Հայկական խոհանոց – Հավի միսը՝ սալորաչրով… Աշխարհի մարզական հեւքից.-Համահայկական խաղերի դրոշն ի պահ տրվեց Երեւանին… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հավի միսը՝ սալորաչրով

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Բաղադրությունը - Հավի ազդրամիս – 6 հատ, բուսայուղ – 30 գ, սպիտակ գինի – 1 բաժակ, աղ, սպիտակ պղպեղ, սալորաչիր:

Պատրաստման եղանակը - Հավի ազդրամսերը ոսկրահան անել, աղով, պղպեղով եւ բուսայուղով համեմել, թողնել մի քիչ մնա: Այնուհետեւ թավայի մեջ մի քիչ բուսայուղ քսել եւ տապակել համեմված միսը:

Հետո միսը տեղափոխել ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, վրան լցնել գինին, շաղ տալ սալորաչրերը՝ ըստ ճաշակի, եւ դնել ջեռոցը: Եփել 15 րոպե 2000-ի տակ: Մատուցել բլղուրով:

Աշխարհի մարզական հեւքից.-

Համահայկական խաղերի դրոշն ի պահ տրվեց Երեւանին

Հայաստանում 1-ին անգամ անցկացված Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երեւանին. այն հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ողջունելով խաղերի մասնակիցներին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2015թ. քաղաքամայր Երեւանն ի սրտե կհյուրընկալի նաեւ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին. «Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է ինչպես Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ մարզամշակութային կյանքի աշխուժացման առումով: Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի 2015թ. խաղերը մայրաքաղաքում անցկացվեն հավուր պատշաճի»: Նշվեց նաեւ, որ Երեւանի պատվիրակությունն իր մասնակցություն է ունեցել՝ ստանալով ամենաշատ պարգեւները՝ 4 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալներ:

Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցած Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք ու բազմաթիվ հյուրեր: Հիշեցնենք, որ Համահայկական ձմեռային 1-ին խաղերին մասնակցել են շուրջ 400 մարզիկներ, աշխարհի 11 պետությունների 22 քաղաքներից:

Արթուր Աբրահամը հետ բերեց չեմպիոնական գոտին

Գերմանական Մագդեբուրգ քաղաքում կայացավ 2-րդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտը գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջեւ: 12 ռաունդանոց մենամարտի արդյունքում մրցավարները հաղթանակը միավորներով տվեցին հայ բռնցքամարտիկին: Մրցավարներից 2-ը հաղթանակը տվեցին Աբրահամին՝ 114-111, 115-110, 1-ը՝ Շտիգլիցին՝ 113-112: Այսպիսով, Աբրահամը հետ վերադարձրեց WBO քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը զիջել էր նույն Շտիգլիցին նախորդ տարվա գարնանը:

- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Արթուր Աբրահամին փառահեղ հաղթանակի համար՝ մաղթելով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ:

– Գերմանիայում բնակվող մեկ այլ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը եւս հպարտացել է. «Շնորհավորում եմ ընկերոջս ու հայրենակցիս՝ Արթուրին, հաղթանակի համար: Շատ ուրախ եմ, որ նման բռնցքամարտիկ ունենք: Արթուրը մեր ազգը ներկայացնում է ամբողջ աշխարհում»:

– Ողջունել է նաեւ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ով մեծ հետաքրքրությամբ է հետեւել Արթուր Աբրահամի մենամարտին՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրկին վերադարձնելու համար մղված:

Հուշամրցաշարը՝ EUBC-ի պաշտոնական օրացույցում

2013թ. փետրվարին մահացած բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հուշամրցաշարն ընդգրկված է Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի պաշտոնական մրցաշարերի օրացույցում: Այն նախատեսված է անցկացնել մայիսի 19-24-ը Երեւանում:

Հիշեցնենք, որ հանրահայտ բռնցքամարտիկի վախճանից հետո որոշվեց բռնցքամարտի «Գագիկ Ծառուկյանի գավաթ»-ը վերանվանել եւ նվիրել Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին:

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ըստ քաշային կարգերի, չեմպիոններ դարձան Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Արթուր Վարդանյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովհիկյանը (75 կգ), Նիկոլ Արությունովը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ), գերծանր քաշային կարգում՝ Ռաֆայել Սիմոնյանը:

Մարտի 5-10-ը կկայանա բռնցքամարտի ՀՀ երիտասարդական առաջնությունը, իսկ մարտի 13-20-ը ասպարեզ դուրս կգան արդեն պատանի մարզիկները:

Խաղերին մեկնող հայ մարզիկներն ավելանում են

Չինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսի 16-28-ը կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգիր է նվաճել նաեւ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը, ով 427 միավորով 9-րդն է ճանաչվել Գվադալահարայում (Մեքսիկա) անցկացված միջազգային վարկանշային մրցաշարում: Խաղերի ուղեգրի են արժանացել հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (հրացան) եւ Զավեն Իգիթյանը (ատրճանակ) եւս, ովքեր բաղձալի ուղեգրին տիրացան Մոսկվայում՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Զավենը ոսկե մեդալի արժանացավ 43 մարզիկների պայքարում:

Մինչ այս, ուղեգրեր էին ստացել լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը եւ 2 ծանրորդներ, որոնց անունները մարզիչները կհայտնեն խաղերի նախօրեին: Դեռ սպասելիքներ կան վարկանշային մրցաշարեր մեկնող մեր մարմնամարզիկներից, բռնցքամարտիկներից, ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշներից, աթլետներից, սուսերամարտիկներից, նետաձիգներից, թաեքվոնդոյիստներից եւ մյուսներից: Խաղերի ծրագրում ընդգրկված է 33 մարզաձեւ:

Հայաստանի առաջնությունը վերսկսվեց առաջատարի պարտությամբ

Ֆուտբոլի բարձրագույն խմբի 15-րդ փուլի երեւանյան ակումբների մրցավեճում «Փյունիկ»-ը ջախջախեց «Միկա»-ին՝ 4:0, «Բանանց»-ը հաղթեց մրցաշարի առաջատար «Արարատ»-ին՝ 2:1, Գյումրիի «Շիրակ»-ը ոչ ոքի խաղաց Կապանի «Գանձասար»-ի հետ՝ 1:1, իսկ Երեւանի «Ուլիս»-ը անսպասելի պարտվեց Մարտունու «Ալաշկերտ»-ին՝ 0:3:

15-րդ փուլից հետո «Արարատ»-ը 30 միավորով առաջատարն է: «Շիրակ»-ն ունի 23, «Բանանց»-ը՝ 22, «Գանձասար»-ը՝ 21, «Փյունիկ»-ը՝ 20, «Միկա»-ն՝ 19, «Ուլիս»-ը՝ 13, «Ալաշկերտ»-ը՝ 12 միավոր:

Շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը Երեւանում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ մարտի 2-15-ը անցկացվելիք շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:

Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում՝ 130 գրոսմայստեր: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել:

Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Բեռնար Շալանդը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ մեր ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը շվեյցարացի Բեռնար Շալանդն է, ով մեծ փորձ ունի եւ՛ որպես ֆուտբոլիստ եւ՛ որպես մարզիչ:

1978-1982 թթ. «Սենտ-Իմյեր» թիմում 2 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող: Մարզել է Շվեյցարիայի պատանեկան եւ երիտասարդական բոլոր տարիքային հավաքականները: Եվրոպայի 2004 եւ աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Գլխավորել է իր երկրի «Ցյուրիխ», «Սիոն», «Թուն» եւ «Յանգ բոյզ» ակումբները: 2009թ. ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ: Մարզչական որակավորմամբ ունի ՈւԵՖԱ-ի ՊՐՈ կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ է: Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ՝ ներկա է եղել աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 եւ Եվրոպայի 1988, 1992, 2004 եւ 2008 թթ. առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996թ. խաղարկությանը:

Ռուսների դեմ հանդիպումը՝ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ

Մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մեր ֆուտբոլի ընտրանին (մի քանի առաջատար ֆուտբոլիստներ բացակայում էին) ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի ուժեղ հավաքականի հետ, որն ավարտվեց ռուսների հաղթանակով՝ 2:0: Վերջին անգամ հավաքականը գլխավորեց Վարդան Մինասյանը, ում հետ մեծ հաջողություններ է գրանցել ազգային հավաքականը: Հայաստանի հավաքականի մարզչի փոփոխությամբ պայմանավորված՝ նա կշարունակի իր աշխատանքը թիմի տեխնիկական տնօրենի պաշտոնում:

Այսուհետ մեր հավաքականը կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: Մեր հավաքականի նոր մարզչի ղեկավարությամբ պետք է ձեւավորվի այն խաղը, որը պիտի ցուցադրի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում՝ Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ փուլի ուղեգրի նվաճմանը հասնելու համար: «Եվրո-2016»-ի ընտրական փուլի վիճակահանությամբ մեր թիմը հայտնվել է բարդ խմբում: Եզրափակչի ուղեգրի համար պայքարում պետք է գերազանցել այնպիսի թիմերի, ինչպիսիք են Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի ու Ալբանիայի ընտրանիները:

Մեր ազգային հավաքականը ուժերը ստուգելու համար կհանդիպի առաջնության եզրափակչի կազմակերպչի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ մինչ այդ՝ Գերմանիայի ու Ալժիրի հավաքականների հետ:

- Կրասնոդարի ընկերական խաղից հետո մեր ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ «Սպորտ Էքսպրես»-ի «Զվեզդա» մրցանակը, որն ամեն տարի հանձնվում է ԱՊՀ եւ բալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստին: Նա հաղթող է ճանաչվել 2013թ. արդյունքներով: Մրցանակը հանձնեցին թերթի խմբագիր Արթուր Պետրոսյանը եւ խմբագրի տեղակալ Արտուշ Մկրտչյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                  «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։