Ցավոտկ ետեր.- Քաղաքական որոշմանտն տեսական շահն ու քաղաքական կորուստները – Ստույգ գնահատականները կերեւակվեն շուտով
Երկրի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.rd.am կայքին տված հարցազրույցում ըստ էության դեմ չէր արտահայտվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, միայն թե նշել էր, որ շտապողականություն կա: Մեր շտապողականության վրա, ի դեպ, նաեւ ռուսական կողմն է զարմացած: Երբ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին հարցրին, թե ինչու՞ է ՀՀ-ն այնքան արագացված տեմպերով գնում դեպի ՄՄ, որ նույնիսկ ռուսական կողմի զարմանքն է հարուցել, պե՞տք է մեզ արդյոք այդ շտապողականությունը, դա չի՞ խանգարի տնտեսական ճիշտ հաշվարկներ անելուն, նա պատասխանեց, թե կա ճանապարհային քարտեզ, եւ ամբողջ խնդիրն այն է, որ նախատեսված միջոցառումները մեր կողմից մեծամասամբ արդեն արված են, իսկ մնացյալ մասն էլ արագ արվում է, քանզի «քաղաքական որոշման խնդիր է»:
Ս. Կարայանը կառավարությունում տված ասուլիսում նաեւ շեշտեց, թե «շտապողականությունից մենք չենք տուժելու: Շտապելու ոչ մի խնդիր չունենք« մենք բոլոր միջոցներն իրականացնում ենք, եւ այստեղ մենք ոչ մի մասով չենք տուժել»:
Ասուլիսին ներկա էր նաեւ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ի դեպ, նա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից ավելի շատ է լինում կառավարության նիստերին եւ մշտապես համբերատար պատասխանում է լրագրողների հարցերին՝ բայց հիմնականում առանց որոշակիության:
Նրան հարցնում եմ. «Փաստորեն, Հայաստանը ՄՄ-ին անդամակցելուց հետո տարբեր տնտեսական ռեժիմներով է աշխատելու, ՊԵԿ-ը ներքին դիտարկում ունի՞, թե մեր գործարարները արտահանման ու ներկրման հատվածում ի՞նչ կողմնորոշվածություն ունեն՝ դեպի ԵՄ ու ԵՄ-ից, թե՞ դեպի ՄՄ ու ՄՄ-ից»: Ի պատասխան Վ. Միրումյանը նկատեց, թե «ՊԵԿ-ը նման վերլուծություն դեռ չի կատարել», եւ այս պահի դրությամբ դժվար է ասել: Թեեւ իմ խոսքը վերլուծությանը չէր վերաբերում, այլ՝ ներքին դիտարկմանը, բայց ինչեւէ, պետք է խոստովանեմ, որ Վ. Միրումյանի «կրուտիտը» ընդհանրապես լավ զարգացած է: Այնուամենայնիվ ասեմ, որ ՊԵԿ-ն այդ դիտարկումն ունի…
Դեպքերի զարգացման ընթացքը չի՞ վկայում արդյոք, որ մենք գնում ենք միասնական արժութային շուկա: «Միասնական արժույթի հետ կապված խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան»,- ասաց ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Հապա ի՞նչ է նշանակում ՄՄ շրջանակներում արծարծվող փաստաթղթերում տեղ գտած «արժույթի ինտեգրված շուկա» ձեւակերպումը: Ի պատասխան Ա. Ստեփանյանը համառոտեց. «Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մաքսային սուբյեկտ կարող է արժութային շուկայում իր ներգրավվածությունն ունենալ»: Նա միաժամանակ հավելեց, թե քանի որ «անդամ երկրները պատրաստակամություն են հայտնում ընդհանուր մաքսային տարածք ստեղծելու մասով, բնականաբար, արժութային քաղաքականությունը նույնպես որոշակի համաձայնեցված կոնտեքստ պետք է ունենա: Եվ շատ կարեւոր է, որ անդամ երկրները ժամանակի ընթացքում կարողանան արժութային օրենսդրությունները համապատասխանեցնել»:
Միասնական արժույթին վերաբերող հարցերի համապատկերում նաեւ լեզվական խնդիրներ արծարծվեցին, արդյո՞ք մեր ՊԵԿ-ը կսկսի մաքսային հայտարարագրերը ռուսերեն հրապարակել: Ինչպես հավաստիացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վ. Միրումյանը, այժմ հայտարարագրերը հայերեն եւ անգլերեն են, դրան զուգահեռ կգործի հայերեն եւ ռուսերենը՝ ՄՄ-ի անդամ երկրների հետ, եւ մաքսային հայտարարագրերը հրապարակվելու են միասնական ձեւաչափով:
ՄՄ-ին անդամակցության շրջանակներում կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով լրագրողներին հանդիպեց նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իսիֆ Իսայանը: Նա, ի դեպ չթաքցրեց իր ուրախությունը, որ ՀՀ-ն անդամակցելու է ՄՄ-ին՝ վստահ լինելով, թե դա մեր երկրին առավելություններ է տալու: Բայց նաեւ ասաց, թե ուրախ է, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները շարունակվելու են:
Օրինակ՝ ի՞նչ առավելությունների մասին է խոսքը: Ըստ Ի. Իսայանի, Հայաստանն ուզում է էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստանի հարավային շրջաններ, էլէներգիայի պակասուրդ կա: Ինչպե՞ս պետք է դա անենք, եթե արտահանման համար շղթայականությունն ապահովված չէ: Ինչպես պարզաբանեց Ի. Իսայանը, Մաքսային միության սահմաններում էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցության համար պետք է հնարավորություն լինի բարձրավոլտ գծեր կառուցել. «Վրաստանի հետ մենք տարիներ շարունակ աշխատել ենք« բայց դա զուգահեռ աշխատանք չէր, իսկ զուգահեռ աշխատանքի պայմաններում մենք կարող ենք միայն ապահովել տարանցիկություն եւ դուրս գալ Ռուսաստանի հարավային մարզերը, որտեղ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա»: Տեղեկացնենք, որ Վրաստանի հետ բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելու ծրագիր կա, որը հնարավորություն կտա անմիջապես ՀՀ-ում առկա ավելցուկ էլեկտրաէներգիան տեղափոխել Ռուսաստան:
Այս ծրագիրը կյանքի կկոչվի մինչեւ 2018թ.: Մեր երկրում տարեկան արտադրվում է 6 մլն կվտ. ժամ էլեկտրաէներգիա: Բայց մեր երկրի հնարավորությունը ներկայիս 6 մլրդ կվտ.ժ-ն չէ: Մենք կարող ենք տարեկան արտադրել 10 մլրդ կՎտ.ժամ էլէներգիա: Միայն Թուրքիայի ուղղությամբ կարող ենք ապահովել 1 մլրդ կՎտ.ժամ էլէներգայի արտահանում: Իրավիճակն այն է, որ այսօր Հայաստանը չի օգտագործում Հրազդանի 5-րդ էներգաբլոկում արտադրվող համեմատաբար թանկ էլէներգիան: Երկիրն իր սեփական կարիքների համար հիմնականում օգտագործում է էժան էլեկտրաէներգիա, որն էլ գլխավորապես արտադրվում է Որոտանի ՀԷԿ-երի համալիրում, Սեւան-Հրազդան կասկադում, Հայկական ատոմային էլեկտրակայանում եւ Երեւանի ՋԷԿ-ում: Էլէներգիա արտադրող գործող հզորությունները գրեթե թերբեռնված են աշխատում: ՀՀ-ում 2013թ. արտադրվել է 7 մլրդ 710 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա« ինչը 4.1%-ով պակաս է 2012թ. ցուցանիշից: Հայաստանից էլեկտրաէներգիան արտահանվում է հարեւան Իրան: Նախորդ տարի Իրան ենք արտահանել 1.3 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա՝ մոտ 80 մլն դոլար մաքսային ընդհանուր արժեքով:
Տեխնիկական համապատասխան հզորություն ունենալու պարագայում կխոսենք արտահանման ծավալների ավելացման մասին: Վրաստանի հետ 2-րդ բարձրավոլտ գիծն ունենալու պարագայում էլէներգիա կարտահանենք ՌԴ: Ինչպես ասացինք, ավելին արտադրելու հնարավորություն ունենք: Վրաստանը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տարանցիկ երկիր է, որն այս՝ ՀՀ-ից ՌԴ էլէներգիա արտահանելու դեպքում, հասկանալի է, օգտվելու է: «Մենք Վրաստանի հետ աշխատելու ենք Ազատ առեւտրի ռեժիմով, Վրաստանը Ռուսաստանի հետ աշխատելու է Ազատ առեւտրի ռեժիմով, բայց մենք ու Ռուսաստանը՝ Մաքսային ռեժիմով: Ինչպես է կարգավորվելու էլէներգիայի գնագոյացումը՝ հաշվի առնելով այն, որ այս ապրանքի վրա գործելու են դրույքաչափերի երկու ռեժիմներ». իմ հարցին ի պատասխան էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալը նկատեց, թե կարգավորումը կլինի այնպես, ինչպես գազի դեպքում:
ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցելու եւ Ռուսաստանից նավթամթերքի ներմուծման ծավալներն ավելացնելու դեպքում դրա գինը հնարավոր է իջնի: Բայց սա փոխնախարարի մասնավոր կարծիքն է: Մինչեւ հերթը հասնի պաշտոնականին, հնարավոր է եւ… չիջնի:
Մեր երկիր ոչ հում նավթի եւ նավթամթերքի ներկրման ծավալը նախորդ տարի 2012թ. համեմատ, նվազել է 5.3%-ով եւ կազմել 327 հազար 990 տոննա: Իսկ նախորդ տարի մեր երկիր ներմուծված ոչ հում նավթի ու նավթամթերքի ընդհանուր ծավալի մոտ 30%-ը Ռումինիայից է եղել, եւս նույնքանը՝ Ռուսաստանից, 14%-ը՝ Բուլղարիայից« 12.5%-ը՝ Իսրայելից եւն: Այսինքն՝ այլեւս կամա թե ակամա, ՄՄ անդամակցությունից հետո օրինակ, Ռումինիայից կամ Բուլղարիայից չե՞նք կարողանալու նավթամթերք ներմուծել: «Ինչու՞ պետք է երրորդ երկրից նավթամթերք ներմուծվի« երբ հնարավորություն կա Ռուսաստանից ավելի էժան գնով բերել»,- լրագրողների հարցին հարցով պատասխանեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալը:
ՄՄ-ն հիմա մեր պաշտոնյաների համար երազանքի պես մի բան է դարձել: Նրանք «Նաիրիտ»-ի փրկությունն էլ ռուսական «Ռոսնեֆտ»-ի հետ են կապում: «Ռոսնեֆտ»-ը նոր գործարանը կկառուցի, թե հինը լիովին կվերականգնի, կամ նորի կառուցելուց հետո հնի ճակատագիրն ինչ կլինի, առայժմ պարզ չէ: «Ռոսնեֆտ»-ը իր գործընկերների հետ մտադիր է կառուցել նոր հզորություն« որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի համաշխարհային շուկայում: Հիմնականում ավտոդողերի արտադրություն պետք է իրականացվի»,- ասաց նա: Այլ մանրամասներ Ի. Իսայանը չասաց, քանզի գործընթացը բանակցային փուլում է եւ ամեն ինչ անորոշ է:
Դեւռս պարզ չէ նաեւ, թե արդյոք «Նաիրիտ»-ի կուտակած պարտքերը կստանձնի «Ռոսնեֆտ»-ը:
Ի. Իսայանին հարցրի՝ «Ռոսնեֆտ»-ը բանակցու՞մ է՝ իմանալով, որ իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունը դատի է տվել «Նաիրիտ»-ին: Հարցիս ի պատասխան բանախոսը պարզաբանեց, թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն նամակ է ուղարկել իրանական ընկերության իրավաբանական հասցեով՝ «գոյություն ունեցող պարտքի» վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ստանալու համար« սակայն «Նաիրիտ»-ը ստացել է պատասխան, որ նշված իրավաբանական հասցեում նման ընկերություն գրանցված չէ:
Ընդհանրապես վերջին ժամանակներում չեմ հասկանում իրանական որոշ մանր-մունր թվացող տրամաչափի խաղերը: Ասում է՝ էժան գազ կտանք, պարզվում է՝ չի տալիս, կամ այդ գազն այնքան էլ էժան չէ: Հիմա էլ դատի է տալիս, պարզվում է՝ այդպիսի ընկերութւն չկա: Իսկ գուցե ՌԴ-ի հետ փոխհամաձայնեցվա՞ծ է անում, որպեսզի, դե ասենք, ՌԴ-ն պարտքերով ծանրաբեռնված ձեռնարկությունը արագ վաճառելու հայկական կողմի պատրաստակամությանը հասնի: Ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ ՄՄ-ին անդամակցությունը քաղաքական ծիրում է եւ դեռ հայտնի չէ, թե տնտեսական ինչ-ինչ տված շահերն էլ իրականում քաղաքական ինչ կորուստների գնով են լինելու:
Աստղինե Քարամյան
Էլ խնդիր չունե՞ն – «Արարատցեմենտ»-ի հետ ամեն ինչ նորմա՞լ է…
Վերջերս Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումների մասով հրապարակումներ հաճախակի են լինում: Բայց մամուլի արծարծումները բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հիմնականում «անհիմն, անտեղի եւ անհեթեթ մեկնաբանություններ» է որակել: Ըստ նրա, այդ անհեթեթությունները հնչեցին հատկապես «Արարատցեմենտ» գործարանին առնչվող, սակայն այնտեղ իրավիճակը հետեւյալն է. «Գործարանի հետ կապված որեւէ խնդիր չենք տեսել« պարտաճանաչ« բարեխիղճ աշխատում են»:
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերից Արմավիրի ու Արարատի մարզում տեսչական ստուգումներ էին սկսվել՝ անօրինական ջրօգտագործողներին հայտնաբերելու նկատառումով, թեստ է անցկացվել. ցամաքուրդային համակարգի ջրերի հոսքն անջատել են կես օրով եւ «հայտնաբերվել են մի շարք անօրինական ջրօգտագործողներ (տնտեսական գործունեություն ծավալող 120 ջրօգտագործողներ ու ձկնաբուծական տնտեսություններ քրգործով անցնելու ռիսկի տակ են՝ ջրառի ծավալները խախտելու համար), նաեւ քրեական գործեր են հարուցվել, սակայն «Արարատցեմենտ»-ի հետ խնդիր չկա»:
Քաղաքական շահարկումներից խուսափելու համար (գործարանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին է պատկանում) նախարարը հավելեց, թե իրենք ուսումնասիրությունը սկսել են մինչեւ քրգործի հարուցումը. գործարանի պոմպակայանի կապարակնքման եւ դրա շուրջ բարձրացված աղմուկն անհիմն է եւ իրականությանը չի համապատասխանում:
Սակայն մի բան հստակ է, երբ ներքին քաղաքական պայքարը թեժանում է, ստուգումներն առավելապես իրական արդյունքներն են ի ցույց դնում, իսկ երբ ամեն բան «իր տեղն է ընկնում» եւ քաղաքական իրավիճակն էլ հանդարտվում է, ստուգումներն ի վերջո եզրակացնում են, որ խնդիր չկա… Հենց սա է պատճառը, որ այսօր մեր կյանքը լցված է սոցիալ-տնտեսական խնդիրներով:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



