Մի՛շտ պատրաստ – Հայաստանի ու Արցախի անվտանգության ու պաշտպանական համակարգերը գործի մեջ… Մաքսային միության հարցը՝ դեռ առաջնահե՞րթ… ՀՀ վերահսկիչ պալատը՝ առանց քաղաքական հայտարարությունների…

Ուկրաինական զարգացումներին զուգահեռ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական ամբողջ սահմանով զինտեխնիկա է ավելացնում: Սա չի կարելի անտեսել եւ հերթական սադրանքը դիտարկել, քանի որ Ղրիմի հարցով սրացումները Հայաստանին կարող են ակամա ներքաշել ռազմական գործողությունների մեջ ՀԱՊԿ պայմանագրերի համաձայն:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն եղել է Ուկրաինայում եւ հանդիպել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ: Անկարան ձգտումներ ունի նաեւ Ղրիմին տիրելու առումով:

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանագլխին հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ փոփոխություններ չեն եղել, բայց հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար կրակահերթեր է արձակում: Մեր ստորաբաժանումները անկանոն կրակահերթերին չեն պատասխանում, ինչը եւ չի սրում իրավիճակը:

Բայց Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության դեպքում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի եւ կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին: ԱԱԽ անդամները քննարկել եւ հավանության են արժանացրել նաեւ «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը, որը ներկայացրել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւս Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ օրակարգում Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են եղել:

Չենք դադարում կրկնել հայտնի ասույթը՝ «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի»…

Կարեն Բալյան

ՄՄ-ի հարցը՝ դեռ առաջնահե՞րթ

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը չհերքեց, որ Ուկրաինայի դեպքերը եւ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա:

Մասնավորապես, ըստ նախարարի, առաջին խնդիրը վերաբերում է տրանսֆերտներին, այլ կերպ՝ արժեզրկված ռուսական ռուբլու պայմաններում Ռուսաստանից Հայաստան ավելի քիչ տրանսֆերտներ կգան:

Իսկ մենք գիտենք, թե ՌԴ-ից ՀՀ ինչքան գումար է գալիս: ՌԴ նախագահ Պուտինը նույնիսկ մի անգամ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցին ի պատասխան սեւ հումոր էր արել, թե ՌԴ-ում ավելի շատ հայեր են ապրում, քան ՀՀ-ում… Սրա գումարած՝ խնդիրներ կծագեն արտահանման առումով:

Համապատկերում հարց է ծագում՝ հնարավո՞ր է, որ արտաքին տնտեսական փոփոխություններով պայմանավորված՝ մեր երկրի տնտեսական քաղաքականությունում էլ փոփոխություններ արձանագրվեն (օրինակ՝ հասկանալ, որ ՄՄ-ին անիմաստ լինի անդամակցելը,- Ա.Մ.): Նախարարը նկատեց, որ, այո, արտաքին շոկերով պայմանավորված« սովորաբար լինում են տնտեսական քաղաքականության փոփոխություններ, «ուղղակի այս պարագայում պետք է հասկանալ, թե որքանով են երկարաժամկետ այդ փոփոխությունները»:

ՙԿան տարբեր գնահատականներ, թե ինչ կկատարվի տվյալ դեպքում ռուսական արժույթի հետ: Ամեն դեպքում՝ մենք մեր կողմից պետք է հնարավորություն ունենանք հնարավորինս հասկանալ ավելի երկարաժամկետ ազդեցությունը մեր տնտեսության վրա: Եթե դա կարճաժամկետ է« ապա տնտեսական քաղաքականության փոփոխություն չենք կարող ունենալ« իսկ եթե երկարաժամկետ խնդիրներ են« ապա անպայման պետք է դիտարկվեն նաեւ տնտեսական քաղաքականության փոփոխության հարցերը».- նշեց Վ© Ավանեսյանը:

Իսկ ինչ է սպասվում մեր երկրում գործող ռուսական բանկերին: Այս հարցին նախարարը դժվարացավ պատասխանել, քանի որ չգիտի« թե ինչ խնդիրներ կան ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված. «Եթե խնդիրն այն է« որ ռուսական կապիտալը սկսում է արտահոսել ու դրա պատճառով են կատարվում ռուսական ռուբլու այսօրվա արժեզրկումները« իհարկե խնդիրներ բանկերը կարող են ունենալ»:

Փաստորեն, այս ամենով հանդերձ, եթե չենք վանվում ՄՄ-ից, հնարավո՞ր է, որ գոնե անդամակցության ժամկետները փոխենք:

Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ սա միանշանակ չի լինի, քանզի մենք ունենք համապատասխան ճանապարհային քարտեզը եւ պետք է անցնենք բուն աշխատանքների կատարմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու համար: «Ես կարծում եմ« որ ինտեգրացիոն պրոցեսը« որը սկսել ենք Մաքսային միության հետ« շարունակում է մնալ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը».- ամփոփեց նախարարը:

Վստահ եմ, սակայն, որ հայկական կողմը արդեն կհասկանա, որ լեղապատառ չի կարելի նետվել մեկի գիրկը, թեկուզ հզորի, քանզի այդ հզորությունը արդի աշխարհում տատանումներ կարող է տալ: Մանավանդ, որ հիմա ՌԴ-ի գլուխը խառն է եւ մեր կողմը նայելու ժամանակ էլ չունի:

Զրկեցին

Այսուհետ ՀՀ վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, կամ այլ հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ ՎՊ-ի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ: Եթե գործադիրի առաջարկած այս փոփոխությունը համապատասխան օրենքում ԱԺ-ն հաստատի, ապա ՎՊ-ն կզրկվի մատ թափ տալու «շնորհից»:

«Ուզում եմ ասել, որ  գնահատական տվողը եւ իրավական հետեւանք առաջացնողը պետք է լինի նույն մարմինը»,- պատճառաբանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ հավելելով, թե քաղաքական գնահատականը կարող է տալ ԱԺ-ն կամ երկրի նախագահը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։