասին էլ չխոսենք)… Ինչու՞ նրանց անձեռներեց աշխատանքի պատճառով հայ մարդու երեխան չոր ու ցամաք հացի կարոտ լինի:
Միթե՞ երկրի ղեկավարությունը չպետք է պատասխան տա սրա համար…
Իսկ համայնքները, կրկնվենք, պիտի խոշորացվեն՝ փոքր համայնքների խոշորացմամբ, ոչ թե դրանց խոշորների հետ միացման եղանակով…
Սերգեյ Ավագյան
Մեր մարզպետները՝ հրաշագործ կախարդներ
ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 21-ի «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց հիման վրա ձեւավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» որոշման համաձայն, յուրաքանչյուր տարի գնահատվում է մարզպետների գործունեությունը: Իսկ գնահատվում է ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի թիվ ՆՀ-728 հրամանագրով սահմանված բնագավառներում մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունավետությունը գնահատելու նպատակով: Յուրաքանչյուր բնագավառում մարզպետի գործունեությունը գնահատում է տվյալ բնագավառի պետական լիազոր մարմինը: Մարզպետների տվյալ տարվա գործունեության արդյունքները գնահատվում եւ հրապարակվում են մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը: Գնահատումն իրականացվում է 15 չափորոշիչներով եւ 100 բալանոց համակարգով: 2013թ. արդյունքը հետեւյալն են՝ Տավուշի մարզպետ՝ 97,71 բալ, Կոտայքի մարզպետ՝ 97,34, Սյունիքի մարզպետ՝ 97,33, Վայոց Ձորի մարզպետ՝ 97,32, Արարատի մարզպետ՝ 97,27, Շիրակի մարզպետ՝ 97,19, Լոռու մարզպետ՝ 96,90, Արագածոտնի մարզպետ՝ 96,76, Արմավիրի մարզպետ՝ 96,72, Գեղարքունիքի մարզպետ՝ 94,76 բալ:
Գնահատականները որոշակի հիշեցնում են խորհրդային տարիները, երբ շրջխորհրդի, քաղխորհրդի կամ գյուղխորհրդի նախագահները իրենց աշխատանքները կատարում էին գրեթե 100%-ի սահմաններում, անգամ այդ գնահատականները 112,2% կամ 115,5% էր լինում, երբ «դիֆիցիտի» պայմաններում ապրող եւ «տակից» ապրանքներ փնտրող մարդկանց ղեկավարող դեմքերը սովետական 5-ամյակները կատարում էին 3 տարում: Այսօրվա մարզպետերի վերոնշյալ գնահատականները եւս հավաստում են, որ աշխատանքի ու աշխատատեղերի սուղ պայմաններով հարուստ մեր երկրում գրեթե խնդիրներ չունեցող հանրություն ունենք, հատկապես՝ մարզերում, եւ իհարկե շնորհիվ այն թվանկարչության, որից էլ ծնվել են այդ գրեթե 100%-անոց գնահատականները, որ նշանակվել են մարզպետներին:
Բնակվարձի թանկացման նոր վտանգ
Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության եւ համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը վստահեցրել է, որ եթե բնակիչները պահանջեն կատարված աշխատանքների հաշվետվությունն ու հստակ հետեւեն, որպեսզի բնակվարձի համար իրենց վճարած գումարները ծառայեն բուն նպատակին, ապա դրանք չեն կարող ըստ էության չծախսվել: Ընդգծել է, որ սեփականատերերը ամեն պահի կարող են ստանալ իրենց վճարված գումարներով արված աշխատանքների հաշվետվությունը. «Հաշվետվության մեջ ներկայացված թվերի վերահսկողությունը պետք է իրականացնեն սեփականատերերը: Վարչական շրջանների համատիրությունները փակցնում են հաշվետվությունների 90-95%-ը: Երեւանում 220 համատիրություն կա, յուրաքանչյուրն իր պահանջերի եւ հնարավորությունների շրջանակներում է գործում»:
Պաշտոնյաները փորձում են համոզել, թե որտեղ սեփականատերերը սերտ հարաբերությունների մեջ են, պատկերացնում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, շենքերը պահպանելու համար անհրաժեշտ գումարները վճարում են, խնդիր չի լինում: Երեւանում 1 քմ. համար նվազագույնը 10 դրամ է գանձվում եւ այս դեպքում որոշ աշխատանքներ համատիրությունն է իրականացնում՝ սեփական միջոցներով: «10 դրամը վճարում են, բայց որոշ աշխատանքներ կատարում են իրենց ուժերով: Նորակառույց շենքերի վարձերը շատ ավելի բարձր են լինում, կա համատիրություն, որ այլ բարձրակարգ ծառայություններ էլ է մատուցում, այդ շենքերում 50 դրամ են գանձում: Կա համատիրություն՝ 60 շենքով, որտեղ վճարում են 30 դրամ»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է համատիրությունների կողմից բնակվարձերի թանկացմանը, պատճառաբանվում է, թե «ամեն մի դրամ արդարացված է գանձվում եւ այն բնակիչները, ովքեր հետաքրքրվում են ու իմանում, թե ինչպիսի աշխատանքներ են կատարվում, որեւէ խնդիր չի առաջացնում»: Համատիրության որոշ նախագահներ ներկայացրել են, որ մշտապես պահանջվող աշխատանքներ կան, որ ծախսատար են՝ տանիքի վերանորոգում, մուտքերի, դռների փոխման աշխատանքներ, անձրեւատարերի վերանորոգում եւ այլն: Որոշ համատիրություններում տարեկան մոտ 10 հազար է վճարում 1 բնակիչը, ինչը մեծ թիվ չէ, որից եւս, ըստ համատիրության ղեկավարների, բնակիչը կարող է հրաժարվել՝ դուրս գալով համատիրությունից: Բայց այլ բնույթի վճարներից չի ազատվում, եւ համատիրության անդամ լինելը բնակչի շահերից է բխում: Ուղղակի բնակիչները նախանձախնդրորեն պիտի հետեւեն իրենց համատիրության աշխատանքներին:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



