Իսկ Հայաստանը չի՞ դառնա մի մեծ սրճարան… Զբոսաշրջիկների հոսքը Սթոունհենջ՝ միայն զբոսնելով (Մինչդեռ Գառնու տաճարը փորձում են բիզնես-կենտրոնի վերածել)… Հաջողվե՞լ է պարզել Սթոունհենջի գաղտնիքը… Մեր ավանդապատումները – Արագածոտն…

ԻԻՀ մշակույթի, զբոսաշրջության եւ ձեռքի աշխատանքների կազմակերպության մշակութային արժեքների գրանցման բաժնի ղեկավար Ֆարհադ Նազարին ասել է, որ Իրանը լավաշը կգրանցի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում: ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը դեռ 2013թ. դեկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցուցակում, ինչին հետեւեց իրանցիների հայտարարությունը: ԻԻՀ «Իսլամական մեծ հանրագիտարանի» գիտխորհրդի անդամ Ալի Բոլուքբաշին էլ ասել է, որ լավաշն իրանցիների հնագույն ավանդական հացատեսակներից մեկն է, եւ որ, Հայաստանը, ազդեցություն կրելով իրանական մշակույթից, լավաշի պատրաստման արվեստը Իրանից է վերցրել (հերթական հարեւանի հերթական ցնդաբանություն չէ՞ միթե): Լավաշի շուրջ ծագած աղմուկին ի պատասխան, իրանական կողմը հայտնեց, թե «այն, որ Հայաստանը ցանկանում է լավաշը գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ում, չի նշանակում, որ Իրանն էլ չի կարող նույն բանն անել: Լավաշը՝ դա հայկական բառ է, եւ այդ հացատեսակի հայրենիքը պատկանում է նաեւ Հայաստանին»:

Մեր մշակույթի նախարարությունը փոխարենը հնեաբաններին ու պատմաբաններին այս կողմ ուղղորդի ու հերթական պարտությունը չկրի միջազգային ասպարեզում, որոշեց Գառնիի հեթանոսական տաճարը բիզնես-կենտրոնի վերածել: Այս պատճառով  է, որ Աստվածամայր Անահիտի ոսկեձույլ արձանի մասունքները Լոնդոնի Բրիտանական թանգարանում գրանցված են պարսկական ծագմամբ: Գառնին էլ հունա-հելենիստական կառույց են համարում, եւ շուտով հայկական ավանդական մշակույթը եւս վաճառքի կհանեն… որպես ոչ հայկական:

Զբոսաշրջիկների հոսքը Սթոունհենջ՝ միայն զբոսնելով

Իսկ Հայաստանում Գառնու տաճարը փորձում են բիզնես-կենտրոնի վերածել

Բրիտանական իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների հոսքը աշխարհահռչակ Սթոունհենջ: Նման որոշման նպատակն է կատարելագործել ու արդիականացնել հուշարձանի շրջակայքի ենթակառուցվածքները. բարեկարգման աշխատանքները կտեւեն 2 տարի եւ կկազմեն 27 մլն. ֆունտ ստերլինգ: Մասնավորապես՝ նախատեսված է փակել ու ապամոնտաժել հուշարձանի անմիջապես մոտով անցնող A344 մայրուղին, ինչպես նաեւ բազմաթիվ ավտոկանգառներ, խանութներ ու ցանկապատեր, որոնք խանգարում են հուշարձանը հեռվից տեսնել: Արդյունքում՝ Սթոունհենջ հնարավոր կլինի հասնել միայն ոտքով՝ հատուկ արահետներով:

(Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն իր անհեռատես նախարարով եւ ՊՈԱԿ տնօրենով զբոսաշրջության զարգացումը կապում է հուշարձանների (այդ թվում՝ Գառնու տաճարի) մոտ սրճարաններ կառուցելու եւ բիզնես անելու հետ)…

Փոխհատուցելով տեղական բիզնեսին՝ իշխանությունները մտադիր են տուրիստական կենտրոն բացել հուշարձանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ ներկայացված է լինելու հուշարձանի պատմությունը, ինչպես նաեւ՝ հնագիտական ցուցադրությունը եւ նեոլիթյան բնակարանների վերարտադրությունը:

Այժմ արդեն մեքենաներով Սթոունհենջ հասնելն արգելվում է: Զբոսաշրջիկները կհասնեն հուշարձան կամ ոտքով, կամ հատուկ մեքենաներով: Ընդ որում՝ մուտքն այստեղ կլինի միայն տոմսերով: Այդպիսի միջոցներով բրիտանական հուշարձանները տնօրինող «Անգլիական ժառանգություն» հիմնադրամը մտադիր է նվազեցնել զբոսաշրջիկների հոսքը օրական մինչեւ 7 հազար մարդ:

Հաջողվե՞լ է պարզել Սթոունհենջի գաղտնիքը

Գիտնականները հայտարարել են, որ կարող են պատասխանել այն հարցին, թե ինչ նպատակով է ստեղծվել Սթոունհենջը: Նրանց կարծիքով՝ գաղտնիքը աղբյուրի տաք ջուրն է: «Մենք ուսումնասիրել ենք Էյվոն գետի մանր ավազանների խումբը եւ կարծում ենք, որ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը գտնվում է այդ աղբյուրների ջերմաստիճանի մեջ: Մենք այստեղ ենք եկել հունվարին, երբ օդի ջերմաստիճանը -10 էր, սակայն ավազաններում ջուրը տաք էր մնացել:

Բացի այդ, աղբյուրների շրջապատված էին կանաչ խոտով, մինչ մյուս հատվածներում բուսականությունը սառել էր: Հնարավոր է՝ մեզոլիթի բնակիչները հենց տաք աղբյուրների պատճառով են կառուցել այս քարե կառույցը:

Մենք միշտ էլ հավատացել ենք, որ Սթոունհենջը կառուցվել է այստեղ գտնվող ինչ-որ յուրահատուկ բանի պատճառով»,- գիտնականների խոսքերը մեջբերել է «The Times» պարբերականը:

Վահագն Նանյան

Մեր ավանդապատումները – Արագածոտն

Սկիզբը՝թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-6-ում

Ականատեսի առու - գտնվում է Աշտարակի շրջանում: Հին ժամանակ Աշտարակը ջուր չի ունեցել: Ականատես անունով մի վարդապետ գնում է Մուղնի գյուղի տակը, մտնում Քասախ գետի ձորը եւ ձորալանջով քարշ տալով իր գավազանը, ասում է. «Թող այստեղով ջուր բարձրանա Քասախից»: Եվ ջուրը Ականատեսի գավազանի հետքով դանդաղ սկսում է հոսել դեպի Աշտարակ: Մարդիկ այգիներ են տնկում, շենացնում գյուղը: Ականատեսը գնում է Սաղմոսավանք, ճգնություն անում: Ջրանցքը նրա անունով կոչվում է Ականատեսի առու:

Մաստարա – գտնվում է Թալինի շրջանում: Երբ այստեղով տարել են Սուրբ Հովհաննեսի դիակը, գյուղացիք խնդրել են, որ նրանից մի մաս տրվի իրենց: Ստանալով այն՝ նրանք գյուղում եկեղեցի են շինում եւ աջը դնում մեջը: Դրանից հետո անունը դնում են Մաստարա:

Եղվարդ – Աշտարակի շրջանում է: Ա. Ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանում գտնվող մարդիկ անհամբեր սպասում են ջրի մակարդակի իջնելուն եւ երկրի երեւալուն: Ժամանակ անց, երբ նրանք տեսնում են Արայի լեռան ստորոտը, ուրախացած բացականչում են. «Եղեւարդ»: Դրանից հետո տեղը կոչվում է Եղվարդ: Բ. Եղվարդը ժամանակին շատ մեծ գյուղ է եղել, հողով առատ: Նրա մի ծայրը հասել է Քանաքեռ, մյուսը՝ Աշտարակ: Ունեցել է չորս ջրանցք, որոնցից մեկը ջուր է առել Զանգվից, մյուսը՝ Բուժականից եւն: Գյուղի բոլոր հողերը ծածկված են եղել անտառներով ու այգիներով: Եղել է ծաղկով, վարդով ու յուղով առատ: Դրա համար էլ անունը դրել են Եղվարդ՝ եղ-վարդ:

Ախթամուր - գտնվում է Աշտարակի մոտ: Այստեղ ժամանակին մի բարեշեն գյուղ է եղել: Լենկ-Թեմուրը եկել է նվաճելու: Լենկ-Թեմուրը երկար ժամանակ պաշարել է գյուղը, բայց չի կարողացել գրավել: Այդ օրերին մի պառավ մաղով կիր է թափում պարիսպներից դուրս: Լենկ-Թեմուրը մնում է զարմացած, թե ինչքան հարուստ են այս գյուղացիները, որ երկար պաշարումից հետո էլ ալյուր են թափում աղբի հետ: Որոշում է անպայման գրավել գյուղը: Այդպես էլ անում է: Ամեն ինչ ավերում է, բնակիչներին սրի քաշում: Սարսափած գյուղացիները բացականչում են. «Ա՛խ, Թամուր, կաղ Թամուր»: Եվ դրանից հետո տեղի անունը մնում է Ախթամուր:

Յոթ եղբոր գերեզման - գտնվում է Օշականի մոտակայքում, մի քարքարոտ բլրի վրա:

Հայրն իր յոթ որդիներից մեկին ուղարկում է այգի՝ քաղված խաղողը հսկելու: Որդին գնում է եւ այլեւս չի վերադառնում: Ուղարկում է երկրորդին: Սա եւս չի վերադառնում: Նույն կերպ գնում են նաեւ մյուսները, եւ ոչ մեկը չի վերադառնում: Ի վերջո գնում է ինքը՝ հայրը, որին նույն ճակատագիրն է վիճակվում: Յոթ եղբայրները եւ նրանց հայրը մորթվում են ավազակների կողմից:

Դրանից հետո այդ վայրը կոչվում է յոթ եղբոր գերեզման:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 7 (312), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։