Ուկրաինական արյուն՝ օտարների քաղաքականության համար… Արեւմուտքը սատարում է ոչ միայն ազգայնամոլ բենդերականներին, այլեւ մարդասպաններին… Վաշինգտոնը թող ի՜ր անօրինական քայլերին հետեւի…

Ուկրաինական արյուն՝ օտարների քաղաքականության համար

Դեռ ուկրաինական ժողովրդի երկու հատվածների միմյանց թափած արյունը չէր չորացել, երբ Եվրամիությունը արագ հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի նոր ձեւավորվող իշխանության հետ: Այս պայմանագիրը սառեցվել էր, երբ Ուկրաինան փորձում էր մեկտեղել իր երկրի շահերը՝ Եվրամիության ու Եվրասիամիության միջեւ:

Արագ ստորագրում չստացվեց, Մոսկվան ավելի արագ կողմնորոշվեց եւ Ղրիմի ու Արեւելյան Ուկրաինայի ինքնորոշման հարցերն առաջ քաշեց: Եվ Բրյուսելից հայտնեցին, թե էլի պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց ուկրաինական նոր իշխանության հետ, որը կձեւավորվի 2014թ. մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններից հետո:

Այսինքն, եվրոպական ժողովրդավարությունն աներկբա ընդունեց ուկրաինական ազգայնամոլների ու բենդերական ֆաշիստների (ո՛չ ազգայնականների, որ գոնե ուկրաինական համապետական շահեր են հետապնդում) զինված հեղաշրջումը: Սա գոնե պիտի լուրջ ահազանգ հնչի մեր, այսպես կոչված ժողովրդավարության համար կյանք տվողների ականջներում, քանի որ չկա՜ ոչ մի ժողովրդավարություն, եղե՛լ է, կա՛ ու լինելու՛ է միայն ազգային ու պետական շահերի առաջնահերթություն: Ինչի մասին էլ մշտապես խոսում են հայ ազգայնականներն ու առհասարակ ազգային մտածողությամբ մարդիկ:

Բախումներից եւ արյունահեղությունից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադան փետրվարի 22-ին քվեարկեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության օգտին եւ նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ:

Հստակ է, որ այս քայլը, անգամ եթե Ուկրաինան մխրճվի քաղաքացիական կռիվների կամ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, ձեռնտու է Արեւմուտքին, քանի որ Ռուսաստանին թշնամի Ուկրաինան, անգամ մասնատված, այլեւս չի նպաստի Մաքսային միության (կամ մեկ այլ) կազմավորմանը: Իսկ առանց Ուկրաինայի անիմաստ է այդ միությունը: Այսինքն՝ Արեւմուտքն իր համար գրանցում է հաջողություն ամեն դեպքում: Մնում է կարողանա Ուկրաինայի մեծ հատվածին տիրապետել, քանզի Մոսկվան արդեն նախապատրաստում է իր հասանելիքը ստանալ…

«Վտանգավոր եւ միաժամանակ անարդյունավետ է Ուկրաինային պարտադրել «կամ մեզ հետ եք կամ մեր դեմ» սկզբունքը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հասկացնելով եվրոպական կողմին դրա անհեռանկար լինելու մասին:

«Մենք վերահաստատել ենք Ուկրաինայի ներքին գործերին չմիջամտելու մեր սկզբունքային դիրքորոշումը եւ ակնկալում ենք, որ բոլորը կցուցաբերեն համանման մոտեցում ու կապ կպահպանեն այդ երկրի քաղաքական բոլոր ուժերի հետ»,- նշել է ռուս նախարարը եւ հավելել, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների նշանակումը վաղաժամ է ու հակասում է փետրվարի 21-ին ձեռք բերված պայմանավորվածություններին, նաեւ կոպիտ փորձ է հեղաշրջումը հիմնավորելու առումով: Ըստ Մոսկվայի, սահնադրական բարեփոխումները պետք է վերջ դնեն այն իրավիճակին, երբ յուրաքանչյուր ընտրությունից հետո Ուկրաինայում սահամանադրություն է փոփոխվում, ուստի բարեփոխումները պետք է հաշվի առնեն բոլոր ուկրաինացիների շահերը:

Իրանի եւ Չինաստանի ԱԳՆ-ները Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները ճգնաժամ որակեցին, եւ հիմնականում Արեւմուտքի մատը նկատելով՝ մտահոգություն հայտնեցին, որ արտաքին միջամտությունը կարող է առկա տարաձայնություններն ավելի խորացնել ու երկրի իրավիճակն ավելի վատթարացնել: Իսկ Լեհաստանի ԱԳ նախարարը միանգամից սպառնաց, որ եթե ցուցարարները մերժեն նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ եվրոպացի նախարարների ձեռք բերած համաձայնությունը, ապա բոլորը կսպանվեն, քանի որ չհամագործակցելով կստիպեն արտակարգ դրություն մտցնել… կլինի բանակ եւ ոստիկանություն: Այնուհետ, լեհ նախարարը այլ տոնով ելույթների անցավ, երբ Կիեւում կայացան Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարների եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջնորդությամբ ուկրաինական իշխանությունների ու ընդդիմության բանակցությունները:

Բայց Ուկրաինայում հեղափոխությունը շարունակվելու միտում ունի, եթե ազգայնամոլ ուժերն իրենց նպատակին չհասնեն: Իսկ այդ վտանգն անտեսվում է Արեւմուտքի կողմից: Դրանք են նաեւ հակառուսական տրամադրություններ առաջացնում Ուկրաինայում (ինչն էլ դեռ ձեռնտու է Արեւմուտքին) եւ իրենց հարցերը ցայսօր փորձում են լուծել զենքի ու ծեծի միջոցով:

Իսկ Ռուսաստանում հայտնված Ուկրաինայի նախագահը իր ասուլիսում նշեց, թե «Ռադայի ընդունած բոլոր որոշումներն անօրինական են, ես ոչինչ չեմ ստորագրի»: Նա մտադիր չէր հեռանալ Ուկրաինայից, բայց երբ կյանքին վտանգ է սպառնացել, այլեւս անիմաստ է դարձել մնալը: Կոչ է արել ուկրաինացիներին եւ Ուկրաինայի տարածքում բոլոր միջազգային դիտորդներին, միջնորդներին, որոնք մասնակցել են այս քաղաքական հակամարտությանը, որպեսզի «կանգնեցնեն բանդիտներին. դա ընդդիմություն չէ, դա բանդիտներ են, ռադայից դուրս գալուց պատգամավորներին ծեծում են, պաշտոնյաներին ծաղրի ենթարկում, նրանց վրա քարեր նետում, ահաբեկում»: Մի խոսքով՝ «երկրում պետական հեղաշրջում է», եւ նախագահը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ օգնություն ստանալու համար:

Ընդդիմադիրները հայտարարել են, որ դեռ բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաճախ դուրս էր գալիս՝ հեռախոսազրույց ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ճակատագրական իրավիճակ էր, որի ընթացքում էլ պարզ դարձավ, որ փոխըմբռնում չի լինելու: Ինչից հետո, ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտնեց, թե «Ուկրաինայի ճգնաժամին ռազմական միջամտությամբ խառնվելը Պուտինի համար լուրջ սխալ կլինի…Միացյալ Նահանգներն ուկրաինացի ժողովրդի կողքին է եւ ցանկանում է դեմոկրատական ընտրություններ տեսնել, ու այնպիսի հնարավորություն, որ բոլորը միասին կոալիցիոն կառավարություն կազմեն»: Սակայն, շատ արագ հասկանալի եղավ, որ առանց ֆինանսական օժանդակության Կիեւը չի կարող ոտքի հանել երկիրը: Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական օժանդակություն տրամադրելուն արագ արձագանքեցին Գերմանիայից, որ Եվրամիությունը պետք է գումար հատկացնի: Ռուսներին էլ լսեցրին, թե անհանգստանալու հարց չկա, «Ֆինլանդիայի օրինակով արտաքին եւ ներքին քաղաքականություն կորդեգրի Ուկրաինան»: Հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին ամերիկյան պատվերով հայտարարեց, թե «Ֆինլանդիայի արտաքին քաղաքական հայեցակարգը հիմնված է հետեւյալ սկզբունքի վրա՝ չմիանալ ռազմական որեւէ դաշինքի եւ ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը: Ֆինլանդիան հետեւողականորեն վարում է բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու քաղաքականություն: Ֆինլանդիան Եվրամիության անդամ պետություն է, բայց չի անդամակցում ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքին»:

Սա Մոսկվային այլեւս չէր հետաքրքրում: Ռւուսաստանն արդեն իր ծրագիրն ուներ եւ Ղրիմում, Դոնբասում, Խարկովում, Օդեսայում եւ այլուր ծավալվել էր հակամայդանական բողոքի ալիք:

Զարմանալի չէ այլեւս, որ այս մեծ խաղի մեջ Անկարան էլ իր խաղն է առաջադրել՝ հայտարարելով, որ թաթարները թուրքեր են եւ «իրենց Ղրիմի թաթարներն ակնկալում են Ղրիմը թուրքական տեսնել»…

Արամ Ավետյան

Արեւմուտքը սատարում է ոչ միայն ազգայնամոլ բենդերականներին, այլեւ մարդասպաններին

Ինչպես Ուկրաինայի վտարանդի նախագահը, այնպես էլ Ռուսաստանի նախագահն իրենց ասուլիսներում հերքեցին ուկրաինական իշխանությունների մասնակցությունը Կիեւի «Եվրամայդանի» սպանդին: Վիկտոր Յանուկովիչը հերքեց, որ ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել, սակայն այս ամենին հավատալը քիչ հավանական էր, քանի որ ցանկացած պետական հեղաշրջման ժամանակ իշխանությունները, անգամ օրենքի սահմաններում, կարող են կիրառել զինված ուժ:

Բայց պարզվեց այդպես էլ կա՝ հրաման չի եղել: Համացանցում հայտնված (ձայնագրություն) ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի աղմկահարույց հեռախոսազրույցից հայտնի է դարձել, որ դիպուկահարներին Կիեւում վարձել են Մայդանի առաջնորդները: Սա տեքստային տարբերակով հրապարակել է Russia Today հեռուստաալիքը:

Հեռախոսազրույցում Պաետը պատմում է Էշթոնին, որ բոլոր հանցանշանները, որոնք նրան ներկայացրել են, փաստում են, որ թե՛ ցուցարարներին, թե՛ իրավապահներին սպանել են նույն դիպուկահարները: «Շատ է անհանգստացնում այն փաստը, որ նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել այդ իրադարձությունները, եւ այժմ հստակ է դառնում, որ դիպուկահարների հետեւում կանգնած էր ոչ թե Յանուկովիչը, այլ ինչ-որ մեկը այս նոր կոալիցիայից»,- պատմել է էստոնացի պաշտոնյան՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ եթե «այս պատմությունը սկսի ապրել իր կյանքով, ապա միանգամից կվարկաբեկի նոր կոալիցիային»:

Ահա այդ զրույցը՝ ըստ երկխոսության. «Պաետ. «Տխուր են տպավորություններս: Ես հանդիպել եմ «Ռեգիոնների» կուսակցության ներկայացուցիչների հետ, նաեւ նոր կոալիցիայի անդամների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչի հետ: Նրա անունը Օլգա է, դուք պետք է ճանաչեք նրան… »: Էշթոն. «Օլգա, այո, ես ճանաչում եմ…»: Պաետ. «Օլգան նաեւ ասաց, որ համաձայն բոլոր հանցանշանների, երկու կողմից սպանվածները նույն դիպուկահարների գնդակից են զոհվել»: Էշթոն. «Այո»: Պաետ. «Նա ինձ լուսանկարներ է ցույց տվել, հղում անելով բժիշկների եզրակացությանը, որոնք պնդում են նույն զենքից արձակված գնդակների ու ձեռագրի մասին: Եվ մարդկանց մտահոգությունն ավելանում է նրանից, որ նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել կատարվածը: Կտրուկ ավելանում է այն գիտակցությունը, որ այդ ամենի հետեւում ոչ թե Յանուկովիչն էր, այլ ինչ-որ մեկը նոր կոալիցիայից»…

Էշթոն-Պաետ գաղտնազերծված հեռախոսազրույցը հավաստում է, որ սա պետական հեղաշրջում է եւ »Եվրամայդանը» իշխանության է բերել ի՛ր ժողովրդի վրա կրակած, ի՛ր հեղաշրջմանը սատարած մարդկանց մի խմբի, որոնք պատրաստ են ահաբեկչությունը ներքին քաղաքականություն դարձնել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում 3 ամիս ընթացող բողոքի ցույցերը փետրվարի 18-ին վերածվել են ցուցարարների ու իրավապահների միջեւ զանգվածային բախումների, որոնց ժամանակ կիրառված հրազենից զոհվել է 95 մարդ: Եվ ահա, նրանց սպանողները փետրվարի 22-ին Ուկրաինայի խորհրդարանում քվեարկել են Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության օգտին ու նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ: Երկրի նախագահի նկատմամբ էլ Ուկրաինայում հայտարարվել է միջազգային հետախուզում՝ մարդկանց սպանություններին ունեցած մասնակցության մեղադրանքով, ինչը մոլագարության է նմանվում վերոնշյալ հեռախոսազրույցից հետո: Էստոնիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ համացանցում շրջանառվող ձայնագրությունը իրական է եւ կասկածի որեւէ պատճառ չկա:

Արման Դավթյան

Հ.Գ. - Հիշեցնենք, որ ուկրաինական նեոնացիստների առաջնորդը ցույցերի ժամանակ օգնություն էր խնդրել չեչեն ահաբեկիչ Դոկա Ումարովից, ինչը հետաքննվում է Մոսկվայի կողմից, եւ ուկրաինացի նեոնացիստի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Վաշինգտոնը թող ի՛ր անօրինական քայլերին հետեւի

«Ուկրաինայում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում եւ իշխանության  զինված զավթում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ հավելել, որ ամեն կերպ պետք է պաշտպանեն Ուկրաինայում ապրող ռուսներին: Նա դեմ չէ, ուկրաինացիները ցանկություն ունեն փոփոխություններ իրականացնել սեփական երկրում, սակայն անօրինական փոփոխություններ կատարելը չի՛ կարող եւ չպե՛տք է աջակցություն գտնի միջազգային հանրության կողմից:

Ըստ ՌԴ նախագահի՝ Ուկրաինայի նոր կառավարությունը մասամբ է օրինական, իսկ ինչ վերաբերում է երկրի նախագահին, ապա դա հստակ է, քանի որ բոլոր օրենքներով դեռեւս օրինական նախագահը Վիկտոր Յանուկովիչն է: Մոսկվան թեեւ Ուկրաինա զորք ուղարկելու անհրաժեշտություն այժմ չի տեսնում, սակայն դրա հավանականությունը կա, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է ամեն կերպ պայքարել Ուկրաինայի արեւելյան հատվածում ապրող ռուսների ու ռուսախոսների համար, մանավանդ, որ հենց իրենք են դիմել օգնության խնդրանքով:

Ինչ վերաբերում է Արեւմուտքի քաղաքականությանը, ապա ՌԴ նախագահը նշել է. «Այստեղ հաճախ են որակում մեր գործողությունները որպես անօրինական, բայց եկեք նայենք ԱՄՆ-ի գործողություններին Աֆղանստանում, Իրաքում եւ Լիբիայում: Մեր գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից լիովին օրինական ու արդարացված են, քանի որ Ուկրաինայի օրինական ու գործող նախագահն է մեզնից օգնություն խնդրել: Այդ մարդկանց պաշտպանելը հումանիտար օգնության պես մի բան է մեր երկրի կողմից, եւ մենք չենք պատրաստվում ստրկացնել ոչ մեկին: Իսկ նրանք, ովքեր մտածում են պատժամիջոցներ կիրառելու մասին, պետք է մտածեն նաեւ հետեւանքների մասին, քանի որ վստահ կարող եմ ասել, այդ դեպքում վնասները երկկողմ բնույթ են կրելու»:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։