Եվրասիակա՞ն, թե՞ասիական խաչմերուկ
Արեւելյան Եվրոպան դեռ չի եվրոպականացվել, բայց նաեւ ռուսաստանամետ չէ առաջվա նման, ինչը դեռ նորանոր բորբոքումների է հանգեցնելու: Եթե նախկին խորհրդային երկրներից Մերձբալթիկայի եռյակը Արեւմտյան Եվրոպայի հետ այլեւս սերտաճած է, զարմանալի չէ, դեռ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան ռուսատյաց հանրապետություններ էին, ինչը հայտնի էր ամբողջ Խորհրդային Միությունում:
Ուկրաինան եւ Բելառուսը ռուսական ուղղվածությամբ էին, բացառությամբ՝ Արեւմտյան Ուկրաինայի մի մասում ամրացած բենդերականների: Եվ դեռ այդպես էլ մնացել է, ինչին ականատես եղանք ուկրաինական հեղափոխության ընթացքում: Կես–կես տարբերակով էլ Մոլդովան էր, մի մասը դեպի Ռուսաստանն էր, մի մասն էլ՝ Ռումինիայի կողմն էր նայում, ինչը եւ պատճառ դարձավ այդ երկրից Մերձդնեստրի անջատման:
Գրեթե ոչինչ չի փոխվել նաեւ այլ տարածաշրջաններում, Կովկասում Վրաստանը եթե ռուսատյաց չէր, ինչպես մերձբալթյան երկրները, ապա հակառուսական բնութագիր ուներ, Հայաստանն ու ԱդրբեջանըՌուսաստանի կողմն էին: Այսօր թերեւս Ադրբեջանն է մի քիչ ետ քաշվել, ավելի շատ դեպի համաթուրքական ուղղությունը:
Այսպես է նաեւ Միջին Ասիայի նախկին խորհրդային երկրներում, բացառությամբ Տաջիկստանի, որ պարսկական–իրանական ուղղվածություն ունի: Միջինասիական Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը փորձում են նաեւ ռուսաստանյան ուղղության հետ համադրել եվրոպականը:
Ահա այս պայմաններում էլ առանց այն էլ անհեռանկարային Մաքսային միությունը նոր հարված ստացավ, քանի որ առանց Ուկրաինայի այն գրեթե կորցնում է իր կարեւորությունը, որովհետեւ Եվրասիական միությունը այլեւս չի կարողանում հակակշռել Եվրոպական միությանը՝ հենց եվրոպական ուղղությամբ:
Անմխիթար վիճակ է նաեւ Կովկասում, քանզի միակ թեկնածուն՝ Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ, ինչքան էլ արդեն գծված է ճանապարհային քարտեզ: Երկու երկրների միջեւ կան երկու երկրներ, որոնցից Վրաստանը թշնամի է Ռուսաստանին, Ադրբեջանը՝ Հայաստանին: Եթե Եվրասիական միությունն այսօրինակ Մաքսային միության հեռանկարում դիտարկենք, ապա Մոսկվային կհաջողվի միայն Ասիական միություն ստեղծել: Ճիշտ է, եվրոպական ուղղության վրա կա նաեւ Բելառուսը, բայց այս երկիրը գրեթե մերժված է եվրոպական համագործակցության կողմից:
Իզուր չէ, որ ԵՄ-ն արագ հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի նոր ձեւավորվող իշխանության հետ. «Ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը մնում է սեղանին: Մենք պատրաստ ենք այն ստորագրել, երբ Ուկրաինան պատրաստ լինի դրան: Դա ինքնիշխան որոշում է, որ պետք է կատարեն ուկրաինացիները: Մենք կարող ենք սկսել գործընթացը, որը կհանգեցնի փաստաթղթի ստորագրմանը. մենք նախ պետք է անցնենք այդ գործընթացը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Օլիվյե Բային:
Հիշեցնենք, որ բախումներից եւ արյունահեղությունից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադան փետրվարի 22-ին քվեարկեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության օգտին եւ նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք տեղի կունենան 2014թ. մայիսի 25-ին: Եվ եթե Մոսկվան չկարողանա մինչ այդ օրը փոխել իրավիճակը, ապա ինչպես նշեցինք՝ Մաքսային միությունն անիմաստ է առանց Ուկրաինայի: Իմիջիայլոց, սա կարող է նպաստավոր լինել Հայաստանի համար, քանզի մեծապես կթուլանան կտրուկ ճնշումները Ռուսաստանի կողմից, ինչը թույլ կտա ավելի հեշտ նավարկել Արեւմուտք-Ռուսաստան հատվածում:
Չի բացառվում, որ Մոսկվան Ղրիմն ու Արեւելյան Ուկրաինան անջատելու փորձ անի: Եթե հաջողի, ապա նոր ու բարդ իրավիճակ կստեղծվի, ուստի պիտի բոլոր տարբերակները հաշվի առնել, ապա նոր քայլեր նախաձեռնել: Այսինքն՝ Մաքսայինից հրաժարվե՞լ, թե՞ առաջվա պես այդ միության անդամ դառնալով՝ ստորագրել նաեւ Ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը:
Հիշենք, որ անգամ Թուրքիան է «լսեցրել» Մաքսային միությանն անդամագրվելու մասին, իսկ Ղրիմի նոր ռուս-թաթար-ուկրաինական պատերազմը հենց այնպես չի անցնի Արցախի խնդրի կողքով:
Արտակ Հայոցյան
* * *
Կովկասի վրացականացման նոր փորձ…
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սատարում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Թբիլիսիի ձգտումը: Վաշինգտոնը Սպիտակ Տանից կոչ է արել կառուցողական լինել: Ուկրաինայի հարցով Վլադիմիր Պուտինին նախազգուշացում ուղարկած Բարաք Օբաման հանկարծ սիրալիր է դարձել Վրաստանի խնդրում: Սա կարող է վտանգավոր լինել մեր շահերի համար, քանզի նախկինում էլ Ուկրաինան ու Վրաստանը «հեղափոխություն մատակարարողներ» էին դարձել Արեւմուտքի համար:
Իզուր չէ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոն են առաջարկել Ուկրաինայում, որպես փորձառու արեւմտամետ «ռեֆորմատորի»: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայում էր դեռ ընդվզումների ժամանակ եւ ելույթներ էր ունենում…
Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց նաեւ Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով Երեւան է եկել «ընդլայնված կազմով բանակցություններ վարելու»: Վստահաբար կքննարկվեն նաեւ ուկրաինական դեպքերն ու Մաքսային միությանն առնչվող հարցերը:
Թբիլիսիի աշխուժացումը տարածաշրջանում չի՛ կարող հայանպաստ լինել, քանի որ Վրաստանը շարունակում է մնալ Թուրքիայի ու Ադրբեջանի «եղբայր»-գործընկերը, եւ որեւէ ընտրության ժամանակ չի՛ եղել Հայաստանի կողքին ու չի՛ էլ լինելու:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



