Ցավոտ կետեր – Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Եվ ի վերջո պիտի՞ լուծվի բնակչության անվտանգության խնդիրը… Կա գերխնդիր, որին հստակ լուծում է պետք տալ…

Իբրեւ նախաբան խորհրդային տարիների հայտնի անեկդոտ հիշեմ: Հայկական ռադիոյին հարցնում են, թե ինչու հայերին Մոսկվայի հյուրանոցներում երեք օրից ավելի սենյակ չեն տրամադրում: Հայկական ռադիոն պատասխանում է թե՝ որովհետեւ չորրոդ օրը նրանք սկսում են սենյակում ձեւափոխություններ անել (հրապարակումը մասնակի կրճատումներով տպագրվել է «ՀՀ»-ում)…

1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո (ավերիչը մասնագիտական եզրակացությունն է նաեւ) վերանայվեցին մեր երկրի տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվեցին սեյսմիկ վտանգի նոր քարտեզներ, որոնցում տրվեց սեյսմիկ վտանգի իրական մակարդակը: Քաղաքաշինության նախարարության հավաստմամբ, «մինչեւ հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանների վերանայումը (1989թ.)  նախագծված եւ կառուցված շենքերը, մասնավորապես բազմաբնակարան շենքերը, ներկայումս չեն բավարարում արդի սեյսմակայունության պահանջներին: Այս հանգամանքով պայմանավորված հանրապետությունում զգալիորեն մեծ է սեյսմիկ ռիսկը»:

Բնակչության սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը կարող է լուծվել միայն համալիր եղանակով՝ հաշվի առնելով առկա խնդիրները եւ մեր տնտեսական հնարավորությունները: Այդ իսկ պատճառով կարեւորվում է շենքերի սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ համակարգված մոտեցումը: Իսկ սրա արդյունավետությունն էլ, դարձյալ ըստ լրատվության նույն աղբյուրի, մեծապես կախված է սեյսմակայուն շինարարության բնագավառի մի շարք խնդիրներից, մասնավորապես‘նորմատիվատեխնիկական փաստաթղթերի դաշտի կատարելությունից եւ շենքերի շահագործմանն ու պահպանմանն ուղղված իրավական ու ֆինանսական մեխանիզմների առկայությունից: Մի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ մեր երկրում պիտի ապահովվի շենքերի սեյսմակայանությունը: Պետությունն էլ արդեն այս հարցը օրախնդիր է համարում եւ ելքեր է մտածել:

Մինչ սրան անցնելը, հակիրճ ներկայացնենք, թե ինչ վիճակ է շենքերի սեյսմակայունության ոլորտում: Այլ կերպ՝ ներկայացնեմ մեր բնակֆոնդը՝ ափի մեջ: Անկեղծ լինելու համար չթաքցնեմ նաեւ զարմանքս. փաստորեն, սպիտակյան երկրաշարժից հետո անընդհատ խոսում ենք մեր շենքերի վիճակից ու ոչ դրանք ամրացնելու հարցն ենք լուծում, ոչ էլ կառուցվող շենքերն ենք ամուր կառուցում: Զուր: Աստված մի արասցե, երկրաշարժի դեպքում կարող են անդառնալի կորուստներ լինել:

Գանք մեր երկրի բնակֆոնդի վիճակին: Ներկայում հանրապետությունում շինարարությունը սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի պահանջներին համապատասխան է արվում (այլ խնդիր է, թե այդ պահանջներն ինչքանով են պահպանվում): Թե ինչ վիճակում է մեր՝ մինչ 1989թ. կառուցված բնակֆոնդը, դժվար չէ կռահել: Եթե հաշվի առնենք այն, թե ինչ իրական նորմերով են կառուցվել մասնավորապես բազմաբնակարան բնակելի շենքերը (թե չէ օրենսդրական առումով ամեն ինչ լավ էլ խիստ էր), բնակֆոնդի վիճակի մասին պատկերացումն ավելի հստակ կլինի: Եթե սրան էլ հավելենք այն, որ վերջին 20 տարիների ընթացքում, ֆինանսական միջոցների սղության պատճառով, հանրապետությունում անհրաժեշտ մակարդակով չեն ցուցաբերվել շենքերի պահպանմանն ուղղված համակարգված մոտեցումներ եւ պահանջվող ծավալով չեն իրականացվել շենքերի վերականգնման ու ուժեղացման աշխատանքներ, ապա պատկերը լրիվ կպարզվի: Այս ամենի հետեւանքով, ֆիզիկական մաշվածությունից եւ զանազան այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցությունից, շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում:

Քաղաքաշինության նախարարությունը փաստում է, որ նման շենքերը սեյսմակայունության առումով հուսալի չեն եւ չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը: Քիչ չեն նաեւ այն շենքերը (ցավոք, հիշյալ անեկդոտին ենք մոտենում), որոնցում  ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրագծի կամ կոյուղագծի վնասվածքներ, տանիքի եւ ջրահեռացման համակարգի անբարեկարգ վիճակ, սալվածքի քայքայվածություն եւ այլն) ոչ ժամանակին վերացումը, կամ բնակիչների կողմից կրող կոնստրուկցիաների  ամբողջականության խախտման (բացվածքների իրականացում, բնակարանների ներքին տարածքների եւ միջհարկային ծածկերի կոնստրուկտիվ ձեւափոխություններ) եւ դրանով դրանց կրողունակությունը իջեցնող անթույլատրելի միջամտությունները, պատճառ են դարձել շենքի սեյսմակայունության նվազման, անբավարար տեխնիկական վիճակի, իսկ հետագայում նաեւ վթարայնության առաջացման: Այս իսկ պատճառով, ըստ քաղշինի, բնակչության սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը կարող է լուծվել միայն համալիր եղանակով:

Խորհրդային տարիների օրինակով, հիմա մենք էլ կարծես նորմատիվ դաշտի առումով խնդիր չունենք. սեյսմակայունության նորմերը լրամշակված են, տասնյակներով փոփոխություններ են արված: Ավելին՝ մեր սեյսմակայուն շինարարության գործող նորմերն իրենց գիտամեթոդական եւ ճարտարագիտական հիմնավորվածության մակարդակով չեն զիջում այլ սեյսմաակտիվ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի համապատասխան նորմերին եւ համաշխարհային շատ հեղինակավոր մասնագետների ու փորձագետների կողմից արժանացել են բարձր գնահատականի:

Պահու՞մ ենք այդ բարձր գնահատականի արժանացած նորմերը: Սկսած 1989թ.-ից ՀՀ-ում մի շարք փոփոխություններ արվեցին շենքերի շահագործմանն ու պահպանմանն ուղղված օրենսդրական դաշտում, մասնավորապես՝ բնակարանային ֆոնդի վճարովի, ապա անհատույց սեփականաշնորհման ուղղությամբ: Պետական սեփականությունը հաշված տարիների ընթացքում փոխանցվեց մասնավորին՝ հնարավորություն ստեղծելով ձերբազատելու պետությանը պետբյուջեից շենքերի շահագործմանն ու պահպանմանն ուղղված մեծածավալ լրավճարային հատկացումների պարտավորությունից: Միեւնույն ժամանակ, նոր տնտեսավարման համակարգին անցմանը զուգընթաց, չստեղծվեցին արդյունավետ կառավարման մեխանիզմներ, որոնք պետք է կոչված լինեին լրացնելու բացը, համակարգված ուղղորդելու սեփականատերերի միջոցները շենքերի պահպանմանն ուղղված քայլերին, որոնց եւ անհրաժեշտորեն պետք է գումարվեին պետական աջակցության հստակ ծրագրերը: Այս ընթացքում էր, որ որոշվեց որպես բազմաբնակարան շենքի կառավարման առավել արդյունավետ ձեւ սահմանել համատիրությունների ստեղծումը: Թե ինչպես է աշխատում մեր համատիրությունների գերակշիռ մասը, սա էլ գիտենք: Ու եթե նկատի ունենք, որ բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսից 27 մլն քառ. մետրը կենտրոնացված է բազմաբնակարան շենքերում, որի 96%-ը մասնավորեցման արդյունքում փոխանցված է քաղաքացիներին, հասկանալի կդառնա, թե մեր բնակֆոնդը այս տարիների ընթացքում ինչպես է պահպանվել:

Սրան գումարած՝ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները պետք է կատարվեն պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ: Նշված ուսումնասիրությունների արդյունքները հիմք պետք է դառնան շենքերի պահպանման ուղղությամբ համապատասխան մոտեցումներ ցուցաբերելու հարցում: Սակայն, հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով (ըստ նախարարության), գործն անհրաժեշտ մակարդակով չի արվում չեն իրականացվում, ինչը նույնպես նպաստում է շենքերի տեխնիկական վիճակի հետագա վատթարացմանըեւ, հետեւաբար, սեյսմակայունության նվազմանը:

Արձանագրելով փաստերը՝ պարզապես ընդգծենք, որ իրավիճակը անհապաղ հարկ է շտկել. բնակարանային ֆոնդը երկրի առանցքային ակտիվներից մեկն է, ու եթե նկատի ունենանք, որ այդ ակտիվի լավ պահպանումից ուղղակիորեն մարդկանց կյանքն է կախված, ապա բնակֆոնդը դառնում է հիմնական ակտիվը:

Ի՞նչ է մտածում պետությունը:

Ըստ քաղշինի, նախատեսված քայլերը մեծածավալ ֆինանսական ներդրումներ են պահանջում, այսինքն՝ միայն պետական աջակցության ծրագրերի շրջանակներում չեն կարող ձեռնարկվել. «Ուստի՝ լուրջ եւ կարեւոր խնդիր է բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործումը եւ, ըստ այդմ, կառավարման նոր մոդելի ներդրումը: Ինչը թույլ կտա հստակեցնել շենքերի պահպանմանն ուղղված քայլերը ձեռնարկելու եւ աշխատանքները ֆինանսավորելու մեխանիզմները»: Մի խոսքով՝ կա գերխնդիր, որին հստակ լուծում է պետք տալ: Ինչի՞ց սկսել: Կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։