Հրաշք աստղադիտարան Քարահունջը (մաս 1-ին)… Հուշարձանը եղել է նաեւ ծիսապաշտամունքային կառույց – ունի մագնիսական դաշտ… Հեթանոսական ժամանակներից մեզ հասած Ար-Աստվածը…

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ 2004թ. Սիսիան քաղաքի մոտ գտնվող մեգալիթյան հուշարձանը կոչվեց Քարահունջ: Նախկինում այդ հնավայրը կոչվել է Ղոշուն Դաշ:

Ամենասկզբից թույլ տվեք նշենք, որ այդ անվանումը հայերեն է: Փորձենք վերծանել այս բառակապակցությունը: Ղոշուն բառի արմատը «ղոշ»-ն է իր սեռական հոլովի պատկանելիության -ուն վերջավորությամբ:

«Ղոշ»-ը տարբեր բարբառներում կարող է հնչել նաեւ «ղուշ» ձեւով: Օրինակ, Ջավախքի բարբառում ղուշը նշանակում է աղավնի: Ղուշ բառը ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում նշանակում է թռչուն:

Ե. Պ. Բլավատսկայայի գրքից («Ռազոբլաչյոննայա Իզիդա» («Քողազերծված Իզիդա»)) տեղեկանում ենք, որ Նոյը համարվել է Աղավնի (Ոգի), ինչպես նաեւ Վահալը (Վահագնը) պատկերվել է աղավնու թեւերով, իսկ քրիստոնեությունում աղավնին համարվում է Սուրբ Ոգու խորհրդանիշը:

Դարձյալ դիմենք բացատրական բառարանին: Դաշ բառը նշանակում է՝ 1. գրազ, պայման, խոսկապ: 2. Ներդաշնակություն, մեղմություն: Հմմտ.Դաշն բառը: Անդրադառնանք նաեւ դաշտ բառի նշանակություններից մեկին: Դաշտ (ֆիզ.) նշանակում է տարածություն, որը գտնվում է որեւէ բանի կամ ուժի ներգոծության սահմաններում: Այդ դաշտը կարելի է համարել Քարահունջի կենտրոնական շրջանը, որը գտնվում է մագնիսական ուժերի ներգործության տակ:

Պրոֆեսոր Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում հիշատակվում է, որ նա դիմել է տարբեր մասնագետներին՝ հուշարձանի քարերի տարիքը որոշելու համար, ինչպես նաեւ մի այլ խմբի, որը օգտագործելով զգայուն մագնիսամետրեր, հայտնաբերել է, որ Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն:

Անշուշտ, հուշարձանը կառուցելիս մեր քրմերը, որ օժտված են եղել բարձրագույն գիտելիքներով, հաշվի են առել ամեն ինչ՝ տեղի ընտրությունը, քարերի դասավորումը, մատուռի առկայությունը, որոնք կազմելով դաշինք կամ դաշն, գտնվում են մագնիսական դաշտում:

Հուշարձանը եղել է նաեւ ծիսապաշտամունքային կառույց: Մատուռի չափսերը կազմված են սուրբ թվերից՝ 5*7 մ: Այսպիսով, Ղոշուն Դաշ նշանակում է Աղավնու Դաշտ կամ Սուրբ Ոգու Դաշտ:

Այժմ անդրադառնանք Քարահունջ բառի ծագումնաբանությանը: Առաջին արմատը քարն է, որը բացատրության կարիք չունի: Փորձենք բացատրել «հունջ» բառը: Հունջը նույն ունջն է, քանի որ «հ»-ն կիսաձայն է, ուրեմն արմատը «ունջ»-ն է: Ունջ բառը նշանակում է խորը տեղ, տակ, հատակ, երկաթի ժանգ: Տեսնենք, ինչ է նշանակում ժանգ բառը: Ժանգ նշանակում է կարմրագորշավուն նյութ, որն առաջանում է երկաթի՝ օդում, ջրում թթվածնի հետ միանալու հետեւանքով: Տվյալ դեպքում մագնետիտ կոչվող մագնիսական երկաթաքարն է (Fe3O4), որից ավելի քան 2 հազար տարի առաջ մագնիսական կողմնացույցի սլաքներ էին սարքում Չինաստանում: Մագնետիտն ունի ուժեղ մագնիսական հատկություններ:

Մագնիս բառը հունարեն նշանակում է Մագնեսիայի (հնագույն քաղաք Լիդիայում) քար, մագնիսականությամբ օժտված, այսինքն՝ մագնիսական դաշտ ստեղծող մարմին:

Վերը հիշատակեցինք հուշարձանի մագնիսական դաշտի մասին. հայտնի է նաեւ, որ կողմնացույցի սլաքը սկսում է խիստ տատանվել, երբ այն մոտեցվում է քարերին: Այսպիսով, Քարահունջ բառի իմաստը ստանում է նոր երանգ՝ Երկաթաքար, Քար-Մագնիս, ալքիմիական լեզվով ասած՝ Անկյունաքար:

Ինչպեսեւ կարծիքներ կան, որ «հունջ»-ը նույնն է ինչ որ «հունչ»-ը (ձայն, կոչ): Եթե Հերունին հուշարձանի քարերը կոչում է նաեւ «խոսող, հնչող» քարեր, ապա այստեղ զարմանալու բան չկա, որովհետեւ «Ձայն, Ոգի եւ Բառ» նշանակում է Սուրբ Ոգի («Տայնայա Դոկտրինա» («Գաղտնի Հայեցակարգ»)): Հետաքրքիր է, որ Պարիս Հերունու դիտարկումների ժամանակ աշնանային գիշերահավասարի օրը, հորիզոնի գծից ծագած արեւը մի քարի (N 62) անցքից դիտելիս, գալիս նստում է մյուս քարի (N 63) գագաթին, որն ի դեպ նման է խոյի, բայց գլուխ չունի, այդ պահին գլուխ է ստանում, ասես արեւի ճառագայթները կենդանացրին, ոգի տվին Ար Աստծո խորհրդանիշներից մեկին՝ Արիսին (Խոյին):

Ինկվիզիցիայի ժամանակ եկեղեցին մեղադրում էր ասպետ տամպլիերներին, որ նրանք կատարում են գաղտնի արարողություններ քարից քանդակած գլխի առջեւ, որը խորհրդանշում էր հեթանոսական բեղմնավորության Աստծուն: Նրան հաճախ պատկերում էին ոչխարի կամ այծի գլխի տեսքով: Տամպլիերները երկրպագում էին Աստծուն՝ կազմում էին շրջան, որի կենտրոնում գտնվում էր քարե գլուխը (stone head) եւ խմբերով կարդում աղոթքներ:

Հեթանոսական ժամանակներից մեզ հասած եւ այսօր առասպել դարձած տամպլիերների պաշտամունքի Ար-Աստծո խորհրդանիշ՝ Խոյի գլուխը, ի հայտ եկավ Հերունու Քարահունջում կատարած դիտումների ժամանակ:

Ինչպես հայտնի է, հին ժամանակներում Հայաստանի (Հայ) Աստվածների պանթեոնը գլխավորում էր Արամազդը (Հայր Արան), այսինքն՝ Ար-Աստվածը:

Ար անունը գալիս է կյանք պարգեւող Արեւից եւ «ար» արմատը եղել է հայոց լեզվի գլխավոր արմատը:

Շարունակելի

Գոհար Պալյան եւ Մերի Սարգսյան

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDFտարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։