Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ արեցին (հակադրվելով միմյանց), որպեսզի Ուկրաինան կանգնի միակ ընտրության առջեւ, շարժվի կա՛մ դեպի արեւմուտք՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, կա՛մ դեպի արեւելք՝ մտնելով Մաքսային միություն: Սակայն այս կտրուկ իրավիճակը ստեղծվեց, որովհետեւ հենց պաշտոնական Կիեւը դրդող քայլերի դիմեց՝ խաղալով երկու կողմերի հետ, փորձելով բացահայտ գումարներ կորզել երկուսից էլ: Անգամ հստակ թիվ հայտնեց՝ 15 մլրդ.՝ երկրին օգնելու անհրաժեշտության համար:
Իհարկե օգտակար է, երբ հնարավոր է լինում խաղալ կողմերի հետ, նրանց միջեւ գտնվելով սեփական շահերը պաշտպանել: Այս քաղաքականությունը նաեւ Հայաստանն է կիրառում, որ կոչում ենք փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Սակայն, եթե Երեւանը ամենայն զգուշությամբ եւ առանց կտրուկ արձագանքների է նավարկում միջանկյալ գոտում (ինչը նաեւ Կիեւն էր կիրառում մինչեւ «Եվրամայդան» ստեղծվելը), ապա վերջին իրադարձությունների ժամանակ Կիեւին թվաց, թե Ուկրաինայի կենտրոնական դիրքը Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններում կարող է անվերապահորեն գործել… Երեւանի Ազատության հրապարակը եւս մերթ ընդ մերթ փորձում են «Եվրամեյդան» դարձնել, բայց դեռ չեն հաջողում:
Այսօր եւս համեմատություններ են արվում 2008-ի հայաստանյան եւ 2014-ի ուկրաինական իրադարձությունների մասին: Ընդդիմության մի զարմանալի տեսակ կա Հայաստանում, որ կարող է «Օրիգինալ մտքեր»-ի ակումբ բացել եւ «Գինեսի ռեկորդներ»-ի գրքի համար մտքեր արտադրել: Պարզվում է, «Եթե մարտի 1-ը պարզվեր, Կիեւում Մայդան չէր լինի»,- ԱԺ-ում հանճարեղ այս միտքն է հնչեցրել բավականին քչախոս ՀԱԿ պատգամավոր (ՀԺԿ նախագահ) Ստեփան Դեմիրճյանը: Այն, որ «առ այսօր 2008թ. մարտի 1-ին սպանվածների իրավահաջորդները որեւէ փոխհատուցում չեն ստացել», իհարկե պետք է կարգավորել, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք կա նաեւ այլ հարցերի համար, համաձայն ենք, բայց մայդանամանիան մեզ անհասկանալի է միանշանակ: Երբ սկսվեցին 2008-ի բողոքի ցույցերը, Ուկրաինան ու Վրաստանը եվրահեղաշրջումներն ավարտել էին, եւ Հայաստանն էր հերթական թիրախը: Ու Երեւանի Ազատության հրապարակում պիտի տեղի ունենար այն, ինչ կատարվեց այսօր Կիեւի Մայդանում… Եվ պետք է ասել ոչ թե «եթե մարտի 1-ը պարզվեր, Կիեւում Մայդան չէր լինի», այլ՝«այնինչ չկարողացան անել Երեւանում, արեցին Կիեւի Մայդանում»… Չկարողացան նաեւ երկկողմանի ջարդ սարքել, քաղաքացիական կռիվ ու զոհերի թիվը հարյուրների հասցնել:
«Մատաղիսի» ու նման այլ գործերի մեջ հայտնված նախկին զինդատախազ եւ այսօրվա ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այդպիսի տարօրինակ մտքեր չի ասել, հստակ հարց է բարձրացրել՝ դիմելով ԱԺ նախագահին, հիշեցրել, որ «Հովիկ Աբրահամյանը առաջինն է խոստացել մարտի 1-ի գործերով հանձնաժողով ստեղծել, իսկ խոստումը չի կատարվում»: Չնայած, ըստ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ընդհանուր հայտարարի չգալն է միայն պատճառը:
Մարտի 1-ին ոմանք էլ սպասում են ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, սակայն կարծում ենք, նոր ոչինչ չի ասվելու, իսկ հին ասվածների կրկնությունը ոչինչ չի փոխելու: Իրականում ՀՀ 1-ին նախագահը եւս պատասխաններ տալու պարտք ունի, ինչպես ՀՀ 2-րդ նախագահը, որ գործող նախագահն էր, սակայն ՀՀԿ պատգամավոր (ՍԻՄ նախագահ) Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքը կառաջարկի նաեւ, որ «Մարտի 1-ի կազմակերպիչների հարցը եւս ընդգրկվի հանձնաժողովի նիստում, եթե այն ստեղծվի: Ու նաեւ՝ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացել նախկին հանձնաժողովի նիստին կամ քննչական մարմիններին»: Հայկ Բաբուխանյանը կասկածում է, որ այս անգամ կներկայանա: Բայց Գագիկ Ջհանգիրյանը հակադարձեց, թե այդպես ասելով չի կարելի գործը կոծկել. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն հրավիրել քննչական մարմին: Եթե հանձնաժողովը ձեւավորվի, ու կարիք լինի հրավիրել նրան, ապա անձամբ կգնամ, կհամոզեմ, որ նա ներկայանա: Ես խոստանում եմ դա»: Սակայն ՀՀԿ պատգամավորը եւս չնահանջեց, թե ընդդիմախոսը զինդատախազ լինելով՝ երբեք որեւէ գործ չի՞ կոծկել. «Ուզում եմ ձեզ հիշեցնել Հոկտեմբերի 27-ի դեպքերը, երբ ես՝ որպես տուժող էի հանդես գալիս: Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ հետագայում էլ մենք գիտեինք ճիշտ այնքան տեղեկատվություն, որքան այդ օրը, այսինքն, դուք որեւէ կերպ չեք նպաստել այդ գործի բացահայտմանը: Արդյո՞ք, ըստ ձեզ, պետք չէ նաեւ այդ օրերի մասին մի հանձնաժողով ստեղծել ու մութ հարցերը վերհանել»…
Այս ամենը վերստին հիշեցնում է, որ մայդանամանիան փորձում են հայկականացնել, ինչը գուցե ակնկալում են հենց 2014-ի մարտի 1-ին: Բայց արդեն թմբկահարվող «սպասվում է մեծ հավաք»-ը չի կարող Հայաստանը Ուկրաինա կամ Վրաստան դարձնել: Վերոնշյալ զարմանալի ընդդիմությունը չգիտես ինչու, որպես վառ օրինակ, բերում է այն երկրներին, որոնք պարզապես հակահայկականությամբ են շնչել ավելի քան 20 տարի, երբ միասնական ուժերով քանդեցինք ԽՍՀՄ–ը եւ անկախացանք: Ուկրաինան ու Վրաստանը վարում են ադրբեջանամետ քաղաքականություն, եւ Թբիլիսին բազմիցս հայտարարել է Վրաստան–Թուրքիա–Ադրբեջան դաշինքի ու եղբայրության մասին, ինչը այլ կերպ՝ ՎՈւԱՄ–ի միջոցով, արել է Կիեւը:
Զարմանալի է, որ արեւմտամետ ընդդիմադիրների օրինակով, մարտի 1-ին հանրահավաքի են պատրաստվում նաեւ որոշ ազատամարտիկներ, չնայած հայտարարել են, թե «իրենց հանրահավաքը մյուսներից տարբերվելու է նրանով, որ վերջինիս ժամանակ ներկա են գտնվելու բոլոր այն ազատամարտիկները, ովքեր նախկինում ներկա չեն գտնվել հավաքներին»: Այո, ազատամարտիկները խնդիրներ ունեն կենցաղային եւ այլ, ինչի մասին «Լուսանցք»-ը գրել է, բայց արդյո՞ք հենց մարտի 1-ին պետք է դուրս գալ ցույցի, «քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի ու ավազակների ձեռքերում»: Իսկ գուցե խորհուրդ տվողները ե՞ւս հեռու չեն «գողեր ու ավազակներ» կոչվելուց… Ինչեւէ: Այդ օրը ստուգողական փորձ կարվի առավելագույն մարդաքանակ հավաքել, թեկուզ տարբեր հանրահավաքներով, որ կարելի է հետո միավորել, եթե…
Ոմանք էլ պնդում են, թե 2008-ի մարտի 1-ի հիմնական պատճառն այն է, որ «մենք անկախություն ստացանք ԽՍՀՄ-ի փլուզման, այլ ոչ թե քաղաքացիական ու ազգային ազատագրման շնորհիվ, ուստի մեզանում չի կայացել երկրի տեր քաղաքացին, չեն ստեղծվել ժողովրդի կամքը ներկայացնող ու պետության նկատմամբ նրա վերահսկողությունն ապահովող մեխանիզմներ, ինչպես նաեւ չի ձեւավորվել ազգային շահերն արտահայտող ընտրախավ»: Սա էլ մի այլ ակնարկ է՝ «ակտիվիստական» (ոչնչով չի տարբերվում մայդանականից) շարժումների անցնելու, այդպիսով միջազգային հանրության սիրահոժար հայացքներին արժանանալու համար: Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները չեն դադարել քաղաքական ու հանրային ներխուժումներ իրականացնելը եւ պետք է ակնկալել, որ նորից ականատես կլինենք հայկականացված մայդանամանիայի եւ ակտիվիստամանիայի նոր դրսեւորումների: Արդեն հնչել են կոչեր՝ մարտի 2-ին ավարտել ու լուծել այս խնդիրները՝ վարչախմբի հեռացում, ժամանակավոր կառավարում, արտահերթ ընտրություններ…
Մեր որոշ ընդդիմադիրներ իրենց համերաշխությունը հայտնեցին ուկրաինական հեղաջրջում անողներին: Քննադատելով մեր իշխանություններին ռուսամետության մեջ, իրենք չեն էլ թաքցնում իրենց արեւմտամետությունը: Հիմա ինձ համար, որպես հայ մարդ, ի՞նչ տարբերություն՝ ռուսին միտվածի գերին եմ, թե՞ Եվրոպային կամ Ամերիկային տրվածի գերին: Սա ի՞նչ խեղկատակություն է: Ընդամենը մի քանի օր առաջ ուկրաինական ընդդիմադիրները վազվզում էին տարբեր եվրոպական երկրներով, իսկ այժմ մեղադրում են գահընկեց արված նախագահին ռուսական ուղղվածության մեջ: Ոչ մի տարբերություն: Համաշխարհային ստրկատիրական քաղաքական դաշտը այնքան նման է, որ այս նույն պատմությունը կարելի է պատմել աշխարհիավելիքան 150 երկրների մասին, առանց ստորակետ փոխելու, միայն անունների փոփոխություն կատարելով…
ՀԱԿ-ից հետ չի մնացել նաեւ «Ժառանգություն»-ը, որն իր համերաշխությունն է հայտնել «Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը»: Եթե զենք–զինամթերքով «սահմանադրականի շխանափոխություն» է լինում, ապա ինչու՞ «Ժառանգություն»-ը չգնաց այդ քայլին («Բարեւելու» ծրագիրը հաստատ զինված չէր): Եթե եվրոպաներից զենք չհասներ, հաստատ ամերիկաներից դա կգար, երբ պահանջարկ լիներ… Իսկ գուցե որոշ քաղաքական ուժերի «սահմանադրական իշխանափոխության» համա՞ր են պետք ազատամարտիկները, նրանց մարտիմեկյան հավաքը: Ազատամարտիկները պիտի զգույշ լինեն: Այս տղաների ազնիվ մղումները խաղացնողները ի չարս կգործադրեն…
Մաքսային պայմանագիրը ռուսական կայսրության ծառան դառնալու նախապայման համարելով, այդ ընդդիմադիրները պատրաստվում են ծառայել Եվրամիության Ասոցացման համաձայնագրին, քանի որ «Ուկրաինայի ակնառու օրինակը Հայաստանի ժողովրդին վերստին համոզում է, որ պետք է վերադառնալ 2013-ի վիլնյուսյան գագաթաժողովում՝ ԵՄ-ի ու ՀՀ-ի միջեւ ձեռքբերումներին«: Բայց հասկանալով, որ կարող են կատաղացնել «ռուսական արջին», իսկ իրենք էլ զենքով հաստատ կռվող չեն, սիրաշահել են մի քիչ, թե «սա պետք է տեղի ունենա առանց վնասելու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը»:
Եթե հիշենք ուկրաինական դեպքերը, ԵՄ Խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով կոչ էր անում ուկրաինական իշխանություններին «չհայտարարել երկրում արտակարգ դրություն եւ չօգտագործել զինված ուժերը Եվրամայդանի ակտիվիստների դեմ»:
Ուկրաինայի, անգամ Ռուսաստանի իշխանություններին զսպվածություն ցուցաբերելու կոչեր եւս արվեցին, սակայն եվրաժողովրդավարները պատրաստ էին անգամ զինել ֆաշիստական գաղափարներով առաջնորդվող բենդերականներին, ինչը պարզապես ստորագույն քայլ էր ուկրաինական ժողովրդի եւ այդ երկրի ազգային փոքրամասնությունների դեմ: Անգամ ընդդմադիրները դեռ բախվելու են այդ ֆաշիստ-ազգայնամոլական ուժերին, եւ այնժամ Արեւմուտքը հենց այդպես էլ որակելու է նրանց՝ ֆաշիստներ, որովհետեւ Կիեւում ունենալու է եվրամայդանական խամաճիկների իշխանություն:
Իսկ ժառանգական Ստյոպա Սաֆարյանը նորից մի բան է բստրել. «Ե՞րբ է իշխանությունը կրակում սեփական ժողովրդի վրա։ Երբ շահերը չեն համընկնում, իշխանությունը վախենում է, որ ժողովուրդը կհասնի իր նպատակին ու ուժ է կիրառում», եւ հավելել. «Յուրաքանչյուր նախագահ պետք է հասկանա, որ ժամանակին զիջելը կարող է հաղթանակի նշան լինել»։
Այս (նաեւ այլ) կուսակցության ղեկավարներն այդպես էլ չհասկացան, որ օտարի ուժով իշխանափոխության գնալը հեղաշրջում է, ոչ թե հեղափոխություն եւ յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր նախագահ պետք է պաշտպանի սահմանադրական կարգը «սահմանադրական իշխանափոխություն» անողներից…
Եվ երբ խորհուրդներ են տալիս, պիտի իրենք եւս խորհելու կարողություններ ունենան, նաեւ կռահեն, որ չնայած այս տխուր իրավիճակին, մենք մտածող տեսակ ենք, իսկ ազգը դեռ կասի իր խոսքը, երբ շուտով իրապես ոտքի կանգնի, առանց ներքին ու արտաքին «դոզաների»… Եթե նորից խոսում են իշխանափոխությունից, ապա զուգահեռ պետք է բարձրացնել ընդդիմափոխության հարցը եւս: Բազմիցս գրվել ու հիմնավորվել է՝ ՀՀ-ում ավելի քան 20 տարի նույն իշխանությունն ու ընդդիմությունն է «տնօրինում», մերթ ընդ մերթ անձերի փոփոխությունը ներկայացվում է որպես նոր իշխանություն…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



