Ով ուր է ուզում քաշել Հայաստանին – հայ պետական ու քաղաքական ուժերը եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը… Կառավարության իրապես թարմացումն ավելի իրական է, քան՝ հրաժարականը…

Ինչպես միշտ Հայաստանի քաղաքական ոլորտը սեղմվում է, երբ համաշխարհային նշանակության որեւէ իրադարձություն է կատարվում այս կամ այն տարածաշրջանում: Պատճառը մեկն է ու շատ հայտնի է՝ մեր քաղաքական բնագավառը առավելապես շնչում է այս կամ այն համաշպարհային բեւեռի, ռազմա-քաղաքական ուղղության հետ եւ… համար: Սա նոր բան չէ եւ հերթական գյուտը չէ, բայց ստիպված ենք նորից ու նորից ասել:

Ուկրաինական դեպքերին միանգամից ու պաշտոնապես արձագանքեցին երկու քաղաքական ուժեր: Հասկանալի էր, որ «Ազատ դեմոկրատներ»-ն իր քննադատական խոսքն ուղղեց Ռուսաստանին՝ Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու եւ տարածքային ամբողջականությանը սպառնալու առումով: Այս քաղաքական ուժը, որ «Ժառանգություն» կուսակցության հետ դաշնակցած մտավ ԱԺ, բայց հետո առանձնացավ, այսօր էլ պատգամավորներ ունի եւ խորհրդարանական ուժերից միակ հայտարարություն անողը եղավ: Արտախորհրդարանական ուժերից հայտարարություն հնչեցրեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով հավաստեց, որ հայտարարությունը ստորագրել են Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը: Քանի որ հայտարարությունը թերթում տպագրվել է ամբողջությամբ, չենք ներկայացնի (տես՝ էջ 8), միայն նշենք, որ հայ արիներն ու ազգայնականները փորձել են այս բարդ իրավիճակում ոչ միայն պաշտպանել, այլեւ՝ առաջ տանել հայկական շահերը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իհարկե արտահայտվեցին, սակայն դրանք չէին հնչում որպես պաշտոնական տեսակետներ: Կարճ Ժամանակ անց հայտարորություն արեց նաեւ ՀՀՇ կուսակցությունը, որը խստորեն դատապարտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ եւ կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին՝ հարգել միջազգային բոլոր պայմանագրերն ու պարտավորությունները: Այս դեպքում քննադատություն է հնչել նաեւ ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ «հանցավոր լռության համար՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բարեկամ ժողովրդի դեմ ուժի կիրառման սպառնալիքի փաստի կապակցությամբ»:

Այո, թերեւս հստակ դիրքորոշում մեր պետությունը ցույց չտվեց, ինչը դեռ ոչ մի բան չի նշանակում: Գուցե այդ հստակությունը ավելի վնասաբեր լիներ, քան ցայսօրվա չհստակությունը: Երբ մարտնչում են երկու համաշխարհային բեւեռներ, այս ու այն կողմ նետվելը նաեւ մեզ կվնասի… Այլ բան է, երբ քաղաքական ուժ է արտահայտվում, բոլորովին մի այլ բան, երբ տվյալ երկրի իշխանությունը:

Իսկ ահա վիճահարույց է, թե «Ուկրաինայի բարեկամ ժողովրդի» արածները մեր հանդեպ արդյո՞ք ավելի շատ թշնամական են, թե՞ բարեկամական: Ուկրաինայի հանցավոր աջակցությունը Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի ու Արցախի, այդքան անտեսանելի՞ է մնացել: Երբ ՎՈւԱՄ-ի կազմով ու առաջարկով հակահայկական բանաձեւեր էին ընդունվում ՄԱԿ-ի ու եվրոպական տարբեր կառույցների համաժողովներում, դա բարեկամական մղումո՞վ էր արվում… Երբ ուկրաինացիները հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջականության էին հայերիս դեմ պայքարում, Արցախի դեմ… հանցավոր չէ՞ մեր արդարացի պայքարի ու նահատակ տղաների նկատմամբ… Եվ դեռ մե՛ծ հարց է, ՀՀ իշխանությունների լռությունն է հանցավոր, թե ՀՀ քաղաքական մի ուժի, որ մեր թշնամուն աջակցողին է սատարում…

Եվ երբ այս եւ այլ ուժեր հայտարարում են, թե «Մայդանն ու Մարտի 1-ը Կրեմլի ձեռագիրն են», պետք է մյուս հավանական ձեւակերպումից էլ չխուսափեն, որ «Մայդանն ու Մարտի 1-ը ուկրաինացիների եւ հայերի դեմ գործողություններ են՝ Արեւմուտքի կողմից Կրեմլի դեմ իրականացված»… Ուղղակի ուկրաինացիներն ու հայերը այստեղ, ցավոք,«գործիքներ» եղան:

Քաղաքական մի շարք ուժերից հետ չեն մնում նաեւ որոշ քաղաքագետներ, ինչպես Ստեփան Գրիգորյանը, ով հայտնել է, թե «ՀՀ իշխանությունները պետք է ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը, քանի որ Ուկրաինայի դեպքերը մեծ ազդեցություն կունենան Ռուսաստանում, ինչն էլ կանդրադառնա Մաքսային միության վրա»: Այո, առանց Ոկրաինայի Մաքսային միությունը չի կայանա: Բայց ո՞վ ասաց, որ Ուկրաինան կմնա առաջվա տարածքով: Գուցե Եվրասիական միությունը՝ Դոնբասով ու Խարկովով, Ղրիմով եւ Օդեսայով մտնի՞ Եվրոպա… Ինչու՞ եք շտապեցնում, ո՞վ է ընկել հետեւներիցդ:

Ասում են՝ «Ռուսաստանը մեզ միայն խոստումներ է տալիս»: Այո՛, ճշմարտություն կա այդ ասվածի մեջ, իսկ Ուկրաինան մեզ ի՞նչ է տալիս, որ համեմատության մեջ դնենք:

«Երեւանը պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, քանի այս պահին բացարձակապես խնդիր չունենք շտապելու ու ներքաշվելու այդ հակասությունների դաշտ»,- ասել է ԱԺ նախկին նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: Սա թերեւս Հայաստանի պաշտոնական տեսակետն է՝ ոչ պաշտոնական ասված: «Կարծում եմ, որ մեր պետության որդեգրած մոտեցումը, այն է՝ սպասել իրադարձությունների վերջնական հանգուցալուծմանը, ճիշտ է: Հասկանալի է, որ եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը կցանկանային, որ մեր երկիրը իրենց մոտեցումներին համահունչ դիրքորոշում արտահայտեր: Իսկ այս լարված իրավիճակում, կողմերից որեւէ մեկի համար շահավետ դիրքորոշման արտահայտումը կնշանակի դեմ գնալ մյուս կողմի շահերին: Մեզ պետք չէ մտնել հակադրությունների մեջ: Գործընթացները սրընթաց զարգանում են, եւ Հայաստանը դեռ հնարավորություն կունենա արտահայտելու իր պաշտոնական մոտեցումը»:

Այս ավելի քան ակնհայտ տեսակետին էլ կարիք չկա սրա-նրա պահանջները հակադրել եւ օտարի ջրաղացին ջուր լցնել: Ուկրաինայից վերջերս վերադարձած ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ եկել է այն եզրակացության, որ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները շատ երկրների համար պետք է դաս լինեն։ «Բիրտ ուժի կիրառմամբ, սահմանադրությունը տրորելով, հեղափոխություն իրականացնելով այն վայրում, որտեղ դու ապրում ես, հրկիզելով, ջարդելով, փշրելով, ես կարծում եմ, որ դա 21-րդ դարում պարզապես անընդունելի է։ Իհարկե, վատ է, երբ երկրի ղեկավարն իր տեղում չէ, բայց պետք է անպայման օրինական ճանապարհով, սահմանադրական եղանակով կատարել փոփոխությունները»: Նրա կարծիքով՝ Մայդանում տեղի ունեցածից հետո ուկրաինական ժողովուրդը շատ է տուժելու. «Կտուժի երկար տարիներ եւ ֆինանսապես, եւ տնտեսապես, եւ քաղաքական առումով, որովհետեւ խեղաթյուրվում է համակարգը, քաղաքական մթնոլորտը»։ Պատգամավորը Ուկրաինայի այսօրվա կառավարությանը ինքնակոչ է համարել, ինչի հետ չի կարելի չհամաձայնել, հատկապես վերջին գաղտնալսված փաստերի (որ դիպուկահարներին վարձել է ընդդիմության ներկայացուցիչը) համապատկերին:

Հետաքրքիր տեսակետ է ասել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որ Հայաստանը պետք է հայտարարի իր միջազգային չեզոքության մասին: Սա իրականում այնքան էլ վատ գաղափար չէ, սակայն հաստատ այսօրվա Հայաստանի ու այսօրվա տարածաշրջանային իրավիճակների համար չէ:

Մեր ներկա դեպքում հաստատ ավելի լավ է խաղալ բոլոր կողմերի հետ, քան՝ չեզոք մնալ ու… չեզոքանալ: Իհարկե բարդ է, բայց ավելի շահավետ:

Նարե Մշեցյան

Թարմացումը թերեւս ավելի արդիական է

Մեր քաղաքական դաշտում կառավարության փոփոխության հարցը ամենաշատ քննարկվողներից է: Հետաքրքիր է, որ ընդդիմության տարբեր թեւերի հետ միաժամանակ այս հարցը կարեւորում են նաեւ իշխանության մեջ գտնվող որոշ գործիչներ:

Իսկ այս դեպքում՝ հրատապ մի հարց է առաջ գալիս: Արդյո՞ք նման փոփոխությունը, երբ կառավարության կազմը փոփոխվի թեկուզ մասնակի, կարող է ներքաղաքական հանդարտության հանգեցնել:

Կառավարության փոփոխության համար բոլոր առաջարկները արդյո՞ք կարելի է մեկտեղել եւ դարձնել հնարավոր տարբերակ, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար: Հաստատ բարդ է ու անհավանական է թվում: Բայց երբեք չի կարելի հերքել, որ ցանկության դեպքում կարելի է Ազգային Համաձայնության Կառավարություն ստեղծել:

«Լուսանցք»-ը բազմիցս է նշել, որ մեր երկրում ընտրական մեխանիզմը այնքան էլ լավ չի աշխատում, եւ իշխանությունը պարբերաբար վերարտադրվում է արդեն շուրջ 25 տարի: Սա էլ պատճառ է դառնում, որ վերարտադրվի նաեւ ընդդիմությունը: Ուստի, հիրավի արդիական է համաձայնեցված կառավարության խնդիրը, որը թույլ կտա իշխանության եւ ընդդիմության լավագույն ուժերին ներգրավել պետականաշինության գործում: Այս դեպքում, հաստատ հնարավոր կլինի նաեւ իշխանությունից դուրս եւ արտախորհրդարանական ուժերին եւս ներգրավել ու միասին «երկիրը երկիր դարձնել»…

Թե չէ իշխանափոխություն եւ կառավարությունափոխություն ասելով՝ սայլը տեղից չի շարժվելու, կամ էլ՝ ինչպես վերը նշեցինք, վերարտադրվելու են եւ՛ իշխանությունները եւ՛ ընդդիմությունները…

Անգամ ՀՀԿ-ից են ակնկալում կառավարության փոփոխության հարցը լսել, ինչը տակավին վերջերս հերքվեց, ԵԿՄ համագումարում նախագահը իշխանության կողմից տարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ բավականին մանրամասն խոսելով հասկացրեց, որ նման հարց չկա: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նույնպես չի քննարկվում կառավարության փոփոխության հարցը:

Ուստի՝ մնում է մեր առաջարկը, ոչ թե կառավարության փոփոխություն, այլ թարմացում՝ նոր ու պատասխանատու դեմքերի միջոցով: Ոչ թե արտահերթ իշխանափոխություն, այլ ներքաղաքական համարաշխություն եւ համագործակցություն: Քաղաքական մշակույթի հաստատմամբ է հնարավոր ընտրությունները դարձնել իրական եւ իրավական:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.